«Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6:21)
Աշրամի երկրային կյանքը երկնայինին կապող կամուրջներն այստեղի տաճարներն են։ Դհյանալինգա և Դևի Բայրավիի ժամանակակից տաճարներն իրենց գոյությամբ պարտական են Սադհգուրուին և աշրամի կյանքի էներգետիկ կենտրոններն են համարվում։
Տաճարների ստեղծման պատմության մեջ կան բազմաթիվ խորհրդավոր դրվագներ (համաձայն այդ պատմություններից մեկի, օրինակ, Դհյանալինգայի օծման 8 ամիսների ընթացքում Սադհգուրուն ծերանում է 25 տարով)։ Դժվար է բառերով նկարագրել այն, ինչն ի սկզբանե նախատեսված չէ բառային կաղապարներում տեղավորելու համար, բայց, ամեն դեպքում, ես կփորձեմ…
Դհյանալինգա
Համաձայն ներկայացվող մոտեցման՝ Դհյանալինգան մեդիտատիվ վիճակներին նպաստող տաճար է։ Այն բաց է ոչ միայն յոգայով զբաղվողների, այլև ամենահասարակ մարդկանց համար՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից և հոգևոր պրակտիկաների փորձից։ Ասում են՝ միայն այստեղ գտնվելն արդեն որոշակիորեն փոխում է մարդու ինքնազգացողությունը։
Տաճարում անցկացրած իմ ժամերը տարբեր էին. օրեր կային, երբ միանգամից աչքերս փակվում էին, և խորը քնելու ցանկություն էր առաջանում, իսկ երբեմն էլ հակառակը. շատ զգոն և սթափ էի լինում։ Քնելու հետ կապված՝ երկու անգամ ականատես եղա նաև զավեշտալի դրվագների, թե ինչպես սովորական այցելուները տաճարում տեղավորվելուց և ըստ կարգի աչքերը փակելուց րոպեներ անց սկսեցին խռմփացնել:
Դևի Բհայրավի. մայրական օրհնության տաճար
Այս տաճարը նվիրված է տիեզերքի կանացի սկզբի պաշտամունքին, և մարդիկ հիմնականում գալիս են՝ մայրական օրհնություն, առողջություն, հաջողություն, բարեկեցություն ստանալու, ի վերջո՝ զավակներ ունենալու ակնկալիքով։ Մեդիտացիայի տաճարում առաջնային պայմանը լռությունն է, իսկ Բհայրավիի տաճարում այցելուների ընդունելության ողջ ընթացքն ուղեկցվում է սրբազան երգերով՝ կենդանի կատարմամբ կամ էլ Սադհգուրուի ձայնագրություններով։
Ամենատպավորիչը, սակայն, այն էր, որ բացի առաջին անգամ տաճար եկած այցելուներից՝ մնացածները (գրեթե բոլորը) գիտեին այս երգերը և դրանք երգում էին այնպիսի ջերմեռանդությամբ ու սիրով, որ երբևէ տեսած չկայի։ Նույնքան մեծ նվիրումով էլ տաճարի կամավորներն ամեն առավոտ թարմացնում էին մուտքը զարդարող ծաղկեպսակներն ու բարեկարգում հարակից տարածքը, իսկ ես ամեն օր Դևիի տաճարում մաքրում էի ինձ օրհնված կրակով և մտքումս կրկնում, որ մենք շատ բան ունենք սովորելու հնդիկներից՝ առօրյա կյանքում հավատի դրսևորումների ու ատվածայինին նվիրումի առումով։
Ու թեև ի սկզբանե որոշել էի «էներգետիկ հրաշքների» մասին պատմություններին մոտենալ չեզոք դիրքից՝ առանց կանխակալության, բայց նույնիսկ այդ դեպքում, վստահաբար կարող եմ հաստատել՝ թե՛ բուն տաճարները և թե՛ նրա հարակից տարածքներն ու այնտեղ տիրող միջավայրն իրապես նպաստում են ներքին խաղաղությանը և ներհայեցողության խորացմանը։
Սադհգուրուի դասերը
Գիտեմ, որ ընթերցողներիցս շատերը ճամփորդական նոթերիս սպասում են հենց Սադհգուրուի հետ հանդիպմանս համար, ինչի մասին արդեն մի թեթև ակնարկել էի։ Սադհգուրուն աշրամի իրական աստղն է։ Սովորաբար այնտեղ շրջում է թիկնապահներով, բայց ոչ անվտանգային նկատառումներից ելնելով, այլ այն մեծ սիրո պատճառով (չգիտեմ էլ՝ պատճառո՞վ, թե՞ շնորհիվ), որ վայելում է ամեն քայլափոխի։ Վստահ եմ, եթե հանկարծ փորձի հենց այնպես դուրս գալ զբոսնելու, կմնա տեղում գամված՝ շրջապատված աշրամի մարդկանց «սիրո օղակներով»:
Սադհգուրուի կենդանի դասախոսություններն էլ հենց այդպիսի սիրո մթնոլորտում են անցնում, և ես բախտ ունեցա ներկա գտնվել դրանցից մեկին։ Դեռևս երկու ժամ առաջ բոլոր այն հատվածները, որտեղից ինչ-որ կերպ կարելի կլիներ տեսնել Սադհգուրուին, արդեն զբաղված էին (ես այդ տեղերը զբաղեցնողների շարքում չէի), իսկ մնացած հատվածների համար տեղադրված էին հատուկ էկրաններ:
