Դըրբըզեք

Սվետլանայի ավարտական դասարանն ու 44-օրյա պատերազմի մեկնարկը

Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, 12-րդ դասարանի աշակերտուհի էի։

Բոլորը շատ հետաքիքիր են պատկերացնում 12-րդ դասարանի ընթացքը, իսկ ավարտը՝ ճոխ, բայց մեզ համար այն ամենատխուր տարին ու վերջին զանգն էր։

Բերդաշենը՝ մեր գյուղը, շատ էր ռմբակոծվում, բայց մի քանի անգամ եմ մտել ապաստարան․ չէի սիրում մնալ այնտեղ, դուրս էի գալիս, հրթիռների, ռումբերի բեկորները նկարում ու հենց ինտերնետը գալիս էր՝ ուղարկում դասընկերներիս։

Հոսանք գրեթե չէինք ունենում, ինչ-որ պահից նաև ուտելիքի սղություն առաջացավ։

Կարմիրով նշված է Բերդաշեն համայնքի գտնվելու վայրը

Գյուղից ամենավերջինը դուրս եկող ընտանիքներից ենք եղել մենք․ Բերդաշենից դուրս ենք եկել 2020թ․ հոկտեմբերի 30-ին առանց պատկերացնելու անգամ, որ 9 օր հետո կլինի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։

Արցախից դուրս գալու օրը ճանապարհին ռադիոյով լսեցի Արայիկ Հարությունյանի ուղերձը, որում ասում էր, որ ադրբեջանցիները մոտեցել են Շուշիի մատույցներին։

Ու ամբողջ ճանապարհին այն միտքն էր ուղեղումս, որ ով տիրում է Շուշիին, տիրում է ամբողջ Արցախին․․․

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից 2 շաբաթ անց վերադարձանք գյուղ։ Գյուղը պատերազմի հետևանքով դարձել էր սահմանային։ Դեռ շատ քչերն էին վերադարձել, այդուհանդերձ դասերը վերսկսվեցին։ Երկար ժամանակ թեման միայն 44-օրյա պատերազմն էր։

Գյուղում խաղաղապահներ էին տեղակայվել։ Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ խաղաղապահները խաղաղություն չեն բերում։

Խաղաղապահները խաղաղություն չեն բերում

2020-ի պատերազմից հետո ապահովության զգացումը կորել էր. գիտակցում էինք, որ ցանկացած պահի թշնամու դիպուկահարը կարող է սպանել։

Այդ պայմաններում հանձնեցինք միասնական քննությունները, և ես ընդունվեցի Արցախի պետական համալսարան՝ մանկավարժության և սպորտի ֆակուլտետ։

Զուգահեռ «Ես» կրթական հիմնադրամի կազմակերպած դասընթացներին մասնակցեցի, հետո որպես խմբակավար սկսեցի աշխատել Ստեփանակերտում։

Մեկ շաբաթում կորցնում եմ և՛ տատիկիս, և՛ պապիկիս

2022թ․-ից դասավանդում էի ծրագրավորման, ռոբոտաշինության և դիզայնի հիմունքներ։ 2022 թվականի հոկտեմբերից տեղափոխվեցի Մուշկապատ [խմբ․ գյուղական համայնք՝ Արցախի Մարտունու շրջանում]՝ որպես դասընթացավար։ Գյուղում ապրում էի միայնակ՝ ընտանիքիցս հեռու։ Գյուղացիներն էին ընտանիք դարձել ինձ համար։

Մուշկապատ համայնքի դպրոցում

Մուշկապատ տեղափոխվելուց մեկ ամիս անց [խմբ․ 2022թ․ դեկտեմբերի 12-ին] Ադրբեջանը փակում է Արցախն արտաքին աշխարհին ու Հայաստանին կապող միակ ճանապարհը․ հայտնվում ենք շրջափակման մեջ։

