Աշխարհի 105 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիները, Շենգենյան գոտի այցելելու համար պարտավոր են ունենալ մուտքի արտոնագիր՝ Շենգեն վիզա։
2020թ․ փետրվարի 2-ից գործում են այն ստանալու նոր կանոններ, որոնք, համաձայն Եվրոպական խորհուրդի տարածած հայտարարության, կատարվել են Շենգենյան գոտու 26 երկրների հետ զբոսաշրջության, առևտրի, բիզնեսի զարգացման համար, ինչպես նաև միգրացիոն ռիսկերը կարգավորելու և հնարավոր սպառնալիքների դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով։
Ընդհանուր առմամբ վիզաների դիմելու ընթացակարգերն անփոփոխ էին 2010 թ․-ից։ Փոփոխությունների պատճառներից էր նաև դիմումների աճը։ 2009 թ․-ից ի վեր ամբողջ աշխարհից ԵՄ վիզաների համար դիմումների քանակն աճել է 57% -ով՝ 10,2 միլիոնից 2018 թ.-ին հասնելով 16 միլիոնի:
Շենգեն գոտու անդամ երկներն են․ Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Իսլանդիա, Լիխտեյնշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա։
Ո՞րոնք են հիմնական փոփոխությունները
Դիմելու ժամկետներ
Ըստ նոր կանոնների՝ վիզայի դիմումները կարող են ներկայացվել ծրագրված ճամփորդությունից 6 ամիս շուտ, նախկին 3-ի փոխարեն:
Պետք է հստակ ֆիքսել, որ այս ժամկետը ոչ թե մեկնել պատրաստվողին պարտադրում է դիմել արտոնագրի համար ճանապարհորդությունից միայն 6 ամիս առաջ, այլ սկսած։
«Նախկինում արտասահմանից օրինակ մեկ տարի առաջ հրավեր ստանալու դեպքում ստիպված էիր մեկնման օրվանից 3 ամիս առաջվա օրվան սպասել, որպեսզի դիմել համապատասխան դեսպանատուն անցագիր ստանալու համար»,-ասում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը։ «Եվ արդյունքում դիմողներին հաճախ մերժում էին ոչ միայն այն պատճառով, որ սխալ էին լրացնում հայտերը, այլ նաև դեսպանատները չէին կարողանում ֆիզիկապես իրենց ընդունել հերթերի պատճառով»։
Ակնկալվում է, որ փոփոխությունից հետո քաղաքացիներն ավելի հազվադեպ կհանդիպեն նման խնդրի։
Փոփոխության են ենթարկվել նաև դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների՝ վիզայի տրամադրման դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետները․ նախկինում անհրաժեշտ էր պահանջվող դիմումի և փաստաթղթերի ստացման ամսաթվից հետո 10 օրացուցային օր, այժմ՝ 15 օր:
Առանձին դեպքերում, օրինակ՝ երբ անհրաժեշտ է հայտի ավելի խորը ուսումնասիրություն, այս ժամկետը կարող է երկարել մինչև 45 օր, նախկին 30-ի փոխարեն։ Իսկ հրատապ դեպքերում՝ անհրաժեշտ փաստաթղթերի առկայության պարագայում, վիզայի դիմումի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը կարող է կրճատվել մինչև երկու աշխատանքային օր կամ ավելի պակաս:
Մուլտիվիզա
Եվրոպական հանձնաժողովի հավաստմամբ՝ այժմ ավելի հեշտ է ստանալ երկարաժամկետ մուլտիվիզա, ինչը հաճախ ճամփորդողների համար ժամանակի և ֆինանսների տնտեսման հնարավորություն է․ նրանք այսուհետ ավելի հազվադեպ կարիք կունենան ներկայացնել անցագիր ստանալու դիմում։
Նոր կանոնների համաձայն՝ վիզայի դրական պատմություն ունեցող մարդիկ հնարավորություն ունեն ստանալ երկարաժամկետ մուլտիվիզա՝ աստիճանաբար աճող վավերականացման ժամկետով (1 տարուց մինչև 5 տարի)։
Սա նշանակում է, որ Շենգենյան գոտում գտնվող ճամփորդողների «վարքը» ավելի մեծ ուշադրությամբ է դիտարկվելու, որպեսզի բացահայտվեն օրինախախտ, նախատեսված ժամկետներին և ընդունված կանոններին չհետևող քաղաքացիները։ Երկարաժամկետ մուլտիվիզան կարգապահ ճանապարհորդողներին խրախուսելու տարբերակներից է։
Նշենք, որ միասնական կարճաժամկետ վիզան, ի տարբերություն երկարաժամկետ մուլտիվիզայի, վավեր է 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում։
Դիմելու մատչելիություն
Արտոնագրի համար դիմումը կարող է ներկայացվել անմիջապես քաղաքացու բնակության երկրից և հնարավորության դեպքում լրացնել և ստորագրել այն էլեկտրոնային տարբերակով։ Այդ ձևաչափը, ըստ Եվրոպական խորհուրդի տարածած հայտարարության, կխնայի ճանապարհորդողների ժամանակը և ֆինանսական ռեսուրսները։
Մուտքի արտոնագրի համար անհրաժեշտ է դիմել այն երկրի հյուպատոսարան, ուր նախատեսում եք գնալ: Մի քանի Շենգենյան երկիր մեկնելու դեպքում դիմումը պետք է ներկայացնել այն երկրի հյուպատոսարան, որտեղ ամենաերկարն եք մնալու: Եթե շրջագայություն եք նախատեսում մի քանի երկրներ, որոնցից յուրաքանչյուրում մնալու եք հավասար ժամանակ, ապա պետք է դիմել այն երկրի հյուպատոսարան, ուր առաջինն եք մուտք գործելու:
Վճարը ՀՀ քաղաքացիների համար անփոփոխ է
Աշխարհի մի շարք երկրների քաղաքացիների համար Վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը մինչ փոփոխությունները կազմում էր 60 եվրո, այժմ՝ 80։
