Կորոնավիրուսային վարակի բռնկումից ամիսներ անց բժիշկները փորձում են հասկանալ, արդյոք հիվանդությունը կարո՞ղ է հանգեցնել նյարդային ու հոգեկան որոշ հիվանդությունների սրացման կամ առաջացման։
Վիրուսի թողած հետևանքները գնահատելու նպատակով COVID-19-ով վարակված մարդկանց շրջանում հետազոտություններ են արվել տարբեր երկրներում։ Խնդիրները, որոնք ապաքինվելուց հետո շարունակել են անհանգստացնել մարդկանց, ինչպես ցույց են տվել տարբեր կենտրոններում արված հետազոտությունները, հիմնականում կապված են ուղեղի հետ։
Կենտրոնացման, հիշողության, համի/հոտի բացակայության խնդիրներն այս շարքի ամենահաճախ հանդիպող, բայց ոչ ամենավտանգավոր ազդեցություններն են, որ կորոնավիրուսի հետևանքով կրում է ուղեղը։
Լիվերպուլի համալսարանի պրոֆեսոր Թոմ Սոլոմոնը, ով 2020թ․-ին արդեն պարզել էր, որ վիրուսը լրջորեն ազդում է ուղեղի վրա, պատճառների շարքում առանձնացրել է ուղեղում առաջացող թթվածնային քաղցը, արյան մակարդելիության, իմուն համակարգի ռեակցիայի հետ կապված խնդիրները։
Գծապատկերում ներկայացված են տարբեր երկրներում անհանգստության տարածվածության ցուցանիշները մինչև քովիդը (սևով) և քովիդից հետո (կապույտով)։
Հետքովիդյան խնդիրները հասկանալու համար հետազոտությունները սկզբնական շրջանում հիմնականում արվում էին սակավաթիվ (հիվանդության միջին կամ ծանր ընթացք ունեցած) հիվանդների շրջանում։
Հետազոտողների մեկ այլ խումբ ընդլայնել է նրանց շրջանակը։ Արդյունքում՝ քովիդ տարած շուրջ 105 հազար մարդկանց մեկ քառորդի մոտ, որոնք ընտրվել էին 30 երկրից, դիտվել են տագնապային խանգարումներ՝ լուրջ անհանգստություն և վախ։ Իսկ հիվանդությունը ոչ այնքան ծանր տարած հիվանդների մոտ հաճախ նկատվել են համի, հոտի կորուստ ու մկանային ցավ։
Ստորև բերված գծապատկերում ներկայացված է նույն երկրներում դեպրեսիաների տարածվածությունը մինչև քովիդը (սևով) և քովիդից հետո (կապույտով)։
Վերջերս ամերիկացի կենսաբանները ահազանգել են, որ նոր տիպի կորոնավիրուսը ախտահարում է նաև ականջը։ Ստենֆորդի համալսարանի հետազոտողների խումբը պարզել է, որ վիրուսը կարող է ներթափանցել ներքին ականջ, ախտահարել նյարդային բջիջներն ու առաջացնել վեստիբուլյար և լսողական ապարատի տարբեր խանգարումներ։
Հայաստանը՝ քովիդով վարակված մարդկանց շրջանում հետազոտություն անող երկրների շարքում
Արդեն մեկուկես տարի է՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ձևավորված թիմը ևս աշխատում է նոր կորոնավիրուսային վարակի առաջացրած առողջական խնդիրների բարդությունը պարզելու ուղղությամբ։
Հետազոտական երկու ծրագրերից մեկով, COVID-19-ի հետևանքով առաջացած նեյրոխանգարումներն ուսումնասիրելու արդյունքում, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ հիվանդությունն իր ազդեցությունն է թողնում ուղեղի և նյարդային համակարգի վրա։
«Հետազոտության մասնակիցների 30-40%-ի մոտ համի ու հոտի խանգարումները երկար ժամանակ պահպանվել են։ Դա մեզ հիմք տվեց ենթադրելու, որ, եթե տեղային խնդիր չկա, այսինքն՝ ընկալիչներն այտուցված չեն, ուրեմն խնդիրը հոտի ու համի ընկալման և ուղեղում դրանց վերլուծության հետ է կապված», – «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է թիմի ղեկավար, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը։
Հետազոտական առաջին ծրագիրը, որը կոչվում է «Քովիդ-հակամարմին», նպատակ ունի պարզել՝ հիվանդանալուց հետո հակամարմիններ առաջանում են, թե ոչ, ու թե ինչպես է փոխվում հակամարմինների քանակությունը ժամանակի ընթացքում։
