Հուլիսի սկզբին միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով 24 էջանոց անգլերեն զեկույց, որտեղ փաստերով ներկայացվել են Արցախի հայաթափման պատճառները։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում հաստատված ավելի քան 330 անձանց վկայությունների, արբանյակային լուսանկարների ու բազմաթիվ բաց աղբյուրների համալիր ուսումնասիրության հիման վրա միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հիշյալ զեկույցում փաստել է, որ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի էթնիկ հայերի նկատմամբ 2020թ․ 44-օրյա պատերազմից սկսած՝ մինչև 2023թ․ սեպտեմբերն իրականացվել են կանոնավոր հարձակումներ, ահաբեկումներ։
«Եղել են դեպքեր, երբ նրանք [Ադրբեջանի զինծառայողները] կրակել են տների ուղղությամբ, ինչի հետևանքով տան պատուհանները կոտրվում էին։ Նրանք երեք անգամ կրակել են իմ ուղղությամբ, երբ ես դրսում էի, բայց փամփուշտը այլ տեղ էր կպնում։ Սրանք 2021 և 2022 թվականների դեպքեր են», – հարցազրույցի ընթացքում նշել էր Արցախի Վարդաձոր համայնքի բնակիչներից մեկը։
ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ արված հարցազրույցների, ներկայացված փաստերի համակողմանի ստուգման արդյունքում Freedom House-ը զեկույցում փաստել է, որ ԼՂ էթնիկ բնակչությունը կյանքի պատշաճ պայմաններից զրկվել է և բռնի տեղահանվել։
Փաստերը նաև վկայում են, թե ինչպես է Ադրբեջանը գործել հատուկ մշակված ռազմավարությամբ՝ Լեռնային Ղարաբաղն իր էթնիկ հայ բնակչությունից, պատմական և մշակութային ժառանգությունից դատարկելու համար:
Փաստահավաք առաքելությունը փաստագրել է նաև 2020-ից մինչև 2024-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական և քրեական իրավունքի նորմերի կոպիտ խախտումները։
Freedom House-ի փաստահավաք առաքելությունն արձանագրել է նաև ԼՂ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սննդի, ազատ տեղաշարժի, կենսամակարդակի, անձի ազատության և անվտանգության, խոշտանգումներից և այլ դաժան վերաբերմունքից ազատվելու, արդար դատաքննության իրավունքի, կրթության, սեփականության իրավունքների և մշակութային իրավունքների էական խախտումներ։
Փաստահավաք առաքելությունը հնարավոր է դարձել «Բաց հասարակություն» հիմնադրամների և Freedom House-ի աջակցության շնորհիվ: Զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունների կողմից:
Փաստահավաք առաքելությունը պարզել է՝ կան բավարար ապացույցներ եզրակացնելու, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հանդիսանում են հանցագործություններ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածի [մարդկության դեմ հանցագործություններ] և 8-րդ հոդվածի [պատերազմական հանցագործություններ], և համապատասխանում են բնակչության բռնի տեղահանման սահմանմանը, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի փորձագետների կողմից սահմանված էթնիկ զտումների չափանիշներին։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում եզրակացությունները հիմնված են 2023թ․ նոյեմբերից մինչև 2024 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում փաստահավաք առաքելության կողմից հավաքված առաջնային և երկրորդային տեղեկատվության հսկայական ծավալի վրա:
Կարևոր է այն հանգամանքը, որ հարցազրույցներից ստացված տվյալները համեմատվել են ստուգված աղբյուրների հետ՝ ներառյալ արբանյակային պատկերները, տեսանյութերը, լուսանկարները, պաշտոնական փաստաթղթերը, լրատվական հաղորդագրությունները և այլն:
Զեկույցի ամփոփագրի շնորհանդես-քննարկումը [զեկույցի հղումն այստեղ] տեղի է ունեցել հուլիսի 1-ին, Freedom House-ի կողմից համակազմակերպվող 3-րդ ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումի»-ի շրջանակում: Զեկույցի հեղինակները նշում են, որ ամբողջական տարբերակը կհրապարակվի 2024 թ․ սեպտեմբերին։
Պատրաստեց Մարիամ Անդրեասյանը
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 05/07/2024