Հայաստանը ռուսների համար ապահով հանգրվան է դարձել փետրվարի 24-ից հետո։
Երբ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ, այսպես կոչված, հատուկ օպերացիա իրականացրեց՝ ներխուժելով հարևան երկրի սուվերեն տարածք և արժանացավ արևմուտքի աննախադեպ պատժամիջոցների փաթեթին, հազարավոր ՌԴ քաղաքացիներ Ռուսաստանը լքելու արագ որոշում կայացրին։
Ոմանք շտապեցին հեռանալ՝ վախենալով հավանական զորակոչից, մյուսները՝ պատժամիջոցների հետևանքով սեփական բիզնեսը կորցնելու մտավախությունից, երրորդներն էլ` քաղաքական ճնշումների պատճառով։
ՌԴ-ից մեկնածները հետո կխոստովանեն, որ հեռանալու մասին որոշման հիմքում ոչ թե ուր մեկնելն էր, այլ Ռուսաստանն արագորեն լքելը։ Իրավիճակն անսպասելի էր՝ սեփական երկրում անորոշ ապագայի հեռանկարներով։ Այսպես, նրանցից մի քանի հազարը հայտնվեցին Հայաստանում։
Ռուսաստանը լքողներից էր նաև 38-ամյա Սերգեյը, որը կնոջ և կատվի հետ արդեն երկու ամիս է, ինչ ապրում է Երևանի արվարձաններից մեկում վարձած բնակարանում։
Նրանք որոշել են մնալ Հայաստանում այնքան, որքան հնարավոր է։ Համենայնդեպս, այս պահին իրենց շատ ավելի ապահով են զգում Հայաստանում, քան հայրենիքում։ Խոստովանում են՝ Ռուսաստանը վաղուց էին ուզում լքել՝ քաղաքական և հաճախակի բացասական իրավիճակներով պայմանավորված։
Սերգեյն ու նրա կինը փորձում են ակտիվորեն ինտեգրվել հայ հասարակությանը։
Սերգեյը մասնագիտացած է ՏՏ ոլորտում և արդեն հասցրել է գտնել աշխատանք։ Կինը նույնպես անգործ չէ․ կանանց վարսերն է հյուսում։ Դրեդներ սանրվածքի (մանր հյուսք) մասնագետ է։
Զույգը նաև սկսել է հայերեն սովորել։ Ընկերներով միացել են տելեգրամյան մի ալիքի, որտեղ ուսումնասիրում են այբուբենն ու սովորում հաղորդակցման համար անհրաժեշտ հիմնական բառեր ու արտահայտություններ։
«Ամփոփ Փոդքասթի» այս էպիզոդում Սերգեյը կիսվում է իր և կնոջ ընկալումներով ռուս-ուկրաինական պատերազմի, Ռուսաստանը լքելու պատճառների, ինչպես նաև հայկական իրականությունում գտնվելու զգացողությունների մասին։
Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
#podcast #ամփոփփոդքասթ
Այլ հոդվածներ այս շարքից՝ #WarInUkraine
Լսեք նաև
- Вах «Мама джан»․ թե ինչպես Յուլիան Հայաստանում բիզնես հիմնեց
- Հեղափոխությունից ոգեշնչված ավստրալահայ ընտանիքի հայրենադարձ պատմությունը
- «Hayat Project»․ նրանց համար «էրըվանցիք կերթան» Գյումրի գումար ծախսելու
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 26/05/2022