Սոցիալական

Հանցավորության աճ՝ 2025-ի առաջին չորս ամիսներին. առանձնապես ծանր դեպքերը՝ 8.5 անգամ ավել

ՀՀ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թ․ հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված հանցագործությունների թիվը աճել է 12.4%-ով։  

Այս ընթացքում հանցագործություն կատարած անձանց ընդհանուր թիվը կազմել է 5375, որոնցից 393-ը կամ 7.3%-ը՝ կանայք։

Առավել մեծ աճ է արձանագրվել Երևանում։ Այստեղ 2025 թ․ առաջին չորս ամիսներին գրանցվել է մոտ 7007 հանցագործություն, ինչը 23.7%-ով ավել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Երևանից հետո հանցագործությունների թվով հաջորդում է Կոտայքի մարզը՝ 1117 դեպքով։ Բացառություն է Արմավիրի մարզը, որտեղ հանցագործությունների թիվը նվազել է 23.9%-ով՝ հասնելով 892 դեպքի։

 

Մարզերի կտրվածքով ամենաբարձր աճը գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 63.5%, ինչպես նաև Արագածոտնի մարզում՝ 25%։ 

Հանցագործություն կատարած անձանց շրջանում առավել մեծ թիվը գրանցվել է 18–24 (867 հոգի) և 25–29 (851 հոգի) տարիքային խմբերում։ Երիտասարդությունը շարունակում է մնալ հանցավորության հիմնական շերտը։

Եթե ծանր հանցագործությունների թիվը նվազել է 5.5%-ով, առանձնապես ծանր հանցագործությունները աճել են 29.1%-ով՝ կազմելով 1016 դեպք։

Ավելին, 2025 թ․ հունվար-ապրիլի ընթացքում գրանցված առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ համեմատած 2021 թ․ նույն ժամանակահատվածի հետ, աճել է ավելի քան 8.5 անգամ կամ 897 դեպքով։

Հեղինակ՝ Մարիա Խաչատրյան
Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 13/06/2025