Նոյեմբերի 2-ը լրագրողների նկատմամբ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրն էր, ինչը լավ առիթ է հետհայացք նետելու անցնող տարվա ընթացքում հայկական մեդիա ակտիվությանը և տեսնելու թե ինչպիսի դրսևորումներ են եղել հայկական մեդիայի նկատմամբ, և ինչ գործելաոճ են որդեգրել լրատվամիջոցները հետհեղափոխական շրջանում:
Ամենավերջին և դրական լուրը այն է, որ միջազգային Freedom house կազմակերպությունն իր «Ազատությունը համացանցում 2018թ.» տարեկան զեկույցում նշել է, որ Հայաստանը «մասամբ ազատ» կարգավիճակ ունեցողից դարձել է «ազատ» երկիր։ Հոկտեմբերի վերջին հրապարակված այս զեկույցում մասնավորապես նշված է, որ հայկական առցանց տիրույթում գրանցված այս առաջընթացը կապված է գարնան «թավշյա հեղափոխության» ընթացքում քաղաքացիների կողմից սոցիալական մեդիայի, հաղորդակցության միջոցների և ուղիղ հեռարձակումների ակտիվ օգտագործմամբ։
Սա, իհարկե, Հայաստանի համար կարևոր գնահատական է: Սակայն նույն ժամանակահատվածում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների ընթացքում կտրուկ ավելացել էին լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ բռնությունները, բայց դա արդեն նախորդ իշխանությունների օրոք էր:
Իրավիճակ
Թավշյա հեղափոխության օրերին լրագողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնությունների կտրուկ ակտիվացման մասին նշված է նաև «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի (ԽԱՊԿ) զեկույցում: Կոմիտեն նշում է, որ հեղափոխության շրջանում և դրանից հետո (ապրիլ-հունիս ամիսներին) գրանցել է լրագրողների նկատմամբ 19-ը ֆիզիկական բռնության և 23 տարատեսակ ճնշումների դեպք: Հունիսի 30-ի դրությամբ՝ 11 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր։
Թեպետ հուլիս-սեպտեմբեր ամիսներին բռնությունների դեպքերը զգալիորեն նվազել են, բայց չեն վերացել. գրանցվել է ֆիզիկական բռնության 2, իսկ ճնշման՝ 13 դեպք։ Ընդհանուր առմամբ, ապրիլ-սեպտեմբեր ամիսների ընթացքում ֆիզիկական բռնություններից տուժել է 27 անձ։ 2018 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական բռնության դեպքեր կոմիտեի կողմից չեն արձանագրվել։
Մամուլի անդրադարձը
Թավշյա հեղափոխության օրերին՝ հատկապես մինչև նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, հեռուստաընկերությունները կամ պարզապես չէին լուսաբանում տեղի ունեցող իրադարձությունները, կամ լուսաբանում էին մասնակի՝ տալով ոչ օբյեկտիվ լրատվություն։ Փոխարենը` հեղափոխության ընթացքն ակտիվորեն լուսաբանվում էր առցանց մամուլում, հասանելի էին պարբերական ուղիղ հեռարձակումները։
Իսկ արդեն հետհեղափոխական շրջանում փոփոխություններ նկատվեցին ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ նոր կառավարության անդամների հանրային աշխատաոճերում։
Նոր կառավարության անակնկալներից էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նորանշանակ նախարարների կողմից ֆեյսբուքյան պարբերական ուղիղ հեռարձակումները։ Նրանք սոցիալական ցանցերն օգտագործում են հայտարարություններ տարածելու, կատարված աշխատանքն ամփոփելու կամ, պարզապես, հասարակության հետ կապ պահելու համար։
