Սոցիալական Տնտեսություն

Հողերի հանձնման առաջին հետևանքները․ Արոտավայրերի կորուստ, անասնապահության անկում

Զանգեզուր, լուսանկարը՝ Սուրեն Դեհերյանի

Ում համար՝ տարածք, ում համար՝ ապրելու միջոց։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա Ադրբեջանին հանձնված տարածքներն ապրելու միջոց էին անասնապահությամբ զբաղվող արցախցիների և հայաստանցիների համար։ Սյունիքի գյուղերի բնակիչներն իրենց անասուններին հիմնականում տանում էին Զանգելանի, Կուբաթլուի և Ջեբրայիլի շրջանների արոտավայրեր։ Հիմա գյուղացիներին հատուկ զգուշացրել են՝ եթե կովերը հատեն նոր սահմանը, դրանց վերադարձնել հնարավոր կլինի ռուսական խաղաղապահների միջնորդությամբ։

«Փողոցը անցնելը էգուցվանից դառնում է մի պրոբլեմ։ Աստված չանի, անասունը անց կացավ, անասունի հետևից քինալ չկա։ Կդիմենք մեր սահմանապահ տղաներին», – հունվարի 4-ին համագյուղացիներին հորդորում էր Սյունիքի Շուռնուխ գյուղի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։

Մեկ տարի առաջ՝ 2020 թ․-ի հունվարի 1-ի տվյալներով՝ միայն Սյունիքի մարզում հաշվառվել է ավելի քան 108 հազար, իսկ Վայոց ձորում՝ շուրջ 15 հազար գլուխ ոչխար և այծ, ընդ որում՝ վերջին երկու տարիներին թվաքանակի աճով, այսինքն՝ որոշ ֆերմաներ սկսել էին մեծացնել իրենց տնտեսությունները։

Նույնպիսի իրավիճակ է նաև խոշոր եղջերավոր անասունների պարագայում։ Վերջին 1-2 տարում նկատվում էր որոշակի աճ։

Հուսահատ գյուղացին

Տարածքային բաժանման նոր իրավիճակում Սյունիքի համայնքները զրկվել են ոչ միայն վերը նշված տարածքներից, այլ նաև սեփական գյուղերի արոտավայրերից օգտվելու հնարավորությունից։ Սյունիքի արևելյան սահմանագծի բոլոր բնակավայրերի գյուղացիները անհանգստացած են իրենց անվտանգությամբ, քանի որ ցանկացած շարժ այդ հատվածում կարող է թիրախավորվել ադրբեջանական զինվորականների կողմից։

Ի տարբերություն Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչների, Տավուշի մարզում այսպիսի խնդիրներին լավ ծանոթ են։ Այնտեղի գյուղատնտեսական հողերի մշակման համար հաճախ անհրաժեշտ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը, որ բերքահավաքի շրջանում ադրբեջանցիները չկրակեն գյուղացիների ուղղությամբ։

«Մի մետր, մի խնդիր՝ վռազ թուրքը էնտեղից ձեն է տալիս հովիվին, թե՝ տարածքը ազատեք․․․ ասենք՝ ոչխարը, պահի տակ առաջ է գնում [հեղ․ դեպի սահմանը], խնդիր է դառնում», – ասում է Սյունիքի Ներքին Խնձորեսկ գյուղի ղեկավար Երվանդ Մալունցը։


Կարդացեք նաև․ Նռան 5 ծառից 4-ն անցել է ադրբեջանցիներին․ Արցախի կորուստները գյուղատնտեսության ոլորտում


«Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում գյուղապետը նշում է, որ անասնապահությունը գյուղացիների ապրուստի միջոցն է, դրանից էլ աստիճանաբար զրկվում են, քանի որ այլևս չեն կարող օգտվել Քաշաթաղի արոտավայրերից։ Ադրբեջանցի զինծառայողները խանգարում են նաև հայկական կողմում արոտի կազմակերպմանը։ Սրան զուգահեռ թանկացել է նաև անասնակերը։ Համայնքի ղեկավարն ասում է, որ առիթից օգտվում են մսի գնորդները՝ պահանջելով միսը կես գնով վաճառել։

Սյունիքի Դավիթ Բեկ գյուղն այս խնդիրներին բախվել է ոչ թե պատերազմից հետո, այլ հենց ընթացքում։ Գյուղի ղեկավար Բենիամին Պողոսյանն «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ անասնագլխաքանակի մի մասը կոտորվել է ադրբեջանական կողմի հրետակոծությունների ժամանակ։

«Էդ պահին մենք էլ ուշադրություն չէինք դարձնում անասուններին։ Սահման էինք պահում, հոմ անասուններին չէինք պահելու», – ասում է գյուղապետը։

