«Մենք չենք եկել աշխարհի լիդերներից մուրալու նրանց մտահոգությունն ու հոգատարությունը։ Դուք արհամարհել եք մեզ անցյալում և արհամարհելու եք կրկին: Մենք արդարացումների և ժամանակի պակաս ունենք։ Եկել ենք տեղեկացնելու, որ փոփոխությունը գալու է, անկախ նրանից՝ դա ձեզ դուր է գալիս, թե ոչ»։
Այսպես եզրափակեց իր ելույթը 2018թ․-ին Լեհաստանում տեղի ունեցած «Կլիմայի փոփոխություններ» խորագրով կոնֆերանսի ժամանակ շվեդ աշակերտուհի, բնապահպան, ակտիվիստ 15-ամյա Գրետա Թյունբերգը [Greta Thunberg]: Այն սառը ջրի նման սթափեցնող էր։ Դահլիճում չկար մեկը, որ չծափահարեր նրան։
Վերջին տարիներին անասելի աճել ու ավելի տեսանելի են դարձել Երկիր մոլորակին հասցված մարդածին վնասները։ Գրետա Թյունբերգն իր ելույթում խոսում էր դրանցից ամենամեծի՝ գլոբալ տաքացման ու դրա կանխման կարևորության մասին։ Ասում էր՝ կլիմայի ճգնաժամն ամենամեծ ճգնաժամն է, որի հետ մարդկությունը կարող էր երբևէ առնչվել: Մինչդեռ այն անտեսվել է տասնամյակներ շարունակ։
«Ես 8 տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի գլոբալ տաքացման կամ կլիմայական փոփոխությունների մասին: Ինձ ասում էին, որ ռեսուրսները խնայելու համար պետք է անջատեմ լույսը, վերամշակման հանձնեմ թուղթը: Ինձ համար շատ զարմանալի էր, որ մարդը՝ կենդանի էակ լինելով՝ ինչպես բնության մեջ ապրող մյուս կենդանիները, կարող է ազդեցություն ունենալ կլիմայի վրա»,- պատմում է Գրետան։
Արդեն 11 տարեկանում Գրետան լուրջ դեպրեսիայի մեջ էր։ Նա դադարել էր ուտել և խոսել, 2 ամսում 10 կգ քաշ էր կորցրել, բացի այդ, դադարել էր դպրոց գնալ։ Նա վստահեցնում է՝ այս ամենն ուղղակիորեն կապ ուներ կլիմայի և շրջակա միջավայրի հետ։ Գրետան վերանայել էր իր մոտեցումները. դադարել էր օգտվել ինքնաթիռներից, ուտել միս ու կաթնամթերք, նոր իրեր գնել։ Ծնողների հետ զրույցից հետո նրանք նույնպես որոշել են աջակցել Գրետային։
Մեկ տարի առաջ՝ 2018թ․-ի օգոստոսի 20-ին, Գրետան որոշեց՝ բավակա՛ն է։ Վերցրեց «Դասադուլ հանուն կլիմայի» գրությամբ ցուցանակն ու Շվեդիայի խորհրդարանի առջև մեն-մենակ նստելով սկիզբ դրեց մի շարժման, որը շուտով մեծ թափ առավ։ Նա դպրոց գնալու փոխարեն խորհրդարանի առջև մնաց ուղիղ 3 շաբաթ։ Նրա պայքարը կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ոչ բավարար քայլերի դեմ էր։
«Դուք ասում եք, որ բոլորից ու ամեն ինչից վեր սիրում եք ձեր երեխաներին` մինչև հիմա խլելով հենց նրանց ապագան՝ իրենց իսկ աչքի առաջ։ Դուք բավարար հասուն չեք՝ խոսելու իրերի մասին այնպես, ինչպես որ դրանք կան։ Նույնիսկ այդ բեռը մեզ՝ երեխաներիս վրա եք թողել»,- ասում է նա։
