Ալյուրը, աղը և ջուրը Լուսինեի ձեռքերի մեջ մերվում ու խմոր են դառնում:
«Սիրում եմ խմոր հունցել»,- ասում է:
Խմորի նկատմամբ ունեցած սերը Լուսիկ տատիկից է ժառանգել, որոշ բաղադրատոմսեր՝ նույնպես, իսկ մնացածն ինքն է հորինել:
Հունցելուց հետո խմորը գնդերի է բաժանում:
«Տատս էլ էր այսպես անում»,- շարունակում է:
Նրա ձեռքերի ճկուն շարժումներից խմորի փոքրիկ գնդերը բազմանում ու գլորվելով շարվում են սեղանի մի անկյունում:
«Ժենգյալով հացի խմորը պետք է շատ փափուկ, փխրուն ու առաձգական լինի»,- հավելում է:
Ժենգյալով հաց պատրաստելիս Լուսինեն տատի բաղադրատոմսով է առաջնորդվում: Ավելի քան 17 տեսակի կանաչի է օգտագործում:
Ո՞ր տեսակներն են, հարցին, առանց շունչ քաշելու թվարկում է․
«Կինձ, սամիթ, սոխ, ճըռճըռոկ, կընձըմընձյուկ, մառոլ, ճակնդեղ, սպանախ, պենջար, ծըտըպաշար, պառավի պորտ, թըրթընջուկ, սըմսամոկ, մանուշակ, նանա, պըտըտկուն, պետրուշկա, ավելուկ»։
Լուսինե Աղաջանյանը 2023թ․ սեպտեմբերին Ստեփանակերտից է ընտանիքի հետ բռնի տեղահանվել ու ապաստանել Երևանում։ Ամուսնու, 3 զավակների հետ ապրում է եղբոր ընտանիքի հետ միասին՝ 10 հոգով, 3 սենյականոց բնակարանում:
Արցախում սեփական արտադրամաս բացելու ու սիրելի գործով զբաղվելու նպատակ ուներ 43-ամյա Լուսինեն, բայց ասում էր՝ թոշակի անցնելուց հետո միայն:
Ստեփանակերտի թիվ 6 մանկապարտեզում որպես դաստիարակ էր աշխատում: Արցախից բռնատեղահանվելուց հետո Լուսինեի խոհարարական հմտություններն ընտանիքի ապրուստի միջոցն են դարձել:
Երևանի Մալաթիայում գտնվող «Արցախն իմ տունն է» արտադրամասը նրա փոքրիկ անկյունն է: Ժենգյալով հաց, փախլավա, գաթա, թերթերուկ, կարկանդակ ու տարատեսակ խմորեղեններ է պատրաստում:
Տեղը փոքր է, բայց Լուսինեն առայժմ ավելի մեծ տարածք վարձակալելու հնարավորություն չունի:
Ամեն օր վաղ առավոտյան Լուսինեն շտապում է շուկա, որ ժենգյալով հացի կանաչիները ձեռք բերի։
Թեպետ պահպանում է կանաչիների համադրությունը, համոզվել է, սակայն, որ բոլոր բաղադրիչների առկայությունն ամենակարևորը չէ:
«Ամենատարբեր կանաչիներով լցոնած հացի համը լավն է, բայց արցախյանը չէ. ուրիշ է հողն Արցախում»,- անկեղծանում է նա:
Սառնարանից հանում է նախապես մաքրած ու լվացած կանաչեղենը, խնամքով դասավորում սեղանին ու սկսում կտրատել:
«Այսպես պետք է անել»,- զրույցն ընդմիջում է տատի խրատներով։
Կանաչու պատրաստի խառնուրդին ավելացնում է աղը, պղպեղն ու ձեթը:
Այնուհետև «գործի են մղվում» սեղանի անկյունում իրենց հերթին համբերատար սպասող գնդիկները: Գրտնակում է, լցոնում կանաչու միջուկն ու ծրարում այն:
Էլեկտրական վառարանը նախապես միացրել էր։ Րոպեներ անց ժենգյալով հացի անուշ բույրը տարածվում է շուրջբոլոր՝ հավաքելով արցախյան ամենահայտնի ուտեստի սիրահարներին։
Առաջին գնորդներից էր Վլադիմիր պապիկը՝ Լուսինեի մշտական հաճախորդը։
Երեք հատ տաք-տաք ժենգյալով հացերը հաճախորդին տալուց ու բարի ախորժակ մաղթելուց հետո Լուսինեն կրկին Լուսիկ տատիկին է հիշում․
«Առաջաձորն է մեր գյուղը: Երկհարկանի տան առաջին հարկում սենյակ կար, որտեղ երեխաները մտնելու իրավունք չունեին: Բացառիկ դեպքերում էլ՝ միմիայն ոտաբոբիկ: Այդ սենյակում տատս հաց թխելու նախապատրաստությունն էր տեսնում»:
Նրա բնորոշմամբ՝ մաքրասեր ու կարգուկանոն սիրող կին էր Լուսիկ տատիկը․
«Շորերը փոխում էր, մազերը հավաքում, կապում շալն ու մտնում թոնրատուն: Երբ տատիկս էր հաց թխում, գյուղի ջահել հարսները հավաքվում էին թոնրատանը, որպեսզի նրա թխած հացը ճաշակեն: Տատիկս էլ նախապես պանիր ու քաղցր թեյ էր տանում թոնրատուն ու հյուրասիրում երիտասարդներին»։
Խմորին ձեռք տալ թույլ չէր տալիս, իսկ ահա հացերը թոնրից տուն տանելու գործը վստահում էր թոռնուհուն:
Լուսինեն Արցախում թողել է երկու եղբայրների, տատիկի, պապիկի ու հորեղբոր գերեզմանները:
Եղբայրներից մեկը 2023թ․ սեպտեմբերյան պատերազմում է զոհվել։
Արցախ վերադառնալու հույսն է, որ Լուսինեին ապրելու ուժ է տալիս։
Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Լուսանկարները՝ հեղինակի
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 23/06/2024