Պատվաստումային գործընթացի մեկնարկից ի վեր Քովիդ-19-ի (Sars-CoV-2) դեմ ամբողջ աշխարհում իրականացվել է շուրջ 8,2 մլրդ դեղաչափ պատվաստում։
«Պարտաճանաչ» երկրների առաջին տասնյակը վերջին մեկ տարում առանձնապես փոփոխություն չի կրել․ ամբողջական՝ երկու դեղաչափով պատվաստված բնակչության թվով Արևմտյան Եվրոպայի ու ամերիկյան մայրցամաքի երկրները շարունակում են առաջատար մնալ։
Միևնույն ժամանակ, երկրագնդի միլիոնավոր բնակիչներ, որոնք չեն ստացել պատվաստանյութերի առաջին ու երկրորդ դեղաչափերը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, մնում են հիվանդության ծանր ընթացք ունենալու ռիսկի ներքո։
Համաձայն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի՝ համավարակի հետագիծը կախված կլինի յուրաքանչյուր բնակչից։ Հաշվի առնելով կրկնակի վարակման դեպքերն ու նոր շտամերի առաջացման հավանականությունը՝ գրասենյակը վարակի փոխանցման շղթան հնարավորինս արագ կոտրելու համար հորդորում է օր առաջ պատվաստվել։
Քովիդ-19-ի Օմիկրոն շտամը նոր մարտահրավեր է նետել աշխարհին, ներառյալ պատվաստված բնակչության բարձր տոկոս ունեցող երկրներին։ Հունվարի 10-ի դրությամբ, օրինակ, Մեծ Բրիտանիայում, որտեղ ամբողջությամբ պատվաստված է երկրի բնակչության 70%-ը, հաստատված դեպքերի շուրջ 96%-ը վարակված են եղել Օմիկրոն շտամով։ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում ևս հիվանդների 80-90%-ի մոտ այս շտամն է հայտնաբերվել։
Ինչպես «Ամփոփ Մեդիա»-ին հայտնել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակից, Օմիկրոնի դեպքում, ըստ նախնական տվյալների, առկա պատվաստանյութերը պակաս արդյունավետ են, սակայն հիվանդության ծանր ընթացքից պաշտպանում են․
«Օմիկրոնի դեպքում պետք չէ ապավինել COVID-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետին։ Եթե ունեցել եք COVID-19-ը, միևնույն է, պատվաստվե՛ք։ Լաբորատոր հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ COVID-19 վարակից ապաքինվելը չի ապահովում պաշտպանության այնպիսի մակարդակ, որ իմունային համակարգը կարողանա կանխել հետագա վարակումը։ Կրկնակի վարակման դեպքեր նույնպես հնարավոր են, ուստի վարակից և հիվանդության պոտենցիալ ծանր ընթացքից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստվելն է»։
Այն, որ այս իրավիճակում չպատվաստված բնակչությունն ավելի խոցելի է դառնում, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակում կասկածից վեր են համարում։ Կանխատեսում են՝ Օմիկրոնն աննախադեպ արագությամբ կտարածվի ու, ինչպես Դելտայի ալիքի դեպքում էր, այս դեպքում էլ չպատվաստված համայնքներն ամենաշատը կտուժեն։
Տարածվածությամբ այժմ ամբողջ աշխարհում գերակշռող են հիմնականում երկու՝ Դելտա և Օմիկրոն շտամերը։ «Մրցակցությունն» այս երկու տարբերակների միջև բավականին սուր է․ Դելտայի և Օմիկրոնի հարաբերակցությունը շաբաթների ընթացքում է փոխվում։ Քովիդ-19-ի ավելի վաղ հայտնի դարձած շտամերը շրջանառության շատ ավելի ցածր մակարդակ ունեն։
Աշխարհի տարբեր մայրցամաքներում Օմիկրոն շտամով վարակվածության ակտիվ օջախներ կան արդեն ավելի քան 30 երկրներում։ «Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է այդ երկրներում Դելտա և Օմիկրոն շտամերի հայտնաբերման ցուցանիշները հաստատված դեպքերի շրջանում 1 ամսվա տարբերությամբ և պարզել, որ հակադարձ համեմատական կապ կա նշված երկու շտամերի միջև, ինչը նշանակում է, որ Օմիկրոն շտամով դեպքերի ավելացումը հանգեցնում է Դելտա շտամով դեպքերի գրեթե նույնքան նվազման։ Այս մասին է վկայում ստորև բերված գծապատկերը։
