40-ամյա Կարենը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն 8 տարի առաջ էր մեկնել։ Առողջական խնդիրներ ուներ, որոնք մինչ օրս էլ ամբողջովին չեն լուծվել։ Կարենին (անունը փոխված է) Գերմանիայում վիրահատել են, սակայն ապաքինման համար անհրաժեշտ ամբողջական կուրսը դեռ չի անցել։
«Հիվանդանոցում մնալու համար ինձ մեծ փողեր էին պետք, որը ես չունեի։ Ինձ էլ այնտեղ անվճար չէին պահում, ասում էին՝ լավ ես։ Կաղալս հաշվի չէին առնում, որովհետև Գերմանիան մի երկիր է, որը հարմար է բոլորին՝ թե՛ առողջին, թե՛ հաշմանդամություն ունեցողին, ես նրանց համար էլ հիվանդ չէի»,- «Ամփոփ Մեդիային» ասում է տղամարդը։
Հայաստան վերադառնալու փոխարեն Կարենը փորձել է հաստատվել Գերմանիայում և սկսել է աշխատանք փնտրել։
«Համբուրգում էի։ Ընկերներ ունեմ այնտեղ, ովքեր ավտոսրահում են աշխատում։ Իրենց շտապ մասնագետ էր պետք, ես էլ համապատասխան փորձն ունեի։ Ծանր գործ չէր։ Որոշեցի աշխատել, տանջող ցավն էլ չէր խանգարում այդ գործին», – հիշում է Կարենը։
Նա աշխատած գումարը տնտեսել, ուղարկել էր Հայաստանում մնացած կնոջն ու երեխաներին, որ նրանք էլ տեղափոխվեին իր մոտ։
«Ես օրինական ճանապարհով էի գնացել, նորմալ վիզա էի ստացել։ Սակայն այն արդեն ավարտվում էր։ Ընտանիքս էլ գումարը վճարեց միջնորդին, եկան-հասան ինձ, մեկ ամիս ապրեցինք վարձակալած բնակարանում, հետո բոլորով «հանձնվեցինք» [խմբ․ տվյալ երկրում ապաստան ստանալու հայց ներկայացնել]»,- ասում է Կարենը։
Կարդացեք նաև․ Ամեն ինչ Եվրոպայում «հանձնվելու» մասին
Կարենի ընտանիքը շուրջ կես տարի բնակվել է փախստականների ճամբարում, ապա նրանց տեղափոխել են հանրակացարան, որտեղ կինն աշխատել է որպես հավաքարար՝ անվճար, ինչպես Կարենն է ասում՝ ի նշան շնորհակալության այդ պետության, որ իրենց պահում է։
Կարենն էլ մանր-մունր գործեր է արել։ Ասում է՝ Հայաստանում միշտ գլուխը բարձր պահած ընտանիքն օտար երկրում անում էր գործեր, որոնց հայրենի հողում նույնիսկ մոտ չէր գնա։
«Մեր ընտանքը 4 անձից է բաղկացած, երբ նոր էինք տեղափոխվում ճամբար, մտածում էի, որ մեզ առանձին սենյակ կտան, բայց թե՛ այնտեղ, թե՛ հանրակացարանում քնում էինք մեկ այլ ընտանիքի հետ։ Լավ էր, որ երկու դեպքում էլ հայեր էին, թե չէ այլ ազգի հետ բարդ կլիներ։
Մեկ տարի անց Կարենի ընտանիքի ապաստան ստանալու հայցը պաշտոնական մերժում է ստանում։ Ընտանիքին հատկացված փաստաբանը բողոքարկում է որոշումը, որի շուրջ գործընթացն էլ տևում է մոտ վեց ամիս։
«Գիշերը քնած էինք, երբ սկսեցին շատ ուժեղ թակել դուռը։ Բացեցի։ Պարզվեց մեզ արտաքսում են։ Ճամբար տեղափոխվելուց հետո չէր եղել մի օր, որ չմտածեի այդ մասին։ Ես գիտեի, հասկանում էի, որ վերջը դա է։ Մեզ տվեցին շատ կարճ ժամանակ, որ պատրաստվենք ու տարան օդանավակայան… Ինչ գտել, հագել էինք, անխնամ, փնթի… բոմժի պես էինք… Հայաստանում ոչ ոք չգիտի, թե ոնց ենք ապրել Գերմանիայում ու ոնց արտաքսվել, բոլորի մոտ միայն լավն եմ պատմում, հենց այդ է պատճառը, որ խնդրում եմ անանուն մնալ»։
Հայաստանում ոչ ոք չգիտի, թե ոնց ենք ապրել Գերմանիայում ու ոնց արտաքսվել, բոլորի մոտ միայն լավն եմ պատմում, հենց այդ է պատճառը, որ խնդրում եմ անանուն մնալ։
Կարենի պատմությունն իր տեսակով միակը չէ։ 2010-2018թթ. ՀՀ քաղաքացիները ԵՄ և Եվրոպական ազատ առևտրի ընկերակցության անդամ պետություններում 57,250 ապաստանի հայց են ներկայացրել։
Ընդհանուր առմամբ, վերջնական որոշումներով՝ ՀՀ քաղաքացիներից 1080-ին (1,9%-ին) շնորհվել է փախստականի, 1015-ին (1,8%-ին)՝ հումանիտար պաշտպանության և 880-ին (1,5%-ին)՝ օժանդակ պաշտպանության կարգավիճակ:
Վերոնշյալ ժամանակահատվածում 4 հիմնական նպատակակետ երկրները եղել են Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան և Բելգիան։ Դրանք միասին յուրաքանչյուր տարի ընդունել են ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների մոտ 88%-ին։