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի՝ 2018 թվականի ապրիլ-հունիս ամիսների զեկույցում՝ որպես խոսքի և մամուլի ազատության զարգացման նախադրյալ, դիտարկվում է Հայաստանում քաղաքացիական լրագրության ակտիվացումն ու արագ զարգացումը։ Սրա հիմքում ևս Թավշյա հեղափոխությամբ պայմանավորված զարգացումներն են։ Ըստ զեկույցի՝ քաղլրագրության զարգացմանը նպաստել է մի կողմից քաղաքացիների ակտիվությունը՝ կարևոր, հրատապ իրողությունները համացանցի միջոցով հանրությանը ներկայացնելը, մյուս կողմից՝ պաշտոնյաների՝ սոցցանցերի ակտիվ կիրառումը։
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը դրական միտում է համարում նաև այն փաստը, որ, թեև հեղափոխությունից հետո լրատվամիջոցների սեփականատերերը չեն փոխվել, բայց նույն սեփականատերերը նոր պայմաններում «ստիպված» են նոր ձևով մոտենալ այն բովանդակությանը, որը մատուցվում է հեռուստատեսությամբ։
Այժմ քաղաքական կողմնորոշում կամ ֆինանսական կախվածություն ունեցող լրատվամիջոցներն աշխատում են այլ մեթոդներով՝ չմոռանալով, սակայն, թե ով է սեփականատերը,- ասում է Աշոտ Մելիքյանը։
Վերջերս «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) նախաձեռնության հերթական նիստերից մեկում կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչների կողմից քննարկվել է նաև լրատվամիջոցների իրական սեփականատերերի համընդհանուր ռեգիստր ստեղծելու հարցը։ Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի, առաջարկվել է նման ռեգիստրի ստեղծման գործընթացը ներառել ԲԿԳ-ի 4-րդ գործողությունների պլանում, որին Կառավարությունը ևս հավանություն է տվել: Առայժմ առաջարկը քննարկման փուլում է։
«Այս ռեգիստրը կարող է հակակոռուպցիոն պայքարի լավագույն օղակներից լինել։ Իսկ մեդիայում այն կնպաստի լրագրողական հետաքննությունների զարգացմանը, կհեշտացնի լրագրողների աշխատանքը։ Սա կօգնի նաև իրարից հեռացնել մեդիան ու քաղաքականությունը։ Այսպիսով, յուրաքանչյուրը կզբաղվի իր գործով», – կարծում է Դոյդոյանը։
ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ևս կարևորում է քաղաքացիական լրագրության զարգացումը, նշելով, որ շատ հաճախ մեկ քաղաքացու հրապարակումն ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան շատ հեռուստաընկերությունների աշխատանքը։
Շուշան Դոյդոյանը կարևորում է նաև նոր կառավարության և ժողովրդի՝ առանց միջնորդների շփումը համացանցի միջոցով։ Բայց նա նաև նշում է, որ նախքան ուղիղ հեռարձակումը, պաշտոնական կայքերում պետք է տեղադրվեն անհրաժեշտ հայտարարություններ։
«Դրան զուգահեռ միայն պաշտոնյան ուղիղ հեռարձակման միջոցով պետք է մեկնաբանի որոշումները, բացատրի՝ ինչ ազդեցություններ են ունենում կամ կարող են ունենալ դրանք։ Ճիշտ չէ բանավոր ձևակերպումներով ներկայացնել լուրջ ու շատ կարևոր որոշումները»,- ասում է նա։
ԶԼՄ-իշխանություն աշխատանքը Դոյդոյանը անարդյունավետ է համարում և կապում է դա նոր կառավարության անփորձության և անտեղյակության հետ։ Ըստ նրա՝ տեղեկատվությունը լրագրողներին ճիշտ ժամանակին չհասցնելը կամ պաշտոնական հարցումներին չպատասխանելը ոչ թե դիտավորություն, այլ անփութության և անփորձության արդյունք է։ Նրա կարծիքով` այս խնդիրները կլուծվեն ժամանակի ընթացքում։
Բացասական տենդենցներ
