Սոցիալական

Կռիվ էր սկսել․․․ «Մտածում էի՝ փոխենք մեր հագուստը, որ վիրավորվենք, տնային հագուստով չլինենք, ամոթ է»

Հադրութ, Արցախ, լուսանկարը՝ Վահե Իսախանյանի

Պետրոսյանների պատմությունն Արցախում անավարտ է մնացել․ ժամանակն ասես կանգ է առել այն պահից սկսած, երբ 12 հոգանոց ընտանիքի երիտասարդ տղամարդիկ մեկնեցին ճակատ, իսկ կանայք երեխաների հետ շտապ հավաքեցին իրերն ու լքեցին հայրենի Հադրութը։ Տան ավագ զույգը պատերազմի առաջին օրերին հրաժարվեց լքել տունը։

Ընտանիքի պատմության թերևս ամենացավալի էջը ներկայացնում է Մարիետան՝ ընտանիքի մայրը` հիշելով ամենայն մանրամասնությամբ։

«Կռիվը սկսվեց վաղ առավոտյան 07։10-ին։ Վեր կացանք բոլորս, սկզբում մտածեցի, որ զինմասում էլի զինավարժություններ են կատարում։ Բայց տեսա, որ կրտսեր տղաս, ով մեզ հետ է ապրում, երեխաների հետ շտապում էր տան ապաստարան․ կռիվ էր սկսել»։

Կռիվ էր սկսել․․․

Տիկին Մարիետայի որդիները՝ 36-ամյա Վիտալին ու 32-ամյա Արմանը կամավորագրվել ու իրենց փեսայի հետ, ով պայմանագրային զինծառայող է, սեպտեմբերի 27-ին մեկնել են առաջնագիծ։ Նույն օրը երեկոյան դուստրը՝ Արմինեն, եղբայրների ընտանիքների հետ ուղևորվել են Հադրութի հարևան գյուղ, այնուհետև Գորիս, որոշ ժամանակ անց արդեն դեպի Երևան։

Պետրոսյանների տունը արկի պայթյունից հետո

Տղաներին առաջնագիծ, իսկ աղջկան, հարսներին ու թոռներին առավել անվտանգ տարածք ճանապարհ դնելով՝ Մարիետան ու Էդիկն իջել են տան ապաստարան և այնտեղ մնացել երկու օր։ Մարիետան պատմում է, որ անդադար լսում էին անօդաչու սարքերի ձայները։ Երկու օր միայն սուրճ էին խմում․ ասում է հացը կուլ չէր գնում։

«Մտածում էի՝ փոխենք մեր հագուստը, որ վիրավորվենք, տնային հագուստով չլինենք, ամոթ է»,- ասում է տան տիկինը ու ինքն էլ զարմանում, թե այդ պահին ինչի մասին է մտածել։

Արմինեն պատմում է, որ սկզբում չի պատկերացրել պահի լրջությունը․ «Չէի մտածում, որ մեկընդմիշտ լքում ենք մեր հայրենի տունը։ Երբ կողքի գյուղ պիտի գնայինք, մի քանի շոր վերցրի իմ ու երեխայի համար․ գիտեի՝ մի քանի ժամով կգնանք ու հետ կգանք»։ Արմինեն կես կատակ, կես լուրջ ասում է, որ օժիտից այդպես էլ չհասցրեց օգտվել․ մնացել է տանը։

Մարիետան դեռ տարիներ առաջ ամուսնուն հորդորել է Հադրութում տուն չսարքել․ ռիսկային է, թշնամուն շատ մոտ են։ Անընդհատ մտքում դա է եղել, որ միևնույն է՝ օրերից մի օր կրկին պատերազմ է լինելու։ «Չեմ ցանկացել, որ երեխաներս պատերազմ տեսնեն։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ես եմ լքել Հադրութի իմ հայրենի տունը երեխաներիս հետ։ Հիմա էլ իրենք իրենց ընտանիքներով են ստիպված դուրս գալ․ պատմությունը կրկնվեց ու չորս ընտանիք կորցրեց իր տունը»։

