Իրավունք Սոցիալական

Հետվճարի անհավասար պայմաններ թոշակներն անկանխիկ ստացողների համար

75-ամյա Լյուբով Կարապետյանն ամեն անգամ գնումներ կատարելու համար «թոշակի քարտ»-ը տալիս է դստերը։ Ոչ տարիքից է գանգատվում, ոչ տեղաշարժվելուց, ոչ էլ տեխնիկական նորամուծություններից․ սիրով իր առևտուրն ինքնուրույն կաներ։ Սակայն բակի խանութներից որևէ մեկն անկանխիկ վճարումներ չի ընդունում։ Իսկ նա ոչ ուզում է այլ թաղամաս գնալ՝ մեծ խանութներից օգտվելու, ոչ էլ բաց թողնել պետության առաջարկած ամսական կենսաթոշակից հետվերադարձ ստանալու հնարավորությունը։

Լյուբով Կարապետյանը հեռավոր գյուղից չէ․ ապրում է Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն թաղամասում։ Ստացվում է, որ նույնիսկ մայրաքաղաքի որոշ հատվածներում թոշակն անկանխիկ տարբերակով ստանալ-ծախսելու պետության առաջարկ-պահանջ-խրախուսումը «չի աշխատում»։

Խնդիրը շատ ավելի լուրջ է համայնքներում։

Իրավիճակ

2022 թ․ հուլիսի 1-ից պետությունը կենսաթոշակն անկանխիկ տարբերակով ստացող քաղաքացիներին առաջարկեց Հայաստանում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում գործարքներ կատարել անկանխիկ տարբերակով։

Այդ դեպքում կենսաթոշակառուն հաջորդ ամիս ստանալու է կատարած գործարքների հանրագումարից 10%-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5 000 դրամը: Այսինքն՝ եթե 40 000 դրամ թոշակ ստացող քաղաքացին ամբողջ գումարը ծախսի անկանխիկ գնումներ կատարելով՝ հաջորդ ամիս կստանա 4 000 դրամ վերադարձ, 60 000 դրամ ստացողը՝ առավելագույնը 5 000 դրամ վերադարձ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության Ընտանիքին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է՝ ծրագրի հիմնական նպատակը կենսաթոշակառուների գնողունակությունը բարձրացնելն է եղել․

«Միջոցառումը նաև նպատակ ուներ խթանել անկանխիկ եղանակով գործարքների կատարումը, ավելացնել սպառողների, մասնավորապես՝ կենսաթոշակառուների կողմից ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները, մեծացնել նշված գործիքների կիրառման տարածվածությունը։ Այսինքն՝ մենք այդ մի ծրագրով մի քանի նպատակ էինք հետապնդում»,- ասում է Մարգարյանը։

Կենսաթոշակառուները ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու մեծ պատրաստակամության դեպքում ևս հաճախ դա չեն կարողանում անել։ Լյուբով Կարապետյանի դեպքը եզակի չէ։ Նախարարության ներկայացուցիչն ասում է՝ տեղյակ են, որ այդ խնդիրը կա։ Որոշ համայանքներում POS տերմինալները կամ շատ քիչ են, կամ բացակայում են (POS-տերմինալը էլեկտրոնային ծրագրային-ապարատային սարք է՝ վճարային քարտերից վճարում ստանալու համար)։

«Իրոք, մենք Երևանում ունենք այդ խնդիրը, որոշ թաղամասերում դեռևս քիչ են։ Ունենք նաև համայնքներ, որտեղ եթե չասեմ չկա, ապա կա՝ շատ քիչ։ Այս մասին կա վարչապետի հանձնարարական, որ հնարավորինս արագ ու դյուրին դարձնեն վճարային քարտեր ընդունող սարքերի տեղադրումը և տեղեկություն ներկայացնեն կառավարությանը»։

Մարգարյանի փոխանցմամբ՝ փետրվար ամսին 200 տերմինալ է տեղադրվել կամ համապատասխան միացումներ ստացել։ Բայց այս խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար քայլեր արվում են։

ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Ամփոփ Մեդիային» հայտնեցին, որ 2022թ. դեկտեմբերի 29-ից Հայաստանի Հանրապետության 1000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր 406 գյուղերում առկա է առնվազն մեկ POS տերմինալ:

Հայաստանում կա 911 համայնք

Ստացվում է՝ ևս 505 համայք ունի 1000-ից ցածր բնակչություն։ Այդ համայնքներից քանիսո՞ւմ գոնե մեկ POS տերմինալ կա՝ ծառայությունից չհայտնեցին։

