Քաղաքական

Ապրիլի 7-12. Նոր ուղղաթիռ` բժշկական համակարգում

քաղաքացու օր, սեղմված գազի հարկման նոր մեխանիզմ, վարչապետի հրահանգը մաքսատան աշխատակցին, Միքայելյանը ԵԿՄ նախագահ

Նոր ուղղաթիռ` բժշկական համակարգում

Ապրիլի 7-ին Առողջապահության նախարարությունը գործարկեց սանիտարական ավիացիան կամ ուղղաթիռով բժշկական օգնությունը: Սա առողջապահական համակարգում նոր ծառայություն է, որը կօգտագործվի անհետաձգելի, հիվանդի կյանքին վտանգ սպառնացող դեպքերում՝ Հայաստանի ցանկացած վայրից հիվանդին արագ Երևան տեղափոխելու համար:

Ոչ շտապ դեպքերում ծառայությունը վճարովի է: Փոխադրումները կատարվելու են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն, որի հարակից տարածքում է կառուցվել ուղղաթիռի համար հատուկ հրապարակ: Պետբյուջեի հաշվին հիվանդների փոխադրում կկազմակերպվի այնպիսի դեպքերում, ինչպիսիք են՝ գանգուղեղային և ողնաշարի ծանր վնասվածքները, պոլիտրավմաները, էկզոգեն թունավորումները, կենդանիների խայթոցից, դեղորայքային կամ քիմիական նյութերով թունավորումներից, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքները, ծանր վիճակում գտնվող ծննդկանները, ինֆեկցիոն տոքսիկ շոկով ուղեկցվող հիվանդությունները: 

Լուրեր՝ ԱԺ որոշումներից

Ազգային ժողովը հաստատեց՝ ապրիլի 27-ին կնշվի ՀՀ քաղաքացու օրը՝ ի նշան 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխության։ 

Ազգային ժողովի ընդունած մեկ այլ նախագծով` սեղմված գազը կվաճառվի կիլոգրամով։ Այսուհետ 1000 կգ գազի դիմաց ակցիզային հարկը կարժենա 34 000 դրամ։ Մինչ այս փոփոխությունը ակցիզային հարկը հաշվարկվում էր խորանարդ մետրով: 1000 խ/մ (հավասար է 717 կգ-ի) սեղմված գազի դիմաց գանձվում էր 25 000 դրամ: Այսինքն՝ հարկի ավելացում տեղի չի ունեցել, նույնիսկ կա չնչին նվազում (մոտ 867 դրամ): Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ՝ չափման միավորի փոփոխությունը հնարավորություն կտա ճշգրիտ չափել գազի ծավալը։ Սեղմված գազ են օգտագործում շուրջ 700 հազար տրանսպորտային միջոցի վարորդներ:

Քարսիթների կիրառության տարիքային շեմը նվազեցվեց

Կառավարության այս շաբաթվա նիստում որոշում ընդունվեց երեխաների քարսիթների պարտադիր կիրառման ենթակա տարիքային շեմը նվազեցնել` 12-ից իջեցնելով 7 տարեկանի: Այս պայմանները պետք է ապահովեն նշված տարիքային խմբերի երեխաներին տեղափոխող ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար մեքենաները, հակառակ դեպքում կարող են տուգանվել 5000 դրամի չափով: Որոշման համաձայն՝ արգելվում է նաև մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին կամ բեռնատար մեքենայի թափքում: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նոր զարգացումներ` «Սպայկայի» շուրջ

«Սպայկա» ընկերության  գործադիր տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորումից հետո ընկերության տասնյակ աշխատակիցներն ի պաշտպանություն տնօրենի՝ ապրիլի 8-ին բողոքի ցույց արեցին նախ` դատարանի, ապա Կառավարության շենքի դիմաց։ Ցուցարարները պահանջում էին ՀՀ վարչապետի հետ հանդիպում, այնուհետև՝ Ղազարյանի ազատ արձակման հարցում վարչապետի միջնորդություն: Վարչապետի աշխատակազմից ցուցարարներին տեղեկացրին, որ վարչապետն այդպիսի միջնորդություն չի կարող ներկայացնել: 

Գյուղմթերքի ամենախոշոր մթերող ու արտահանող «Սպայկա» ընկերության տնօրեն և 100% բաժնետեր Դավիթ Ղազարյանի կալանավորումից երկու օր անց՝ ապրիլի 10-ին, ընկերությունը հայտարարել էր, որ ՀՀ 81 համայնքներում դադարեցնում է մթերումները: Որպես պատճառ նշվել էր «օտարերկրյա բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետ կանչման գործընթացը»:

Վարչապետի ազատման հրահանգը մաքսատան աշխատակցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նորագավիթի ավտոմաքսատուն ու դրան հետևած միջադեպը շարունակում է մնալ լրատվամիջոցների ու իրավաբանների ուշադրության կենտրոնում։ Տվյալ տարածքում ՀՀ դրոշի փոշոտ ու պատին հենված լինելը պատճառ էր դարձել, որ վարչապետը սենյակի աշխատակիցներին հրահանգի ազատման դիմումներ գրել։ Միջադեպից մեկ օր անց տվյալ մաքսատան պետն ու այն աշխատակիցը, որին անձամբ էր նման հրահանգ տվել վարչապետը՝  ազատման դիմումներ են գրել։ Իրավաբանների պնդմամբ՝ ծառայողական քննությունը պետք է պարզեր՝ մաքսատան աշխատակիցը կարգապահական պատասխանատվության պիտի ենթարկվի, թե ոչ։ Բացի դա, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված է, որ աշխատողին աշխատանքից ազատելու իրավասություն ունի այն անձը, որը նրան ընդունել է աշխատանքի։ Միաժամանակ «ՀՀ դրոշի մասին» օրենքը պահանջում է, որ բարձրացված ՀՀ դրոշը «լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված»:

Շրջայցի արդյունքում վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:

Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ

Ապրիլի 7-ին կայացել է «Երկրապահ կամավորականների միության» 12-րդ արտահերթ նիստը, որի ժամանակ միաձայն ԵԿՄ վարչության նախագահ է ընտրվել ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ղեկավար Սասուն Միքայելյանը։ Նիստից հետո Միքայելյանը հայտարարել է, որ մայիսին կթողնի ՔՊ վարչության ղեկավարի պաշտոնը, որպեսզի ԵԿՄ-ն այլևս չկուսակցականացվի: Նիստի ընթացքում ընտրվել է նաև վարչության կազմը՝ 25 անդամ, նախկին 185-ի փոխարեն:

ԵԿՄ-ն 1999-ից մինչև 2018թ-ը ղեկավարում էր Մանվել Գրիգորյանը։ Նրա լիազորությունները կասեցվել էին 2018թ. հունիսի 24-ին, երբ նրան մեղադրանք առաջադրվեց ապօրինի կերպով ռազմամթերք ձեռքբերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու, ինչպես նաև՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու համար:

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 13/04/2019