Մելինե Ավետիսյանի և Գոռ Օհանջանյանի համատեղ կյանքի վեցերորդ տարին նոր է լրացել, բայց այս կարճ ժամանակում ձեռք բերած կենսափորձը նրանց հասունացրել է։ Հանգամանքների բերումով՝ երիտասարդ զույգի համատեղ կյանքը երկու հատվածի է բաժանվել՝ 2021թ․-ից առաջ և հետո։
Նրանց առաջնեկի՝ Ադամի հիվանդությունը ստիպել է 2021թ․ հունվարից մի կողմ թողնել աշխարհիկ կյանքի հաճույքներն ու ամեն օր ապրել աղոթքով։
Ադամը 1,5 տարեկան էր, երբ առաջին անգամ հիվանդանոց ընկավ։ Երեխայի՝ 30 օր անդադար ջերմելու պատճառը բժիշկները երկար ժամանակ չէին հասկանում։ «Արաբկիր» բժշկական կենտրոնում արյան անալիզի միջոցով պարզել են, որ երեխայի մոտ Քովիդ-19-ն է։
Բայց որ Ադամի մոտ նաև այլ խնդիր կար, պարզել են պրոֆ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում․ երեխայի մոտ զարգացել էր սուր միելոբլաստային լեյկոզ` արյան և ոսկրածուծի չարորակ հիվանդություն։
«Ադամի երկու տարեկանը լրացել է «Արաբկիր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները հույս չէին տալիս․․․ Տղայիս ապրելու հավանականությունը 3% էր։ Աստծո օգնությամբ հաղթահարեցինք Քովիդը, բայց 3 ամիս շարունակ արյունաբանականում հսկողության տակ էինք, քանի որ բժիշկները արյան հիվանդության կասկածներ ունեին»,- «Ամփոփ Մեդիա»-ին պատմում է Մելինեն՝ Ադամի մայրը։
Բժիշկները միակարծիք էին, որ երեխային փրկելու միակ ճանապարհը ոսկրածուծի փոխպատվաստումն է, ինչը սակայն Հայաստանում անհնար է անել։ Որոշվեց, որ Ադամին պետք է վիրահատեն Սանկտ Պետերբուրգում։
Վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքելու նպատակով ֆեյսբուքյան դրամահավաք կազմակերպվեց։ Փոքրիկ Ադամին շատերը ճանաչեցին հենց այս դրամահավաքից։ Ադամի վիրահատության գումարը հավաքվեց վեց օրում։ Ոսկրածուծի փոխպատվաստումը բարեհաջող անցավ։
Արդեն մի քանի ամիս է, ինչ փոքրիկ Ադամն իր ծնողների հետ վերադարձել է Սանկտ Պետերբուրգից։
Ադամի մոտ, բարեբախտաբար, առողջացում է նկատվում։ Մելինեն զգուշավոր լավատեսությամբ է խոսում որդու մոտ նկատվող առաջխաղացումից։ Ուրախությունը՝ զսպել, էմոցիաները՝ կառավարել դարձյալ հանգամանքների բերումով է սովորել։ Գուցե և դա է պատճառը, որ փոխպատվաստման բարեհաջող պրոցեսից հետո մոր և որդու առօրյայում առանձնապես փոփոխություն չի եղել։
«Ադամն ունի շատ հստակ գրաֆիկ։ Օրը երեք անգամ հիվանդանոց ենք գնում՝ դեղորայքը տեղում ստանալու համար։ Սննդակարգին խստորեն հետևում ենք․ բակ դուրս ենք գալիս բացառապես արևը մայր մտնելուց հետո, փակ տարածքներում էլ որևէ մեկի հետ, բացի տատիկ-պապիկներից, չենք շփվում։ Նրանց հետ էլ շաբաթական մեկ օր ենք հանդիպում»,-ասում է Ադամի մայրը։
Փորձություն, որ ստիպեց աշխարհին նայել այլ հայացքով
