Դըրբըզեք

Զբաղվածության պետական աջակցության ծրագրերի ընթացքը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Ռուբեն Սարգսյան

2024թ․ հունվարից ՀՀ կառավարության որոշմամբ մեկնարկել է  ԼՂ-ից բռնի տեղահանված  անձանց զբաղվածության պետական աջակցության ծրագիրը։ Մեկնարկից հինգ ամիս անց արձանագրված արդյունքներն ու առկա խնդիրները Հանրային հեռուստատեսության եթերում ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

Այս ոլորտում հիմնական խնդիրը, ըստ փոխնախարարի, շարունակում է մնալ բռնի տեղահանվածների ինտեգրումն աշխատաշուկայում։ 

Զբաղվածության պետական ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝

  • մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում,
  • աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
  • մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։

«Եթե քաղաքացին ցանկանում է աշխատանք գտնել և գործատուն նախընտրում է տվյալ քաղաքացուն աշխատանքի ընդունել, բայց կա գիտելիքի պակաս, գործատուն որոշում է, թե  որտեղ պետք է  քաղաքացին վերապատրաստում անցնի»,– պարզաբանել է փոխնախարարը։

Առաջին բաղադրիչը՝ ուսուցումը, տևում է մինչև 6 ամիս: Պետությունը փոխհատուցում է կրթաթոշակը և ուսման վարձը՝ յուրաքանչյուր ամսվա համար 50 հազար դրամ: 6 ամսից հետո գործատուն պարտավոր է աշխատանքային  պայմանագիր կնքել առնվազն 3 ամսով: Պետությունը գործատուին է փոխհատուցում  հարկերը՝ մինչև 50 հազար դրամ՝ ներկայացնելով ուսուցման ուղղությունը։

Երկրորդ բաղադրիչի շրջանակում գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Առաջին 3 ամսվա ընթացքում տրվում է աշխատանքային փորձի ձեռքբերման հնարավորություն, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է ամսական 165,000 դրամ փոխհատուցում՝ շահառուի աշխատավարձի վճարման համար։

Երրորդ բաղադրիչի շրջանակում մինչև 6 ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը, որի ընթացքում վերջինիս ամսական կտրվածքով վճարվում է առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և ևս 50,000 դրամ կրթաթոշակ։

Ծրագրի շրջանակում, մեկնարկից ի վեր, աշխատանք է գտել 896 բռնի տեղահանված։ Ծրագրից օգտված շահառուների գերակշիռ մասը՝ 894 հոգի, նախարարի խոսքով, դիմել է երկրորդ բաղադրիչով՝ փորձուսուցման և աշխատանքի տեղավորման համար։

Փոխնախարարի հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ այս ծրագրերում ներգրավված է 572 գործատու: 

Եվս 2949 բռնի տեղահանված աշխատանք է գտել Միասնական սոցիալական ծառայության կողմից կիրառված այլ գործիքակազմի՝ ուղիղ աշխատանքի տեղավորման միջոցով։

«Կրթության և առողջապահության գործընկերների կողմից նույնպես իրականացվում են ոլորտային համապատասխան ծրագրեր, ինչը հնարավորություն է տալիս այլ մեխանիզմներով աշխատանքի տեղավորվել», – հանրայինի եթերում նշեց Սարգսյանը՝ պարզաբանելով, որ խոսքը ուսուցիչների և բուժանձնակազմի վերաորակավորում անցնելու մասին է:

Վերոնշյալ ծրագրի մասին մանրամասն ներկայացված է այստեղ։ 

Նախարարը նկատեց, որ ԼՂ-ի և Հայաստանի աշխատաշուկան որոշակի տարբերություններ ունեն։

«Արցախցիները հիմնականում ադապտացվում են Հայաստանի աշխատաշուկայի պահանջարկին՝ սպասարկման ոլորտից մինչև միջին մասնագիտական ու բարձր որոկավորում պահանջող կրթական ոլորտներ՝ բուժանձնակազմ, IT, կահույքագործություն և այլն»,–նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ մասնագետների բավականին մեծ պահանջարկ կա Հայաստանում։

Ծրագիրը, որը նախապես նախատեսված էր 1000 հոգու համար, կընդլայնվի՝ հաշվի առնելով պահանջարկը:

Զբաղվածության պետական աջակցության ծրագրով հետաքրքրված շահառուները ծրագրին դիմելու համար կարող են դիմել Հայաստանի տարածքում գործող 49 միասնական սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներ։

Պատրաստեց Լուսինե Շադյանը

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 11/06/2024