Սակայն Հայաստանի քաղաքացիների համար այս գործընթացը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ արժե 35 եվրո։ Հաստատուն արժեքի հիմքում ընկած է 2012թ․-ին ստորագրված և 2014թ․-ին ուժի մեջ մտած Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը։
Ըստ համաձայնագրի՝ որոշ խմբեր անցագիր ստանալու դիմում ներկայացնելիս ազատված են վճարում կատարելու պարտավորությունից։ Դրանք են․
1. թոշակառուները,
2. 12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները,
3. ազգային ու տարածաշրջանային կառավարությունների և սահմանադրական ու գերագույն դատարանների անդամները,
4. հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ուղեկցող անձինք` ըստ անհրաժեշտության
5. անդամ պետությունների տարածքներում օրինական կերպով բնակվող ՀՀ քաղաքացիներին կամ ԵՄ քաղաքացիներին, ովքեր բնակվում են այն անդամ պետության տարածքում, որի քաղաքացիներն են, այցելող մերձավոր ազգականները` ամուսինը, երեխաները (ներառյալ որդեգրվածները), ծնողները (ներառյալ խնամակալները), տատիկները, պապիկները, թոռները,
6. պաշտոնական պատվիրակության անդամները՝ ներառյալ պաշտոնական պատվիրակությունների մշտական անդամները, որոնք Հայաստանին հասցեագրված պաշտոնական հրավերի հիման վրա մասնակցում են հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին կամ փոխանակման ծրագրերին, ինչպես նաև միջկառավարական կազմակերպությունների կողմից անդամ պետությունների տարածքներում կազմակերպվող միջոցառումներին,
7. դպրոցականները, ուսանողները, հետբուհական ուսուցում ստացող անձինք և ուղեկցող ուսուցիչները, որոնք ճամփորդություն են ձեռնարկում ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով, ներառյալ` փոխանակման ծրագրերի, ինչպես նաև դպրոցի հետ կապված գործունեության այլ ոլորտների շրջանակում,
8. լրագրողները և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը,
9. միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձինք,
10. քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և անդամ պետություններում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրավիրված անձինք, որոնք ճամփորդություն են ձեռնարկում կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողովներին՝ ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով,
11. գիտական, ակադեմիական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներին մասնակցող անձինք՝ ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրերը,
12. այն անձինք, ովքեր ներկայացրել են մարդասիրական նկատառումներով, ներառյալ` շտապ բժշկական օգնություն ստանալու համար, իրենց ճամփորդության անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթեր, և նման անձին ուղեկցող անձը, կամ մերձավոր ազգականի հուղարկավորությանը մասնակցելու կամ ծանր հիվանդ մերձավոր ազգականին այցելելու համար:
Ի լրումն․ վիզաների ազատականացման գործընթացի մասին
Վերջին տարիներին Արևելյան գործընկերության վեց երկրներից Մոլդովան, Ուկրայինան և Վրաստանը ստացել են վիզա ազատականացում։ Սա նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիները կարող են ազատ՝ առանց անցագրի մուտք գործել Շենգեն գոտու բոլոր 26 երկրներ։
Վիզա ազատականացում ստանալու համար երկրները անցնում են 3 աստիճան։ «Կնքում են վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր (վիզա հեշտացում), ստանում են վիզա- երկխոսություն, ապա հասնում են վիզա ազատականացմանը», – պարզաբանում է Ստեփան Գրիգորյանը։
Հայաստանը դեռևս անցել է 1-ին աստիճանը։ Վիզա-երկխոսության աստիճանը ստանալուց առավելագույնը 1․5 տարի անց, ըստ Գրիգորյանի, կստանա նաև վիզա ազատականացում։ Սակայն դրա համար անհրաժեշտ է կատարել որոշակի քայլեր, մասնավորապես՝ օրենսդրական դաշտում։
«Մինչև մենք օրենսդրական դաշտում մի քանի փոփոխություններ չիրականացնենք՝ վիզա երկխոսություն ստանալու հավանականություն չունենք։ Դրանցից է նաև հակախտրականության օրենքի ընդունումը։ Եթե դու չես հարգում ազգերին, կրոնական և սեռական փոքրամասնությունների իրավունքները՝ վիզա-երկխոսությունը չի տրամարդվի։ Նույնը նաև կանանց իրավունքների պարագայում։ Հակառակ դեպքում, վտանգ կա, որ սահմանը բացելուց հետո օրինակ կես միլիոն կանայք դուրս կգան երկրից և շենգեն գոտում ապաստան կպահանջեն, իսկ իրենց օրենքների համաձայն պարտավոր են բոլորին ընդունել»,- ասում է Գրիգորյանը։
Նրա համոզմամբ, ԵՄ երկրները ցանկանում են Հայաստանի հետ ունենալ ազատ վիզայի ռեժիմ, բայց նախ ցանկանում են օրինականությունը պատշաճ մակարդակի բերվի։
«Դու կամ կատարում ես այդ փոփոխությունները ու ստանում վիզա ազատականացում, կամ չես կատարում ու չես ստանում․ սա շատ պարզ է»,-ասում է Գրիգորյանը։
Ամփոփեց Արուսյակ Կապուկչյանը
Ինֆոգրաֆիկան՝ Գայանե Մելիքյանի
Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 10/02/2020