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տվյալների համաձայն՝ իրենց երկիրը հայերի համար նախընտրելի ուղղություններից է։ Դրա մասին է վկայում նաև Հայաստանում գործող «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի» «Վերադարձ և վերաինտեգրման եվրոպական ցանց» ծրագրի ղեկավար Մարիա Հարությունյանը։
Վերադարձող միգրանտի կարիքների գնահատումից հետո նրան ծրագրի շրջանակներում տրամադրվում է վերաինտեգրմանը նպաստող խորհրդատվություն, մասնագիտական զարգացում և ուսուցում/վերապատրաստում, ինչպես նաև առաջին անհրաժեշտության մասնագիտական գործիքներ: Այս ամենից զատ միգրանտին տրվում է առաջնային բժշկական հետազոտման հնարավորություն (ուղղորդման միջոցով), բնակարանային վարձի ժամանակավոր փոխհատուցում և ֆինանսական աջակցություն փոքր բիզնես սկսելու նպատակով։ Մինչ օրս ծրագիրն ունեցել է 1124 շահառու։
Թեպետ եվրոպական թոփ երկիրը Գերմանիան է, որտեղից վերադարձվում են ՀՀ քաղաքացիները, ՀՀ կառավարությունը վերադարձի հայտեր ստանում է նաև այլ երկրներից, որոնց թիվը, սակայն, այնքան էլ մեծ չէ։
Հայաստանի միգրացիոն ծառայությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում եվրոպական 9 երկրներից ստացել է 305 ռեադմիսիոն հայց, որոնց մեծ մասը՝ 61%-ը, կրկին Գերմանիայից։
Ռեադմիսիան մի ընթացակարգ է, որով երկիրը հետ է ընդունում այն ՀՀ քաղաքացիներին, որոնք միգրացիոն օրենք են խախտել։
Տարիների ընթացքում փոփոխվում է ընթացակարգին միացած երկրների թիվը՝ որոշները դուրս են գալիս, որոշներն ավելանում են։
Հարկադիր վերադարձի ենթարկված Հայաստանի քաղաքացիներին հայրենիքում վերաինտեգրելու համար միգրացիոն ծառայությունն արդեն երեք տարի իրականացնում է հրատապ աջակցության ծրագիր՝ տան վարձի սուբսիդավորման տեսքով՝ տալով նրանց մինչև 6 ամսվա վարձ, յուրաքանչյուր ամսվա համար՝ 60 հազար դրամ։ Ընտանիքը ստանում է նաև անվճար խորհրդատվություն։
Եթե ընտանիքը ենթարկվում է հարկադիր վերադարձի, ապա նրա առջև երկար ժամանակով փակվում են Եվրոպայի դռները։ Յուրաքանչյուր երկիր իր սահմանած թիվն ունի։ Ավստրիայի դեպքում մուտքի արգելքը 9 տարի է՝ ասում է 28-ամյա Հռիփսիմե Մանուկյանը։ Նա շուրջ երեք տարի ապրել է Ավստրիայի Հանրապետությունում։
Մանուկյանն Ավստրիայի Հանրապետություն տեղափոխվել էր ամուսնու հետ։ Վերջինս մասնագիտական առաջարկ էր ստացել այնտեղից, օրինական թղթեր էին ձևակերպել, վիզան ստացել և մեկնել էին։ Մեկ տարի անց ծնվել էր ընտանիքի առաջնեկը, ևս մեկ տարի անց՝ երկրորդը։
«Երեխաներս փոքր էին, ավարտվեց մեր՝ այնտեղ օրինական մնալու ժամկետը։ Լինեմ անկեղծ, միանգամից չենք վերադարձել, նաև ճամբարում ենք մնացել, բայց հենց եկավ որոշումը, որ պետք է վերադառնանք, միանգամից եկանք։ Այդ պահին նույնիսկ ուրախ էինք, որ կա նման որոշում, թե՛ ես, թե՛ ամուսինս կարոտել էինք մեր հայրենիքը, մեր ծնողները թոռնիկներին չէին տեսել, իրենց էլ էր կարոտը տանջում»,- ասում է կինը։
Հայաստան վերադառնալուն պես Մանուկյանը մատնահարդարման մասնավոր դասերի է գնացել, վերապատրաստվել Մոսկվայում և շատ արագ աշխատանքի անցել Հայաստանում։ Ասում է՝ աշխատանքի ձգտող մարդը սոված չի մնա ոչ մի տեղ՝ լինի հայրենիքում, թե օտար երկրում։
Հարցին, թե ցանկանո՞ւմ է վերադառնալ Ավստրիա, դեռ հստակ պատասխան չունի, Հայաստանում էլ այսօր վատ չեն ապրում։
Իսկ Կարենը հիշում է, թե ճամբարում ապրող հայերն ինչեր են անում, որ Հայաստան չվերադառնան, ասում է՝ կին կար, որը պատրաստ էր իր երեխային վնասել, միայն թե իրեն չարտաքսեն։
«Վերադառնում ես Հայաստան ու հասկանում, որ քո երկրում էլ ապրելը վատ չէ, բայց մենք երբեմն խտացնում ենք գույները…»։
Հեղինակ՝ Արմինե Ավետիսյան
Վիզուալիզացիան՝ Անուշ Բաղդասարյանի և Կարինե Դարբինյանի
Լուսանկարը՝ Քրիստոֆ Ստաչեի/AFP/GETTY IMAGES
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 02/09/2022