ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հրավերով Կազանում մասնակցել է ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովին, որին ներկա էին շուրջ չորս տասնյակ երկրների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Հոկտեմբերի 22-24-ը տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել նաև ելույթով՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Ի՞նչ է ԲՐԻԿՍ-ը /BRICS/
ԲՐԻԿՍ-ն այսօր արդեն 10 անդամ երկրների միավորում է, որն աշխարհաքաղաքական մարտահրավեր է համարվում Մեծ յոթնյակի (G7) երկրների համար:
Թեև միավորման ազդեցությունն աճել է վերջին տասնամյակի ընթացքում, նրանում ընդգրկված որոշ անդամ երկրների միջև մրցակցությունն ու շահերի բախումը խոսում են այն մասին, որ առանձին անդամների նպատակները միշտ չէ, որ համընկնում են։
2023 թվականի դրությամբ ԲՐԻԿՍ-ի երկրներում ավելի քան 3,3 միլիարդ մարդ կամ մոլորակի բնակչության 46%-ն էր ապրում, ներառյալ աշխարհի երկու ամենաբնակեցված երկրները՝ Հնդկաստանը և Չինաստանը՝ համաշխարհային ՀՆԱ-ի 35 տոկոս մասնաբաժնով։
Միությունը բազմիցս քննարկել է ԱՄՆ դոլարին այլընտրանք հանդիսացող միջազգային արժույթ ստեղծելու հարցը: Մի քանի տասնյակ երկրների հետ միասին, որոնք շահագրգռված են միանալ ԲՐԻԿՍ-ին, այն կարծես գալիք տասնամյակների ընթացքում հավակնում է դառնալ առաջընթացի շարժիչ ուժը Գլոբալ Հարավում, ինչը որոշ փորձագետներ համարում են համաշխարհային կարգի վերադասավորում:
Ծագումը
Խումբը ստեղծվել է 2006թ․-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ Ի սկզբանե այն կոչվել է ԲՐԻԿ /BRIC/՝ բաղկացած հիմնադիր երկրների՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան, անգլերեն անվանումների առաջին տառերից։ 2011 թ.-ին Չինաստանի հրավերով միավորմանը միացել է Հարավային Աֆրիկան, դրանով իսկ ձևավորելով ԲՐԻԿՍ-ը /BRICS/։
Հապավումն ի սկզբանե տնտեսական աճի և ներդրումային մեծ հնարավորություններ ունեցող այս հինգ երկրների անվանումների առաջին տառերից բաղկացած եզրույթ էր /BRICS/։ Այժմ այն վեր է ածվել միջազգային միավորի, որը 2009 թվականից ի վեր գումարում է ամենամյա գագաթնաժողովներ:
ԲՐԻԿՍ-ի հիմնադիր հինգ երկրներից յուրաքանչյուրը մյուսներից տարբերվում է իրեն հատուկ ոլորտով և ռեսուրսների հասանելիությամբ, սակայն նրանք ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ ձգտել տնտեսական աճի և հզորացման: Չինական արտադրանքը, ռուսական էներգակիրները, արաբական երկրների նավթը կամ բրազիլական ապրանքատեսակների բազմազանությունը BRICS-ին դարձնում են առանցքային դերակատար բազմաթիվ միջազգային շուկաներում:
2024 թվականի սկզբին միավորմանը միացան 5 նոր անդամ երկրներ, Եգիպտոսը, ԱՄԷ-ը, Եթովպիան, ինչպես նաև մրցակից երկրներ Իրանը և Սաուդյան Արաբիան: Իսկ նույն տարվա հոկտեմբերին տեղի ունեցած գագաթնաժողովին որոշվեց, որ 13 երկիր էլ գործընկեր երկրի կարգավիճակ կստանա։
Այդ երկրներն են՝ Բելառուսը, Թուրքիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Վիետնամը, Մալայզիան, Ինդոնեզիան, Թայլանդը, Ալժիրը, Ուգանդան, Նիգերիան, Կուբան և Բոլիվիան (տես ստորև՝ քարտեզը)։
Համագործակցություն և հակամարտություններ
ԲՐԻԿՍ-ը միայն առևտրային կազմակերպություն չէ. այն 2013 թ.-ին ստեղծել է Զարգացման նոր բանկը, որի նպատակն է ֆինանսավորել կայուն ենթակառուցվածքային և էներգետիկ ծրագրեր Գլոբալ Հարավում, ինչպես նաև զարգացնել նոր միջազգային արժույթ:
Չնայած դրան, ԲՐԻԿՍ երկրների հարաբերությունները միշտ չէ, որ ներդաշնակ են: Օրինակ, Չինաստանի հավակնությունները Կենտրոնական Ասիայում որոշների կողմից դիտվում են որպես Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու փորձ, իսկ Հնդկաստանի և Չինաստանի միջև սահմանային վեճերը մշտական խնդիրներ են ստեղծել: Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա նույնպես դժգոհություն է առաջացրել միության ներսում՝ իր գլոբալ տնտեսական ազդեցության և անդամ երկրների հարաբերությունները Արևմուտքի հետ բարդացնելու պատճառով: Սակայն շատերը կարծում են, որ ԲՐԻԿՍ-ի անդամները, հատկապես Չինաստանը, մեծ ներուժ ունեն ապագայում խաղաղությանը միտված բանակցություններ վարելու հարցում։
Ամփոփ Մեդիա
Քաղվածք՝ միջազգային և տեղական մամուլից
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 24/10/2024