Եթե անհանգստացած եք կորոնավիրուսով և չեք կարողանում բժշկական դիմակներ ձեռք բերել, TIME ամերիկյան պարբերականում հրապարակված այս նյութում առկա տվյալները կբացատրեն, թե ինչն է պատճառը։
Եթե քիչ ժամանակ ունեք, ընթերցեք միայն թավ տառատեսակով [մգեցված] հատվածները։
Աշխարհում բժշկական դիմակների ամենամեծ արտադրողը Չինաստանն է, որի արտադրական հզորությունն օրական կազմում է 20 միլիոն դիմակ։ Մինչդեռ արտադրողների գնահատմամբ՝ միայն ներքին պահանջարկն օրական մոտ 50-ից 60 միլիոն է կազմում:
Այնպես որ զարմանալի չէ, որ ձեր մոտակա դեղատներում դիմակներ չկան։
Որոշ փորձագետներ թերահավատ են, որ այդ դիմակներն արդյունավետ են՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը։ ԱՄՆ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վարակը հիմնականում տարածվում է օդակաթիլային եղանակով, երբ վարակված անձը հազում կամ փռշտում է։
«Բժշկական դիմակը կարող է որոշ չափով պաշտպանել, բայց այն բավարար չէ», – ասում է Վանդերբիլտի համալսարանի կանխարգելիչ բժշկության պրոֆեսոր Ուիլյամ Շաֆները:
Ինչևէ, սա չի նվազեցնում պահանջարկը։ Համաճարակի ծավալները Չինաստանում, որտեղից սկիզբ է առել վիրուսը, և որտեղ գրեթե 78 500 մարդ արդեն վարակված է [առ փետրվարի 27], ինչպես նաև վիրուսի շարունակվող տարածումն ամբողջ աշխարհում, հանգեցրել է դիմակների համաշխարհային դեֆիցիտի։
Բազմաթիվ երկրների մանրածախ առևտրի կետերում վերջանում են դիմակները։ Amazon-ի նման մանրածախ առևտրի առցանց հարթակներում մեկ տուփ դիմակի գինը կտրուկ բարձրացել է: Երկուշաբթի օրը, օդային տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ Հարավային Կորեայի Դաեգու քաղաքում, որտեղ համաճարակը շարունակվում է, դիմակներ գնելու հերթ կանգնել։ Այն օրը, երբ Իտալիայում հաստատվեց ավելի քան 370 վարակվածների մասին լուրը, արդյունաբերական ապրանքների խանութը բացվելուն պես՝ 30 րոպեում վաճառեց ավելի քան 500 արդյունաբերական դիմակ:
Չինական պահանջարկը գերազանցում է առաջարկը
Ըստ Չինաստանի պաշտոնական աղբյուրների՝ փետրվարի կեսերի տվյալներով Չինաստանում դիմակ արտադրողներն իրենց օրական արտադրանքի 76% են թողարկում՝ օրական 20 միլիոն դիմակի փոխարեն արտադրելով մոտ 5 միլիոնով պակաս: Իսկ բժշկական N95 դիմակները, որոնք կրում են բուժաշխատողները լրացուցիչ պաշտպանվածության համար, ավելի քիչ են արտադրվում՝ օրական 200 000 հատ՝ պայմանավորված դրանց պատրաստման առավել բարդ տեխնոլոգիայով և անհրաժեշտ նյութերով:
Հնարավոր է Չինաստանում դիմակների պահանջարկն անգամ ավելին է, քան մասնագետների հաշվարկներն են: Հյուսիսային Կարոլինայի առողջապահական ընկերության կենտրոնական գրասենյակի ռազմավարական մատակարարման ներգրավվածության փոխնախագահ Չան Փոուելը, TIME-ին հայտնում է, որ Չինաստանում բժշկական դիմակների օրական պահանջարկը կարող է գերազանցել 400 միլիոնը, եթե յուրաքանչյուր աշխատողի մեկ հերթափոխի համար մի քանի դիմակ տրամադրվի:
Դեֆիցիտը կրճատելու համար դիմակների արտադրության հետ կապ չունեցող չինական որոշ ընկերություններ ևս սկսել են բժշկական դիմակներ արտադրել։ Չինաստանում Apple ֆիրմայի iPhone արտադրող Foxconn ընկերությունն իր արտադրանքի մի մասի փոխարեն դիմակներ է արտադրում։ Ընկերությունը նպատակ ունի մինչև ամսվա վերջ օրական երկու միլիոն դիմակ արտադրել: Դիմակներ են արտադրում նաև Չինաստանի հարավային Գուանսի-Չժոունի ինքնավար շրջանի ավտոարտադրողները։