Պետրոսյանների ընտանիքի յուրաքանչյուր անդամը Հադրութում լիարժեք կյանքով է ապրել․ տիկին Մարիետան Հադրութի դպրոցում տեխնոլոգիայի և կերպարվեստի ուսուցչուհի է եղել, ամուսինը՝ Էդիկը, շուրջ 13 տարի աշխատել է տեղական մարմիններում կրթության գծով, բայց արդեն անցել է թոշակի։ Որդիներից ավագը՝ Վիտալին, գրող-բանաստեղծ է։ Պատերազմից առաջ լույս էր տեսել նրա չորրորդ գիրքը։ Կրտսեր որդին՝ Արմանը, Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում աշխատել է որպես զինղեկ։ Իսկ Արմինեն՝ դուստրը, Կրթության բաժնի ներառական կրթության հատուկ մանկավարժ է եղել։ Երեխաները հաճախել են դպրոց, մանկապարտեզ։

Կրտսեր որդին ապրել է ծնողների հետ, Վիտալին՝ կնոջ ու երկու երեխաների հետ՝ առանձին, իսկ Արմինեն՝ ամուսնու ու որդու հետ հայրական տնից քիչ հեռու։ Պետրոսյանները Հադրութում թողել են ոչ միայն հայրենի տունը, հիշողությունները, հարազատ մարդկանց, այլ նաև իրենց սոցիալական կարգավիճակը։

«Մամա ես եմ մեղավոր»

Երեխաների զգացողությունների մասին խոսելիս, Արմինեն կոկորդը սեղմվելով, բայց ժպիտով՝ հիշում է, որ երբ սկզբում մի քանի անսպասելի կրակոց եղավ, շատ էին վախեցել․ որդին՝ 5-ամյա Մարտինը, ուժեղ գրկել է մորը ու բոլոր չարությունների համար որոշել ներողություն խնդրել հենց այդ պահին․ «Մամա ես եմ մեղավոր»,- անընդհատ կրկնում էր փոքրիկը։

Հադրութի տան բակում

Մինչև հիմա անգամ Երևանում, երբ ինքնաթիռի ձայն է լսում, մորը հարցնում է՝ կարո՞ղ է էլի խփեն։ Երեխան հաճախ է հիշում հարազատ տունը․ ամեն օր հիշում է իր այգու ճուտիկներին ու անասելի տխրում, որ մնացել են իրենից շատ հեռու։

«Հարևանի խոխեքը մնացին այնտեղ․․․»,- կարոտով հիշում է իր բակի ընկերներին։ Հիշողություններով փոքրիկ Մարտինը դեռ Հադրութում է։

Տիկին Մարիետան շարունակում է պատմել իրենց մղձավանջի քրոնիկան։ Ասում է, որ հոկտեմբերի 2-ին ամուսնու հետ դեռ նկուղում են եղել։ Ամբողջ թաղամասում մարդ չկար այլևս։ Ապաստարանում կորցրել էին ժամանակի զգացողությունը և չեն էլ զգացել, թե ինչպես ողջ նկուղը մի ակնթարթում սևացել՝ փոշի է դարձել։ Արկն ընկել է նկուղի վրա` ամուսինների միջև։ Այդ պահին նույնիսկ չեն կորցրել հումորի զգացումը: Էդիկը կնոջն ասել է․ «Տեսնում ես՝ սնարյադն էլ է քեզնից վախենում․ հեռու է ընկել»։

Ամուսինները ձեռք ձեռքի բռնած՝ վազելով շտապել են դուրս ավելի ապահով ապաստարան գտնելու հույսով։

Տիկին Մարիետան ամուսնու հետ մինչև հոկտեմբերի 6-ը մնացել են Հադրութում, չէին ցանկանում լքել ոչ հայրենի տունը, ոչ էլ առաջնագծում կռվող երկու որդուն և փեսային, որոնցից երկար ժամանակ տեղեկություն չեն ստացել։

