Հայաստանի էներգետիկ ապագան վստահելի ձեռքերում է, բայց այդ ձեռքերը գնալով ավելի ու ավելի են քչանում։ Նոր ատոմակայան կառուցելու մասին քննարկումների, 5 տարում արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալների գրեթե 600 անգամ աճի մասին արձանագրումների ֆոնին արձանագրվում է նաև՝ Հանրապետությունում ռազմավարական համարվող ոլորտում մասնագետների պակաս կա։
«Մարդիկ 10 000 վոլտի, 35 000 վոլտի հետ են աշխատում։ Ցածրն էլ պակաս վտանգավոր չէ։ Ռիսկային ոլորտ է, դրա համար նոր մարդիկ քիչ են գալիս։ Մյուս կողմից էլ՝ երիտասարդությունը ձգտում է քիչ աշխատել՝ շատ վաստակել։ Այս գործն այդ առումով գրավիչ չէ»,- ասում է ավելի քան 50 տարի առաջ այս ոլորտում գրավչություն գտած ու ողջ կյանքում դրանից չհրաժարված Աշոտ Թադևոսյանը։
Երբ 18 տարեկան էր և նոր էր սովորում միջին մասնագիտական ուսումնարանում՝ էներգետիկի գործը խիստ հարգի էր։ Հատկապես իր ծննդավայրը՝ Հրազդանը, լուրջ էներգետիկ ծառայություններ էր մատուցում։ Այսպես աշխատանքային կարիերայի ուղիղ կեսը՝ առաջին 25 տարին, անցկացրեց Հրազդանի ռադիոբաղադրիչների գործարանում։ 2-րդ 25 տարին էլ նվիրեց Հայաստանի էլեկտրական ցանցերին և այժմ էլ այն 10-15 մասնագետներից մեկն է, որ սպասարկում է Հրազդանի ավելի քան 16 000 բնակչությանը։
Մասնագիտություն, որ փոխանցվում է ժառանգաբար
Աշոտ Թադևոսյանը ցավով է նշում՝ մտավոր ու ֆիզիկական լուրջ ներդրումներ պահանջող այս մասնագիտությունը հաճախ պարտվում է մյուսներին, որովհետև «լավ աշխատանք»-ի չափման միավորը լավ աշխատավարձն է։ Այս ոլորտում վարձատրությունը գրավիչ չէ․
«Եթե մարդիկ գնում են արտերկիր՝ աշխատելու, կամ այստեղ տների վերանորոգում են անում, ավելի շատ են վարձատրվում։ Դրա համար այս գործն ընտրողները քիչ են։ Լուրջ մասագիտություն է․ ո՛չ շաբաթ-կիրակի ունենք, ո՛չ տոն օրեր կան, որովհետև եթե վթար է, պետք է բնակչությանը ժամանակին սպասարկել, որ առանց լույսի չմնան։ Եթե ընդհանուր շուկային համարժեք վճարվի, մարդիկ կընտրեն այս մասնագիտությունը, կգնան, կսովորեն։ Բայց հիմա գերադասում են մի 10 քմ կաֆելի գործ կամ մի հատ ռեմոնտ անել, քան գնալ, ամսով աշխատել 100-150 հազար դրամով»։
Ասում է՝ հաճախ ոլորտը համալրվում է մասնագետների երեխաներով։ Նրանք հասցնում են տեսնել ու սիրել ծնողների աշխատանքը մանկուց։ Այդ ժամանակ սիրո ու հետաքրքրության չափը աշխատավարձի չափով չի պայմանավորվում, իսկ մեծանալիս արդեն անզոր են լինում դեպի էներգետիկա իրենց հակումների առաջ։ Այս կերպ Աշոտ Թադևոսյանի որդին՝ Ավետիս Թադևոսյանը, դարձավ ոլորտի մասնագետներից մեկը․
«Ընտրությունը անկախ ինձնից է եղել։ Պարտադրանք չէր, ոչ ոք չէր ուղղորդել, ուղղակի տանը այդ մասնագետին եմ տեսել, այդ թեմաները շատ են քննարկվել, ինքս առնչվել եմ ու մինչ ինստիտուտ գնալն արդեն որոշակի գիտելիք ունեի։ Ինքնաբերաբար գնացել եմ այդ ուղղությամբ, այլընտրանք չի էլ եղել»։
Ավետիսն աշխատում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում։ Թափուր հաստիքներ կան։ Ասում է՝ ջահելները կամ չեն սովորում այս մասնագիտությամբ կամ սովորում են, գալիս ու պարզում, որ ոչ թե գիտելիքի, այլ դիպլոմ ստանալու համար են սովորել․
«Առնչվել եմ երիտասարդ մասնագետների հետ․ մեկ տարի է՝ աշխատում են, ինչ-որ բան ենք բացատրում, սովորեցնում, թվում է՝ հասկացել են, բայց մի քանի օրից նույն հարցը տալիս են։ Ու դու չես կարողանումում իրեն գործի դնել՝ վստահ լինելով, որ իրեն կամ ուրիշին վնաս չի տա։ Հետո էդ մարդիկ ՏՏ ոլորտ են գնում, բայց չեն ասում՝ էներգետիկան որ չլինի, ո՛չ իրենց սմարտֆոններն են լինելու, ո՛չ համակարգիչները, ո՛չ էլ որևէ այլ սարք միացնել-աշխատեցնելու հնարավորությունը»,- ասում է Ավետիսը։
Պատկերն ակադեմիական միջավայրում
