Կրթություն Սոցիալական

Փնտրվում է տղամարդ-ուսուցիչ․ Ինչու՞ են ուսուցիչների մեծ մասը կանայք

Հայաստանում 2023-2024 ուս. տարվա դրությամբ 29 հազար ուսուցիչ կա։ Նրանցից մոտ 26 հազարը՝ 89.5%-ը, կին է: Դպրոցներում կանանց մենաշնորհի մասին թվային այս ապացույցը գտնում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներում։

Սակայն թվերը չեն պատմում՝ ինչո՞ւ և ինչպե՞ս է մանկավարժությունը դարձել «կնոջ գործ»։

Սոցիոլոգ Սոնա Բալասանյանը՝ 2021-ին հրապարակված «Ուսուցիչը՝ կին» հետազոտության մեջ բարձրացրել է նաև այս հարցը և գտել հետևյալ պատասխանը․ Հայաստանում ուսուցչի դերը նույնանում է խնամողի (ոչ թե կրթողի) դերի հետ։ Իսկ հասարակությունը խնամելու գործը պատվիրակել է կնոջը։

Սակայն անպատասխան է մնում հարցը՝ կրթական հաստատություններում կանայք այդքան շատ են, որովհետև լա՞վ են խնամում, թե՞ որովհետև տղամարդիկ չեն համաձայնում «խնամել այդ աշխատավարձով»։

Խելացի մարդ ես, ի՞նչ գործ ունես դպրոցում

Գարիկ Ծատրյանը 15-ամյա մանկավարժական աշխատանքի ընթացքում տասնյակ անգամներ աշակերտների ծնողներից հիացմունքի ու ափսոսանքի խոսք է լսել․ լավ մասնագետն այդ աշխատավարձով կաշխատի՞։

«Աշակերտներիս ծնողներն էլ, աշակերտներս էլ զարմանում էին, ասում՝ խելացի եք, ինչո՞ւ եք մնում դպրոցում, կարող եք ավելի լավ գործ գտնել։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, բայց փորձեցի ուրիշ աշխատանքներ անել։ Վեց ամիս օրական վեց ժամ մատուցողի օգնական եմ աշխատել սրճարաններից մեկում։ Նույն աշխատավարձն էի ստանում, ինչ դպրոցում։ Մի դեպքում գործ ունեի ֆրիի և սենդվիչի, մյուս դեպքում՝ երեխաների ճակատագրի հետ»,- պատմում է պատմության ուսուցիչ Գարիկ Ծատրյանը։

Դպրոցներում պատասխանատվության ու վարձատրության չափը չի համընկնում։

Գարիկը ստիպված է եղել անել մի շարք այլ աշխատանքներ ևս, եղել է զբոսաշրջային ընկերություններում՝ գիդ, դասապատրաստող։ Այժմ գտել է պատշաճ աշխատավարձն ու սիրելի աշխատանքը համատեղելու տարբերակը․ աշխատում է «Դասավանդիր Հայաստան»-ի «Սերունդ» ծրագրում, առաջնորդության զարգացման ղեկավար է։ Բայց, ասում է, ավելի հաճախ իր գործը սիրող ուսուցչին չի հաջողվում մնալ դպրոցում․

«Մի ընկեր ունեմ, աշխարհագրության մասնագետ է։ Աշխատում էր 2 տեղ՝ դպրոցում և խանութում՝ հսկիչ-վաճառող։ Վերջը դպրոցից դուրս եկավ, որովհետև խանութում ավելի բարձր աշխատավարձի հեռանկար կար։ Մեծ մասը նախընտրում է գնալ, ուրիշ աշխատանք կատարել։ Վերջիվերջո տղամարդ են, հազար հարց կա լուծելու, պիտի տուն պահեն»։

Հայաստանում գործող տղամարդ ուսուցիչների թիվը 3035 է։ Գարիկ Ծատրյանը դժվարանում է հավատալ, որ այս թիվը կաճի կամ գոնե նույնը կմնա։ Կրթական պրոցեսն աստիճանաբար էլ ավելի մեծ ծավալով կմնա կանանց ուսերին՝ ասում է։

Միշտ չէ, որ տուն պահողը տղամարդն է

Մ․ Ավագյանի աշխատավարձը 128,000 դրամ է։ Ասում է՝ իրեն բարձր են վարձատրում, որովհետև 26 տարվա աշխատանքային ստաժ ունի։ Եվ ասածի մեջ բնավ հեգնանք չկա․ սա իսկապես բարձր աշխատավարձ է համարվում։ Ավագյանը դասավանդում է Երևանի միջին մասնագիտական ուսումնարաններից մեկում, որտեղ մեկ դրույքը 18 ժամն է, ուսուցիչը 1.5 դրույքից ավելի դասավանդելու ոչ իրավունք ունի, ոչ հնարավորություն։

