Տնտեսություն

Արևային կայանների գործարկման օգուտներն ու ռիսկերը էլեկտրաէներգիայի ազատ շուկայում

Ազատ շուկայական հարաբերությունները, որոնք ներդրվել են էլեկտրաէներգիայի շուկայում 2022թ․ փետրվարի 1-ից, արևային կայաններ շահագործողներին ևս հնարավորություն է տալիս գործել անկախ, և ցանկության դեպքում, զբաղվել էլեկտրաէներգիայի առքուվաճառքով։

Այսինքն՝ եթե մինչև շուկայի ազատականացումն արևային էներգիայի արտադրությամբ զբաղվող կայանների արտադրած էլեկտրաէներգիայի միակ գնորդը ՀԷՑ-ն էր, ապա ազատականացումից հետո նրանք հնարավորություն են ստացել գտնել այլ գնորդներ և ՀԷՑ-ին վճարել միայն բաշխման ծառայության համար։

Նախքան շուկայի նոր մոդելի ներդրումը, արևային կայանները դասակարգվում էին երկու տիպի՝ լիցենզավորված կայաններ և ինքնավար արտադրողներ։ Եթե առաջին տիպն էլեկտրաէներգիան արտադրում ու անմիջապես վաճառում էր ՀԷՑ-ին՝ 20 տարի գնման երաշխիքով (ՀԷՑ-ը պարտավորվում էր 20 տարի գնել կայանի արտադրած էլեկտրական էներգիան), ապա երկրորդ տիպի կայանները տարվա ավարտին փոխհոսքերի վերջնահաշվարկ էին անում։

Դա նշանակում է՝ եթե կայանը տարվա ընթացքում ավելի շատ արտադրել է, քան սպառել, ՀԷՑ-ն ավել քանակի դիմաց գոյություն ունեցող ամենացածր սակագնով վճարում էր կայանի տիրոջը։ Հակառակ պարագայում, կայանի սեփականատերն էր վճարում ՀԷՑ-ին՝ 1 կՎտ*ժ-ի դիմաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սահմանած՝ տվյալ պահին գործող սակագնով

Ազատականացումից հետո ինքնավար արտադրողը հնարավորություն է ստացել ձևավորել սպառողների խումբ և իր արտադրած էլեկտրական էնեգիայի ավել մասը մատակարարել այդ խմբի մեջ մտնող սպառողներին։

Մի կետում արտադրել, մի քանի կետերում սպառել

Ի՞նչ է նշանակում ստեղծել սպառողների խումբ․ մարդիկ, ովքեր ունեն արևի էներգիան օգտագործելու ցանկություն, բայց չունեն սեփական արևային կայանը, կարող են միանալ նման կայան ունեցող ինքնավար արտադրողին, կազմել խումբ, կայանի սեփականատիրոջ հետ համաձայնեցնել էլեկտրաէներգիայի մեկ միավորի դիմաց վճարվելիք սակագինը, իսկ ՀԷՑ-ին վճարել միայն բաշխման ծառայության վճար։


Կարդացեք նաև․ ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի ծավալները, դրական ու բացասական կողմերը


Այդ հնարավորությունը սպառողներին տրվել է ՀԷՑ-ի երկու՝ մատակարարման ու բաշխման գործառույթները տարանջատելու շնորհիվ։ Սակայն դա չի նշանակում, թե ինքնավար արտադրողը կամ նրա ձևավորած խմբում ընդգրկված սպառողները դադարում են օգտվել ՀԷՑ-ի՝ որպես երաշխավորված մատակարարի ծառայությունից։ Ցանկացած պահի թե՛ արտադրող կայանի տերը, թե՛ ինքնավար խմբի ցանկացած անդամ, եթե ունենում է էլեկտրաէներգիայի կարիք, այն ստանում է ՀԷՑ-ից՝ փոխհոսքերի մեխանիզմով։

150 կՎտ-ից բարձր հզորություն ունեցող կայանները, նախքան ազատականացված շուկա մտնելը, պետք է դիմեն ՀԾԿՀ համապատասխան լիցենզիա ստանալու համար։ Եթե կայանի հզորությունը մինչև 150 կՎտ է, արտադրողը մուտք է գործում ազատականացված շուկա առանց լիցենզավորման։

 