Չկարողանալով պահանջարկը սեփական արտադրանքով բավարարել՝ Պեկինը փորձում է դիմակներ ներկրել նաև դրսից: Փետրվարի սկզբին Ինդոնեզիան հայտնել է, որ Չինաստանի կողմից ինդոնեզական արտադրության դիմակների պատվերները հավասար են նրանց երեք ամսվա արտադրանքին։ Վիետնամը նույնպես հսկայական քանակությամբ դիմակներ է արտահանել Չինաստան: Տեղեկություններ կան, որ չին առևտրականները նույնիսկ սկսել են հեռավոր Քենիայի և Տանզանիայի շուկաներով հետաքրքրվել։
Դիմակների դեֆիցիտ է ամբողջ աշխարհում
Ըստ սոցիալական ցանցերով շրջանառվող հաղորդագրությունների՝ Գերմանիայի, Կանադայի, Իտալիայի և մինչև անգամ ԱՄՆ-ի դեղատներում բժշկական դիմակների դեֆիցիտ է:
Ֆրանսպրեսի լրագրողն իր թվիթերյան էջում գրել է, որ Լոնդոնի կենտրոնում միայն մեկ դեղատանն են դիմակներ վաճառվում․ մեկ դիմակի արժեքը՝ մոտ 3․25 դոլար։
Միացյալ Նահանգների խանութներում ևս՝ Նոքսվիլից մինչև Թենեսի ու անգամ Նյու Յորք, դիմակների դեֆիցիտ կա։ Իռլանդիայի Դուբլին քաղաքում բժշկական հաստատություններից մեկը հայտարարել է, որ պայքարում է խելքին մոտ գնով դիմակներ գտնելու համար: Իսկ ԱՄՆ-ի և Ավստրալիայի ատամնաբույժներն ասում են, որ իրենց ի սկզբանե Չինաստանն է մեծ քանակությամբ դիմակներ մատակարարել, և այժմ նրանց մոտ նույնպես դեֆիցիտ է։
Ավստրալիայի Բրիսբեն քաղաքից մոտ 80 մղոն հեռավորության վրա գտնվող Քվինսլենդ նահանգի 137 000 բնակչություն ունեցող Ուիթերսթ քաղաքի մի ատամնաբույժ TIME- ին հայտնել է, որ իրենք նույնպես դիմակների խնդիր ունեն։
Բուժհիմնարկի ադմինիստրատոր Աննա Յարոուն ասում է, «Չափազանց դժվար է․ մեր մշտական մատակարարներից շատերը սահմանափակել են այն քանակը, որ կարող ենք գնել, և մենք բավարարվում ենք շաբաթական ընդամենը երկու-երեք տուփով, ինչը չի բավականացնում մեր հիվանդներին նույնիսկ մեկ օրվա ընթացքում»:
Յարոուն ասում է, որ ներկայումս հայտնվել են դիմակների կրկնօրինակներ, որոնք, ցավոք, անարդյունավետ են:
«Մենք ամեն օր փորձում ենք մեր մշտական և նոր մատակարարներից տեղեկանալ, թե ինչ կարող ենք ստանալ։ Իսկապես հույս ունենք, որ ամեն ինչ կկարգավորվի և կրկին իր բնականոն հունով կընթանա»,- ասում է նա։
Տեխասում Prestige Ameritech դիմակներ արտադրող ընկերության գործադիր փոխնախագահ և գործընկեր Մայք Բոուենն ասում է, որ չնայած այն բանին, որ Ամերիկայում արտադրված դիմակներն ավելի թանկ են, քան մեկ ուրիշ երկրում արտադրվածները, այնուամենայնիվ, աշխարհի տարբեր ծայրերից նրան զանգահարում և ասում են, որ ցանկանում են բժշկական դիմակներ ձեռք բերել իր ընկերությունից։
«Ես հարյուրավոր զանգեր եմ ստանում մարդկանցից, որոնք ցանկանում են ինձնից ապրանք գնել, քանի որ ուրիշ ոչ մի տեղ նրանք չեն կարող դրանք ձեռք բերել»,- ասում է նա, – «Գրեթե բոլոր երկներից զանգեր եմ ստանում»։
Բոուենը, ով նաև «Ապահով դիմակների մատակարարման ասոցիացիայի» խոսնակն է, Time-ին հայտնում է, որ նպատակ ունի այս ճգնաժամային պայմաններում բավարար քանակությամբ դիմակներ արտադրել և մատակարարել։ Նա տարիներ շարունակ փորձել է աշխարհին իրազեկել, որ այդ ցանցում ամենամեծ մատակարարը Չինաստանն է։
«Ես հրապարակավ կանխատեսել էի, որ մի օր Չինաստանում համաճարակ կլինի, և մենք դիմակների դեֆիցիտ կունենանք, ու հիմա դա իրականություն է», – ասում է նա:
Բաուենն ասում է, որ ԱՄՆ-ի բժշկական դիմակների ուղիղ կեսը գալիս է Չինաստանից, իսկ մյուս խոշոր մատակարարը Մեքսիկան է, բայց վերջին շաբաթների ընթացքում Չինաստանից ավելի քիչ ապրանք է ներկրվում, քանի որ երկրում համաճարակ է:
Հյուսիսային Կարոլինայի առողջապահական ընկերության փոխնախագահ Փոուելն ասում է, որ չնայած Չինաստանը պաշտոնապես չի հայտարարել անհատական պաշտպանության միջոցների արտահանման վրա արգելք դնելու մասին, նա հավատացած է, որ հունվարի կեսերից Չինաստանից ապրանք չի արտահանվել: Թաիլանդը, Թայվանը և Հնդկաստանը նույնպես սահմանափակել են դիմակների արտահանումը՝ իրենց ներքին պահանջարկը բավարարելու համար:
Հոնկոնգում ոմանք սկսել են ինքնագործունեությամբ զբաղվել: Մի կինոռեժիսոր Հնդկաստանից դիմակներ արտադրելու սարքավորում է ներմուծել։ Նա նախատեսում է վաճառել դրանք առցանց, իսկ Հոնկոնգից մի ծրագրավորող էլ պլանավորում է ստեղծել գործարան, որտեղ կկարողանա օրական 200 000 դիմակ արտադրել:
Բուժաշխատողների մոտ նույնպես դիմակների դեֆիցիտ է
Բանն այն է, որ դիմակների դեֆիցիտը լուրջ վնաս է հասցնում նաև այն բուժաշխատողներին, ովքեր անմիջական շփում են ունենում կորոնավիրուսով հիվանդների հետ:
Փետրվարի սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրիեսուսը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը դժվարեցնում է պաշտպանական դիմակների պատշաճ տարածումը առաջնագծի բժշկական անձնակազմի համար, և նա զգուշացրել է, որ դիմակներ կուտակեն։
«Պահանջարկը 100 անգամ ավել է նորմայից, իսկ գները՝ 20 անգամ թանկ են։ Դիմակների համաշխարհային պաշարները բավարար չեն ԱՀԿ-ի և մեր գործընկերների համար», – ասում է նա։
ԱՄՆ-ի հիվանդանոցներում աչալուրջ են դիմակների մատակարարմանը: Premier Inc-ի կենտրոնական գրասենյակն Ամերիկայի CDC-ի և FDA-ի հետ համատեղ հետազոտություններ է կատարել ավելի քան 4000 հիվանդանոցներում և պարզել, որ հիվանդանոցներից շատերը դիմակների ավելի քան մեկ շաբաթվա պաշար ունեն, բայց դրանք խնայողաբար են օգտագործում դեֆիցիտից խուսափելու համար: Փոուելն ասում է, որ ԱՄՆ-ի առողջապահական համակարգում ամեն տարի N 95 շնչառական դիմակների տարեկան պահանջարկը 25- 40 միլիոն է:
«Այժմ զանգեր եմ ստանում այնպիսի մեծ հիվանդանոցներից, որոնք նախկինում նույնիսկ զանգերիս չէին պատասխանում», – ասում է Prestige Ameritech-ի գործադիր փոխնախագահ Բոուենը:
Ըստ երեքշաբթի օրը ԱՄՆ-ի առողջապահության ներկայացուցիչների կողմից արված հայտարարության՝ ամերիկացիները պետք է պատրաստվեն կորոնավիրուսին։ Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության նախարար Ալեքս Ազարը երեքշաբթի օրը Կոնգրեսին հայտնել է, որ ԱՄՆ-ն բավարար քանակությամբ դիմակներ չունի համաճարակի դեմ պայքարելու համար: Նրա խոսքով՝ երկիրն ունի մոտ 30 միլիոն բժշկական N95 դիմակ, սակայն համաճարակի ժամանակ կպահանջվի 300 միլիոնը:
Բոուենը հույս ունի, որ այս ճգնաժամն ահազանգ է Միացյալ Նահանգների այն հիվանդանոցների համար, որոնք դիմակները ձեռք են բերում օտարերկյա մատակարարներից։
Հարցին, թե որն է Չինաստանից ներկրվող և Ամերիկայում արտադրվող դիմակների տարբերությունը, նա պատասխանել է․ «Դե տարբերությունն այն է, որ դրանք [ԱՄՆ-ում արտադրված դիմակները] այստեղ են և հասանելի կլինեն այն ժամանակ, երբ Չինաստանում համաճարակ լինի»։
Հեղինակ՝ Էմի Գունիա [Amy Gunia / Hong Kong]
Թարգմանությունը` Վարդուշ Վանյանի և Արմինե Փափազյանի
Նյութի սզբնաղբյուրը՝ There Aren’t Enough Medical Masks to Fight Coronavirus. Here’s Why
#COVID19 #crisis
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 01/03/2020