Հետազոտական 2-րդ ծրագրի՝ «Քովիդ-նեյրո»-ի գլխավոր խնդիրն է՝ բացահայտել, թե ինչպես է ազդում հիվանդությունը ուղեղի և նյարդային համակարգի վրա։
Բացի համի և հոտի կորստից, COVID-19 տարած մարդկանց մոտ դիտվել են նաև ճանաչողական ֆունկցիայի՝ հիշողության, կենտրոնացման հետ կապված խնդիրներ։ ԵՊԲՀ մասնագիտական թիմն այժմ փորձում է պարզել, թե կորոնավիրուսը որքան խորը կարող է ախտահարել գլխուղեղի այս կամ այն դաշտը։ Միաժամանակ գիտնականները փորձում են գտնել հակամարմինների քանակի և հիվանդության հետևանքով առաջացած նեյրոխանգարումների կապը:
Վարակի կարճաժամկետ ու երկարաժամկետ հետևանքները տարբերակելու հարցում թիմը չի շտապում, բայց հետազոտության ընթացքում որոշ հիվանդությունների (օրինակ՝ ալցհայմեր) երիտասարդացման նախադրյալներ են նկատվել։
ԵՊԲՀ-ի թիմը պարզել է, որ հակամարմինների քանակությունն ուղղակիորեն կապված է մարդու տարիքից ու հիվանդության ծանրության աստիճանից։
«Սովորաբար կենտրոնանում ենք հակամարմինների մակարդակի վրա, մինչդեռ էականը դրանց արդյունավետությունն է․ հնարավոր է՝ մարդ ունենա շատ հակամարմիններ, բայց դրանք ցածր արդյունավետություն ունենան և հակառակը: Մեր թիմն աշխատում է նաև այս հարցի ուսումնասիրության ուղղությամբ»,- ընդգծում է թիմի ղեկավարը։
Հետազոտության ներկա փուլում ներգրավված են տարիքային տարբեր խմբերից կորոնավիրուսով հիվանդացած մարդիկ՝ այդ թվում նորածին երեխաներ։ Այդ երեխաների նյարդային համակարգում կատարվող փոփոխությունները թույլ կտան հասկանալ, թե վարակը երեխաների մոտ ինչ հիվանդություններ կարող է առաջացնել։
Դժվարություններ, որոնք խանգարում են հետազոտությանը
Ենկոյանի խոսքով՝ այն, որ որոշակի հետևանքներ թողնում է քովիդը, փաստ է, բայց առայժմ բարդ է պարզել, արդյոք վարակվելուց հետո ի հայտ եկած խնդիրները պայմանավորված են բացառապես վիրուսո՞վ, թե՞ վիրուսը նպաստել է դրանց զարգացմանը։
Բարդությունը կայանում է նաև նրանում, որ դժվար է գտնել համեմատության համար լրիվ առողջ, նախկինում չվարակված, հետազոտությամբ վեր հանված առողջական խնդիրների հակվածություն չունեցող մարդկանց։
Այդ խնդրին բախվել են նաև այլ երկրների հետազոտողները։ Այդուհանդերձ, նրանք ևս հանգել են այն համոզման, որ եթե անգամ խնդիրները բացառապես վիրուսով պայմանավորված էլ չեն, ապա վիրուսը, միանշանակ, նպաստել է դրանց զարգացմանը։
Հետազոտողները պնդում են, որ նյարդաբանական ու հոգեկան խնդիրների տարածվածությունը զգալիորեն մեծացել է նոր կորոնավիրուսային վարակից հետո։ Ամեն դեպքում, պատկերն ամբողջացնելու համար մասնագետները ցածր զարգացվածություն ունեցող երկրներում ևս նման հետազոտությունների կարիք են տեսնում։ Մասնագետները հուշում են՝ առողջապահական համակարգերը պետք է պատրաստ լինեն երկարաժամկետ ծանրաբեռնվածության, քանի որ վիրուսի թողած հետևանքներով ստիպված են լինելու զբաղվել դեռ երկար տարիներ։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Գրաֆիկները՝ Oecd.org կայքից
Ինֆոգրաֆիկան՝ Անուշ Բաղդասարանի
#COVID19
Կարդացեք նաև
- Հայաստանում շրջանառվող պատվաստանյութերն ու պատվաստված բնակչությունը
- COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը ու տարբերությունները
- Արի՛ համեմատենք գրիպն ու COVID-19-ը․ Ինչպե՞ս կողմնորոշվել
- Կորոնավիրուսային մահերի նվազումը կապ ունի պատվաստվածության բարձր ցուցանիշի հետ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 30/11/2021