Նախքան շուկայի մոդելի փոփոխությունը, լիցենզիա ստացած բոլոր արտադրողներին տրվում էր գնման երաշխիք։ Ազատականացումից հետո՝ 2022թ․ փետրվարի 1-ից սկսած, որևէ մեկը չի կարող գնման երաշխիքով կայան կառուցել․ եթե ուզում է արևային էներգիայի արտադրությամբ զբաղվել, պետք է ՀԾԿՀ ներկայացնի գնման երաշխիքից հրաժարվելու մասին տեղեկանք և մուտք գործի ազատականացված շուկա։

Իսկ նրանք, ովքեր մինչև շուկայի մոդելի փոփոխությունը գնման երաշխիքով էին կայան կառուցել, մինչև պայմանագրի ժամկետի ավարտը շարունակելու են նույն կերպ գործել, այսինքն՝ իրենք արտադրելու են, ՀԷՑ-ը՝ գնելու է։

«Այս դեպքում, երբ արտադրողը դիմում ու հրաժարվում է գնման երաշխիքից, բոլոր ռիսկերը մնում են իր վրա։ Ըստ այդմ՝ շատ կարևոր է, որ արտադրողը գտնի սպառողների իր «բանակը», այլապես արտադրված էներգիան իրացնելու խնդիր կունենա», – «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում շեշտում է Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

Մեծ հաշվով, թե՛ ինքնավար արտադրողը և թե՛ սպառողների խումբը ՀԷՑ-ի հետ գրեթե նույն ձևով են հարաբերվում՝ թերևս այն տարբերությամբ, որ կայանը՝ այսինքն կետը, որտեղ արտադրվում ու սպառվում է էլեկտրական էներգիայի մի մասը, բաշխման կամ այլ կերպ ասած՝ տեղափոխման ծառայության համար չի վճարում։

OST Group խմբի մեջ մտնող «Էկովիլ» ընկերությունը, որ շուկայում գործում է 2015 թվականից և զբաղվում է արևային պանելների տեղադրմամբ ու սպասարկմամբ, ազատականացված շուկա մուտք է գործել 2022 թվականին։

Էմիլ Ստեփանյան, «Էկովիլ» ընկերություն

Ընկերության փոխտնօրեն Էմիլ Ստեփանյանն այն կարծիքին է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց ձեռնտու է արևային կայան կառուցելը։ Մի դեպքում՝ կարող են լիցենզավորվել ու հոգալ սեփական ընկերությունների էներգետիկ կարիքները, մյուս դեպքում՝ հանդես գալ ուղղակի որպես արտադրող ու վաճառել էլեկտրաէներգիան։

Շուկայի ազատականացումից հետո, Ստեփանյանի համոզմամբ, երկրորդ տարբերակն ընտրողները շատացել են։

«Ունենք հաճախորդեր, ովքեր հող են գնել, նշանակությունը փոխել արտադրականի, կայան կառուցել և հիմա մեզ առաջարկում են՝ որպես մատակարար, համագործակցել իրենց հետ։ Այսինքն՝ այդ մարդիկ բացառապես որպես բիզնես են դա դիտարկում և ուզում են արտադրված էլեկտրաէնեգիան ամբողջությամբ իրացնել»,- մանրամասնում է Ստեփանյանը։

Հանրապետության մասշտաբով սպառողների՝ քանակապես ամենամեծ խումբը 0,4/0,23 կՎ լարման ցանցին միացած շուրջ 1 մլն բաժանորդներն են՝ հիմնականում տնային տնտեսություններ։

Նրանք հիմա ՀԷՑ-ի բաժանորդներ են, այդպես էլ, հավանաբար, կմնան, քանի որ 1 կՎտ-ի դիմաց ՀԷՑ-ին վճարում են, դիցուք, 48 կամ 53 դրամ, որից 21-ը բաշխման ծառայության վճարն է։ Այսինքն՝ բաշխման ծառայության համար այնքան են վճարում, որ էլեկտրաէներգիայի դիմաց վճարվելիք մասը հաշվեկշռում բավականին նվազում է։

«Ըստ այդմ՝ արտադրողին ոչ միայն ձեռնտու չի լինի այդ խմբին էլեկտրաէներգիա վաճառելը, այլև՝ ֆինանսական վնաս կհասցնի»,-ասում է «Էկովիլ»-ի ներկայացուցիչը։

Ինչպես են գոյանում էլեկտրաէներգիայի սակագները

Նախքան էլեկտրաէներգիայի շուկայի մոդելի փոփոխությունը էլեկտրաէներգիայի մեկ միավորի՝ 1 կՎտ-ի արժեքը ներառում էր թե՛ էլեկտրաէներգիայի արժեքը, թե՛ էլեկտրաէներգիայի բաշխման ծառայության սակագները։ Մեծ հաշվով, ոչ մեկն ուշադրություն չէր դարձնում բաշխման սակագնին, քանի որ մատակարարն ու բաշխողը մեկն էր՝ ի դեմս ՀԷՑ ՓԲԸ-ի։

