Կրթություն

Ընդունելության բարեփոխումներ․ Բուհերի փրկության ծրագրից դեպի մոտիվացված կրթություն

Բուհական ընդունելության նոր կարգի համաձայն՝ հայաստանցի դիմորդները 2021թ․ ընդունելության քննություններին հայտագրվեցին մեկ մասնագիտություն, մեկ համալսարան սկզբունքով։

ԿԳՄՍ նախարարության կողմից կատարված փոփոխությունը լայն քննարկումների և դժգոհությունների առիթ էր դարձել դեռևս նախորդ՝ 2020 թվականին։ Որոշ դիմորդներ, հստակ տեղեկացված չլինելով ընդունելության գործող կարգից, հնարավորություն չունեցան սովորելու իրենց նախընտրած բաժիններում։ Նրանք՝ որպես հիմնական պատճառ, առանձնացնում էին մեկ քննություն հանձնելը և ստացած միավորների ոչ ճիշտ բաշխումն իրենց կողմից հայտագրած բաժինների համար, սակայն խնդիրը նոր գործող որոշումն էր։ Թեև նախորդ տարի դիմորդները կարող էին հայտագրվել մինչև 2 անվճար և 8 վճարովի մասնագիտությունների համար, նախապատվությունը տրվում էր առաջին հայտով լրացված մասնագիտությանը։ Գործընթացն ավելի հստակեցնելու նպատակով՝ ընդունելության հայտագրումն այս տարի ամբողջովին փոխվեց։

Որոշման անհրաժեշտությունը

Ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ բուհական ընդունելության կարգի փոփոխությունների նախագիծը մշակվել է ավելի քան 5 տարի առաջ, որով նախատեսված էր փոփոխել ոչ միայն հայտագրման գործընթացը, այլ նաև քննությունների կարգը՝ նպաստելու կրթական բարեփոխումներին։

                         Կարո Նասիբյան

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանն ասում է, որ ներկայիս «մեխանիզմի» պարագայում դիմորդների մրցակցությունը նույն մասնագիտության համար է, եթե նույնիսկ այլ մասնագիտությունների ընդունելության քննությունները նույնն են։

«Եթե ուզում ես դառնալ պատմաբան, պիտի մրցես պատմաբանի հետ, ոչ թե իրավաբանի։ Չկան հարակից մասնագիտություններ, և սկզբունքը, թե չեմ ընդունվի իրավաբանական ֆակուլտետ, կընդունվեմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, այլևս չի գործի»։

Որոշման փոփոխությունները դեռ շարունակվելու են։ Նախատեսվում է ավելացնել համալսարանների քանակը (պայմանական մինչև 5 համալսարան), բայց մասնագիտության ընտրությունը լինելու է մեկը։ Մյուս նորարարությամբ՝ հայաստանյան կրթական համակարգում ներդրվելու է մեկ այլ միջազգային հայտնի փորձ․ «Դիմորդը հանձնում է իր նախընտրած մասնագիտության համար պահանջվող քննություններն ու ուղարկում դիմում-հայտեր այն համալսարաններ, որտեղ կուզենա սովորել»։

Գործող կարգին կրթության ոլորտի մասնագետները դրական են արձագանքում։ «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ, կրթության հետազոտող Միշա Թադևոսյանը կարևորում է ընդունված որոշման կիրառումը՝ այն համարելով ազդակ՝ լուծելու առկա խնդիրները։

«Այս քայլը տանելու է դեպի կողմնորոշված ուսանող։ Իհարկե, կան և կլինեն դժվարություններ սկզբում, բայց սա, բնավ, չի նշանակում, որ մեխանիզմը սխալ է։ Այս որոշման արդյունքում՝ դիմորդը նախապես պատրաստ կլինի, որ մասնագիտության ընտրությունը կարևորվելու է, և արդեն նախապես կուսումնասիրի իր հնարավորությունները՝ լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց»,- նշում է Միշա Թադևոսյանը։

Loading...

Loading…

Ի՞նչ խնդիր է լուծելու նախագիծը

Ըստ ԿԳՄՍ նախարարության հրապարակման՝ «8 մասնագիտություն հայտագրելը նվազեցնում է մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնարավորությունը, քանի որ դիմորդները, հաճախ նախընտրած մասնագիտությունից բացի, հայտագրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք պարզապես ունեն նույն մրցութային քննությունները: Արդյունքում՝ բազմաթիվ դիմորդներ, դուրս մնալով նախընտրած մասնագիտության մրցույթից, ընդունվում են այլ մասնագիտություններով»։