Մարիետան և Էդիկը ասում են, որ տնից հեռանալը հավասարազոր էր գնալ դեպի անորոշություն։

Մի քանի օր պատսպարվել են Հադրութի բնակելի շենքերից մեկի նկուղում, որտեղ համեմատաբար ավելի ապահով է եղել, քան տանը և բացի իրենցից այլ համաքաղաքացիներ են եղել։ Բայց շտաբից տեղեկացրել են, որ թշնամին մտնում է Հադրութ, ինչից հետո Էդիկն ու Մարիետան ստիպված շուտափույթ հավաքել են ձեռքի տակ եղած իրերն ու դուրս եկել քաղաքից դեպի անորոշություն։ Հոկտեմբերի 7-ին հասել են Գորիս, միացել ընտանիքի մյուս անդամներին և ժամանակավորապես հանգրվանել հարազատների տանը։ Հետո երկար «ճանապարհորդել են»՝ իրարից անջատ ու միասին՝ տարբեր բարեկամների տանը մի քանի օր ապաստանելով։

Վերջին կանգառը Երևանն էր։

Որդիները, պատերազմն ավարտվելուց հետո, առաջնագծից վերադարձել են, Արմանը՝ թևի ծանր վնասվածքով։ Իսկ փեսան շարունակում է կատարել իր զինվորական աշխատանքն Արցախում՝ երբեմն գալով Երևան ընտանիքին այցելելու։

Հայրենի տունն ու տեղը թողնելու, այստեղ՝ Երևանում հարմարվելու, նոր կյանք սկսելու մասին խոսելիս ընտանիքի անդամների դեմքը դժգույն է դառնում, հայացքը՝ հուսալքված ու անորոշ․

«Չենք համակերպվել իրականության հետ, դեռ մի փոքր հույս ենք փայփայում, որ հետ ենք գնալու։ Հայաստանը լավ է, մեր հայերն են, մեր ժողովուրդը, ով ինչով կարողացել, օգնել է մեզ այս դժվարին պահին, բայց ամեն մարդ իր տուն ու տեղին է կապված։ Այստեղ դեռ օտարություն ենք զգում»,- ասում է Արմինեն։

Տիկին Մարիետան նույնպես դժվար է համակերպվում նոր իրականության հետ․ «Ես համաձայն եմ նույնիսկ մեր տան նկուղում ապրել, կոտրված սպասքից օգտվել, բայց մեր հայրենի քաղաքում լինել, իմ ծննդավայրում։ Ամեն ինչ ինձ համար թանկ է այնտեղ»։ Չնայած մեծ ցանկությանը՝ վախ կա․ չեն ցանկանում թշնամու հետ մի բակում ապրել։

Արմինեն ասում է, որ քանի դեռ Երևանում են, երեխային մանկապարտեզ կտանի։ Իսկ աշխատանք դեռևս չի փնտրում, քանի որ վստահ չէ, որ մշտական Երևանում կապրեն։ Իրենց ապագան մեծ հաշվով կախված է նաև ամուսնու աշխատանքից․ զինվորական է և այժմ Արցախում է, ընտանիքից հեռու։

Չնայած մեծ ցանկությանը՝ Արցախ դեռևս չեն կարող վերադառնալ։ Դիմել են Հադրութի շրջանի ղեկավարին և ասել Ստեփանակերտում ապրելու մտադրության մասին։ Նրանց խնդրել են սպասել, քանի որ այժմ տեղ չկա։ Նաև դեռ հույս ունեն, որ մինչ այդ Հադրութի կարգավիճակի հետ կապված որևէ բան կփոխվի։

Հեղինակ՝ Լիանա Գրիգորյան

Լուսանկարները Պետրոսյանների ընտանեկան արխիվից

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/01/2021