Հիմա, երբ շուկայում հայտնվել են այլ մատակարարներ ևս, սպառողների յուրաքանչյուր խմբի համար ՀԾԿՀ-ն սահմանել է բաշխիչ ծառայության դիմաց վճարվելիք սակագները՝ համապատասխան մեթոդիկայի համաձայն։

Ուլիխանյանի ներկայացմամբ՝ բաշխիչ ծառայության վճարը սպառողների յուրաքանչյուր խմբի համար սահմանվում է՝ ելնելով բաշխման ցանցի վրա նրա առաջացրած ծախսից։ «Յուրաքանչյուր սպառողական խումբ պետք է վճարի այն ծախսին համարժեք, որն ինքն առաջացնում է։ 110 կՎ լարման սպառողների առաջացրած ծախսն ամենաքիչն է ընդհանուր համակարգում։


Ամենաբարձրը բաշխման ծառայության դիմաց վճարում են 0,4/0,23 կՎ-ին միացած բաժանորդները։ Պատճառն այն է, որ 0,4/0,23 կՎ սպառողներին էլեկտրաէներգիան հասցնելու համար օգտագործվում են մյուս խմբերի և՛ գծերը, և՛ ենթակայանները»,-պարզաբանում է Ուլիխանյանը։

Ստացվում է՝ սպառողը որքան ավելի ցածր լարման ցանցի է միացած, այնքան շատ ծախս է առաջացնում բաշխման ցանցում․ կոնկրետ 0,4/0,23 կՎ լարման ցանցին միացած սպառողին A կետից B կետ էլեկտրաէներգիա հասցնելու համար օգտագործվում են թե՛ 110, թե՛ 35, թե՛ 6(10) և թե 0,4/0,23 կՎ-ի գծերն ու ենթակայանները։

Ամբողջ բաշխիչ ցանցում առաջացած ծախսը, այսինքն՝ ցանցը սպասարկելու, կատարած ներդրումները վերադարձնելու համար, 2023թ․ փետրվարի 1-ից գործող սակագների հաշվարկներով՝ 1 տարվա կտրվածքով անհրաժեշտ կլինի 73,6 մլրդ դրամ, որից 7,9 մլրդ-ը էլեկտրաէնեգիայի հնարավոր կորուստներն են»,- նկատում է ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը։

Բաշխման ցանցի վրա առաջացրած ծախսը պարտավոր են փոխհատուցել ՀԷՑ-ի ու ազատ շուկայի մասնակիցները՝ միասին։

Ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ շուկայի ազատականացման նպատակն արդար գնագոյացում ձևավորելն է՝ Աշոտ Ուլիխանյանը նկատում է․

«ՀԷՑ-ի սպառողների որոշ խմբերի համար՝ սոցիալապես անապահով, քիչ սպառում ունեցող և այլն, սահմանված սակագները հնարավոր է նաև ամբողջությամբ չփոխհատուցեն բաշխման ծառայության վրա առաջացրած ծախսը»։

Սա, թերևս, մի հանգամանք է, որը բարդացնում է ազատ շուկա մուտք գործած արևային էլեկտրաէներգիա արտադրողների գործը։ Գնորդ գտնելը բարդանում է նաև այն պատճառով, որ էլեկտրէներգիայի այլ տեսակների արտադրողները՝ ԱԷԿ-ը, ՀԷԿ-երը և այլն, հաճախ ավելի ցածր սակագնով են կարողանում իրացնել արտադրանքը։

«Ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը 15,4 դրամ է՝ առանց ԱԱՀ, իսկ արևային կայանի միջոցով արտադրածն առնվազն 20-22 դրամ է՝ առանց ԱԱՀ։ Դրանից ցածր գնով ընդհանրապես ձեռնտու չի վաճառելը»,-ասում է «Էկովիլ»-ի փոխտնօրենը։

Այնուամենայնիվ, արդեն նկատվում է, որ մրցակցային հարաբերությունները դրդել են էլեկտրաէներգիայի բոլոր տեսակների արտադրության մեջ ներգրավվածներին ավելի ու ավելի ճկուն գործել։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Լուսանկարը՝ հեղինակի
Ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի

Այս նյութը պատրաստվել է «Էլեկտրաէներգիայի հասանելիություն» նախագիծի շրջանակում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։

Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 10/05/2023