Քաղաքական

Քաղաքականություն և անձնական կյանք. Երկրների ղեկավարներ, որոնք ամուսնալուծվել են պաշտոնավարման ընթացքում

Հայաստանի քաղաքական կյանքում ԱՆՆԱխադեպ իրադարձություն է տեղի ունեցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է լուրը իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին։

Վարչապետը նշել է, որ հարգանքով է վերաբերվում Աննայի որոշմանը և ներողություն է խնդրել հնարավոր պատճառված դառնության համար։ Դեռ փետրվարի 17-ին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ իրենց քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Այսօր՝ փետրվարի 27-ին, նա նոր ուղերձով պարզաբանել է, որ լքում է կառավարական առանձնատունը՝ չբացառելով նաև իր դեմ հնարավոր քրեական գործի հարուցումը։

«Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել է Փաշինյանը։ Աննա Հակոբյանն իր հերթին հորդորել է հանրությանը ժամանակ չծախսել այս հարցի քննարկման վրա. «Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»։

Թեև Հայաստանի համար սա եզակի դեպք է, համաշխարհային պատմության մեջ երկրների ղեկավարների ամուսնալուծությունները պաշտոնավարման ընթացքում հազվադեպ չեն։

Ստորև ներկայացնում ենք 9 հայտնի ղեկավարների ամուսնալուծության օրինակներ…

1. Վլադիմիր Պուտին (Ռուսաստան)

2013 թվականին Ռուսաստանի նախագահը և նրա կինը՝ Լյուդմիլան, ուղիղ եթերում հայտարարեցին իրենց բաժանման մասին։ Սա Ռուսաստանի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ երկրի ղեկավարը պաշտոնապես ամուսնալուծվում էր։

2. Ջասթին Թրյուդո (Կանադա)

2023 թվականին Կանադայի վարչապետը հայտարարեց, որ 18 տարվա ամուսնությունից հետո ինքը և կինը՝ Սոֆի Գրեգուարը, որոշել են բաժանվել՝ պահպանելով ջերմ հարաբերություններ հանուն երեխաների։

3. Նիկոլա Սարկոզի (Ֆրանսիա)

2007 թվականին՝ նախագահ ընտրվելուց ընդամենը մի քանի ամիս անց, Սարկոզին բաժանվեց կնոջից՝ Սեսիլիայից։ Սա Ֆրանսիայի պատմության մեջ առաջին նման դեպքն էր։

4. Սիլվիո Բեռլուսկոնի (Իտալիա)

2009 թվականին Իտալիայի վարչապետի կինը՝ Վերոնիկա Լարիոն, դիմեց ամուսնալուծության համար՝ հանրայնորեն քննադատելով ամուսնու անձնական վարքագիծը։

5. Բորիս Ջոնսոն (Միացյալ Թագավորություն)

Ջոնսոնի երկրորդ ամուսնությունը Մարինա Ուիլերի հետ ավարտվեց 2018 թվականին, երբ նա նախարար էր։ Պաշտոնական ամուսնալուծությունը ձևակերպվեց 2020-ին, երբ Ջոնսոնն արդեն վարչապետ էր։ Նա դարձավ վերջին 200 տարում առաջին բրիտանացի վարչապետը, ով ամուսնացավ պաշտոնավարման ընթացքում (Քերի Սայմոնդսի հետ)։

6. Սաննա Մարին (Ֆինլանդիա)

Ֆինլանդիայի վարչապետը պաշտոնավարման ընթացքում՝ 2020 թվականին, ամուսնացավ իր երկարամյա զուգընկերոջ հետ հենց կառավարական նստավայրում: Սակայն 2023 թվականին՝ ընտրություններից անմիջապես հետո, բայց դեռևս պաշտոնավարման ավարտական փուլում, զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին: Մարինը նաև լքեց կուսակցության առաջնորդի պաշտոնը:

7. Ֆրանսուա Օլանդ (Ֆրանսիա)

Օլանդը երբեք պաշտոնապես ամուսնացած չի եղել, սակայն նախագահության ընթացքում բաժանվեց իր զուգընկերուհուց՝ Վալերի Տրիերվեյլերից, ինչից հետո նա այլևս չուներ պաշտոնական ուղեկցող զուգընկեր։

8. Նելսոն Մանդելա (ՀԱՀ)

Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդը բաժանվեց իր կնոջից՝ Վիննի Մանդելայից, 1996 թվականին՝ նախագահության օրոք։ Պատճառը երկար տարիների բաժանումից հետո առաջացած անձնական անհամաձայնություններն էին։

9. Ուգո Չավես (Վենեսուելա)

Վենեսուելայի նախկին նախագահը պաշտոնավարման ընթացքում՝ 2004 թվականին, բաժանվեց իր երկրորդ կնոջից՝ Մարիսաբել Ռոդրիգեսից, ինչն ուղեկցվեց դատական քաշքշուկներով։

Ի՞նչ է սա նշանակում քաղաքական մշակույթի տեսանկյունից

Երկրի առաջին դեմքերի բաժանությունը հաճախ դիտարկվում է որպես մարդկային գործոնի արտացոլում քաղաքականության մեջ։

Ժամանակակից աշխարհում սա այլևս քաղաքական կարիերայի վերջ կամ անձնական ձախողում չի համարվում, այլ ընկալվում է որպես անձնական կյանքի թափանցիկության և հանրության հետ անկեղծ հաղորդակցվելու դրսևորում։ Սա վկայում է այն մասին, որ քաղաքական մշակույթը փոխվում է՝ առաջնորդներին դուրս բերելով անսխալականության «սրբապատկերային» կաղապարներից և ցույց տալով նրանց իրական, մարդկային կողմը։

Սուրեն Դեհերյան

Գլխավոր պատկերը՝ Ամփոփ Մեդիայի

Լուսանկարները՝ VCG, AFP, Reuters, France 24, China Daily, Sanna Marin Instagram page

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/02/2026