Սոցիալական Տնտեսություն

Հիփոթեքային վարկի տոկոսագումարները եկամտահարկի հաշվին․ Ի՞նչ է փոխվում

Աղբյուրը՝ Melqonyan Realty

Երկար ծամծմված նախագիծը, որ սպառնում էր հիփոթեքով տուն գնողներին, ընդունվեց կառավարության օգոստոսի 19-ի նիստին։ Այն դեռ պետք է որպես օրենք հաստատվի Ազգային ժողովում, և քիչ հավանական է, որ որևէ անսպասելի բան լինի։

Նախագիծը ենթադրում է, որ Երևանում հիփոթեքով բնակարան գնողները այլևս չպետք է կարողանան իրենց վարկի տոկոսագումարները մարել եկամտահարկի հետվերադարձի միջոցով։ Սա կվերաբերի Երևանի բնակարաններին, այն էլ՝ աստիճանաբար։

Լրացում․ Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց եկամտահարկի հետվերադարձի օրենքի փոփոխությունները, ինչը նշանակում է, որ եկամտահարկի հետվերադարձի համակարգը կսկսի աստիճանաբար չգործել Երևանում կառուցվող շենքերի բնակարանների գնման դեպքում։

Երևանի առաջին գոտում (տե՛ս ստորև՝ քարտեզը) եկամտահարկի հետվերադարձի համակարգը այլևս չի գործի 2022 թ․ հուլիսի 1-ից։ Իսկ երկրորդ գոտում՝ 2023 թ․ հունվարի 1-ից։ Եվս վեց ամիս անց՝ 2023 թ․ հուլիսի 1-ից, այն չի գործի նաև երրորդ գոտում։ Արդեն 2025 թ․ հունվարի 1-ից եկամտահարկի հետվերադարձը չի գործի Երևանի ոչ մի տարածքում։ 

Իրավիճակ

Բանն այն է, 2015-ից Հայաստանում գործում է եկամտահարկի հետվերադարձի մեխանիզմը։ Այսինքն եթե բնակարան եք գնում նորակառույց շենքում հենց կառուցապատողից, ապա կարող եք հիփոթեքի տոկոսները վճարել Ձեր աշխատավարձից պահվող եկամտահարկի հաշվին։

Այս տարվա սկզբից եկամտահարկը Հայաստանում 22 տոկոս է։ Եվ եթե հիփոթեքով տուն գնողի մաքուր աշխատավարձը, օրինակ, 200 հազար դրամ է, ապա ևս 60 հազար դրամ նրա հաշվին վճարվում է եկամտահարկ։ Այսպիսով՝ եկամտահարկի հետվերադարձի մեխանիզմով տուն գնողը կարող է վճարել հիփոթեքի տոկոսագումարը, բայց ոչ ավելի, քան այդ 60 հազար դրամը (ամբողջ եկամտահարկը)։ Դա էլ արվում է եռամսյակային հաշվով, ոչ թե ամեն ամիս։

Այս օրենսդրական կարգավորումը ներդրվել էր 2010-ականների կեսերի տնտեսական բարդ իրավիճակի հաղթահարման, շինարարության ակտիվացման համար։ Հենց դրա համար էլ այս մեխանիզմով բնակարան կարելի էր գնել հենց նորակառույց շենքերում, որպեսզի խրախուսվեր հենց շինարարությունը։ Նույն օրենքի համաձայն՝ մարդ կարող է նույն մեխանիզմից օգտվել, եթե կառուցում է առանձնատուն, միայն թե այստեղ հիփոթեքի և թղթաբանության տակ պետք է մտնի ամբողջ շինարարությունը։

Հետագայում այս օրենքի տնտեսական բաղադրիչին ավելացվեց նաև սոցիալականը։ Բանն այն է, որ այս օրենքից կարող էին օգտվել նաև մեծահարուստները՝ շքեղ ու թանկ տներ գնելու համար։ 2018-ին այդ օրենքը փոփոխվեց, և սահմանափակումներ դրվեցին: Որոշվեց, որ․

  • այս մեխանիզմը չի գործելու, եթե տան գինը անցնում է 55 մլն դրամը,
  • վերադարձվող եկամտահարկը եռամսյա ժամկետում չպետք է գերազանցի 1,5 մլն դրամը (ամսական 500 հազար դրամ),
  • այս մեխանիզմից ամեն մարդ կարող է օգտվել միայն մեկ անգամ։

Չնայած դրան՝ ծրագրի շահառուների թիվն այս պահին գերազանցում է 17 հազարը։ Իսկ ըստ ֆինանսների նախարարության կանխատեսման՝ դրանից օգտվողների թիվը կանցնի 20 հազարը։

Փող չկա

Այս կարգավորումից հրաժարվելը վաղուց է մտնում կառավարության մտադրությունների մեջ։ կորոնավիրուսի ճգնաժամն ու պատերազմը՝ իր հետևանքներով, հանգեցրին նի իրավիճակի, երբ պետության ծախսերը շատացան, իսկ հարկային մուտքերը սկսեցին չբավականացնել։ Բանն այն է, որ այս մեխանիզմով վերադարձվող եկամտահարկը ամեն տարի ավելի ու ավելի մեծ գումար է պահանջում պետբյուջեից։

Կառավարության նիստի ժամանակ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ մեխանիզմը մինչև հիմա գործել է հիմնականում Երևանում։

«Երևանից դուրս բնակարանաշինությունը դեռևս աննշան չափով է կրում այս արտոնության դրական ազդեցությունը։ Այս մասով մեկ թիվ․ ընդհանուր առ այսօր կառուցապատված բնակարաններում եկամտային հարկի դիմաց շահառուների քանակը ընդամենը 7 տոկոս է։ Այսինքն մնացած 93 տոկոսը գտնվել է Երևանում», – նշեց նախարարը։

