«Քնած զինվորը» լուսանկարը ճանաչվել է «World Press Photo» միջազգային ֆոտոլրագրության հեղինակավոր մրցույթի «Ժամանակակից խնդիրներ/ﬔկ լուսանկար» անվանակարգի լավագույն երեք լուսանկարներից մեկը։
Լուսանկարի հեղինակ, վավերագրող-լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանն այն արել էր Արցախյան 2-րդ պատերազմի օրերին: Քնած զինվորին հանդիպել է Սյունիքի մարզում, Ներքին Խնձորեսկի դիրքերից մեկում (դեպի Քաշաթաղի շրջան)։
44-օրյա պատերազմի ընթացքում Վաղինակը սեփական նախաձեռնությամբ էր մեկնել Սյունիք և Արցախ՝ շրջելու և պատերազմը պատկերելու նպատակով։
«Ուզում էի ֆիքսել ոչ միայն մարտական գործողությունները, չնայած դժվար էր այնտեղ հասնելը, այլև թիկունքում՝ սովորական մարդկանց, ինչպես որ կյանքը կար պատերազմի ընթացքում»,- ասում է լուսանկարիչը։
Ամբողջ ընթացքում Վաղինակին ուղեկցել են զինվորականներ։ Նրանք նախապես խնդրել էին, որ լուսանկարիչը պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ չվերցնի իր հետ։
«Քնած զինվորը» կադրը նա ֆիքսել է իր բջջային հեռախոսի տեսախցիկով։
Վավերագրողը լուսանկարն անմահացնելու պահն ամենայն մանրամասնությամբ է հիշում․ «Երբ խրամատներով գնում էինք, պատահաբար տեսա այդ դրվագը և խորը շունչ քաշեցի՝ անակնանալի գալով, ինձ հետ քայլողներին խնդրեցի կանգնել, որ չարթնացնենք, և հասցրեցի ընդամենը մեկ կադր անել․ մեր շշուկներից զինվորն արթնացավ»։
Վավերագրողն ասում է, որ դրվագը ֆիքսելու պահին ենթագիտակցորեն զգացել է, որ գեղեցիկ պահ է որսում, սակայն պատերազմից հետո, երբ ավելի հանգիստ պայմաններում ուսումնասիրել է, դրա մեջ խորհուրդ ու իմաստ է գտել․
Առաջին հայացքից հնարավոր է նաև չնկատել զինվորին․ նա ձուլված է հողին, ասես՝ ինքը հենց այդ հողը լինի․․․
Ըստ հեղինակի՝ լուսանկարն իր մեջ ամփոփում է հերոսի, արթուն-քնած հայ ժողովրդի հավաքական կերպարը, որը շրջվել է մեջքով և պատերազմ չի ուզում, բայց երբ պատերազմ են պարտադրում, միանգամից արթնանում է և պայքարում մինչև վերջ։
«Քնած զինվորի թիկունքն այնքան պինդ ու ամուր է, որ կարծես Հայաստանը լինի։ Նա խաղաղ է, պատերազմել չի ուզում, միայն ուզում է իր տունն ու սահմանը պաշտպանել։ Բայց, ցավոք, կան այլ իրողություններ, որ մեր կամքից դուրս են, և զինվորն իր ողջ նվիրումով փորձում է պաշտպանել հայրենիքի սահմանները»։
World Press Photo մրցույթի կարևորությունը
Վաղինակ Ղազարյանը շուրջ 20 տարի է՝ զբաղվում է պրոֆեսիոնալ ֆոտոլրագրությամբ։ Նա համագործակցում է «4+» վավերագրական լուսանկարչական կենտրոնի հետ, որտեղ էլ առաջին անգամ հրապարակվել է «Քնած զինվորը» լուսանկարը։ Համագործակցում է նաև «Մեդիամաքս» լրատվական գործակալության հետ:
«Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում վավերագրող-լուսանկարիչն ասում է, որ միշտ ցանկություն է ունեցել մասնակցել World Press Photo մրցույթին, քանի որ սա լուսանկարիչների համար կարևոր մրցույթ է, այնպիսին, ինչպիսին կինոաշխարհում՝՝ «Օսկարը»։
Սակայն կարծում է, որ հաղթանակի հավակնող լուսանկար մինչ այս չէր ունեցել։ Նկարը հրապարակվելուց հետո լայն տարածում գտավ, ինչն էլ Վաղինակին հանգեցրեց մրցույթին մասնակցելու որոշմանը։
«Ուղարկեցի ու մոռացա դրա մասին։ Դե մտածում էի՝ Հայաստանը փոքր երկիր է, և ժյուրին հնարավոր է՝ չհասկանար նկարի իմաստը։ Բայց քանի որ այնտեղ պրոֆեսիոնալներ են, փաստորեն գնահատել են։
