Դըրբըզեք

Քաղցր գնդիկներ, որ օգնեցին չկորցնել քաղցրի համը

Գործընկերուհիս՝ Տաթևիկը, ընկույզն ու ալյուրն առանձին բովել, ընկույզը մանրել, ավելացրել էր մեղր, կակաո և վանիլին: Խյուսը լավ խառնել էր, գնդիկներին տեսք էր տվել ու դրել սառնարան։

Պաշարված Արցախում այս բաղադրատոմսով պատրաստած քաղցր գնդիկները անվանում էինք «Ռաֆաելո»։

Տաթևիկի պատրաստած «Ռաֆաելոներից» յուրաքանչյուրն ուներ իր հասցեատերը: Ինձ համար էլ էր նախատեսել, ինչից անակնկալի եկա: Մինչ փորձում էի անձեռոցիկին փոխարինող ինչ-որ բան գտնել, փաթաթել երանելի կոնֆետն ու երեխաներիս տանել, Տաթևիկը սաստեց.

«Սե մհենգ պիտի օտիս, սա քիզետիյա, Լուսին» /հենց հիմա պիտի ուտես, սա քեզ համար է, Լուսին/:

Ինչ կա՝ երեխաներին, մենք կդիմանանք. արցախցի մայրիկների սահմանած այս սկզբունքն օրինաչափ չէր ընկալում Տաթևիկը: Բնական էր, նա դեռևս մայր չէ: Լիովին չհյուծվելու, չուշաթափվելու համար նա իր ընկերուհի-մամաներին փորձում էր համոզել, որպեսզի մի բան, գոնե, ուտեն:

Տաթևիկը լավ գիտեր, որ առանց սուրճի ու թեյի էլ ես հաճույքով եմ քաղցր ուտում, այնպես որ, հիմնավորումներս չանցան:

Թվում էր՝ բաղադրատոմսում ընտրանին զանազան չէ և հնարավոր էր պատրաստել: Այնինչ, ոչ ընկույզն ունեի, ոչ մեղրը, ոչ կակաոն ու ոչ էլ վանիլինը:

Օրեր առաջ տանն ունեցած ընկույզի վերջին հատիկներից ու մեկ ճաշի գդալ շաքարավազից «գրիլյաժ» էի պատրաստել: Էքսկլյուզիվ դեսերտը վայելել եմ քույրիկիս՝ Լիլիթի հետ՝ ունեցածս վերջին գդալ սուրճով: Աստղաբաշխական գնով ձեռք բերված սուրճի հարյուր գրամանոց տուփն էլ շրջափակման օրերին այլ բույր ուներ:

Համեղ և առողջարար «Ռաֆաելո»-ի հիմնական բաղադրիչները չունեի, այդուհանդերձ, որոշել էի խոհանոցում իմպրովիզացիա անել: Ձեռքիս տակ միայն ալյուրն էր ու դոշաբը:

Կոնֆետներիս գրավիչ տեսք և հաճելի քաղցրություն հաղորդեց շաքարի փոշին. դարակի խորքում էի թաքցրել՝ որպես շաքարավազի այլընտրանքային տարբերակ:

Մայրիկները շրջափակմամբ պայմանավորված սղությունը ստեղծարար մոտեցումներով էին մեղմում:
Օրինակ, այդ օրերին առաջին անգամ եփվեց սիսեռով սուրճն ու լվացքի հեղուկը:

Ի՞նչ եփել այսօր. առօրյա այս հոգսից էլ թեթևացել էին մամաները: Պատրաստում էին հայթայթածը:

Լիակատար շրջափակման մեջ մայրիկները չընկրկեցին դժվարություններից: Ամեն հաջորդ օրը նախորդից ծանր էր, բայց նրանք շարունակում էին պայքարել՝ հավատալով, որ իրենց դիմադրությունը նպատակ ունի: Այդ պարերազմում մայրիկները հաղթեցին:

Երբեմն թվում էր՝ արդեն ուժասպառ են, հանձնվում են, բայց նրանք պարտավոր էին ժպտալ իրենց՝ դեռ ոչինչ չհասկացող փոքրիկներին:

Առավել հուզիչ էր, երբ երեխաները հասկանում էին ամեն բան, երբ զգում էին, որ մայրը ոչինչ չհայթայթելուց տառապում է:

«Մամ, կատակում ըրալ, օզում չում… բայց վեր ինի, կօտիմ»։

Կանանց պատրաստած քաղցր գնդիկների շնորհիվ մեր երեխաները չկորցրեցին քաղցրի համը։

Իսկ շրջափակումը միայն կարգավիճակ չէր, այն նաև հոգեվիճակ էր: Ամեն հաջորդ օրը նախորդից ծանր էր, բայց մենք շարունակում էինք դիմադրել՝ հավատալով, որ մեր դիմադրությունը նպատակ ունի։

Թվում էր, թե հաղթահարում էինք անհաղթահարելին, բայց հայտնվեցինք Տնից դուրս։

Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Լուսանկարները՝ հեղինակի

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/07/2024