Նա մանրամասնում է, որ նախկինում իրենք ևս Քաշաթաղի շրջանի արոտավայրերն էին օգտագործում։ Հոկտեմբերից, երբ մարտական գործողությունները հասել են նաև իրենց գյուղի դարպասներին, այլևս չեն կարողացել։ Իսկ սեփական հողերն էլ անասանապահության համար արդեն վտանգավոր են՝ խրամատավորված տարածք է։

Նմանատիպ խնդիրներ կան նաև Արավուս գյուղում, որը նույնպես անմիջապես նոր սահմանի վրա է։

«Անասունների համարյա 60%-ը ծախել են։ Մեր սեփական հողից 53 հեկտար մնացել է իրանց՝ հենց Արավուսի, մեր քարտեզի մեջ, մեր վկայականներով՝ մեր սեփական ու գյուղի պահուստային հողերը», – Արավուսի ղեկավար Արգամ Հովսեփյանն է պատմում «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում։

Ըստ Հովսեփյանի, գյուղի անասնապահներից մեկն ուներ 300 խոշոր եղջերավոր անասուն ու 2000 ոչխար, բայց ստիպված է եղել վաճառել․ հող չկա պահելու համար։ Ընդ որում՝ գյուղապետը բացատրում է, որ ոչ թե գառներին են վաճառում, այլ մայր ոչխարներին։

Խնդրի էությունը

Մայրական կազմի գլխաքանակը նվազեցնելով՝ թերևս խորացվում է խնդիրը։ Այսպիսով գյուղացիները ոչ միայն կրճատում են գլխաքանակը, այլ դադարում են զբաղվել անասնապահական տնտեսության զարգացմամբ։

Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը հաստատում է, որ մսի գնի անկումը հենց անասունների զանգվածային մորթով է պայմանավորված, քանի որ պահելու հնարավորություն չկա։

Էկոնոմիկայի նախարարությունը, որի համակարգման տակ է նաև գյուղատնտեսության ոլորտը, այլ պատկեր է ներկայացնում։

«Ամփոփ Մեդիան» գլխաքանակի հնարավոր նվազման մասին հարցում էր ուղարկել նախարարություն, որտեղից պատասխանել են, որ գլխաքանակի հատկապես չորրորդ եռամսյակում նվազելումը բնական է՝ օրինակ բերելով 2019թ․-ի վիճակագրությունը, քանի որ 2020թ․-ի տվյալներն առայժմ ամփոփված չեն։

«2019 թ․ հանրապետությունում սպանդի է ենթարկվել ընդհանուր առմամբ 188.8 հազար տոննա (կենդանի քաշով) գյուղատնտեսական կենդանի և թռչուն, որոնց գերակշիռ մասը՝ շուրջ 120 հազար տոննան կամ շուրջ 64%-ը, բաժին է ընկել վերջին եռամսյակում իրացված գլխաքանակին», – հայտնում են նախարարությունից՝ հղում անելով վիճակագրական կոմիտեին։

Ավելին, ըստ նախարարության պարզաբանման՝ հիմք ընդունելով տավարաբուծության և ոչխարաբուծության վարման տեխնոլոգիական սկզբունքները, մասնավորապես՝ կովերի և մաքիների խոտանի պարտադիր գործընթացը, օրինաչափ է մայրական կազմի տարեկան մինչև 25%-ի խոտանումը [մորթը – խմբ.

Հույսը Իրանն էր

Հատկապես հարավային մարզերում անասնապահության շարժիչներից մեկը Իրանի կողմից պահանջարկն է։ Դեռևս 2013 թ․ Հայաստանում աղմուկ բարձրացավ, թե Սյունիքի արոտավայրերը հանձնվում են Իրանին։

Պատճառը ահազանգն էր, թե ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի ղեկավարների պայմանավորվածությամբ՝ իրանցիները վարձակալելու են արոտավայրերը՝ անասնապահությամբ զբաղվելու համար։

Արդեն այն ժամանակ և նույնիսկ դրանից առաջ ակնհայտ էր Իրանի հետաքրքրվածությունը Հայաստանից, մասնավորապես, ոչխարի միս ներկրելու հարցում։ Դրա մասին 2018-ի սկզբին խոսեց այն ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ 2019թ․ մայիսին մարզային այցերից մեկի ժամանակ խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանից տարեկան 500 հազար գլուխ գառան մսի արտահանման պոտենցիալ կա։ Նույնիսկ Ռումինիայից Հայաստան գառ են բերում եւ արտահանում տարբեր երկրներ։ Այնպես որ, ոչխարաբուծությունը Հայաստանում շատ մեծ ապագա ունի», – հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։

Դեռևս 2011թ․ ընդունված հայեցակարգով՝ նախատեսվում էր, որ 2020թ․Հայաստանում ոչխարի գլխաքանակը պետք է հասցվեր 1,5 միլիոնի՝ 2011թ․ 616 հազարի փոխարեն։

