ԱԺ խորհրդի կազմն ընտրվեց, ՀՀ վարչապետը նշանակվեց
7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքը մեկնարկեց հունվարի 14-ին՝ օրենսդիր մարմնի ղեկավար կազմի ընտրությամբ։ Խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Արարատ Միրզոյանը 131 կողմ, 1 անվավեր ձայնով ստանձնեց ԱԺ նախագահի պաշտոնը։ Նույն օրը հայտնի դարձան փոխխոսնակներից երկուսի անունները՝ Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան:
Ընդդիմադիր փոխխոսնակի տեղի համար ԲՀԿ-ից առաջադրված Վահե Էնֆիաջյանի և ԼՀԿ ներկայացուցիչ Մանե Թանդիլյանի մրցապայքարն ավարտվեց առաջինի հաղթանակով։ Ձայների 108/19 հարաբերակցությամբ օրենսդիր մարմնի ղեկավար կազմի վերջին՝ չորրորդ աթոռը զբաղեցրեց Վահե Էնֆիաջյանը։
Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը միանշանակ չընդունվեց հանրության կողմից: Սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվում էր, թե ինչպես է Վահե Էնֆիաջյանը և նրա թիմը ֆեյսբուքյան բազում կեղծ հաշիվներով փորձել հանրային կարծիք ձևավորել: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ փաստարկում էր, որ Մանե Թանդիլյանը նույն ընտրատեղամասում ստացել է ավելի շատ ձայն, քան Վահե Էնֆիաջյանը, հետևաբար հանրությունն ավելի շատ հակված կլինի այդ պաշտոնում տեսնել հենց Մանե Թանդիլյանին: Այնուամենայնիվ, ԱԺ-ում մեծամասնություն կազմող ուժը՝ «Իմ քայլը», քաղաքական որոշմամբ քվեարկեց Աժ-ում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանի օգտին:
Նույն օրը, հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Հանրապետության նախագահը հրամանագիր ստորագրեց՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին:
Իսկ չորս օր անց` հունվարի 18-ին, հայտնի դարձան նաև ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահների անունները, որոնք ընտրվեցին փակ գաղտնի քվեարկությամբ։ Ինչպես և նախատեսվում էր, 11 մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Իմ քայլը» խմբակցության, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանի», 1-ը՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները։
Մեղադրանք՝ Սեյրան Օհանյանին
Մեղադրանք է առաջադրվել 2008-2016թթ. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով 2008թ. մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները։ Համաձայն ՀՀ Դատախազության՝ մեղադրանքն առաջադրվել է «Մարտի 1»-ի գործի շրջանակում սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հատկանիշներով։ Սակայն Սեյրան Օհանյանը չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքը. «Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է, և չեմ ընդունում։ Արդարադատությունը չեն իրականացնում պատվերով կամ փողոցի ազդեցության ներքո», – հայտարարել է Օհանյանը:
Երևանում ոչ խոշոր տնտեսվարողները կօգտվեն տեղական տուրքի արտոնություններից
Երևանի ավագանու հունվարի 15-ի որոշման համաձայն՝ այն տնտեսվարողները, որոնց 2018թ. հարկային շրջանառությունը գործունեության բոլոր տեսակների մասով չի գերազանցել 115 մլն դրամը, 2019թ. կօգտվեն սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նվազեցման արտոնություններից: Համաձայն քաղաքապետարանի մեկ այլ տեղեկության, այսուհետ կգործի 1-05 հեռախոսային թեժ գիծը, որը կապահովի քաղաքային իշխանության հետ կապը։
Հայաստան-Ադրբեջան ԱԳՆ ղեկավարների հանդիպումից
Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը: Նշվում է նաև, որ կողմերը համաձայնել են առաջիկա ամիսներին շարունակել հետևողական, նպատակաուղղված շփումները:
Նախարարությունների թվի կրճատումն ուժի մեջ է
Նախարարությունների թվի կրճատման պրոցեսը մաքսիմալ անցնցում իրականացնելու նպատակով նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ի կառավարության նիստում հայտնեց, որ սկզբնական փուլում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը: Կառավարության մյուս անդամների նշանակման հարցին անդրադարձ կլինի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների հստակեցումից հետո։ Առայժմ իրենց պաշտոններում վերանշանակվեցին փոխվարչապետեր Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը:
Նիստում քննարկված մեկ այլ ուշագրավ հարցերից էր ներմուծվող էլեկտրամոբիլների՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների, ԱԱՀ-ից ազատման հարցը։ Գործադիրի հավանությանն արժանացած նախագծով արտոնությունը կգործի մինչև 2022թ.:
ՄԻԵԴ-ի որոշումը՝ հօգուտ Սամվել Մայրապետյանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Սամվել Մայրապետյանի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Մայրապետյանը Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել անհապաղ մեկնել երկրից՝ Գերմանիայում գտնվող` իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժում ստանալու նպատակով։ ՄԻԵԴ-ը, իր որոշմամբ, ՀՀ կառավարությունից պահանջում է սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում, դիմումատուի համարժեք բժշկական օգնության անհապաղ ապահովում՝ նրա ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան:
Խոզի գրիպը չի լքում ՀՀ-ը
Հանրապետությունում շրջանառվող գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները շարունակում են մարդկանց խուճապի մեջ պահել, չնայած Առողջապահության նախարարությունը հավաստիացնում է՝ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված իրավիճակը ՀՀ-ում կայունանում է։ Հունվարի 18-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 766 հիվանդ, գրանցվել է շտապօգնության 98 կանչ: Նույն օրվա պաշտոնական տվյալների համաձայն, դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական գանգատներով հայտնաբերված 386 երեխաներ հետ են ուղարկվել տուն:
Ամփոփ մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 18/01/2019