Կորոնավիրուսների ողջ գենետիկական նյութը գտնվում է ՌՆԹ-ում։ Պարզելու համար, թե մարդը վիրուսի որ տեսակով կամ շտամով է վարակված, սեկվենավորվում է վիրուսի ՌՆԹ-ն (ռիբոնուկլեինաթթու)։ Վիրուսի տարբեր շտամերի շրջանառությունը ժամանակին հայտնաբերելու համար երկրների առողջապահական համակարգերը պետք է շատ զգոն լինեն:
Հայաստանի առողջապահական ազգային մարմինները վերջերս ստացել են լաբորատոր հատուկ թեստ-համակարգեր, որոնք թույլ են տալիս հայտնաբերել Օմիկրոն տարբերակի դեպքերը։ Հայաստանում Օմիկրոն շտամով առաջին երկու դեպքը գրանցվել է հունվարի 8-ին։ Եվս 7 դեպք գրանցվել է հունվարի 17-ին։
Համավարակի դեմ արդյունավետ պայքարելու համար պատվաստումների ռազմավարություն է պետք։ Covid-19-ի հետ կապված ու առայժմ անորոշ համարվող հարցերից մեկը պատվաստումների շարունակականությունն է։ Համադրելով մինչ այժմ առկա փաստերը՝ մասնագետները հանգել են այն մտքին, որ պատվաստումից վեց ամիս անց օրգանիզմի պաշտպանունակությունը որոշ չափով նվազում է։
Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ԱՀԿ-ն նպատակահարմար է համարում բարձր ռիսկային խմբում գտնվող մարդկանց շրջանում ամբողջական պատվաստումից վեց ամիս անց իրականացնել մեկ խթանիչ (բուսթեր) պատվաստում։ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի համաձայն՝ խթանիչ դեղաչափերի կիրառումը պետք է հիմնված լինի բացառապես ապացույցների վրա և ուղղված լինի առողջապահական համակարգի անխափան աշխատանքն ապահովողներին և բնակչության այն խմբերին, որոնք գտնվում են հիվանդության ծանր ընթացք ունենալու բարձր ռիսկի ներքո։
«Մենք դեռ չգիտենք, թե ինչ ազդեցություն կունենա երրորդ՝ խթանիչ դեղաչափը, և եթե հիվանդության ծանր դեպքերի աճ նկատվի, ի վերջո, ավելի լավ կլինի սպասել թարմացված պատվաստանյութի, այլ ոչ թե շարունակաբար օգտագործել սկզբնական՝ «առաջին սերնդի» պատվաստանյութերի խթանիչ դեղաչափը»:
ԱՀԿ-ն չի բացառում, որ Քովիդ-19-ը կարող է դառնալ էնդեմիկ հիվանդություն, ու վարակի նկատմամբ խոցելի բնակչությունը պարբերաբար պատվաստվելու կարիք ունենա, ինչպես, օրինակ, գրիպի դեպքում։
«Ուստի մենք չենք կարող բացառել դրա դեմ կանոնավոր պատվաստումների հնարավորությունը», – «Ամփոփ Մեդիա»-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակից։
Առայժմ բավարար չափով նյութեր չկան, թե որքան ժամանակ կարող է խթանիչ (բուսթեր) պատվաստումը կանխել հիվանդության ծանր ընթացքը։ Հատկապես նոր շտամերի ի հայտ գալուն զուգահեռ՝ դժվար է նաև վարակի փոխանցման հավանականությունը գնահատելը։
Ներկայումս ընդամենը մեկ խթանիչ պատվաստմամբ փորձ է արվում բարձր ռիսկային գոտում գտնվող մարդկանց հեռու պահել վարակի հնարավոր ծանր հետևանքներից։
Խթանիչ պատվաստումը հնարավոր է նաև՝ երկրից երկիր տեղաշարժվելու հարցում վճռորոշ դառնա։ ԱՀԿ անդամ երկրներն իրենց ճամփորդական քաղաքականությունները մշակում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում՝ չնայած նրան, որ ԱՀԿ-ն ճամփորդելու համար պատվաստումը որպես պարտադիր պայման սահմանելու կարիք չի տեսնում։
Այդուհանդերձ, ԵՄ-ն վերջերս հայտարարել է, որ իր թվային COVID անցագիրն ուժի մեջ կլինի միայն 9 ամիս՝ պատվաստման ամբողջական կուրսը կամ խթանիչ դեղաչափը ստանալուց հետո։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Գծապատկերները՝ Կարինե Դարբինյանի
#COVID19
Կարդացեք նաև
- Ի՞նչ պետք է անել և ի՞նչ չանել պատվաստումից առաջ և հետո
- COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը ու տարբերությունները
- Կորոնավիրուսի կապը նյարդային ու հոգեկան հիվանդությունների հետ
- 3-րդ դեղաչափ կամ բուսթեր․ Ինչու է հարկավոր խթանիչ պատվաստումը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 19/01/2022