«Ամփոփ Մեդիա»-ի «Հայացք ներսից» շարքի հաջորդ պատմությունը Ֆրանսիայի մասին է, որը կներկայացնենք մեր հայրենակից Քրիստինե Ավետիսյանի օգնությամբ։
Քրիստինեն 2019թ․-ի հոկտեմբերից գտնվում է Ֆրանսիայում և աշխատում է սպասարկման ոլորտում իբրև մենեջեր։ Համաճարակի մեկնարկին եղել է ֆրանսիական Նանտ քաղաքում, վերջերս տեղափոխվել է Փարիզ։ Նրա խոսքով՝ երբ վարակը նոր էր գլուխ բարձրացնում, մարդիկ մտածում էին, որ կանցնի և ամեն բան կհաղթահարվի։ Թեպետ խանութներում գնումների հերթեր էին նկատվում։
Նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 16-ին ժողովրդին ուղղված ուղերձում նաև նշել էր՝
«․․․Մենք պատերազմի մեջ ենք: Առողջության պայքարի համար պատերազմում, որտեղ թշնամին այստեղ է, բայց անտեսանելի, առաջադիմող, և այն կպահանջի մեր մոբիլիզացիան: Կառավարության և խորհրդարանի բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն համաճարակի դեմ պայքարին»։
Նախագահի այս հայտարարության հաջորդ օրը՝ մարտի 17-ի կեսօրին, Ֆրանսիայի իշխանությունները սահմանափակումներ մտցրեցին երկրում։ Փակվեցին Շենգենյան շրջանի արտաքին սահմանները, դադարեց քաղաքների միջև տրանսպորտի աշխատանքը, հետաձգվեցին մարտի 22-ին նախանշված ավագանու ընտրությունները, փակվեցին ուսումնական հաստատությունները, մշակութային կենտրոնները, ռեստորանները, առևտրի կենտրոնները․․․։
«Բոլոր տրանսպորտային միջոցներում, խանութներում, կանգառներում․․․ ախտահանիչ նյութեր էին։ Բոլորը փակ տարածությունում դնում էին դիմակներ։ Եթե դիմակ չունեիր, ապա կանգառում կանգնած հսկիչները տրամադրում էին՝ անվճար»,- նշում է Քրիստինեն և հավելում, որ սկզբում դիմակների դեֆիցիտ կար, իսկ դեղատների ցուցափեղկերին գրված էր՝ «Դիմակ չկա»։
Իրավիճակը՝ Ֆրանսիայում
65 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Ֆրանսիայում մինչև օրս հաստատվել է կորոնավիրուսի վարակի շուրջ 170 752 դեպք (բնակչության 0.3%-ը), որից շուրջ 30 000-ը կամ 17.6%-ը՝ մահվան ելքով։
Վերջին օրերին օրական հաստատվող նոր դեպքերը տատանվում են 300-600-ի շրջանում։
Դեռ հունիսի 14-ին նախագահ Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան դեռևս չի դադարել պայքարել կորոնավիրուսի դեմ և գրանցել է 1-ին հաղթանակը։ Հուլիսի 1-ից բաց է նաև քաղաքացիների այցը ԵՄ երկրներ։ Չնայած այս ամենին, Ֆրանսիայում չեն բացառում վիրուսի 2-րդ ալիքի բռնկումը։
Արտակարգ դրություն
Քրսիտինեն պատմում է, որ տնից մարդիկ դուրս էին գալիս միայն մթերային խանութ գնալու համար։ Աշխատանքի գնում էին նրանք, ովքեր հեռավար չէին կարող աշխատել։ Վերջիններս պարտադիր պետք է ունենային պատշաճ լրացված տեղաշարժման թերթիկ։
Քաղաքից քաղաք ևս արգելված էր տեղաշարժը, սակայն բացառություն էին կազմում նրանք, ովքեր այլ քաղաքում էին աշխատում։
Տրանսպորտն անվճար է եղել մինչև հունիսի 22-ը։ Կանգառներում հերթապահող աշխատակիցները ստուգում էին տեղաշարժման թերթիկի առկայությունը, ապա թույլ տալիս նստել։ Վարորդի հետ շփումը հասցված էր մինիմալի, պահպանվում էր սոցիալական հեռավորություն։ Ավտոբուսների վրա վազող տողով գրված էր․ «Մուտքը դիմակով։ Պահպանե՛ք սոցիալական հեռավորություն»։
Աշխատանքից ժամանակավոր զրկվածների աշխատավարձերը փոխհատուցվեցին 100%-ով։
«Տուգանքները շատ խիստ էին գործում։ Դիմակ չդնելու և պարզապես՝ առանց պատճառ դրսում գտնվելու համար տուգանքի չափը 130 եվրո էր։ Ի դեպ, այստեղ գտնվող հայերից մի քանիսը, որոնք դուրս էին եկել իրենց դռան մոտ ծխելու՝ տուգանվել են»,- պատմում է Քրիստինեն։
