Կրթություն

Համաճարա՞կ, թե՞ կենսաբանական զենք․ «Սև մահ» կամ միֆեր իրականության համատեքստում

Նոր կորոնավիրուսի մարդածին, թիրախավորված լինելու մասին վարկածները շրջանառվել և շրջանառվում են վարակի տարածման առաջին իսկ օրերից` անգամ պետական մակարդակով։ Դրա վառ վկայությունն են Չինաստանի և ԱՄՆ-ի պաշտոնյաների փոխադարձ մեղադրանքները՝ Covid-19-ի ծագման հավանական տարբերակների և դրա քաղաքական աստառի առնչությամբ։ Իսկ Եվրոպայի խորհրդի փորձագետներն օրերս նախազգուշացրին, որ կենսաբանական զենքի օգտագործման ռիսկը կարող է մեծանալ։ Նրանք չեն բացառում, որ կորոնավիրուսային համաճարակից հետո ծայրահեղականների համար բիո-զենքի օգտագործումը շատ գայթակղիչ կարող է թվալ, քանի որ դրա կիրառումն ավելի մեծ վնասներ կհասցնի մարդկությանն ու տնտեսությանը, քան «ավանդական» գրոհները:

Ու թեև առողջապահության ոլորտում համաշխարհային կոնսեսուս կա այն մասին, որ նոր կորոնավիրուսի լաբորատոր ծագումը հավանական չէ, այնուամենայնիվ, այս բոլոր քննարկումներն ու ենթադրություններն առիթ դարձան, որ «Ամփոփ Մեդիան» մի փոքր պատմական էքսկուրս կատարի և պարզի՝ արդյոք պատմությանը հայտնի՞ են արհեստածին համաճարակների կամ այլ կենսաբանական զենքերի կիրառման դեպքեր։

Կատապուլտերը «Սև մահ» էին կրակում

Թեպետ մարդկության պատմության մեջ նման դրվագները բավական շատ են, բայց այսօր ամենից հաճախ քննարկվում է 14-րդ դարում «Սև մահի»՝ ժանտախտի բռնկումը, որն ուշագրավ պատմություն ունի։

Ահա իրականությունը. համաճարակը, Կենտրոնական Ասիայում բռնկվելով, Մետաքսի ճանապարհով հասել է Ղրիմ, որտեղից էլ հետագայում տարածվել է ողջ Եվրոպայով։ Սակայն վարակի՝ Ղրիմում բուն դնելու հանգամանքները բավականին սահմռկեցուցիչ են։

1345թ.-ին մոնղոլները, Ջանիբեկ խանի հրամանատարությամբ, պաշարել էին Ղրիմի Կաֆֆա քաղաքը (ներկայումս՝ Թեոդոսիա), մինչդեռ մոնղոլական բանակում արդեն իսկ գլուխ էր բարձրացնում ժանտախտը։ Ժանտախտի և համառ դիմադրության պայմաններում մոնղոլների բանակը կորցրեց իր ռազմական առավելությունը, սակայն նրանք առանց քաղաքը կործանելու մտադիր չէին հեռանալ։

Ուստի, գործի դրեցին մի հրեշավոր ծրագիր՝ կատապուլտերով քաղաքի պարիսպներից ներս նետել ժանտախտից մահացած իրենց զինվորների կիսանեխած դիակները։ Կաֆֆան հիշատակվում է նաև իբրև «Սև մահի» էպիկենտրոն։ Կաֆֆայից ժանտախտը տարածվեց նաև Կոստանդնոպոլիս՝ Ղրիմից ժամանած նավերի պատճառով։

14-րդ դարի կեսերին (12–14) ժանտախտի տարածման ժամանակագրությունը։ Աղբյուրը՝ Քալիֆորնիայի համալսարան

 

Ի դեպ, այդ տարիներին Կաֆֆայի բնակչությունը շուրջ 70 000 էր, և հայերը զգալի մաս էին կազմում՝ հիմնականում լինելով հայտնի իբրև առևտրականներ։

Օձերը՝ որպես կենսաբանական զենք

Պատերազմական գործողությունների ընթացքում համաճարակ առաջացնելու և որպես կենսաբանական զենք կիրառելու այս սարսափազդու հնարքն անմիջապես հիշեցրեց ֆրանսիացի մեծանուն գրող Գյուստավ Ֆլոբերի «Սալամբո» վեպը (1862 թիվ), որտեղ նկարագրված է համանման մի տեսարան։ Վեպն անդրադառնում է մ.թ.ա. 240 թթ-ի դեպքերին, երբ Պունիկյան 1-ին և 2-րդ պատերազմների միջև ծագեց վարձկանների ըմբոստությունը ընդդեմ Կարթագենի (ներկայումս՝ Թունիս), որը գտնվում էր Համիլկար Բարկայի հրամանատարության ներքո։

Ըստ վեպի դիպաշարի՝ բարբարոսները, պաշարելով Կարթագենը, կատապուլտերով դեպի քաղաք են կրակել թունավոր օձեր, դիակների կտորներ, ամեն տեսակի աղտեղություն՝ առաջացնելով համաճարակ։

Ֆլոբերի կողմից այդքան վարպետորեն ներկայացված տեսարանի նախատիպն իրականում վեպի գլխավոր հերոսներից Համիլկար Բարկայի որդու՝ հանրահռչակ Հաննիբալի անվանն է առնչվում, որը վեպում երևում է միայն մանուկ հասակում։

Հենց Հաննիբալի գործածած ռազմական խորամանկությունն է ոգեշնչման աղբյուր դարձել ֆրանսիացի գրողի համար։

Մ.թ.ա. 184թ.-ին Հաննիբալ Կարթագենացին մի ծովային մարտի ժամանակ թշնամական նավերի վրա է կրակել թունավոր իժերով լցված զամբյուղներ։ Այս դեպքը որակվում է որպես պատերազմական գործողություններում կենսաբանական զենքի կիրառության մեզ հայտնի առաջին դեպքերից մեկը։

Կատաղության համաճարակ

Կենսաբանական զենքերի պատմության ուսումնասիրությունը լի է անսպասելի «անակնկալներով»։ Վկայություններ կան այն մասին, որ մոտ 1500թ․-ին Լեոնարդո դա Վինչին կենսաբանական զենքի պատրաստման մտահղացում է ունեցել, մի իսկական ռումբ՝ բաղկացած մասնավորապես ծծմբի, մկնդեղի, տարանտուլայի թույնի, թունավոր դոդոշների և կատաղած շան թքի խառնուրդից։

Ավելի ուշ՝ 1650 թ.-ին, ռազմական ինժեներ Կազիմիր Սեմենովիչի առաջարկով, լեհական զորքերը կատաղած շան թուքը կավե գնդակների կամ ապակյա սրվակների մեջ լցնելով կրակել են թշնամու ուղղությամբ՝ կատաղության համաճարակ առաջացնելու նպատակով։ Այսպիսի մեթոդների արդյունավետությունը գիտության կողմից ապացուցված չէ, սակայն մտահղացումն իր ողջ հրեշավոր հանճարեղությամբ հետաքրքրական է։

Կենսաբանական զենքի կիրառման այլ դեպքեր

Հեղինակ՝ Գոհար Աքելյան

Ժամանակագրությունը՝ Լիլիթ Մկրտչյանի

Ձայնագրությունը՝ հատված Grqaser.org կայքից

Հավելյալ աղբյուրներ

#COVID19 #ArmGov #anticrisis #actions #pandemic

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 28/05/2020