Միջազգային Քաղաքական

Հայացք Հայաստանից․ Թալիբների իշխանությունը երկիրը վերադարձնելու է անցյալ

Երևանի Կենտրոն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի առաջին հարկում է գտնվում Աֆղանստանի պատերազմի հայ վետերանների միավորումը։ Քայլում ես քիչ լուսավորված սրահով և ուշադրությունդ անմիջապես գրավում է աջ անկյունում պատին ամրացված մեծ ցուցափեղկը․ պատերազմին մասնակցած և զոհված հայ զինվորների ու սպաների լուսանկարներն են, իսկ հաջորդիվ՝ պատվոգրերն ու հուշագրերը։

Միության աշխատասենյակում հավաքված հինգ տղամարդիկ աֆղանական առաջին պատերազմի (1979-1989թթ․) մասնակիցներն են խորհրդային բանակի կազմում։ Սկսում են իրենց ներկայացնել՝ միևնույն ժամանակ կատակելով՝ «մենք աֆղանստանցի ենք, բայց բավականին լավ հայերեն ենք խոսում»:

Միության նախագահ Արմեն Մխիթարյանը պատմում է, որ աֆղանական պատերազմում իրենց հայտնվելը անսպասելի չի եղել․ խորհրդային բանակի զինվորները հաճախ են տեղափոխվել աշխարհի տարբեր կետեր՝ ռազմական հրահանգներ կատարելու։

«1979 թ․ դեկտեմբերի 27-ին Խորհրդային միությունն իր զորքերն ուղարկեց Աֆղանստան՝ երկրի իշխանությունների խնդրանքով։ Մենք այդ զինվորների շարքերում էինք և պիտի աջակցեինք իշխող ուժին քաղաքական խաղաղություն հաստատելու և կոմունիստական-սոցիալիստական համակարգ ամրապնդելու գործում»։

9 տարի ձգված պատերազմն ընդդեմ մոջահեդների արդյունք չտվեց և որևէ նպատակի չհասնելով՝ խորհրդային բանակը դուրս եկավ Աֆղանստանից։ Այդ տարիներին, պաշտոնական տվյալների համաձայն, ռազմական գործողություններին մասնակցել է 4100 հայ․ ունեցել են 86 զոհ և 300 վիրավոր։

«Աֆղանստանը դարձել էր սոցիալիստական-կապիտալիստական աշխարհի պալիգոն։ Թվում էր, թե այդ հակամարտությունը Աֆղանստանում կավարտվի, բայց տարածվեց ողջ աշխարհում»,- շեշտադրում է պատերազմին մասնակից Սամվել Սմբատյանը։

Հետևելով Աֆղանստանում կատարվող վերջին ամիսների զարգացումներին՝ միության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնում։ Սամվելն ասում է՝ Թալիբանը նոր մարտահրավերներ է առաջացնում ինչպես իրենց երկրի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։

Կարդացեք նաև․ Հայացք Հայաստանից․ Թալիբանը նոր մարտահրավերներ ստեղծեց տարածաշրջանում

«Թալիբների իշխանության հաստատումն այդ երկրի ժողովրդին նորից վերադարձնելու է անցյալ։ Որքան էլ խոստումներ են տալիս, բայց նկատելի տեղաշարժ չի լինի։ Փոխարենը՝ քաղաքացիական պատերազմի վտանգ, իրավունքների խախտում ու հատկապես կանանց իրավունքների ոտնահարում է լինելու։ Ի դեպ, այս հարցը երբեք էլ պատշաճ լուծում չի ունեցել»,- նկատում է Սամվելը։

Աֆղանստանի պատերազմի վետերանները պատմում են, 80-ականներին, երբ աֆղանստանցի տղամարդկանց հարցնում էին ընտանիքի անդամների թիվը, պատասխանում էին՝ երկու կամ երեք, մինչդեռ նույն ընտանիքում կարող է միայն հինգից ավելի կանայք լինեին, որոնց՝ որպես ընտանիքի անդամ, չէին հաշվում։ Այժմ էլ, լսելով, որ թալիբները խոստացել են թույլ տալ կանանց կրթություն ստանալ, ոչ մի կերպ չեն հավատում։

Աֆղանական պատերազմի մասնակից հայ վետերանների հիշողությունները շատ են, երբեմն կարոտի զգացողություններով միաձուլված։ «Շփումների առումով՝ պարփակված ու բարդույթավորված հասարակություն է։ Հայերին նման են իրենց հյուրասիրությամբ, աշխատասիրությամբ, ու եթե ընկերացան հետդ, ամեն ինչի պատրաստ են»,- ժպիտով ասում է Սերոբը։

Թալիբների իշխանության գալը կարո՞ղ է վտանգներ առաջացնել Հայաստանի համար հարցին, կարճ լռությունից հետո միության նախագահը պատասխանում է․ «Միակ վտանգը, որը կարելի է առանձնացնել, այն է, որ թալիբները բարիդրացիական հարաբերությունների մեջ են Թուրքիայի հետ։ Հայաստանը՝ որպես աշխարհաքաղաքական թիրախ, ընդգրկված չէ, համենայնդեպս հիմա։ Հետագայում՝ Թուրքիայի կողմից պլանավորվող ցանկացած գործողություն կաջակցվի թալիբների կողմից՝ հիմք ունենալով կրոնական հայացքները»։

Այնուամենայնիվ, Մխիթարյանն ասում է, որ յուրաքանչյուր երկիր պիտի ինքնուրույն լուծի իր խնդիրները․ «Արտաքին ուժերի ներգործությունն անհրաժեշտ չէ»։ Օրինակը կենտրոնացնելով Հայաստանի վրա՝ վետերանները ամփոփում են իրենց խոսքն հետևյալ կերպ․ «Ռուսական զորքն այժմ Հայաստանում է, և այն երրորդ ուժն է՝ այլ մոտեցումներով ու նպատակներով, իսկ դա մեզ ավելի է հեռացնում խաղաղ ճանապարհով հակամարտությունը լուծելու հնարավորությունից»։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Լուսանկարները՝ հեղինակի

#դասերպատերազմից

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/10/2021