Ծրագրի ընթացքը

Ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության շնորհիվ։

10% հետվճարի 5%-ը վճարում է պետությունը, մյուս 5%-ը՝ համագործակցող բանկերը։ Դրանք 4-ն են՝ «Հայբիզնեսբանկ», «ՎՏԲ-Հայաստան բանկ», «Արդշինբանկ» և «Ակբա Բանկ»։

«Բնականաբար, ցանկացած ծրագրի սկիզբ մարդկանց մոտ առաջացնում է կասկած։ Հարցերը շատ-շատ էին, քանի որ նոր էր ծրագիրը, բայց ընթացքում խոչընդոտները, անճշտությունները ուղղելով, շտկելով՝ արդեն ունենք դրական տենդենց։ Կենսաթոշակառուները, եթե այլ բանկով են ստանում թոշակը, փոխում են այն, որ օգտվեն ծրագրին միացած բանկերից»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցում են, որ 2022 թ․-ի հուլիսին՝ ծրագրի մեկնարկային առաջին ամսում, եղել է 16 903 շահառու, որոնց փոխհատուցվել է շուրջ 48 միլիոն դրամ։

«2023-ի հունվարին արդեն ծրագրին միացել էր 71 900 շահառու, որոնց փոխանցվել է 252 միլիոն դրամ»։

Բայց այդ թիվը Հայաստանի տարիքային կենսաթոշակառուների և նպաստառուների ընդհանուր թվի շուրջ 18%-ն է կազմում։

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի պայմանը գործում է գումարը ոչ թե կանխիկացնելու, այլ անկանխիկ եղանակով ծախսելու դեպքում։ Հետվճար տրամադրող ծրագրից օգտվելը քաղաքացու ընտրությունն է, սակայն թոշակը անկանխիկ տարբերակով ստանալը՝ պետության պահանջը։

Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանը մեկ այլ խնդրի մասին ևս ահազանգում է․ գյուղացիները դժվարանում են նույնիսկ թոշակը կանխիկացնելիս։

«Հիմա և՛ կենսաթոշակները, և՛ աշխատավարձերը անկանխիկ են վճարում, բայց գյուղական ոչ մի բնակավայրում բանկոմատ չկա, ու եթե, օրինակ, ինչ-որ ուսուցիչ կամ թոշակառու մի գյուղում ստանում է 40, 50, 60 հազար դրամ, ինքը պիտի տաքսիով այդ գյուղից գա, Գորիսում կանխիկացնի այդ գումարը, գնա։ Եթե, իհարկե, իրան կանխիկ է պետք։ Իսկ իրենց հե՛նց կանխիկ է պետք, որովհետև գյուղական այդ փոքր խանութներում, բնականաբար, չկա քարտով առևտուր անելու հնարավորություն։ Եվ հետո՝ մարդուն այնքան էլ հարմար չէ անկանխիկ առևտուրը, որովհետև պատահում է՝ մասնավոր առևտուր են անում մեկից, ասենք՝ լոլիկ են առնում համագյուղացուց։ Իրենց կանխիկ գումար է պետք»։

Պատմում է՝ Գորիսում հաճախ է տեսնում բանկոմատին մոտեցած մարդ, ում ձեռքին 10-20 բանկային քարտ կա․ մեկը եկել է ամբողջ գյուղի անկանխիկ գումարը թղթային դարձնելու։

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի ժամկետը գործելու է մինչև սույն թվականի հունիսի 30-ը, սակայն գյուղական համայանքների բազմաթիվ կենսաթոշակառուներ համայնքում POS տերմինալների բացակայության պատաճռով չեն հասցնի օգտվել պետության ընձեռած այս հնարավորությունից։

Ստացվում է, որ պետության ընձեռած հնարավորությունն իրականացվում է քաղաքացիների համար անհավասար պայմաններում, մյուս կողմից՝ պետության պահանջը բավարարվում է՝  հավելյալ դժվարություններ ստեղծելով կենսաթոշակառուների և նպաստառուների համար։

Ոլորտային գերատեսչության ներկայացուցիչը նշում է՝ խնդիրներն աստիճանաբար հարթվում են, եղածները ևս լուծման փուլում են։ Արմեն Մարգարյանի խոսքով՝ սա առնչվող բոլոր խմբերի համար ձեռնտու ծրագիր է և, ըստ ամենայնի, կառավարության հանձնարարականով կերկարաձգվի։

Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան
Գծապատկերը՝  Անուշ Բաղդասարյանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/03/2023