Խոսքի և մամուլի ազատության զարգացման դրական միտումներին զուգահեռ՝ փորձագետները նշում են մի քանի դեպքեր, որոնք բացասաբար են անդրադառնում հետհեղափոխական Հայաստանի մամուլի ազատության վրա։
Դրանցից էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 18-ի ֆեյսբուքյան գրառումը, որը բուռն քննարկման առիթ դարձավ։ Գրառման մեջ վարչապետը մասնավորապես նշել էր, որ որոշ լրատվամիջոցներ, օգտագործելով խոսքի ազատության հնարավորությունները, իրականացնում են հակապետական քարոզչություն։
Վարչապետ Փաշինյանի այս գրառումը մեծ իրարանցում առաջացրեց լրագրողական միջավայրում։ Մի մասը դա համարեց խոսքի և մամուլի ազատության սահմանափակում։
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ գուցե ներքին քաղաքական նման իրադրությունում սա ինչ-որ կերպ հասկանալի կարող է լինել, սակայն նրա կարծիքով՝ երկրի ղեկավարի կողմից նման հայտարարությունն անընդունելի էր անկախ ամեն ինչից․ «Այն կարող էր ընկալվել մինչև անգամ որպես միջամտություն մամուլի գործունեությանը»,- ասում է ԽԱՊԿ նախագահը և հավելում, որ չնայած դրան, մինչ այս չի նկատվում հսկողություն լրատվամիջոցների գործունեության վրա, ինչը մեծ ձեռքբերում է։
Իսկ Շուշան Դոյդոյանն առանձնացրեց երկու բացասական իրողություն։ Առաջինը սեպտեմբերի 17-ին ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից խմբագրություններից մեկում կատարված խուզարկությունն էր։ Ըստ նրա՝ անհանգստացնող է հատկապես այն, որ իրավապահները չհիմնավորեցին՝ արդյոք իրենք սպառել էին հանցագործությունը բացահայտելու մյուս բոլոր միջոցները։
Մյուս բացասական տենդենցը, ըստ ԻԱԿ նախագահի, լրատվամիջոցների կողմից այլ լրատվամիջոցների դեմ դատական հայցերի ներկայացումն է, որի քանակն ավելացել է վերջին շրջանում։
Դրանցից է` այս տարվա մարտին Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության դատական հայցն ընդդեմ «Շանթ» հեռուստաընկերության, որին հայցվորը մեղադրում է Շիրակի մարզում առանձին հեռուստահաղորդումների հեռարձակման մեջ: Ըստ «Ցայգի» շահերի պաշտպանի, դա խախտում է «Ցայգ» հեռուստաընկերության՝ տեղեկատվության և գաղափարների տարածման հիմնարար իրավունքը, ինչպես նաև ազատ տնտեսական մրցակցության սահմանադրական իրավունքը, այդ թվում նաև գույքային, քանի որ Շիրակի մարզում լիցենզիայով միայն «Ցայգին» է թույլատրված նման գործունեություն իրականացնել։
Մեկ ուրիշ դատական հայց ներկայացվել է սեպտեմբերին News.am լրատվականի կողմից ընդդեմ 1in.am լրատվականի լրագրող Սոնա Հարությունյանի և «Հայկական ժամանակ» օրաթերթի։
Ըստ հայցվորի, «Հայկական ժամանակ»-ի «Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը» հոդվածը և Սոնա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը պարունակում են զրպարտություն և արատավորում են News.am կայքի գործարար համբավը։
Շուշան Դոյդոյանի համոզմամբ՝ լրատվամիջոցները, նախ կարող են դիմել «Դիտորդ մարմին» կամ «Տեղեկատվական վեճերի խորհուրդ», քանի որ հաճախ այս արտադատական կառույցների խորհրդատվությունները կամ որոշումները բառացի մեջբերվում են դատական ակտերում։
Փորձագետի կարծիք
Ամփոփեց Անի Ավետիսյանը
Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 04/11/2018