Նույն թվականի սեպտեմբերի 8-ից՝ ամեն ուրբաթ, Գրետան որոշում է դասադուլ անել՝ մինչև Շվեդիայի կառավարությունը կմշակի այնպիսի կարգավորումներ և կստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի ջերմաստիճանը նորմայից ևս 2 աստիճանով չբարձրանա՝ համաձայն Փարիզի համաձայնագրի՝ կնքված ՄԱԿ-ի Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ կոնվենցիայի շրջանակներում։ Փարիզի համաձայնագրի նպատակը գլոբալ արձագանքի բարձրացումն է՝ հանուն գլոբալ տաքացման կանգնեցման։
«Մինչ կսկսեի դասադուլները՝ անտեսանելի մեկն էի։ Ես երբեք չէի խոսում, եթե կարիքը չկար։ Բացի այդ, Ասպերգերի համախտանիշ ունեմ, ինչը նշանակում է, որ ես խոսում եմ միայն այն ժամանակ, երբ դրա կարիքը խիստ զգացվում է։ Հիմա պահն է։ Մի քիչ տարբեր եմ մյուսներից։ Այս համախտանիշն ունեցողներն օժտված են մեկ թեմայի վրա կենտրոնանալու կարողությամբ: Սա օգնեց ինձ ուսումնասիրել մեկ թեմա՝ բավական երկար ժամանակ»,- ասում է նա:
Կարծում է, եթե այս համախտանիշը չունենար, ապա դասադուլ չէր սկսի, իրեն չէին հետաքրքրի կլիման ու դրա հետ կատարվող փոփոխությունները: Կապրեր առանց սեփական գործողությունների մասին կրկնակի մտածելու: Հիմա այդպես չի կարող․ գիտակցությունը թույլ չի տա։
Գրետան ասում է՝ Շվեդիայի նման պետությունն օրինակ ամեն տարի ամենաքիչը 15 տոկոսով պետք է նվազեցնի ածխաթթու գազի արտանետման ծավալները։
Սա իսկապես խնդրի լուծման ճանապարհներից մեկն է, որովհետև, երբ մարդիկ մեքենա վարելով ավելի շատ ածխաթթու գազ են արտանետում մթնոլորտ, քան բույսերը կարող են կլանել ու թթվածնի վերածել, ապա գլոբալ տաքացումն ավելի մոտ է։
Գրետայի սկսած ուրբաթօրյա դասադուլները ստացան #FridaysForFuture [թարգ. ուրբաթներն հանուն ապագայի] անվանումն ու լայն տարածում գտան Եվրոպայից մինչև Ասիա, Ամերիկա ու Ավստրալիա։ Այժմ, ավելի քան 24 երկրում, ամեն ուրբաթ, տասնյակ աշակերտներ ու ուսանողներ դուրս են գալիս դասադուլի։
18-ամյա Ուգնե Վիլկեվիճուդեն՝ Լիտվայից, «Ամփոփ մեդիայի» հետ զրույցում ասում է՝ թեև ցույցերը մեդիայի կողմից բավական ուշադրության են արժանանում, բայց Լիտվայում քչերն են տեղյակ շարժումից: Բացի այդ, բնապահպանական թեմաներին այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձվում։
Նույնիսկ ամենամեծ ցույցերին ամենաշատը 100 մարդ է մասնակցում։ Նա կարծում է՝ դեռ շատ անելիքներ կան՝ բնակչության գիտակցությունը բարձրացնելու համար։ «Օրինակ՝ օգոստոսի 2-ին Վիլնյուսի ամենահայտնի հրապարակներից մեկում պառկել էինք գետնին՝ փորձելով ցույց տալ, որ, եթե հապշտապ քայլեր չձեռնարկենք՝ բոլորս մահանալու ենք։ Եվ, որ չենք ունենա «վաղվա օրը», եթե չլինի Երկիր, որտեղ կապրենք»,- ասում է Ուգնեն։
