Տնտեսություն

Տնտեսական իրավիճակը հետպատերազմյան Հայաստանում

«Կովկասի ինստիտուտի» ավագ գիտաշխատող, վիճակագիր Հրանտ Միքայելյանն իր մեթոդներն ունի երկրի տնտեսությանը պատերազմի հասցրած վնասները հաշվելու համար։ «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում Միքայելյանն ասում է, որ նախ կորուստները պետք է բաժանել մի քանի խմբի։

  • Մարդկային կյանքերի կորուստ, ինչը կասեցրեց խաղաղության պայմաններում նրանց ստեղծարար աշխատանքով զբաղվելու հնարավորությունը, հետևաբար նաև դրանից բխող տնտեսական արդյունքը,
  • Ենթակառուցվածքների և ունեցվածքի, այդ թվում՝ զինտեխնիկայի կորուստ․ այստեղ, ըստ Միքայելյանի, միայն զինտեխնիկայի գծով մոտ 2 մլրդ դոլարի կորուստ ունի հայկական կողմը,
  • Արցախի տարածքների կորուստ՝ ներառյալ էներգետիկ և պարենային բալանսների ապահովման ուղղություններով,
  • Հայաստանի և Արցախի՝ փաստացի, միասնական արտաքին հաշվեկշռի տեսանկյունից կորուստներ։

Մասնագետի խոսքով, կարելի է ավելացնել նաև այլ խմբեր, որոնց միջոցով նույնպես կարելի է հաշվարկել այն ամբողջ տնտեսական կորուստը, որ ունեցել են Հայաստանն ու Արցախը պատերազմի հետևանքով։

«Սա ազգային հարստության կորուստ է, ընդ որում՝ ոչ թե այս տարվա կտրվածքով, այլ մոտավորապես 50 տարվա կտրվածքով․․․ Իհարկե, 50 տարի անց այդ ազդեցությունը փոքր է լինելու, բայց որոշ ազդեցություններ կզգացվեն մինչև 50 տարի հեռանկարում», – նշում է Միքայելյանը։

Ըստ նրա, տարածքային կորուստները տնտեսական առումով կարելի է դիտարկել իբրև անշարժ գույքի կորուստ։ Սակայն կա նաև տնտեսության վրա անուղղակի ազդեցություն, ինչպիսին է պարենային բալանսի խնդիրը, մասնավորապես, ցորենի արտադրությունը։ Տարածքի կորուստները բերել են նաև էներգետիկ ու ջրային պաշարների տեսանկյունից կորուստների։

 

Անորոշությունն ու արտարժույթի աճը

Հետպատերազմյան քաղաքական անկայունության ներկայիս օրերին տնտեսությունը շարունակում է անհանգիստ վիճակում գտնվել։ Դրա մաս են կազմում նաև դրամի փոխարժեքի տատանումները։ Պատերազմի մեկնարկից ի վեր այդ փոխարժեքի անհանգստությունը նկատելի է մինչ օրս։

Արտարժույթի փոխարժեքի աճի ակտիվություն սկսեց նկատվել եռակողմ հայտարարությամբ մարտական գործողությունների դադարեցումից և քաղաքական պրոցեսների մեկնարկից հետո։ Դոլարը և մյուս արտարժույթները սկսեցին թանկանալ օրական ռիթմով։

ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագետ Հայկ Մնացականյանը կարծում է, որ այս տատանումը պայմանավորված էր սպասումներով։

Նա բացատրում է, որ տատանումների վրա սովորաբար ազդում են մի քանի գործոններ, այդ թվում՝ գնաճի մակարդակը, վճարային հաշվեկշռի փոփոխությունը և նավթի, գազի, ոսկու ու նման ռեսուրսների գների տատանումը։

Սակայն նշված գործոններն էական փոփոխություն չեն ունեցել, ու ըստ Մնացականյանի՝ դրամի արժեզրկման պատճառը ֆորսմաժորն էր, որի մեջ առհասարակ դասակարգվում են համաճարակները, պատերազմները, կործանիչ երկրաշարժերը և այլն։

«Ըստ էության, արժույթի արժեզրկման հիմքում ընկած է նախ համաճարակը, որը 1 տարի է տնտեսությունը քայքայում է ըստ էության։ Եվ երկրորդը, որը ևս մի ուժեղ հարված հասցրեց, պատերազմն է, որը բավականաչափ մեծ ռեսուրսների վատնում է, ըստ էության, որի արդյունքում տնտեսությունը թուլանում է», – բացատրում է Մնացականյանը։

Նա կարևորում է այս ընթացքում Կենտրոնական բանկի գործողությունները։ Կառույցը ցուցադրեց իր հնարավորությունները՝ ռեզերվների տեսքով, իսկ նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ «արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ» և որ «անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունություն»։

Սակայն որոշակի կայունություն պահպանվեց ընդամենը մի քանի օր, իսկ արդեն դեկտեմբերի առաջին երկու շաբաթների ընթացքում շարունակեց նկատվել դրամի արժեզրկում։

Մնացականյանի խոսքով՝ ԿԲ գործողությունները զսպեց արտարժույթի հնարավոր կտրուկ տատանումը, սակայն տնտեսական վիճակով պայմանավորված՝ այնուամենայնիվ, արտարժույթի գների որոշակի բարձրացում կլինի։

Ըստ մասնագետի՝ այսպիսի դեպքերում մեծ է գայթակղությունը ունեցած միջոցները փոխանակել ու փոխարժեքի տատանումներից շահույթ ստանալ, սակայն ոչ մասնագետների նման գործողությունները ի վերջո կորստաբեր են լինում հենց իրենց համար։ Տնտեսության համար կարևոր է, որ դա ձնագնդիկի էֆեկտ չունենա, այլապես կկորցնեն բոլորը։