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործող Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը ներառում է այն մասնագիտությունները, որոնք կապ ունեն էներգետիկ ոլորտի հետ։ Այս ուսումնական տարում այստեղ ընդունվել է ընդամենը 52 ուսանող՝ կրկնակի քիչ քան 2021-2022 ուստարում:
Համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում հայտնում է դիմորդների թվի նվազման մասին իր կարծիքը։
«Ամբողջ աշխարհում ինժեներական ոլորտներում մարդիկ սկսել են ավելի քիչ սովորել։ Խնդիրը աշխատատեղերի պակասը չէ, ես կասեի՝ նույնիսկ ցածր վարձատրությունը չէ։ Մի օրինակ բերեմ․ լեռնամետալուրգիան ՏՏ ոլորտից հետո 2-րդ բարձր վճարվող մասնագիտությունն է, նաև մասնագետների պահանջարկն է շատ մեծ, բայց մարդիկ չեն գնում սովորելու։ Սա պայմանավորված է նրանով, որ այս ոլորտներում բավականին բարդ է սովորելը և մարդիկ ուզում են ավելի լավ աշխատանքային պայմաններ ունենալ։ Էներգետիկ ոլորտի խնդիրը նույնն է»։
Բաղդասարյանի խոսքով՝ այս տարի, օրինակ, ատոմային էներգետիկա ֆակուլտետում ուսանողները շատ կլինեն (12 ուսանող), քանի որ այս մասնագիտության համար տարկետման հնարավորություն է տրված։ Էներգետիկ և հարակից բնագավառներում, օրինակ՝ էլեկտրատեխնիկայի ֆակուլտետում թափուր են մնում նույնիսկ անվճար տեղերը։
Մասնագետի պակասը՝ մի խնդիր, մասնագետին ղեկավարողը՝ մեկ այլ
Էդուարդ Արզումանյանն ավելի քան 60 տարի առաջ այս ոլորտ ոտք դնելիս՝ չգիտեր, որ մի օր ոլորտի խնդիրների վեկտորն այսքան փոխվելու է։ Աշխատանքային 20 տարին բոլորել էր, երբ արդեն անկախացած Հայաստանում նախաձեռնեց ստեղծել Էներգետիկայի նախարարություն ու դարձավ ատոմային էներգետիկայի, էներգախնայողության ոլորտը համակարգող փոխնախարար։ Բայց այսօր մտահոգությունները ոչ այնքան մասնագետների մասին են, որքան նրանց ղեկավարների․
«Ատոմակայանի օրինակը բերեմ․ ատոմակայանի առաջին գլխավոր ինժեները եղբայրս է եղել, ով գործարկել է առաջին բլոկը։ Իրենից հետո էլ ատոմակայանում և՛ գլխավոր ինժեների, և՛ տնօրենի պաշտոնը զբաղեցրել են այնտեղ աշխատող մասնագետները՝ տարիներով աշխատելով ու աճելով։ Բայց երկու տարի առաջ ատոմակայանի գլխավոր տնօրեն է նշանակվում ԱԱԾ նախկին տնօրենը, ոլորտը համակարգում են մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն դրա հետ»։
Էներգետիկ փորձագետը սա լուրջ խնդիր, նույնիսկ մարտահրավեր է համարում ոլորտի համար։ Այս տեսակետը կիսելով է Պոլիտեխնիկական համալսարանում բացվել նաև Էներգետիկ կառավարման ֆակուլտետ։
«Մենք զգացել, նաև գործատուների հետ ենք քննարկել ու հասկացել, որ կառավարիչներ պատրաստելու կարիք կա։ Ուղղակի կառավարիչը, որը չի տիրապետում այս բնագավառին և ստանձնում է այն ղեկավարելու պարտավորությունը, բավականին մեծ խնդիրներ է առաջացնում»,- ասում է համալսարանի ուսումնական գծով պրոռեկտորը։
Սակայն այս մասնագիտացումը ևս դիմորդներին առանձնապես չի հետաքրքրել․ 2021-ին ֆակուլտետն ունեցել է երկու, 2022-ին՝ մեկ, իսկ 2023-ին՝ զրո ուսանող։
Համալսարանում բացվել են նաև մագիստրոսական ծրագրեր ոլորտի առավել ժամանակակից ուղղությունները նախընտրողների համար։ Կարելի է սովորել «Էներգաարդյունավետ և էներգախնայողական տեխնոլոգիաներ», «Այլընտրանքային էներգետիկա» մագիստրոսական ծրագրերում, սակայն առաջինում այս տարի նոր ուսանող նույնպես չկա, երկրորդով հետաքրքրվել է 4 դիմորդ։
Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան
Ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի
Այս նյութը պատրաստվել է «Էլեկտրաէներգիայի հասանելիություն» նախագծի շրջանակներում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։
Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 06/09/2023