Սոցիալական

Մայրաքաղաքի բնակչությունը խտանում է, մարզերինը՝ նոսրանում

2025 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը գերազանցել է 3 միլիոնը` նախորդ տարվա համեմատ ավելանալով 2.8%-ով։

ՀՀ մշտական բնակչության տվյալները հաշվարկված են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով վերջին (2022 թ․) մարդահամարի արդյունքները։ Ամեն տարի այդ տվյալները թարմացվում են յուրաքանչյուր տարածքում ծնվածների և հաշվառվածների ներառմամբ, ինչպես նաև հաշվառումից դուրս եկածների ու մահացածների տվյալների դուրս բերմամբ։

ՀՀ մշտական բնակչության թվում ներառված են նաև Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, ովքեր հաշվառված են ՀՀ տարբեր համայնքներում։

ՀՀ-ում բնակչության անհավասար բաշխվածությունն ու մայրաքաղաքի գերբնակեցվածությունը շարունակում են մնալ արդի խնդիրներից։ Պաշտոնական տվյալների համաձայն, միայն Երևանում բնակվում է ՀՀ ողջ բնակչության 37.1%-ը՝ ավելի քան 1 մլն 141 հազար մարդ։

Եվ թեպետ նախորդ տարվա համեմատ մարզերում, միասին վերցրած, բնակչությունն աճել է 2.6%-ով, սակայն սա էականորեն չի փոխում ընդհանուր պատկերը և գոյություն ունեցող խնդիրները։

Առկա տվյալների հիման վրա Ամփոփ Մեդիան հաջորդիվ ներկայացնում է Երևանում և մարզկենտրոններում բնակչության խտությունը մեկ քառ․ կիլոմետր տարածքի վրա և ավելացած կամ նվազած բնակչության թիվը՝ ըստ մարզկենտրոնների։

Բնակչության խտությամբ բացարձակ առաջատարը Երևանն է՝ մեկ քառ․ կիլոմետրի հաշվարկով՝ ավելի քան 5000 մարդ։ Բնակչության խտությունը համեմատաբար բարձր է նաև Վանաձորում (3005 մարդ/կմ²), Գյումրիում (2578 մարդ/կմ²), Եղեգնաձորում (1644 մարդ/կմ²) և Աշտարակում (1484 մարդ/կմ²)։

Ամենացածր խտությունն ունի Հրազդանը (323 մարդ/կմ²), չնայած բնակչության բացարձակ թվով այն միջին դիրքերում է, մինչդեռ տարածքով՝ երկրորդը Երևանից հետո։

Մյուս ցածր խտությամբ մարզկենտրոնը Կապանն է, ինչը կարող է պայմանավորված լինել թե՛ տարածքի չափերով և լեռնային ռելիեֆով, թե՛ միգրացիոն իրավիճակով։

Իսկ Եղեգնաձորը, որն իր տարածքով ավելի քան 50 անգամ զիջում է Երևանին, բնակչության խտությամբ երրորդն է՝ Վանաձորից ու Գյումրիից հետո։

Երևանի գերբնակեցման հիմնական պատճառները սոցիալ-տնտեսական բարենպաստ պայմաններն ու հետաքրքրությունների սպառման լայն հնարավորություններն են, որոնք լիովին կամ մասամբ բացակայում են մարզերում։

Հատկանշական է, որ Երևանից դուրս բնակչության մեծ մասը տեղաբաշխված է մայրաքաղաքին մոտ գտնվող մարզերում՝ Արմավիրում, Արարատում և Կոտայքում։

Հեղինակ՝ Մարիա Խաչատրյան
Վիզուալ նյութերը՝ Մարիա Խաչատրյանի, Կարինե Դարբինյանի

Կարդացեք նաև

Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 19/05/2025