«Կարող է մի կիսամյակ ունենաս 25 ժամ, մյուս կիսամյակ՝ 23 ժամ` կախված, թե ուսումնական պլանը ինչպես է կառուցված, լողացող է: Որպես հին աշխատող ինձ մոտ քիչ է տատանվում, առավելագույնը 3 ժամ։ Մարդիկ կան՝ 18-20 ժամ են դասավանդում, բնականաբար ավելի քիչ են վարձատրվում»։

Կնոջ համար հարմար գործ է՝ միայն կանանցից կազմված կոլեկտիվ, որ ամուսինները չխանդեն, կարճ աշխատանային օր, որ ընտանեկան/կենցաղային գործերով զբաղվելու ժամանակ մնա, աշխատավարձն էլ՝ ձեռքի գումար, որ կինն իր թեթև կարիքները հոգա․ Ավագյանը կանխեց կարծրատիպային այս ձևակերպումները քննարկելու մեր փորձը։ Միայնակ մայր եմ՝ ասաց Ավագյանը, և միշտ չէ, որ տուն պահողը տղամարդն է․

«Ես այդ գումարով երեխա եմ մեծացնում։ Երկրորդ դասարանում է սովորում։ Նա մեծանում է, ծախսերը, ապրանքների գները՝ ևս, իսկ աշխատավարձս 10 տարի է՝ անփոփոխ է։ Սկսում եմ մտածել՝ ինչ անեմ, ոնց անեմ։ Շատ եմ սիրում աշխատանքս, բայց եթե հարմար տարբերակ լինի, դուրս կգամ»,- ասում է ուսուցիչը։

Նա ևս ժամանակին 2-րդ աշխատանք ունեցել է․ գիշերը աշխատում էր խմորեղենի արտադրամասում, առավոտյան՝ գնում դպրոց։ Բայց հիմա և՛ երեխան, և՛ աշխատանքը լրացուցիչ ժամանակ են պահանջում։ Համատեղելու դեպքում կտուժեն բոլոր կողմերը։

ԿԳՄՍ նախարարության քաղաքականությունը

Քաղաքականություն մշակողներն ու իրականցնողները վստահեցնում են՝ ուսուցիչը պետք է արժնապատիվ աշխատավարձ ստանա։ Վստահեցնում են, իսկ ինչ լուծումներ են առաջարկում ԿԳՄՍՆ-ում։ Թե ինչ մեխանիզմներով է նախարարությունը գնահատում ուսուցչի աշխատանքը, ամրագրված է մի քանի կետով, որոնց հիման վրա ստացել ենք հետևյալ պատկերը։

Ֆինանսավորման նոր կարգով նվազագույն դրույքաչափը բարձրացվել է և սահմանվել 119,000 դրամ:

Ուսուցչի աշխատանքն ու վարձատրությունը համարժեք չեն ոչ միայն պատասխանատվության, այլև պարտավորությունների մասշտաբը հաշվի առնելով՝ կարծում է Գարիկ Ծատրյանը։ Բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե մասնագետի աշխատանքն ավարտվում է վերջին դասաժամին հնչող զանգի հետ՝ սխալվում են։

«Շատ ուսուցիչներ տանը լրացուցիչ աշխատանք են անում, չեմ կարող ասել՝ բոլորը, բայց շատ են այն մասնագետները, որոնք պատասխանատու են իրենց գործի նկատմամբ ու հավելյալ նյութեր են տպում, պատրաստում են թեստեր, խաղեր, որ դասը հետաքրքիր անցնի, ի վերջո՝ պլանավորում են դասը, գնահատում են դրա արդյունավետությունը, նոր մոտեցումներ են փնտրում ու կիրառում»,- ասում է Գարիկ Ծատրյանը։

Իսկ Մ․ Ավագյանի դասավանդած առարկաների (մոդուլների) դեպքում առաջ են գալիս այլ հարցեր ևս․ հայալեզու դասագրքեր չկան։ Ուսուցիչը փնտրում, թարգմանում և ադապտացնում է բովանդակությունը։ Ինքնակրթությանը դեմ չեն, բայց արված աշխատանքի՝ նույնիսկ խոսքային մակարդակում գնահատականի չարժանանալը երբեմն ազդում է աշխատունակության վրա։

Նախարարության գնահատման մեխանիզմներով խնդիրները մեղմվում են, բայց չեն լուծվում՝ ասում է Մ․ Ավագյանը։ Երկրորդ աշխատանքին զուգահեռ կեսկատակ-կեսլուրջ այլ մեղավորներ է փնտրում․ «Ուրախ եմ, որ լավ կոլեկտիվ ունեմ, բայց նաև մեղադրում եմ նրանց․ եթե միջավայրը լավը չլիներ, գուցե ավելի շուտ դուրս գայի, նորմալ գործով զբաղվեի»։

Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան
Տվյալների մշակումն ու գրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը՝ Imagine AI
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

բուլինգ

Այս նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։ Արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի կարծիքի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 19/11/2024