Առողջություն

Բուժանձնակազմի բաշխվածությունը Հայաստանի Հանրապետությունում

Մայրաքաղաք Երևանում և մարզերում անհամաչափ է բժիշկների կադրային բաշխվածությունը։ Եթե Երևանում 10 հազար բնակչին հասնում է 90 բժիշկ, ապա մարզերում՝ 15-25 բժիշկ։ 10 հազար բնակչի հաշվով ամենաքիչ բժիշկները առկա են Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում։ Իրավիճակը փոքր ինչ այլ է միջին բուժանձնակազմի դեպքում։ Չնայած Երևանում կրկին ամենաբարձր ցուցանիշն է՝ 10 հազար բնակչին՝ 78 միջին բուժանձնակազմի աշխատող, սակայն մարզերում իրավիճակը վատթար չէ՝ 34-56 միջին բուժանձնակազմի աշխատող 10 հազար բնակչին։

Մարզերի կադրային ներուժը համալրելու նպատակով Առողջապահության նախարարությունը նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը` 35-ից  դարձրել է 50։ Այսինքն՝ նախարարությունը վճարում է 50 ուսանողի ուսման  վարձը և տալիս է կրթաթոշակ, իսկ ավարտելուց հետո արդեն պատրաստի բժիշկը 5 տարի պարտավորվում է աշխատել մարզային բուժհիմնարկում։ Բացի այդ մարզերից ներկայացված հրատապ կադրային պահանջարկի դեպքում՝ Երևանից կարճ ժամանակահատվածով համապատասխան բժիշկները գործուղվում են մարզեր։ Ըստ նախարարության, մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ 7 մասնագետ տարբեր ժամանակահատվածով գործուղվել է մարզեր։

Առողջապահական համակարգում բարեփոխումները նաև բուժաշխատողների համար են կատարվել։ Մարզերի և Երևան քաղաքի շուրջ 15 հազար բուժաշխատող իրավունք է ստացել օգտվել սոցփաթեթից։ Հիվանդանոցների բուժաշխատողների վարձատրությունը բարձրացվել է պետպատվերի միջոցներից։ Իսկ առաջնային օղակի ավելի քան 10 հազար բուժաշխատողի աշխատավարձը ավելացել է 30%-ով։

2018թ․ հիվանդանոց է ընդունվել 405 977 մարդ, որի գերակշիռ մասը՝ 72%՝ Երևանում։ Մեկ հիվանդի ստացիոնար բուժման միջին տևողությունը Երևանում կազմել է 7 օր։ Մինչդեռ Գեղարքունիքում, որտեղ բժիշկների քանակը ամենաքիչն է, և հիվանդանոց է ընդունվել ամեն 100 բնակչից 5-ը, հիվանդի բուժման միջին տևողությունը 18 օր է կազմել։

Կարդացեք նաև 

Բուժհիմնարկների բաշխվածությունը Հայաստանի Հանրապետությունում

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/10/2019