Ստացվում է, որ պետբյուջեից ֆինանսավորվում է մի մեխանիզմ, որը փաստացի խրախուսում է Երևանում տուն գնելը։ Պատճառն էլ այն է, որ կառուցապատող ընկերություններին ավելի ձեռնտու է բնակարաններ կառուցել Երևանում ու թանկ վաճառել դրանք, քան եթե այդ բնակարանները լինեն Արթիկում, Կապանում և այլ մարզային քաղաքներում։

«Եկամտահարկի հետվերադարձի մեխանիզմը գործում է առաջնային շուկայի դեպքում, այսինքն միայն նորակառույց շենքերի դեպքում։ Եվ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մարզերում ապրող-աշխատող մարդիկ հնարավորությունը չկորցնելու համար բնակարան են ձեռք բերում Երևան քաղաքում։ Արդյունքում ստացվում է, որ մենք ասում ենք՝ տարածքային համաչափ զարգացում, Երևանից ապակենտրոնացում, բայց իրականում ավելի մեծ կենտրոնացում է տեղի ունենում Երևանում», – կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական որոշման իմաստն այն է, որ խթանեն շինարարությունը մարզերում։ Կառավարության նիստում ընդունված նախագիծը ենթադրում է, որ այս մեխանիզմը չի գործելու հենց Երևանում։ Այսինքն եթե կառուցապատողը շենք կառուցի Գյումրիում, Իջևանում, Գորիսում և այլ մարզային քաղաքներում, ապա այդ շենքում բնակարան գնողները կկարողանան օգտվել եկամտահարկի հետվերադարձից։

Մյուս՝ կառուցապատողների կողմը այս նախագիծը համարում է մտահոգիչ։ «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» հայտարարություն է տարածել, որում նշում է նախագծի վտանգների մասին․

«Այս նախագծի կյանքի կոչվելուն զուգահեռ առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը կնվազի, հետևաբար կնվազի նաև՝ կառուցապատումն ու շինարարության ծավալներն այս ոլորտում։ Դա էլ իր հերթին կհանգեցնի շինարարության ծավալների ավելի մեծ անկմանն ու աշխատատեղերի կրճատմանը», – նշվում է հայտարարության մեջ։

Նախագծի նախորդ տարբերակի շրջանառության մասին հայտնել էր հենց կառուցապատողներին միավորող կազմակերպությունը։

Ինչ է լինելու Երևանի հետ

Նախ բոլոր այն մարդիկ, ովքեր սկսել են օգտվել եկամտահարկի հետվերադարձի մեխանիզմից, նրանք շարունակելու են օգտվել այնքան, մինչև կավարտեն իրենց հիփոթեքային վարկի մարումը՝ մինչև վերջ։ Սա ենթադրվում է նախագծով։

Երևանից էլ այս մեխանիզմը միանգամից չի հանվում։ Դրա համար ժամկետներ են սահմանվում։ Անշարժ գույքի գներին համապատասխան՝ Երևանը (ինչպես և ՀՀ մյուս քաղաքները) բաժանված է գոտիների (Կադաստրի կոմիտեի մանրամասն քարտեզը՝ այստեղ

Առաջինը եկամտահարկի հետվերադարձը կսկսի չգործել Երևանի ամենակենտրոնում՝ առաջին գոտում։ Այդ հատվածը քարտեզում ներկված է նարնջագույնով։ Առաջին գոտու համար մեխանիզմը չի աշխատի արդեն 2022 թվականի հուլիսի 1-ից։

Չեղարկվող գոտիների քարտեզ

Այնուհետև եկամտահարկի հետվերադարձից չեն կարողանա օգտվել երկրորդ գոտում (կանաչ) բնակարան գնողները։ Դա կլինի 2023 թվականի հունվարի 1-ից։ Այս գոտին ներառում է Կենտրոնի մնացած հատվածը և Մոնումենտը։

Եվս կես տարի անց՝ 2023 թվականի հուլիսի 1-ից, մեխանիզմը չի գործի Երևանի 3-րդ գոտում (քարտեզում՝ կապույտ)։ Այս գոտին էլ ներառում է Մոնումենտի հարակից տարածքները, Բաղրամյան, Կիևյան, Չարենց փողոցների հարակից մասերը, Կոնդը և այլն։

Իսկ արդեն 2025 թ․ եկամտահարկի հետվերադարձից չեն կարողանա օգտվել Երևանի ողջ տարածքում։

Այս ամենում, սակայն, կա բացառություն։ Այն շենքերը, որոնց շինթույլտվություններն արդեն տրված են կամ կտրվեն մինչև այս տարվա ավարտ, չեն ընկնի նոր կարգավորման տակ։ Եվ այդ շենքերում բնակարան գնողները կկարողանան օգտվել եկամտահարկի հետվերադարձից, երբ էլ շենքը կառուցվի։

Կառավարության նիստի ժամանակ, սակայն, ակնարկ եղավ այն մասին, որ Ազգային ժողովում քննարկումների ընթացքում կփորձեն սահմանափակել այնպես, որ շենքերի կառուցումն էլ չձգձգվի։

Իսկ վտանգը, որ կառուցապատողները կարող են զանգվածաբար շինթույլտվություններ ստանալ մինչև տարեվերջ, անհավանական է։ Պատճառն այն է, որ Հայաստանում շինթույլտվություն և հարակից փաստաթղթերի ստանալը խիստ ժամանակատար գործ է։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ կառուցապատման թղթաբանությունը գործնականում տևում է 839 օր՝ 2 տարուց ավելի։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան

Ինտերակտիվ գրաֆիկները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/08/2021