Այս մրցույթի մասշտաբները պատկերացնելու համար՝ բավարար է նշել մրցույթին աշխարհագրական մասնակցությունն ու ծավալները։ 2021թ․-ի World Press Photo մրցույթի 9 անվանակարգերում մրցել է շուրջ 75000 լուսանկար՝ ներկայացված 130 երկրների 4315 լուսանկարիչների կողմից։
Միայն «Ժամանակակից խնդիրներ/ﬔկ լուսանկար» անվանակարգում ներկայացված լուսանկարների քանակը 4900 էր։ Դրանցից մեկն էլ «Քնած զինվորն» է, որն էլ ընդգրկվեց լավագույն եռյակում։ Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 15-ին Ամստերդամում՝ առցանց ձևաչափով։ Այդ օրն էլ կհայտարարվեն առաջին, երկրորդ և երրորդ տեղերի հեղինակների անունները։
66 տարի շարունակ անցկացվող ամենամյա միջազգային մրցույթում փաստացի առաջին անգամ լավագույն լուսանկարների շարքում հայտնվում է նաև Հայաստանի Հանրապետությունից մասնակցած լուսանկարչի աշխատանքը։ Թեպետ 2003թ․-ի տարվա լուսանկարի հեղինակը մեր հայրենակից Էրիկ Գրիգորյանն էր, ով, սակայն, ներկայացնում էր Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Մրցանակի կարևորության ու հաղթողի տիտղոսը կրելու մասին Վաղինակն ասաց․
«Դեռ հստակ չեմ պատկերացնում դրա կարևորությունը, երևի դեռ «տաք եմ»։ Իհարկե, հաճելի զգացում է, որովհետև իմ արած աշխատանքը գնահատվել է։ Եթե նկարում ես միայն հանուն «մրցանակի», բնականաբար բան դուրս չի գա, իսկ եթե հանուն ինչ-որ գաղափարի՝ կստացվի»։
Մարդակենտրոն լուսանկարներ
Վաղինակ Ղազարյանն իր գործում սկզբունքային է համարում իրականության բնական արտացոլումը, չի ընդունում կեղծը․ «Նկարը պետք է լինի իրականության հետ կապ ունեցող, վավերագրող լուսանկարիչը միշտ պատկերում է իրականությունը, բայց պատկերի միջոցով պետք է ավելին ասի, քան իրականում կա»։
Նա նաև առաջնորդվում է մարդկային խղճի զգացումով՝ չմոռանալով մասնագիտական էթիկայի մասին․ «Իմ նկարն ավելի կարևոր չէ, քան մարդու ապրումները, հոգեվիճակը։ Մոտեցումս կբնութագրեմ մեկ բառով՝ մարդակենտրոն»։
Պատերազմը պատկերներում
«Զգացումները պատերազմական գոտում, երբ դու գործընթացի մեջ ես, այդքան սուր չեն ընկալվում, համենայնդեպս՝ թիկունքում։ Դա այդ պահին թվում էր սովորական, բնական պրոցես, ինչքան էլ որ այն անբնական երևույթ է։ Եվ ես ում հանդիպեցի՝ գյուղացի, թե զինվոր, շատ անկոտրում էին, ուժեղ։ Ցավ կար, բայց վախ, պարտվողականություն, ոչ մի այդպիսի տրամադրություն չկար։ Ես փորձել եմ հենց այդ իրականությունը պատկերել, այն ինչ եղել է»,- ասում է լուսանկարիչը։
«Ժողովրդի ցավն ավելի շատ էր, մենք կոտրվելու և չկոտրվելու սահմանային վիճակում էինք։ Մենք մի քիչ կնահանջենք, ցավոտ կլինի, բայց կարծում եմ՝ երբեք չենք կոտրվի։ Ես տեսա մարդկանց, ովքեր իրենց տներն էին այրում, իրերն էին հավաքում և լքում հարազատ տունը․ ցավ կար, բայց իրենք կոտրված չէին, և որոշ ժամանակ անց այդ մարդիկ միևնույն է կհաղթեն։ Մեզ ժամանակին կոտորել են, պետականություն չենք ունեցել, բայց էլի վերածնվել ենք։ Ես խոսում եմ հասարակ ժողովրդի մասին, ովքեր հողի վրա ապրում են և սահմանին կանգնած են մինչև հիմա։ Նրանք անկոտրում են»։
Հեղինակ՝ Լիանա Գրիգորյան
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի
Կարդացեք նաև
- Հետպատերազմյան կրթության հեռանկարները․ տեսակետ
- ՀՀ-ում գտնվող գործազուրկ արցախցիները ինչպես դիմեն ժամանակավոր զբաղվածության ծրագրերին
- Էսքիզներ Դժոխքի ձորից․ պատերազմին մասնակցած նկարչի կարմիր գույնը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 15/03/2021