Դըրբըզեք

Սուրենի և Արեգնազանի համատեղ վաստակից մնացել է սերն ու մեկ ճամպրուկ

Նրան հանդիպեցի Երևանի թաղամասերից մեկում՝ այգու նստարանին նստած: Խորշոմած դեմքին բարի ժպիտ կար, իսկ աչքերում՝ ապրած տարիների խորտակված հիշողություններն էին: Արցախից է: Հարազատ բարբառի հնչյունները սփոփեցին հոգիս:

«Նըստե»,- կողքին տեղ հարմարեցնելով՝ ասաց ինձ տարեց կինը, թեև նա էլ ինձ չէր ճանաչում։

70-ամյա Արեգնազ տատը ամուսնուն էր սպասում, ով մոտակա բանջարեղենի խանութում էր: Մինչև ամուսնու գալը ինձ հետ հասցրեց կիսվել, որ ամուսնուն խոստացել էր սիրելի ճաշատեսակը՝ մսով ապուրը կամ ինչպես նա ասաց՝ մսով սոուսը պատրաստել:

«Սուրենչիկս իմ ամեն հինչն ա, ուրան հետի ամեն հինչ կանիմ», – ահա այսպես քնքշորեն էր անվանում Արեգնազ տատը ամուսնուն՝ 77-ամյա Սուրեն պապին։

«Արեգա, գիդում չըս է հինչ կընանչիյում առալ [չգիտես է՝ ինչ կանաչի եմ առել]», – մեզ մոտենալով շտապում է տեղեկացնել Սուրեն պապն իր քնքուշ էակին:

Անծանոթի ներկայությամբ այս անկաշկանդ զրույցը հուշեց ինձ, որ նրանց իրենց մասին նյութ գրելու համարձակ առաջարկ անեմ։

Ժպտացին ու ինձ իրենց տուն հրավիրեցին:

Տան սեղանին խնամքով դրեցին իրենց ընտանեկան լուսանկարների ալբոմը։ Վերհիշելով անցյալում ներծծված հիշողությունները՝ ամուսինները պատմեցին իրենց երիտասարդ տարիներից ու տարիների խորքից նկատեցին, թե ինչպես է կյանքն օր օրի գլխիվայր փոխվում:

Ստեփանակերտից նրանք դուրս են եկել 2023-ի սեպտեմբերի 27-ին: Արեգա տատիկը վերջին անգամ կողպել է տան դուռն ու համբուրել այն: Երկու ժամ տևող ճանապարհն անցել են ավելի քան 48 ժամում:

53 տարվա համատեղ կյանքի ընթացքում սա նրանց միակ դժվարությունը չէր, սակայն ցավոտներից էր։

«Դժոխքի ճանապարհ էր՝ սարսափ, սով, լաց, անորոշություն»,- հիշում են տարեց ամուսինները և ավելացնում, որ իրենց հաջողվեց դիմակայել ճանապարհի դժվարությունները շնորհիվ այն մեծ սիրո, որ առկա է նրանց միջև։

Այս խոսքից էլ մեր զրույցի թեման դարձավ նրանց մեծ սիրո պատմությունը։

«Սեր առաջին հայացքի՞ց, թե՞ սիրահարվածություն», – ժպտալով հարցնում եմ ես։

«Սեր»,- կարծես վերհիշելով պահը՝ հարցիս պատասխանում է 77-ամյա Սուրեն պապը։

«Առաջին հայացքից սերն ամենաամուրն է»,- Արեգնազ տատը լրացնում ու ցույց է տալիս ամուսնու երիտասարդ տարիների լուսանկարը.

«Ահա, Սուրենչիկս ա: Մեր շենք՝ բարեկամի տուն էր եկել, ես էլ խաղում էի բակում. ես 17 տարեկան, ինքը՝ 24»:

«Հը, Արեգա, հիմա պատմի՞մ մեր սաղ գաղտնիքնեն»,- ժպտալով կնոջն է նայում Սուրեն պապիկը:

Արեգնազ տատն ու Սուրեն պապը 3 զավակ ու 6 թոռ ունեն՝ 4 աղջիկ, 2 տղա: Այժմ նրանք ապրում են ավագ որդու ընտանիքի հետ:

«Ընտանիքում ամենակարևորն իրար զիջելն է, համբերելը: Մենք մի ամբողջ կյանք ուս ուսի տված, իրար ձեռք բռնած ապրում ենք ու դժգոհ չենք մեր ընտրությունից»,- ասում է Արեգա տատիկը:

Ամուր ընտանիք ունենալու համար, ըստ մեր զրուցակիցների, շատ կարևոր են նաև անկեղծությունն ու ներողամտությունը։ Թոռներին տատիկը խորհուրդ է տալիս շուտ չամուսնանալ, այնինչ՝ ինքը չի փոշմանում շուտ ամուսնանալու համար:

«Տարիների հետ մեր սերը մըծանումա, թընձըրում»,- միմյանց լրացնելով՝ ասում են:

Տարիների հետ սերը մըծանումա, թընձըրում․․․

Սուրեն պապիկը բեռնատարի վարորդ էր, աշխատանքային ուղին՝ Ստեփանակերտից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։ Ամեն անգամ ամուսնուն երկարաժամկետ գործուղման ճանապարհելիս, Արեգնազ տատը ջրի փոխարեն կոնֆետներ էր ցանում հետևից և անհամբեր սպասում վերադարձին:

«Քաղցր ճանապարհալում, քաղցր դիմավորալ»,- հիշում է ու հավելում, որ սիրուց լավ բան չկա աշխարհում:

«Բակի երեխաներն էլ գիտեին, որ եթե պատուհանի տակ կոնֆետներ կան թափված, ուրեմն ձյաձ Սուրենը գնացել է»,- ավելացնում է Սուրեն պապը:

Դժվարություններ ու փորձություններ հաղթահարելով՝ ամուսիններին հաջողվել է համերաշխ ընտանիք ստեղծել: Արեգա տատիկը Ստեփանակերտում ապրած տարիներին յուրահատուկ վերաբերմունք էր ցուցաբերում երիտասարդների նկատմամբ: Ուսանողական միջոցառումներն իրականանում էին նաև նրա ֆինանսական աջակցությամբ:

Սակայն բռնի տեղահանումից հետո տարիների նրանց վաստակն այսօր դարձել է մի ճամպրուկ: Վերապրելով անցածը՝ Արեգնազ տատիկը փորձում էր հնարավորինս թաքցնել արցունքները:

Ավագ թոռնուհին, ով նույնպես տանն էր, տատի անունն է կրում: Նրա բնորոշմամբ՝ տատիկի ու պապիկի սերն օրինակ է բոլորի համար․

«Տատս ու պապս մեծ սիրով վարակելու հակում ունեն: Նրանց սերը գեղեցիկ է, և մենք ձգտում ենք միմիայն այդպիսի սիրո»։

Զրույցի ընթացքում կրտսեր որդին՝ Մհերը, ծնողներին այցի եկավ, գրկեց մորն ու համբուրեց ճակատը:

Արեգնազ տատն ասում է, որ ամեն առավոտ տունդարձի սպասումով է արթնանում, փառք է տալիս Աստծուն և զավակների համար առողջություն աղերսում:

Մեր ջերմ զրույցը տեղափոխվեց խոհանոց, ուր Արեգնազ տատն ավարտին հասցրեց խոստացված սոուսը, որն իսկապես ամենահամեղն էր ստացվել՝ հատկապես սիրո մասին այսքան սրտաբաց զրույցից հետո։

Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Լուսանկարները՝ հեղինակի

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/06/2024