Յութուբյան տեսանյութը շատ նվազ է փոխանցում այն տրամադրությունը, որ տիրում է տեսախցիկից այս կողմ։ Մարդիկ լսում են՝ համակ ուշադրություն դարձած և ոգևորությամբ, արձագանքում Սադհգուրուի բերած օրինակներին և դիպուկ հումորին։ Իսկ դասախոսության ավարտին նորից երգ ու պար է. մարդիկ հենց այսպես են տոնում Սադհգուրուի հետ հերթական հանդիպումը:
Սադհգուրուի ֆենոմենը
Եվ այսպես՝ ո՞վ է Սադհգուրուն և ինչո՞ւ են նրան այդքան սիրում։ Սադհգուրուն ժամանակակից յոգ է, միստիկ, նաև՝ հասարակական նկատելի գործունեություն ծավալող գործիչ։ Յոգայի սկզբունքների վրա հիմնված և իր կողմից ներկայացվող «ներքին ինժեներիայի» հայեցակարգով նա ժամանակակից մարդու հետ խոսում է նրա իսկ լեզվով։ Համաձայն «ներքին ինժեներիայի»՝ մենք ի զորու ենք գործարկել մեր ներքինը այնպես, ինչպես մե՛նք ենք ցանկանում՝ ազատ արտաքին միջավայրի ազդակներից։
Յոգայի ճանապարհով գնացողը, ըստ Սադհգուրուի, ստանձնում է համընդհանուր պատասխանատվություն իր շուրջը տեղի ունեցողի նկատմամբ, բաց է կյանքի բոլոր դրսևորումների հանդեպ և մայրական հոգատարությամբ է վերաբերվում ամբողջ մոլորակին։ Իսկ կյանքի գործընթացներին համարժեքության և հոգևոր աճի չափորոշիչները ոչ թե արտաքին ինչ-որ սկզբունքներ են կամ սուրբ գրքերից դրույթներ, այլ բուն կյանքից ունեցած անսահման ուրախության և բերկրանքի ներքին զգացումներ։
Սադհգուրուն իր իսկ օրինակով ցույց է տալիս, որ դա հասանելի իդեալ է…
Հանդիպեցինք…
Դեռ ճանապարհին իմ շատախոս վարորդը տալիս է առաջին նշանը. «Սադհգուրուն հիմա աշրամում է, և եթե բախտդ բերի, կարող է և հանդիպես»։ Սրանից ժամեր չանցած, երբ աշրամի ընդունարանում սպասում էի տվյալներիս հաստատմանը, իմ շուրջն անսպասելիորեն սկսված իրարանցումից հասկանում եմ, որ Սադհգուրուն մոտակայքում է… Աչքերս որսում են կողքիցս հեռացող Սադհգուրուի ամենագնացը։ Շատ ուրախ եմ, բայց նաև ափսոսում եմ. կարող էի ավելի արագ արձագանքել…
Վերջին երեկոյան իրադարձությունների հերթական շղթան բերում է նրան, որ Սադհգուրուին հանդիպում եմ դիմացովս մեքենայով անցնելիս։ Սա ավելի զիլ էր, քան առաջին հանդիպումը, Սադհգուրուն կարծես ավելի թխամաշկ է, քան պատկերացնում էի։ Ափսոս, որ ուշ ժամ էր, և, այնուամենայնիվ, լրիվ հստակ չտեսա նրան։
Նույն երեկոյան մի հնդիկ երիտասարդ մոտենում է ինձ և խնդրում է իր հետ կիսել դեպի օդանավակայան պատվիրված իմ տաքսին։ Առավոտյան պայմանավորված ժամն արդեն անցնում է, իսկ երիտասարդը չկա ու չկա։ Մինչ ես նեղված այս ու այն կողմ եմ քայլում՝ վաղուց արդեն պետք է մեկնած լինեի, մեկ էլ՝ հերթական իրարարանցումը, և Սադհգուրուն իր մոտոցիկլով անցնումն է ուղիղ դիմացովս։ Մոռանալով բոլոր պայմանականությունները՝ սկսում եմ ցատկոտել, ձեռքով օդային ողջույններ հղել՝ Սադհգուրու՛, Սադհգուրու՛… Այ հիմա իսկապես «առաքելությունը» կատարված է, և ես հանգիստ կարող եմ վերադառնալ տուն։
Կվերադառնամ
Աշրամում անցկացրածս ժամանակն օգնեց ինձ շատ բաներ հասկանալ ոչ միայն բառերի, այլև խորքային նշանակությունների մակարդակում։ «Ահա թե ինչ էր փորձում բացատրել Սադհգուրուն այսքան ժամանակ …»,- մեկ անգամ չէ, որ ունեցա նման փայլատակումներ։ Ու գիտեմ, որ տունդարձից հետո էլ դեռ շատ ժամանակ կտրամադրեմ աշրամում անցկացրած իմ օրերը իմաստավորելուն, բայց այն, որ վերադառնալու եմ, հաստատ է, որովհետև այսուհետ իմ սրտի մի մասնիկը մշտապես լինելու է աշրամում․․․
Կարդացեք նաև․
- Հոգևոր որոնումներով դեպի Հնդկաստան. մաս 1-ին՝ ճանապարհ
- Հոգևոր որոնումներով դեպի Հնդկաստան. մաս 2-րդ` կյանքը աշրամի «մեղվաբնում»
Հեղինակ՝ Արման Ղարագուլյան
Լուսանկարները՝ հեղինակի
Արման Ղարագուլյանը ԵՊՀ-ի սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ է։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 11/06/2023