Դըրբըզեք

Մեղուների տիրակալը․ Բերդաշենցի Հայկը կրկին մեղվապահությամբ է զբաղվում

Մեղվաբուծությունն առանց մեղվասիրության 32-ամյա Հայկ Սողոմոնյանը չի պատկերացնում։

Հայկն Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, որտեղ էլ հիմնել էր մեղվաբուծական մեծ տնտեսություն: Ասում է, ուներ 100 մեղվաընտանիք: Նրա մեղվաընտանիքները տարվա տարբեր եղանակներին «շրջում էին» Արցախի ամենածաղկաշատ վայրերով: 44-օրյա պատերազմից հետո մեղվաբուծությունը Հայկի համար ապրելու խորհուրդն ուներ:

Ներկայում Հայկը բնակվում է Երևանում, վարձու բնակարանում: Բռնատեղահանումից հետո վերապատրաստվել և արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում է շարունակում սիրելի գործով զբաղվել:

Մեղուների խնամքով մենակ է զբաղվում: Զուգահեռ աշխատում է «Եվրոթերմ» ՓԲ ընկերությունում: Մինչև բռնատեղահանումը Հայկն աշխատում էր Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում՝ որպես բաժնի պետ:

Մեղուներին տրամադրում է շաբաթական 2 օր: Մեղվանոց է ճանապարհվում առավոտյան ժամը 6-ին:

«Մեղուները սիրում են մաքրություն, ազնվություն, շատ զգայուն են, պահանջում են խնամք, բայց չեն սիրում, երբ ամեն օր գլուխդ խոթում ես իրենց գործերի մեջ։ Պետք է թողնել, որ ինքնուրույնություն ձեռք բերեն»,- նկատում է երիտասարդ մեղվաբույծը:

Մեղվաշխարհի հանդեպ նրա սերն ու հետաքրքրությունը դպրոցական տարիքից է. սկզբում մեղվաբույծ տատիկին էր օգնում, 9-րդ դասարանից սկսած՝ հիմնական աշխատանքներն արդեն ինքն էր անում:

«Սիրում եմ մեղուների հետ աշխատանքը: Նրանք խաղաղեցնում են իմ ներաշխարհը»,- ասում է Հայկը:

Ցանցապատ գլխարկով երիտասարդ մեղվաբույծը խոստովանում է՝ փեթակներին մոտենալիս առօրյայից ամբողջությամբ կտրվում է:

Մեղուների բզզոցից անգամ Հայկը հասկանում է, թե ինչ է կատարվում փեթակի ներսում: Սա ոչ միայն փորձառության արդյունք է, այլև՝ մեղուների հանդեպ ունեցած սիրո, որն առաջացել է մեղուներին ճանաչելու ձգտումից:

«Երբ ճանաչելով ես շարունակում սիրել, դա վերջ չունի»,- ասում է երիտասարդ մեղվաբույծը:

Նորարարական մեղվաբուծության հիմունքներից հետ չմնալու համար Արցախի շրջափակման ընթացքում առցանց մասնակցում էր Հայաստանի «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի դասընթացներին:

«Հովհարային անջատումներով պայմանավորված՝ հնարավոր չէր մինչև վերջ մասնակցել 4-ժամյա դասընթացին»,- հիշում է նա:

Այժմ մեղուները նրան հազվադեպ են խայթում: Հիշում է՝ երբ օգնում էր տատիկին, մեղուները շատ էին խայթում և այտուցված էր ներկայանում քննություններին:

Հիմա Հայկը տարբերում է անգամ խայթել պատրաստվող մեղուներին. այդ ժամանակ նա գործի է դնում ծխարանն ու ծխով վախեցնում խայթելու համարձակություն ցուցաբերող մեղուներին:

«Խայթում է միայն աշխատավոր մեղուն»,- նշում է զրուցակիցս՝ հավելելով, որ մեղվաբույծը չպետք է վախենա խայթոցից, քանի որ օրգանիզմն արագ ընտելանում է մեղվաթույնին:

Հայկի մեղուները սնվում են նեկտարաշատ ծաղիկներից՝ շրջագայելով Լոռու, Կոտայքի և Արմավիրի մեղրի արտադրության համար նպաստավոր տարածքներով:

Երիտասարդ մեղվաբույծի բնորոշմամբ՝ մեղուները խելացի են աշխատում, օգնում են միմյանց․ «Սուրհանդակների խումբը լավ բերքի հանդիպելիս ընտանիքի անդամներին է փոխանցում կոորդինատները»։

Հայկի դիտարկմամբ՝ ոլորտը հեռանկարային է, շահութաբեր: Բռնի տեղահանումից հետո էլ նա փորձառու մեղվաբույծների հետ մշտապես կապ է պահում, խորհրդակցում նրանց հետ, որպեսզի ավելի հեշտ ադապտացվի նոր միջավայրին։

Այսօր Հայկը «Մեղվաբուծության դարբնոց»-ի անդամ է և ունի շուրջ 50 մեղվաընտանիք, որոնցից 25-ը ձեռք է բերել իր միջոցներով՝ ամեն ինչ սկսելով զրոյից: Առաջին և երկրորդ մեղրաքամը չի արել. օգտագործել է մեղուների քանակն ավելացնելու նպատակով:

Իսկ մեղրաքամը Հայկը կազմակերպել է օգոստոսի կեսերին: Արդյունքը գոհացուցիչ է համարում: Էկոլոգիապես մաքուր մեղրը պատրաստվում է իրացնել շուկայում: Ստացված եկամտի մի մասը կրկին պատրաստվում է ներդնել մեղվանոցն ընդլայնելու գործի մեջ:

Այժմ մեղվանոցներում ձմեռացմանն են նախապատրաստվում, պրոֆիլակտիկ բուժումներ իրականացնում:

Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Մենթոր՝ Լիլիթ Պողոսյան

Լուսանկարները տրամադրել է Հայկ Սողոմոնյանը

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:շ

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/09/2024