Մեկ բուհի և մեկ մասնագիտության ճիշտ ընտրությունն ընկած է մասնագիտական կողմնորոշման հիմքում։ Եթե դիմորդը հստակ գիտակցում է՝ ապագայում ինչ մասնագետ է ուզում դառնալ, հայտագրման բաժինների քանակն այնքան էլ էական չէ։ Կարելի է եզրակացնել, որ այս նախագծով նախապատվությունը տրվում է դիմորդների որոշմանը։

                         Միշա Թադևսոյան

«Երբ անձին շատ հնարավորություններ ես տալիս, նա չի հասկանում այդ ընտրության կարևորությունը։ Սա բավականին կարեւոր ու հեռանկարային քայլ է մեր կրթական համակարգում, որի շնորհիվ անձի մեջ ձևավորվում է պատասխանատվություն հանուն ապագայի և ճիշտ որոշումներ կայացնելու»,- ասում է հետազոտող Միշա Թադևոսյանը։

Ըստ հետազոտողի՝ ավելի արդյունավետ կլիներ նախապես լուծել մասնագիտական կողմնորոշման խնդիրը, այնուհետև գործարկել մեկ բուհ և մեկ մասնագիտություն մեխանիզմը։

 

Նախագծից բխող բարեփոխումների ենթատեքստում մշակվում է նաև կրթության ռազմավարական ծրագիրը, որի գլխավոր բաղադրիչներից է պատրաստել մասնագիտական կողմնորոշման մասնագետներ։ Նրանք աշխատելու են հանրապետության բոլոր դպրոցներում և օգնելու են երեխաներին «ինքնորոշվել» մինչև բուհ դիմելը։

«Այս ծրագրով փորձ է արվում ինստիտուցիոնալիզացնել մասնագիտական կողմնորոշման դերը կրթության, հանրակրթության բոլոր մակարդակներում՝ տարրական, միջնակարգ և հատկապես ավագ դասարաններում»,- առանձնացնում է հետազոտողը։

Բուհական ընդունելության հայտագրման գործընթացի փոփոխությունը ենթադրում է նաև միջին մասնագիտական կամ այլ բառով կոչված՝ արհեստագործական կրթության դերի բարձրացում։ Արհեստագործական հաստատություններում ևս դիմորդները քիչ են, քանի որ վերջիններս նախընտրում են միանգամից աշխատանքի անցնել՝ առանց համապատասխան կրթություն ստանալու։

 

Թափուր մնացած բաժիններ

Փոփոխություններից հետո բուհի ֆակուլտետները համալրվեցին այն ուսանողներով, որոնք նպատակադրված էին ուսանել տվյալ բաժիններում։ Արդյունքում՝ մոտավորապես 15,000 տեղ թափուր մնաց պետական և ոչ պետական համալսարաններում՝ համեմատաբար քիչ հետաքրքրություն վայելող մասնագիտությունների՝ քիմիայի, մշակութաբանության, կրոնագիտության, աստվածաբանության գծով բաժիններում։ Հրապարակված տվյալների համաձայն՝ թափուր տեղերի մրցույթի համար հայտագրվել է շուրջ 1000 դիմորդ։

Երկրորդ փուլում 15000 թափուր տեղերի մրցույթի համար հայտագրվել է ընդամենը 1000 դիմորդ

Փորձագետներն ու ոլորտի ներկայացուցիչները հարցի լուծումը կապում են կառավարության կողմից նպատակաուղղված քայլեր իրականացնելու հետ։

«Արդեն դպրոցներում զգացվում է ֆիզիկայի, քիմիայի, հայոց պատմության, ֆիզկուլտուրայի մասնագետների պակաս։ Նույն իրավիճակն է նաև գյուղատնտեսության ոլորտում, քանի որ չկան բավականաչափ թվով դիմորդներ և, հետևաբար, համապատասխան մասնագետներ։ Պետությունն այստեղ լուրջ անելիք ունի և պիտի անհրաժեշտ քայլեր ձեռնարկի՝ հստակեցնելով, թե ինչ մասնագետների կարիք ունի»,- ասում է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Թադևոսյանն էլ ավելացնում է, որ համալսարանները նույնպես պիտի կարողանան դիմորդներին հետաքրքիր դառնալ։
Բաժինների թափուր չմնալու լուծումներից է ֆակուլտետների «բրենդավորումը»։

«Համալսարանները պիտի ամեն ինչ անեն, որպեսզի ուսանողները հետաքրքրվեն իրենց բաժիններով՝ նախ իրենց առաջարկած կրթությունը համաչափ դարձնելով մեր իրականությանը, ապա հանդիպումների և քննարկումների միջոցով հնարավորին քայլեր գործադրելով դեպի ուսանողը»,- ամփոփում է Թադևոսյանը։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Ինֆոգրաֆիկան՝ Ամփոփ Մեդիայի

Լուսանկարները՝ ArmenPress-ի, Միշա Թադևոսյանի անձնական արխիվից

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/08/2021