Որ հետ եմ նայում, շատ եմ կարոտում այդ օրերը․ թեկուզ ծանր, դժվար պայմաններում էինք ապրում, բայց ամեն օրն իմաստավորված էր, ամեն քայլը արժևորված, բոլորն իրար օգնում էին։ 2023-ի ամռանը վրանային ճամբար էինք կազմակերպել։ Միսն ու բանջարեղենը գյուղացիներից էինք գնում, իսկ նպարեղեն արդեն գրեթե չկար։

Ճամբարից հետո շրջափակման ամենածանր շրջանը սկսեց․ մի հոգուն արդեն կես հաց էր բաժին ընկնում։

2023թ․ մայիսի 2-ին մահանում է տատիկս։ Մեքենա չկար, որ գյուղ գնայի։ «Ես» հիմնադրամի համար տնտեսված բենզինով տնօրենը՝ Աշոտ Ավանեսյանն ինձ հասցնում է գյուղ։ Տատիկիս մահից մեկ շաբաթ անց պապիկս է մահանում, մայիսի 10-ին վերջին անգամ գյուղ եմ գնում՝ պապիկիս հուղարկավորությանը մասնակցելու․․․

Ադրբեջանցիները Ստեփանակերտում զենքերը օդում թափահարում էին, նայում մեզ, ծիծաղում

2023թ․ սեպտեմբերի 19-ին կրկին ամենուր ծուխ էր և ռմբակոծություններ։

Մուշկապատից Մարտունի քաղաքը լավ էր երևում։ Տեսնում էինք, թե ինչպես էր ռմբակոծվում քաղաքը։ Բերդաշեն զանգել, հարազատներիցս որևէ լուր իմանալ չէի կարողանում՝ կապ չկար։

Սեպտեմբերի 20-ին արդեն զոհերի մասին լուրեր են գալիս։ Սեպտեմբերի 22-ին զոհվածներից մեկի՝ Արաբոյի մարմինը բերեցին գյուղ․ արդեն խոսակցություններ կային, որ հնարավոր է ստիպված լինենք լքել գյուղը։ Մարդիկ չգիտեին՝ զոհերին հուղարկավորե՞ն, թե՞ սպասեն։ Որոշեցին Արաբոյին հուղարկավորել Մուշկապատում։

Մուշկապատից դուրս եկանք 2023թ․ սեպտեմբերի 26-ին։ Նույն օրը Բերդաշենից դուրս եկան ընտանիքիս անդամները։

Մարտունուց Ստեփանակերտ տանող ճանապարհին ադրբեջանցիներն արդեն երկու պոստ էին դրել։ 13 տարեկան եղբայրս՝ Արտյոմը, ինձ տեսնելով, ասաց՝ մտածում էի, որ մեզ կսպանեն էլ քեզ երբեք չեմ տեսնի։ Ու քանի-քանի փոքրիկ այդ զգացողություններն ու մտքերն է ունեցել ամեն անգամ ադրբեջանական պոստով անցնելիս ու նույն վախի ապրումները զգացել։

Սիրելի «Դեդո–բաբոն» թիկունքում

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ընկերուհուս հետ Ստեփանակերտի Թումանյան փողոցով էի անցնում, մեր կողքով մեքենա անցավ, ադրբեջանցիներ էին նստած, զենքերը վերև պահած՝ հեգնանքով մեզ էին նայում․․․

Սեպտեմբերի 29-ին դուրս եկանք Ստեփանակերտից։ Մուշկապատ և Հաղորտի գյուղերի բնակիչները նույնպես այդ օրն են դուրս եկել։ Ճանապարհին 2 հոգի մահացան։

Սեպտեմբերի 31-ին հասանք Հակարի կամրջին։

Երբ անցանք Հակարին, մի տեսակ հանգստություն պատեց, քանի որ զգացինք՝ փրկվել ենք․․․

Արցախը մնաց ետևում․․․

Պատրաստեց Մարիամ Անդրեասյանը
Մենթոր՝ Լիլիթ Պողոսյան

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 08/08/2024