Միջազգային

Պայքար Իսլամական պետության դեմ

Դժվար չէ համաձայնել այն փաստի հետ, որ Իսլամական պետությունն իրենից սպառնալիք է ներկայացնում: Այլ հարց է, թե ինչպես վերջնականապես տապալել այս խմբավորումը: Երբ 2014թ. Իրաքի եւ Սիրիայի տարածքներից խոշոր կտորներ բաժին հասան ջիհադիստներին, ԱՄՆ-ը նրանց դեմ պայքարելու նպատակով կոալիցիա ստեղծեց: «Անսասան վճռականություն» օպերացիան, որում պաշտոնապես ընդգրկված է ավելի քան 60 երկիր, օդային հարվածներով եւ այլ միջոցներով ուղեկցվող գործողություն է, որը նպատակ ունի աջակցել խմբավորման դեմ փաստացի պայքարող իրաքյան ռազմական ուժերին եւ սիրիացի ապստամբներին: Աշխարհի գերտերությունները սակավաթիվ ցամաքային ուժեր են ներգրավել Իսլամական պետության դեմ պայքարում: Այս ռազմավարության նպատակը համեմատաբար քիչ թվով զոհեր տալն էր՝ կասեցնելու սեփական երկրում այս խնդրի հետ առնչվող քաղաքական ընդվզումը։ Ըստ քննադատների, այդ թվում եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի` զգուշավոր մոտեցումը նվազեցնում է նաեւ հաջողության հասնելու շանսերը:

Իրավիճակ

Իսլամական պետության դեմ իրականացվող օպերացիան սկսել է հաջողություն գրանցել: Միեւնույն ժամանակ խմբավորումը ավելի մեծ սպառնալիք է դարձել` սանձազերծելով եւ ոգեշնչելով ահաբեկչական հարձակումներ Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ մահմեդական աշխարհում: Իսլամական պետության դեմ ուղղված ռազմավարական հաղթանակները, ինչպես, օրինակ, 2016թ. կեսերին Իրաքի Ֆալուջահ քաղաքի վերանվաճումը, դժվարությամբ ձեռք բերված հաղթանակ է եղել: Հոկտեմբերին սանձազերծված հարձակումը, որը նպատակ ուներ վերադարձնել այս երկրում խմբավորման  վերջին խոշոր հենարանը Մոսուլում, 2017թ. առաջին օրերին դեռ շարունակվում էր: Այդպիսին էր նաեւ Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությամբ` քրդական ուժերի կողմից նախաձեռնած օպերացիան, որը պետք է տապալեր երկրում խմբավորման շտաբը, որ տեղակայված էր Ռաքայում: Միացյալ նահանգների հաղորդմամբ` Իսլամական պետությունը կորցրել է Իրաքում իր երբեմնի զբաղեցրած տարածքի 47 տոկոսը, իսկ Սիրիայում` 20 տոկոսը: Այնուհանդերձ, ամերիկյան հրամանատարների հաշվարկներով` տապալումը մեկ կամ երկու տասնամյակ կտեւի: ԱՄՆ-ից գրեթե 5000, իսկ այլ երկրներից 2000 զինծառայողներ  գտնվում են Իրաքում: Եվս մի քանի հարյուր ամերիկացի զինվորականներ գտնվում են Սիրիայում: Զորքերի հիմնական մասը համարվում են ոչ մարտական: Ռուսաստանը Իսլամական պետության դեմ ուղղված օդային հարձակումները Սիրիայում սկսեց 2015թ.` սատարելով կառավարական զորքերին: ԱՄՆ-ը խմբավորման դեմ օդային հարձակումներ է իրականացնում նաեւ Լիբիայում:

Տեսանյութ Իսլամական պետության ահագնացող սպառնալիքի մասին

Պատմական ակնարկ

Իսլամական պետությունը ստեղծվել է 2004թ. Իրաքում՝ որպես Ալ-Քաիդայի հետ փոխկապակցված խմբավորում: Այն հրահրեց սունիներին ապստամբության ընդդեմ 2003թ․ ԱՄՆ ներխուժմանը հետեւած օկուպացիայի: Երբ ամերիկյան ուժերը տապալեցին Սադամ Հուսեյնին, երկրի սունի փոքրամասնությունը կորցրեց իր գերիշխող դերը, որն ունեցել էր Հուսեյնի դիկտատորական ռեժիմի ընթացքում: Իսլամական պետությունը հայտարարում է, թե նպատակ ունի ստեղծել իսլամական մաքուր հասարակություն, սակայն ԻՊ-ի մարտավարությունն այլ է: Այն բացահայտ կերպով թիրախավորում է մահմեդական խաղաղ բնակչությանը, հատկապես շիաներին, որոնց համարում է հերետիկոսներ, ինչպես նաեւ եղբայր այն սունիներին, ովքեր դեմ են դրան: 2007թ. ամերիկյան զորքերի առաջխաղացումից եւ սունի հակահարվածից թուլացած՝ խմբավորումը վերակազմավորվեց 2011թ.` կոալիցիոն ուժերի բաժանումից հետո։ Այն կատարելագործեց իր մարտական հմտությունները Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, որը սկսվել էր նույն տարում: 2014թ. Իսլամական պետությունը Իրաքում եւ Սիրիայում սկսեց նվաճել քաղաքներ եւ հայտարարեց խալիֆայություն ստեղծելու մասին, որի պահանջը իր տիրապետության տակ բոլոր մուսուլմաններին պահելն է: Սկզբում շատ աշխարհիկ սունիներ Իրաքում կռվում էին խմբավորման հետ մեկտեղ կամ սատարում էին նրան՝ որպես շիաների կենտրոնական կառավարությանն ընդդիմանալու ձեւ եւ ողջունում նրա գործը՝ որպես այլ էթնիկ ու կրոնական խմբակցություններին ճնշելու միջոց։

Իսլամական պետությունը Սիրիայում եւ Իրաքում
Իսլամական պետությունը Սիրիայում եւ Իրաքում

Փաստարկ

Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հրաժարվեց Իսլամական պետության դեմ պայքարում կիրառել ամերիկյան հզոր մարտական ուժեր: Օբաման ասում էր, որ ԱՄՆ-ը մտադիր չէ զավթել մեկ ուրիշ երկիր առանց հստակ ելքի: Համաձայն մեկ այլ փաստարկի, նոր օտարերկրյա ուժերի առկայությունը իրաքցիների եւ սիրիացիների շրջանում բողոքի ալիք կբարձրացնի եւ կհամալրի Իսլամական պետության շարքերը: Այս պայքարում Օբաման շեշտում էր մերձավորարեւելյան դաշնակիցների հզորացման կարեւորությունը: Թերհավատներն ասում են, որ այդ գործընկերներն այլ խնդիրներով են տարված կամ չափազանց թույլ են կամ էլ ցանկություն չունեն ներգրավված լինել: Քննադատները պնդում են, որ աշխարհի գերտերությունները բավականաչափ քայլեր չեն ձեռնարկում Իսլամական պետությունը տապալելու համար: Ըստ Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի հաշվարկների` 25․ 000 զինվորական է հարկավոր այս գործը գլուխ բերելու համար: Թրամփն ասում է, որ իր վարչակազմի օրոք ԱՄՆ-ը ավելի հարձակողական դիրքորոշում կցուցաբերի «արմատական իսլամական ահաբեկչության» դեմ: Իր երդմնակալության ելույթում Թրամփը խոստացավ` «ամբողջովին  արմատախիլ անել այն երկրի երեսից»: Նա դեռեւս չի հստակեցրել իր ծրագրերը:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Հեղինակ՝ Lisa Beyer

Աղբյուր՝ Բլումբերգ

Թարգմանիչ՝ Լիանա Հակոբյան

Պատասխանատու խմբագիր՝ Կարինե Դարբինյան

Սույն նյութի թարգմանության հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Ampop.am պարբերականի նյութերն ու վիզուալ պատկերներն արտատպելիս՝ պարտադիր է պատշաճ հղումը սույն կայքին։


Հրապարակվել է` 30/01/2017