Դըրբըզեք

Տուն շինել, նորոգել ու ընդմիշտ հեռանալ․ «զինվորականներն ասեցին, օպերացիա են իրականացնում, մի քանի օրով պետք է լքեք գյուղը»

«Նարեկն իմ լուռ աղոթքն է զավակներիս համար»

77-ամյա Նինա տատիկը տեսողությունից չի դժգոհում, կարդալուց էլ չի հոգնում, քանի որ ընթերցանությունը նրա տարերքն է: Միայն թե՝ գիրք լինի: Ասում է, ժամանակին հարուստ գրադարան ուներ:

Ծնունդով Արցախի Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղից է Նինա Ավետիսյանը: Հարևան Վանք գյուղ հարս է գնացել, երբ 17 տարեկան էր։

Չորս զավակ է լույս աշխարհ բերել, դաստիարակել ու կրթության տվել, որ Արցախ աշխարհի համար պիտանի մարդ դառնան։ Զավակներն են նրա ուրախությունը։ Նա նաև 8 թոռան և 15 ծոռան տատիկ է:

Հիմա նրանք են տատիկին գրքեր բերում։ Պարույր Սևակն ամենասիրելին է, իսկ ձեռքերում Նարեկն է:

– Այն իմ լուռ աղոթքն է զավակներիս համար: Նարեկ ընթերցելով մխիթարվում եմ, խաղաղվում։

Նարեկն ընթերցելիս

Բազմազավակ մայրը նաև գործունյա կին էր: Երկար տարիներ դասվար է աշխատել։ Գյուղի գրադարանի ստեղծման աշխատանքներում էլ Նինա տատիկը ջանք չի խնայել ու ավելի քան 10 տարի գրադարանավարուհի է աշխատել, որից հետո գյուղապետի քարտուղարի պաշտոնը ստանձնել:

Գեղեցիկ էր կյանքը, և երբ արդեն պետք էր վայելեր այն, սկսվեց Արցախյան առաջին պատերազմը… ու քանդվեց նրա օջախը: Զոհվեց որդին, աղջկա ամուսինը, տունն էլ հրետանին ավերեց:

Ու քանդվեց նրա օջախը

Ծանր կորուստից հետո Նինա տատիկը կարողացավ իր մեջ ուժ գտել: Ամուսնու՝ Վալոդյա պապի հետ նորից տուն կառուցեցին: Բայց կյանքի ծանրություններին Վալոդյա պապը չդիմացավ:

Ծիծեռնակը բույն էր շինում,

– Եվ շինում էր, և երգում…, – զսպելով արցունքները՝ զրույցի ընթացքում Նինա տատիկը մեջբերում է Ղազարոս Աղայանի բանաստեղծությունից:

Տարիների ընթացքում ավագ որդու հետ նա մեծ տնտեսություն է ստեղծել, տնամերձ մշակել, թոռների ու ծոռների խնամքով զբաղվել։

2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվել է Արցախյան 44-օրյա պատերազմը, նույն օրը նրանք իրենց երկհարկանի տան վերանորոգումը պիտի սկսեին, Նինա տատիկն էլ հաց էր թխում։

Նա երբևէ չի պատկերացրել, որ ընդմիշտ կհեռանան գյուղից:

«Բակում զինվորականներ հայտնվեցին՝ ասելով, որ ինչ-որ օպերացիա են իրականացնում և մի քանի օրով պետք է լքել գյուղը»,- հիշում է նա:

Ժամանակը թույլ չի տվել հասկանալու՝ ինչու՞… ինչպե՞ս: Տնից դուրս գալուց առաջ անգամ մի հաց հետը չի վերցրել: Միայն խալաթ ու զուգագուլպա: Բոլորի նման նա էլ համոզված էր՝ մի քանի օրով է լքում տունը:

«Հեշտ է ասել տուն շինել, նորոգել նորից, թողնել ու դուրս գալ»,- հետհայացք գցելով անցած ուղուն՝ լցնում է աչքերը: «Այնտեղից, ուր երջանիկ էինք, դուրս եկանք, առանց իմանալու, որ վերադարձ չի լինելու»։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Նինա տատիկը որդու ընտանիքի հետ Աբովյան քաղաքում է ապրում։ Ժամանակ առ ժամանակ աղջկա՝ Սիլվայի մոտ՝ Երևանում վարձակալած բնակարանում է հյուրընկալվում:

Սառան՝ ամենափոքրը 15 ծոռներից

«Մաման առանց գործ կըրես չի [խմբ․ չի կարողանում], մի զբաղմունք պարտադիր ճըրեսա ուրան հետի [գտնում է իր համար]»,- ասում է Նինայի աղջիկը:

«Ուրխընասում լի վէր կըրեսում մի պեն անիմ, ինձ կինում զգաս [ուրախանում են, որ կարողանում եմ մի բան անել, ինձ կին եմ զգում այդ ժամանակ]»,- ժպիտը թաքցնելով՝ լրացնում է Նինա տատիկը:

Աղջկա բոնորշմամբ՝ չնայած կրած տառապանքներին, մայրը չի կորցրել կյանքի նկատմամբ սերն ու գեղեցիկը տեսնելու կարողությունը: Ամեն ինչի մեջ գեղեցիկն է տեսնում, աչքից չի վրիպում անգամ խնամքով փռված լվացքը։

Բռնատեղահանումից հետո Նինա տատի ուսերին էր նաև 101-ամյա մոր խնամքը: Մեկ տարի առաջ է Հրաչյա տատիկը կյանքից հեռացել: Նինա տատիկն ասում է, որ մայրն անընդհատ պահարանում մնացած իր զգեստներն էր հիշում, որոնք առիթից առիթ էր կրում:

«Շորերս պերալը՞ք»,- անընդհատ հարցնում էր Հրաչյա տատը:

Այնինչ, Նինա տատիկն ամենից շատ պատշգամբի ողջ երկայնքով տարածված իր վարդերն է կարոտում, և այն զգացողությունը, որն ունենում էր տունն ու բակը մաքրելուց հետո․

«Նայում էի պատշգամբից ու հիանում բակիս գեղեցիկ տեսարանով»:

Կար ժամանակ, երբ Նինա տատի վարդերը անտարբեր չէին թողնում և ոչ մի անցորդի: Այսօր էլ նա չի կարողանում անտարբեր անցնել վարդերի կողքով: Կանգ է առնում, երկար նայում ու շշնջում:

«Տըսնաս իմ վարդերս…»:

Ծերացել է ժամանակը: Զգացողություններն ու ապրումները Նինա տատն ամփոփում է անձնական օրագրի մեջ: Նաև տոհմածառ է կազմել։

Նինա տատիկի կազմած Ավետիսյանների տոհմածառը։ Դեղինով նշել ենք նրա անունը

-Իսկ գործու՞մ եք,- հարցնում եմ:

Րոպեաչափ լռությունից հետո պատասխանում է:

-Շատ էի գործում…մինչև…

Հաստ սվիտեր էր գործում որդու համար, որ դիրքերում հագնի: Թևքի վերջին մասն էր հյուսում, երբ նրա զոհվելու բոթն առավ… ու այլևս ձեռքը ճաղ չառավ Նինա տատը: Ճաղերը սվիտերի մեջ խնամքով պահում էր իր դարակում։
Արցախում է թողել ամենակարևորը՝ հարազատների շիրիմները:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին…

Արդեն չորս տարի է՝ տնից տուն է գնում Նինա տատիկը, բայց մտքերով օր ու գիշեր իրենց գյուղում է, միայնակ մնացած իր տանը:

-Մի օր կվերադառնանք, ասում ենք քնելուց առաջ՝ մոռանալով, որ առավոտը խոստացված չէ ոչ մեկիս:

Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Լուսանկարները՝ հեղինակի

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/07/2024