Վիճակագրական կոմիտեի 2020թ․ տարեգրքի համաձայն՝ այս տարվա սկզբին ոչխարների և այծերի գլխաքանակը հանրապետությունում ընդամենը 662.5 հազար է եղել՝ նախատեսվածից ավելի քան կրկնակի քիչ։ Այլ կերպ ասած, 9 տարիների ընթացքում հաջողվել է ապահովել 7% աճ։

Մասնավորապես, Սյունիքում ակնկալվում էր գլխաքանակը հասցնել 170 հազարի՝ 2011թ․ 74 հազարի փոխարեն։ Իրական վիճակը, սակայն, բոլորովին այլ է, ընդ որում՝ առաջին տարիներին գերակատարում է եղել, բայց 2016-ին ինչ-որ բան փոխվել է։

2019թ․ սեպտեմբերին ընդունվել է հերթական փաստաթուղթը, որը կարևորում է ոչխարաբուծության դերը Հայաստանում։ Այստեղ հիշատակվում է, որ տարվա սկզբի դրությամբ՝ Սյունիքի մարզը առաջատարն է ոլորտում։ Այս մարզին բաժին է ընկնում ոչխարի գլխաքանակի 16.9%-ը։

Այստեղ նշվում է, որ ոչխարի մսի հարցում Հայաստանն ինքնաբավ է՝ 138.9%-ով։ Իսկ ավելցուկն արտահանվում է Իրան, ԱՄԷ, Կատար, Քուվեյթ ու Վրաստան։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ տնտեսվարողներին պետական օժանդակություն տրամադրել, որպեսզի նրանք 5 տարում գնեն մինչև 30 հազար հղի ոչխար և այծ, տոհմային մատղաշ և այլն։ Ծրագիրը վերաբերում է 2019-2023 թվականներին։

Ի՞նչ անել

Խնդիրն այն է, որ այս ծրագիրը նույնպես նախատեսում է օժանդակության տրամադրում վարկերի միջոցով։ Ընդ որում՝ բուն ծրագրում ռիսկերի թվում առաջինը նշված է տնտեսվարողների վարկունակության խնդիրը, որի պատճառով կարող են նախանշված ծավալները չապահովվել։

Այլ ռիսկերի դեպքում ծրագրում հիշատակվում են այդ ռիսկերի մեղմման տարբերակներ, իսկ վարկունակության հարցում մեղմման տարբերակ չի հիշատակվում։

Էկոնոմիկայի նախարարությունից «Ամփոփ Մեդիայի» հարցմանն ի պատասխան նշվում է, որ վարկունակության հարցը լուծելու համար ներկայում քննարկումներ են իրականացվում ծրագրերի շրջանակներում ձեռք բերված խոշոր և մանր եղջերավոր տոհմային կենդանիների ապահովագրության նպատակով, որի արդյունքում նախադրյալներ կստեղծվեն ապահովագրած տոհմային կեդանիներին որպես գրավի առարկա դիտրկելու համար։

Կառավարության քայլերը բավարար չի համարում գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ կառավարության քաղաքականությունը մեծամասամբ միտված է ոչ թե անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսություններին, այլ ագրոբիզնեսով զբաղվող խոշոր տնտեսություններին։

«Օրինակ, նշվում է այսպես ասած «խելացի գոմեր» շատացնելու մասին, բայց ո՞ր գյուղացին այդքան գումար ունի, որ խելացի գոմ կառուցի», – ասում է նախարարը։

Լուծումներ առաջարկելիս Խաչատրյանը նշում է մսուրային պահվածքի անցնելու տարբերակը, բայց դա երկար ժամանակ պահանջող լուծում է։ Ըստ նախկին նախարարի՝ կառավարությունը նպատակաուղղված քաղաքականություն պետք է վարի, մինչդեռ հիմա հատվածական լուծումներ է առաջարկում, որոնց կատարողականն էլ շատ ցածր է։

Նախարարությունից էլ հայտնում են, որ գյուղատնտեսներին օգնելու համար գործում են մի քանի ծրագրեր, որոնցից են նաև հիշատակված ծրագրերը՝ ոչխարաբուծության և տավարաբուծության զարգացման վերաբերյալ։

Հայտնի չէ, սակայն, թե  Արցախի հարավային տարածաշրջանի կորստի պատճառով որքան կկազմեն գյուղատնտեսության, մասնավորապես անասնապահության կորուստները։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հաշվարկներ կլինեն հունվարի վերջին, քանի որ հենց այդ ժամանակ է վիճակագրական կոմիտեն իրականացնում համընդհանուր հաշվառումը։

Սակայն նույնիսկ այդ դեպքում իրական կորուստները չեն երևա, քանի որ Սյունիքի մարզից դուրս պահվող կենդանիները նախկինում չեն հաշվառվել, հետևաբար նոր հաշվարկում էլ դրանց նվազումը չի երևա։

Ամփոփեց Գարիկ Հարությունյանը

Գծապատկերները՝ հեղինակի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 21/01/2021