Ընկերասեր ու ճամփորդասեր Մելինեն Ադամի հետ մեկուսանալու պարտադրանքից չի նեղվում, ընկերներն ու բարեկամները՝ առավելևս․ վիրտուալ շփման հնարավորությունները որքանով թույլ են տալիս, այդքանով էլ բավարարվում են։ Ամեն ինչի առանցքում Ադամի առողջությունն է, իսկ կարոտի հետզհետե աճող չափաբաժինը մի օր կհասցնեն բավարարել։
Մելինեն վերջին շրջանում հաճախակի է հետ նայում, համեմատականներ տանում ներկայի ու անցյալի միջև։ Ասում է՝ վերջին մեկուկես տարում 10 տարով հասունացել է։
Հիմա ամեն ինչին շատ ավելի հանգիստ եմ վերաբերվում։ Առաջ եթե ամեն մի փոքր դժվարությունից հուսահատվում էի ու խուճապի մատնվում, հիմա գիտեմ, որ ցանկացած իրավիճակից կա ելք, ուղղակի պետք է լավագույն լուծումը գտնել։ Ադամի հիվանդությունից հետո աշխարհին բոլորովին այլ աչքերով եմ նայում»։
ՈՒժ, համբերություն և հավատ․ սրանք այն կարևորագույն որակներն են, որոնք օգնել են երիտասարդ զույգին հաղթահարել փորձությունը։ Մելինեն շեշտում է՝ ամենաշատն օգնել է հավատը։ Թեպետ հույս տվողները քիչ էին, այնուամենայնիվ, իրենք չէին հանձնվում։
«Լեյկոզը երեխայի համար շատ դժվար փորձություն է։ Հիվանդությունը կհաղթահարի երեխան, թե ոչ, մեծապես կախված է ծնողներից։ Եթե նրանք բավականաչափ ուժեղ չգտնվեն, դժվար թե երեխայի մոտ ստացվի։ Ամեն ինչ պետք է անել, որ նա իրեն երջանիկ զգա, տրամադրությունը միշտ բարձր լինի»,- վստահեցնում է Մելինեն։
Ե՛վ արյունաբանականում, և՛ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում Մելինեի ու Ադամի հետ մշտապես աշխատել են հոգեբանները։ Հիմա էլ, երբ ունենում են հոգեբանական աջակցության կարիք, Մելինեի խոսքով, անմիջապես Արմեն Արմոս Մարտիրոսյանին են զանգում՝ «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» հիմնադիր տնօրենին։
Ադամի վիրահատության ամբողջ գումարը Մարտիրոսյանի նախաձեռնած դրամահավաքի ընթացքում է հավաքվել։ Փոքրիկի ընտանիքը ֆինանսական առումով որևէ մտահոգություն չի ունեցել։ Բուժման համար անհրաժեշտ դեղորայքն էլ «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է առայսօր տրամադրում։
«Մարդկանց խնդրում եմ՝ գթասիրտ եղե՛ք։ Կարող է թվալ, թե օրինակ 500 դրամը չնչին գումար է, ոչինչ չես կարող անել, բայց այդպես չէ․ հենց 500 դրամներով է, որ կարողացանք Ադամին փրկել։ Իսկ լուրջ առողջական խնդիրներով դեռ այնքա՜ն երեխաներ կան, որոնց կարող ենք փրկել համատեղ ուժերով»,- ասում է Մելինեն։
Ադամի հիվանդությունից հետո նմանատիպ բոլոր դրամահավաքներին Մելինեն ու Գոռը ձգտում են մասնակցել։ Նրանք ավելի քան վստահ են՝ բումերանգի օրենքը կյանքում միշտ գործում է։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Լուսանկարը՝ Մելինեի արխիվից։ Հրապարակվում է Ադամի ծնողների համաձայնությամբ։
Այլ հոդվածներ այս շարքից՝ #AccesstoHealthCare
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 09/09/2022