Նա նշում է, որ Փարիզում ավելի խիստ պայմաններ են եղել, քան Նանտ քաղաքում, քանի որ Փարիզը գտնվում էր վտանգավոր՝ կարմիր գոտում։ Փարիզ կարելի էր տեղափոխվել միայն թույլտվություն ստանալուց հետո։
«Նանտը բազմազգ քաղաք է։ Ես զարմացած եմ, որ բոլորն անխտիր ենթարկվեցին կանոններին։ Գնչուները, որոնք մշտապես դրսում են իրենց շարժական մեքենաներով, նույնպես հետևեցին կանոններին»։
Քրիստինեն ասում է, վարակի կանխարգելման համար Ֆրանսիայում արտասովոր ոչինչ չի արվել։ Պարզապես սահմանվել է կարգ, որին հետևել են բոլորը։
«Ես կարող եմ վստահորեն ասել, որ տուգանքները եղել են բացառապես ռեժիմը խախտելու դեպքում, իսկ դիմակի պարագայում՝ ոչ, քանի որ անհնար էր տեսնել մարդկանց առանց դիմակի։ Նշեմ, որ ձեռնոց դնում էին սպասարկման ոլորտում աշխատողները», – ասում է նա և ավելացնում, – «Մարդկանց կողմից չկար ու չկա դժգոհություն։ Հստակ գիտեին՝ այսպես է պետք։ Ընդ որում՝ դիմակ չունեցողներին պետությունն էր տրամադրում։ Կար և կա փոխադարձ՝ պետություն-հասարակություն կապ, հարգանք»։
Քրիստինեի հայացքը՝ դեպի Հայաստան
– Այն, ինչ իմանում եմ Հայաստանի մասին, աննկարագրելի է։ Խոսքեր չեմ գտնում, ցավում եմ շատ։ Գիտե՞ք, խնդիրն այն է, որ մեզ թվում է, թե խոսքով կարող ենք ամեն ինչ հաղթահարել։ Մենք միայն ինչ-որ պատճառներ ենք գտնում ու նշում՝ վարակը սուտ է, չիպավորում են, ղեկավարությունը չի օգնում, ոչինչ չի անում․․․ Բայց այստեղ ամենակարևոր գործոնը ինքը՝ մարդն է, որը պետք է պատասխանատու լինի իր և իր ընտանիքի, շրջապատի առողջության համար։
Ֆրանսիան և մյուս երկրները արտասովոր ոչինչ չեն արել․ պարզապես հետևել են կանոններին։ Ֆրանսիան, ունենալով այսքան մեծ բնակչություն, լինելով բազմազգ պետություն, կարողացավ։ Ինչո՞ւ մենք չենք կարող։ Բոլորի համար օրենքը մեկն էր։ Եթե մարդ իր մասին հոգ չտանի, պետությունը ոչինչ չի կարող անել։
Ի դեպ, ես կարծում եմ, որ Հայաստանում ճիշտ կազմակերպեցին վարակի կանխարգելման քայլերը, սակայն հենց այդ փոխադարձ համագործակցության բացակայության արդյունքում ունեցանք այն, ինչ հիմա ունենք․ սա իսկապես ցավալի է։
Ընտանիքս Հայաստանում է։ Անկեղծ ասած՝ ես անհանգիստ եմ հենց նրանց համար։ Ես ինձ այստեղ անվտանգ եմ զգում։ Ի դեպ, սկզբում ինձ ծանոթ շատ հայեր ցանկանում էին վերադառնալ Հայաստան, սակայն հասկացան, որ Հայաստան գնալը վտանգավոր է։
Հունիսի 30-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը զորակցության նամակ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, որ համավարակը համագործակցության եզակի առիթ պետք է հանդիսանա, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ տրամադրելով մինչև 80 միլիոն եվրո վարկ։ Բացի այդ, տեղեկացրել էր Երևան ժամանող ֆրանսիական կամավորական բժիշկների թիմի մասին։
Զրուցեց Գայանե Մելիքյանը
Լուսանկարները՝ Քրիստինե Ավետիսյանի անձնական արխիվից
Այս թեմայով այլ նյութեր
- Լենան Իսպանիայից․ Մադրիդն ու Բարսելոնան քաղաք-ուրվականների էին վերածվել
- Պորտուգալիայում մեկուսացած․ «Ծնողներս անհանգստանում են, բայց նաև գիտակցում են, որ բժիշկ եմ»
- Հայ ուսանողուհին Շվեյցարիայից․ կառավարության հորդորից հետո այլևս մարդ չկար փողոցներում
- Տաթևը Գերմանիայից․ լավ է մեկ ամիս տանը մնալ, քան՝ վարակի աղբյուր դառնալ
#COVID19 #հայացքներսից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 10/07/2020