Եթե 30 տարի առաջ Բալթյան 3 երկրներում՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում շուրջ 2 մլն մարդ 600 կմ երկարությամբ շղթա էին կազմել՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար, ապա 2019թ.-ի գարնանը՝ ցույցերից մեկի ժամանակ, որին մասնակցել է նաև Ուգնեն, երիտասարդներն օգտագործել են նույն «Բալթյան շղթա»-ի գաղափարը՝ միայն թե կլիմայական ճգնաժամի թեման բարձրաձայնելու համար։
Իսկ ահա Ավստրիայի Զալցբուրգ քաղաքից 16-ամյա Դեյվիդ Կղանէվիտտեն «Fridays For Future շարժման մասին տեղեկացել է թերթից։ «Ոգևորվեցի, որ ինչ-որ մեկը ոտքի է կանգնել ու բարձրաձայնել խնդիրը։ Հենց դրանից հետո սկսեցի շատ կարդալ, ուսումնասիրել կլիմայական փոփոխության թեման»,- ասում է Դեյվիդը։
Իսկ կլիմայական փոփոխությունների մասին նա առաջին անգամ լսել է, երբ դեռ 10 տարեկան էր։ Այդ տարիքում այնքան էլ չի մտահոգվել խնդրով։ Մտածել է՝ մեծահասակները կլուծեն այն։
«Զալցբուրգում առաջին ցույցը եղել է 2019թ.-ի փետրվարի 10-ին։ Ես սկսել եմ մասնակցել փետրվարի 24-ից։ Դասադուլները կազմակերպվել են 2 քույրերի կողմից։ Նրանցից մեկը 14 տարեկան էր, մյուսը՝ 16։ Մենք համակարգող խումբ ունենք, որը ղեկավարում է դասադուլները։ Ես նույնպես այդ խմբում եմ։ Սովորաբար հին քաղաքում ենք լինում, բայց, երբ մարդկանց թիվը մեծ է, այլ ուղղություններ էլ ենք վերցնում»,- հավելում է նա։
Դեյվիդի ծնողները ևս աջակցում են իրեն։ Պատմում է, որ հայրը մեկ անգամ նույնիսկ իր հետ ցույցի է մասնակցել։ Եվ, հակառակ շատերի պնդումներին, թե ցույցերը խանգարում են դասերին, Դեյվիդը վստահեցնում է՝ շատ բան կարելի է սովորել հենց դասադուլների ընթացքում։
«Երբեմն մենք, այսպես կոչված, «դասադուլավորների դասարան» ենք կազմակերպում քաղաքում, և ուսուցիչներն ու դասախոսները դասընթաց են վարում կլիմայական փոփոխությունների և շրջակա միջավայրի մասին։ Փողոցում որոշ մարդիկ ասում են, թե պիտի ձայններս կտրենք ու վերջ տանք ցույցերին և փոխարենը դպրոց գնանք։ Բայց ավելի շատ են այն մարդիկ, որոնք աջակցում և նույնիսկ ծափահարում են մեզ»։
Ըստ Դեյվիդի՝ ամենակարևորը կլիմայական ճգնաժամի մասին իրազեկվածության բարձրացումն է։ Հենց ցույցերի շնորհիվ է, որ հիմա ավելի շատ մարդիկ են տեղյակ կլիմայական փոփոխությունների մասին։ Երկրի նախագահն էլ հայտարարել է, որ աջակցում է շարժմանը։ Հիմա իրենք փորձում են հասնել նրան, որ երկրում կլիմայական արտակարգ իրավիճակ հաստատվի։
Իսկ Դեյվիդը, բոլոր նրանց, ովքեր երբեք չեն լսել շարժման և դրա կարևորության մասին, մեկ բան է ասում.
«Արի՛ ոտքի կանգնենք և պայքարենք հանուն ավելի լավ ապագայի։ Միասին մենք ուժեղ ենք»։
Հեղինակ` Սոֆի Թովմասյան
Պատասխանատու խմբագիր Սուրեն Դեհերյան
Լուսանկարները՝ Դեյվիդ Կղանէվիտտեի արխիվից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 21/08/2019