Հայաստանի տնտեսության կայունության մեկ այլ ցուցանիշ են բանկերում դրված ավանդները։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ հոկտեմբերին դրանք նվազել են (նոյեմբերի տվյալները դեռ չեն հրապարակվել)։

Ըստ Մնացականյանի՝ այստեղ մեծ է դոլարայնացման մակարդակը, քանի որ ճգնաժամային իրավիճակում մարդիկ հակված են իրենց ունեցածը պահել ավելի կայուն արժույթով։ Սակայն արտարժույթային ավանդները նվազ եկամտաբեր են, քան դրամայինները, բացի դա դրամից փոխարկումը արտարժույթի ևս ծախս է ենթադրում։

Ֆինանսների մասնագետը զգուշացնում է, որ դրամային խնայողությունները արտարժույթի փոխարկելու ընթացքում կորուստները կարող են ավելի մեծ լինել, քան սպասվող օգուտը։ Եվ նման քայլերի դիմելուց առաջ անհրաժեշտ է նախապես լավ հաշվարկել։

Տնտեսության հեռանկարները մշուշոտ են

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը տնտեսական իրավիճակի մասին խոսելիս նշում է, որ տնտեսության մեջ պետք է կառուցվածքային վերափոխումների գնալ։ «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում Խաչատրյանը պնդում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել աշխատանքի արտադրողականությանը։

«Մարդկային ռեսուրսը մեր տնտեսությունում ցածր արտադրողականություն ունի։ Իսկ դրա հիմքերն առավելապես կրթության և առկա ենթակառուցվածքներով պետք է ենթադրել», – նշում է տնտեսագետը։

Սա, սակայն, երկարաժամկետ լուծում պահանջող խնդիր է։ Իսկ կարճաժամկետ պլանում, ըստ Խաչատրյանի, տնտեսության ճյուղերի հարցն է։ Տնտեսագետը հիշեցնում է, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է հանքարդյունաբերությունից, ու խոշոր ֆորսմաժորային իրավիճակների հետևանքով հանքանյութերի միջազգային գների տատանումները լուրջ խնդիր են առաջացնում Հայաստանի համար։

Հետևաբար, Հայաստանին, ըստ տնտեսագետի, անհրաժեշտ են կարճաժամկետ ու երկարաժամկետ լուծումներ, ինչպես նաև կարող մասնագետներ՝ այս իրավիճակը փոփոխելու համար։

Ապաշրջափակման հետ կապվող հույսերը սին են

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ պետք է ստեղծեն այնպիսի ծրագիր, որը Հայաստանին կպատրաստի քաղելու այն բոլոր օգուտները, որ կարող են լինել տարածաշրջանի ապաշրջափակումից։

«Բացվելու են թուրքական նավահանգիսները, դրանք ընձեռելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև կբացվի Ադրբեջանի շուկան մեր համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար։ Ու, բնականաբար, պետք են գալու, ասենք, բազմաթիվ լավ գիտելիք ունեցող մարդիկ, որոնք կկարողանան օգտվել դրանից», – ասել է նախարար Քերոբյանը։

Վերլուծաբան Հրանտ Միքայելյանը նշում է, որ նախկինում հեղինակավոր կառույցների կողմից գնահատումներ իրականացվել են նման հեռանկարների վերաբերյալ, և սպասումները մեծ չեն եղել։

Բայց մասնագետն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչ առանձնահատկություններ ունեն հարևան պետությունները, որոնց հետ, ենթադրաբար, կարող են բացվել սահմանները։

«Մենք Ֆրանսիայի և Գերմանիայի հետ չէ, որ գործ ունենք։ Թուրքիան և Ադրբեջանը տնտեսական համագործակցության մեջ քաղաքական բաղադրիչ ունեն։ Արտաքին շուկաներում աշխատանքները զգալի չափով կազմակերպվում են թուրքական պետության կողմից։ Սա պետք է հաշվի առնել, քանի որ կան ռիսկեր, որ շուկայում թուրքական ընկերությունների կողմից դիրքերի գրավում կկազմակերպվի։ Եվ մենք հետնահանջ կարող ենք ունենալ Հայաստանի շուկայում», – նշում է Միքայելյանը։

Մասնագետի կարծիքով՝ այդպիսի սցենարների դեպքում ներկրողները կարող են որոշակիորեն շահել, բայց հայկական արտադրողների համար սպասելիքները շատ կասկածելի են։

Կառլեն Խաչատրյանն էլ բացատրում է, որ նաիվ են այն պնդումները, թե Հայաստանը կարող է էապես բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ ու այդ ֆոնին առևտրաշրջանառություն ձևավորել։ Հայաստանում մարդիկ ցանկություն չեն ունենա գնել ադրբեջանական ապրանքը, նույնը կլինի Ադրբեջանում՝ հայկական ապրանքների նկատմամբ։

«Իրականում ինձ համար անհասկանալի է պետական մարմինների այդ մոտեցումը, որ եթե մենք ընդամենը մոտ 1 ամիս առաջ որոշում կայացրինք Թուրքիայից ներմուծվող ապրանքի նկատմամբ էմբարգո կիրառել, այսինքն սահմանփակել, արգելել Թուրքիայից Հայաստան մտնող ապրանքները, ապա ի՞նչ տրամաբանությամբ ենք թույլատրելու Ադրբեջանից Հայաստան ապրանքների ներմուծումը», – նշում է տնտեսագետը։

Ամփոփեց՝ Գարիկ Հարությունյանը

Գծապատկերները՝ հեղինակի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 15/12/2020