Օրեր առաջ ես ու ընկերներս` այդ թվում Վրաստանից, Ուկրաինայից, Ավստրիայից, Էստոնիայից ու Լիտվայից Հայաստան ժամանած, մեկնել էինք Սևանա լիճ: Ոչ թե հանգստանալու, այլ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «HumaNature» երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակներում տարածքը մաքրելու։
45 պարկ աղբ՝ պլաստիկե ու ապակե շշեր, տոպրակներ, մաշված ու դեն նետված հագուստ, կոշիկներ, ուտելիքի ու ծխախոտի մնացորդներ: Սա աղբի այն քանակն ու տեսակն է, որ 30 հոգով մեկ ժամվա ընթացքում հասցրել ենք հավաքել Սևանա լճի հարակից տարածքից։
Տարածքում եղած աղբի գերակշռող մասի արտաքին տեսքն ինքնին հուշում էր՝ 5, 10, գուցե անգամ ավելի տարիների «բնակիչներ էին», որոնց փոխարինողներ միշտ էլ գտնվելու են։ Քանզի ներքին համոզմունքը, որ կարճ ժամանակ անց մարդկանց թեթև ձեռքով տարածքը նորից աղտոտվելու է, դեռ պահպանվում է։
Աղբը հավաքել ենք «Սևան» ազգային պարկի տարածքից, որն այս կարգավիճակը ստացել է 1987թ․-ին: Այսինքն՝ Սևանն արդեն 32 տարի համարվում է հատուկ պաշտպանվող տարածք։ Թե ումից և ինչից է պետք այն պաշտպանել՝ պարզից էլ պարզ է, իսկ թե ուր են պաշտպանները՝ հստակ չէ։
Վարորդը, որը մեզ հասցրել էր այնտեղ, ասաց․ «Գիտե՞ք՝ մեր ազգին ինչքան ժամանակ է պետք, որ հոգեբանորեն հարմարվի էդ մտքին, որ չի կարելի․․․ Էնքան եմ նկատում՝ մեկ էլ պատուհանը բացում, պապիրոզի պաչկեն դուրս են շպրտում, սոկը խմեց, շիշը շպրտեց։ Քանի հոգու կոպտել եմ: Հետո հասկանում եմ՝ կռվի ա վերածվում։ Ջահել տղուն ասում եմ՝ ինչի՞ գցեցիր, ասում ա՝ լավ արի գցեցի»։
Սա դեմքն է այն հասարակության, որտեղ արժեքների մասին մարդկանց պատկերացումները տարբեր հարթություններում են ձևավորվել։ Սրանք տասնամյակներով սահմանված չափանիշներ են, որոնք արմատախիլ անելու համար կրկնապատիկ ժամանակ ու ջանք է պահանջվելու։
Աշխարհի մի շարք զարգացած պետություններում մարդիկ աղբը տեսակավորում են, վերամշակման հանձնում։ Մեզ մոտ դեռ պետք է բարձրացնել մարդկանց գիտակցությունն այն աստիճան, որ շրջակա միջավայրը չաղտոտեն։
Մոտ մեկ ժամ անընդմեջ մաքրությունից հետո, տարածքում մի մեքենա եմ նկատում, մոտենում վարորդին։ Ներկայանում է իբրև տարածքի «նայող» ու զարմանքիս ի պատասխան ասում, թե ինքն էլ ամսվա ընթացքում մի քանի անգամ իր հաշվին տոպրակներ ու ձեռնոցներ է գնում, գալիս տարածքը մաքրելու։
«Դուք ասում եք 40-45, բա որ ուրիշ վախտ գայիք, հանգիստ կարար 400 տոպրակ լիներ։ Մեր հիմնարկը հավաքում ա, ես տանում թափում եմ։ Ավտոս դարձրել եմ զիբիլի ավտո»,- ասում է նա։
Ըստ նրա՝ լճափնյա տարածքի աղբի հիմնական հատվածն ալիքներն են դուրս գցում:
«Ինչքան շիշ, զիբիլ կա, ալիքը հանում ա ստեղ, քամին ցրում ա, մեկ էլ նայում ես՝ դարձել ա զիբիլանոց։ Էդ մի հատ մե՜ծ խնդիր ա։ Գետերի մեջ էլ ա զիբիլանոց։ Մի քանի օր առաջ մաքրեցինք, էնքան շատ էր՝ մի գռուզավիկով չկարեցանք տանենք: Մեկ-մեկ շաբաթ-կիրակի օրվանից հետո մեկ էլ կտենաս ծառերին լրիվ ցելաֆոն ա։ Մարդկանց չպիտի թողեն՝ գան հանգստանալու»։
Ասում է՝ դուք եկել եք մաքրելու, մյուսները կարող է գան, ուտեն-խմեն, աղբը թողնեն ու գնան։
Եվ իսկապես, մինչ մենք տարածքն էինք մաքրում, ափին մի խումբ երիտասարդներ նկարահանում էին հոլովակ, որը կարճ ժամանակ անց հավանաբար հազարավոր դիտումներ կապահովի նորահայտ երգչի համար: Հեռանալիս էլ այս «շնորհաշատները» չզլացան, «Կոկա-կոլա»-ի շիշը խրեցին ավազի մեջ ու լքեցին տարածքը։
Հիշեցնեմ միայն, որ մեկ պլաստիկե շշի քայքայման համար անհրաժեշտ է առնվազն 450 տարի։
Հաջորդ անգամ պլաստիկե շիշը կամ տոպրակը լճի ափին կամ հարակից տարածքում թողնելուց առաջ, երկար մտածեք։ Սևանն ազգային արժեք է, և դրա մասին խոսելուց բացի, կարևոր է նաև գործելը՝ լիճը ցանկացած վնասից պաշտպանելը։ Եթե սա չգիտակցենք, մոտ ապագայում Սևանը տանուլ տալը խաղուպար կդառնա։ Ի վերջո, բնությունն ազգություն չունի, մեզնից յուրաքանչյուրի պարտավորությունն է խնամել կամ առնվազն չվնասել այն։
Ամփոփեց Սոֆի Թովմասյանը
Պատասխանատու խմբագիր Սուրեն Դեհերյան
Լուսանկարները հեղինակի արխիվից
կարդացեք նաև
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 23/07/2019