2023թ. տարեվերջի դրությամբ՝ ՀՀ յուրաքանչյուր 6-րդ բնակիչ կենսաթոշակառուի կարգավիճակ ունի։ Նրանց ճնշող մեծամասնությունը՝ 473,526 մարդ՝ աշխատանքային կենսաթոշակառու է։ Զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 1497 է, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուներինը՝ 810:
Աշխատանքային կենսաթոշակը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու նյութական ապահովումը կենսաթոշակային տարիքի հասնելու, հաշմանդամ դառնալու կամ կերակրողին կորցնելու դեպքում:
Աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, անհատ ձեռներեցները, մտավոր գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք։
Ըստ օրենքի՝ սահմանվում են աշխատանքային կենսաթոշակի հետևյալ տեսակները՝
1) տարիքային*,
2) արտոնյալ պայմաններով,
3) երկարամյա ծառայության,
4) հաշմանդամության,
5) կերակրողին կորցնելու դեպքում,
6) մասնակի:
*Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ կամ 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս, բայց առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ։ Տարիքային կենսաթոշակը չպետք է շփոթել ծերության սոցիալական կենսաթոշակի հետ, որը նշանակվում է 65 տարին լրացած և աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին։
2023թ․-ի տարեվերջի տվյալներով՝ աշխատանքային կենսաթոշակառուների 75%-ը տարեցներն են, 21%-ը՝ հաշմանդամություն ունեցողները (տես գրաֆիկը)։
«Ամփոփ Մեդիա»-ն ուսումնասիրել է աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակի դինամիկան ու պարզել, որ 2018թ․-ի առաջին կիսամյակի համեմատ 2024թ․-ի նույն ժամանակահատվածում` վեց տարվա կտրվածքով, Հայաստանում աշխատանքային կենսաթոշակառուներն ավելացել են ավելի քան 36,000-ով կամ 8%-ով:
Եթե 2018թ․-ի առաջին կիսամյակում կենսաթոշակառուների թիվը 458,532 էր, ապա 2024թ․-ի նույն ժամանակահատվածում՝ 494,659։
Ուսումնասիրված ժամանակահատվածում կենսաթոշակառուների ավելի քան 60%-ը կանայք են և շուրջ 40%-ը՝ տղամարդիկ (տես գրաֆիկը)։
Մարզերում են բնակվում կենսաթոշակառուների 62.5%-ը: 2023-ի առաջին կիսամյակի համեմատ 2024-ի նույն ժամանակահատվածում կենսաթոշակառուների թվի ամենաբարձր աճը արձանագրվել է Կոտայքում՝ շուրջ 12%-ով և Արարատում՝ 8%-ով։
Նշանակված աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2024-ի 1-ին կիսամայակում կազմել է 49,171 դրամ, 2023-ի նույն ժամանակահատվածում՝ 46,091 դրամ:
Վեց տարվա կտրվածքով՝ 2018-ի համեմատ, կանանց կենսաթոշակը ավելացել է 24.6%-ով` 39,109-ից դառնալով 48,722 դրամ, իսկ տղամարդկանցը՝ 19%-ով՝ 41,900-ից դառնալով 49,860 դրամ։
2024 թ-ին կենսաթոշակների բարձրացում տեղի չի ունեցել և պլանավորված էլ չէ։ Բարձրացում նախատեսված է 2025-ին։ Այս մասին դեռևս տարվա սկզբին իր ամփոփիչ ասուլիսում հայտնել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը․
«2024 թվականին մենք կենսաթոշակը չենք բարձրացնելու։ 2025 թվականին է նախատեսված հաջորդ կենսաթոշակի բարձրացումը։ Բայց մենք մի շատ կարևոր որոշում ենք կայացրել, որ բոլոր կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակները, նպաստները ստանում են բանկային քարտերի միջոցով, անկանխիկ գործարքներ կատարելիս կարող են մինչև 10%, բայց ոչ ավելի քան 5000 դրամ, հետվճար ստանալ։ Սա ինչ է, եթե ոչ թոշակի ավելացման արդյունք», նշել էր նախարարը։
Իսկ թե որքանով է պետության կողմից հատկացվող աշխատանքային կենսաթոշակը երաշխավորում քաղաքացիների նյութական ապահովումը, պարզ է դառնում աշխատող կենսաթոշակառուների տարեցտարի աճող թվերից։
Տեքստը և գծապատկերները՝ Լուսինե Շադյանի, Կարինե Դարբինյանի
Մենթոր՝ Կարինե Դարբինյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
Կարդացեք նաև
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 08/10/2024