Առողջություն

Լյարդի և երիկամի փոխպատվաստումների կազմակերպումը Հայաստանում

Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում բնակվող Անահիտ Աթայանը երկու տարվա ընթացքում հասցրել է լինել Երևանի գրեթե բոլոր խոշոր հիվանդանոցներում։ Լյարդի՝ կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունը երիտասարդ կնոջ մոտ գլուխ է բարձրացրել, երբ նա ընդամենը 22 տարեկան էր։

2017 թ. դեկտեմբերին Անահիտի մոտ ախտորոշվել է Վիլսոնի հիվանդություն։

Կասկածները, որ երիտասարդ կնոջ մոտ զարգացած լյարդի «սպիացումը» (ցիռոզ) օրգանիզմում պղնձի կուտակման հետևանք է, հաստատվել են ակնաբույժի մոտ հետազոտվելուց հետո։

Հազվադեպ հանդիպող այս հիվանդությունը, սովորաբար, ընթանում է լյարդում և գլխուղեղում պղնձի կուտակմամբ։ Հիվանդությունն ախտորոշելը բավականին բարդ է․ այդ հարցում բժիշկներին օգնում են սակավաթիվ կողմնորոշիչներ։ Անահիտի դեպքում տեսողության զննումն է օգնել։

«Միքայելյան հիվանդանոցում բժիշկը կռահել էր, որ հենց այդ հիվանդությունն է մոտս և ինձ ուղարկել էր Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա։ Այնտեղ տեսողությունս ստուգելուց հետո ասացին, որ լյարդիս մեջ պղինձ է կուտակվել և բախտս բերել է, որ չեմ կուրացել»,- «Ամփոփ Մեդիային» պատմում է Անահիտը։

Երիտասարդ կինը հիշում է՝ ինքնազգացողությունը հաճախակի վատանում էր, անընդհատ թուլություն էր զգում, ջերմում էր։

Պարբերաբար կրկնվող գանգատների պատճառը պարզելու համար Անահիտից ու բժիշկներից մի քանի ամիս է պահանջվել։ Այդ ընթացքում երիտասարդ զույգի ֆինանսական խնդիրներն աստիճանաբար աճել են։ Տարբեր բանկերում բացված վարկային գծերին ավելացել են տույժերը, երբ Անահիտի ամուսինը՝ Արմենը, ստիպված մեկ տարով ընդհատել է աշխատանքը։

«Երկու օրը մեկ պետք է գայի Երևան, որ անալիզներ հանձնեի։ Եվ քանի որ այդտեղ մնալու հնարավորություն չկար, ամուսինս ստիպված դուրս եկավ աշխատանքից [պայմանագրային զինծառայող էր], որ կարողանա մեքենայով ինձ բերել։ Այդպես մոտ մեկ տարի որևէ եկամուտ չունեինք և տույժերի տակ ընկանք։ Որոշ բանկեր սառեցրեցին վարկերը, որոշները չհամաձայնեցին ու ընկանք ԴԱՀԿ [Դատական ակտերի հարկադիր կատարում]»,- հիշում է նա։

Վերականգնված առողջությունն ու համալրված ընտանիքը՝ ֆինանսական ճգնաժամի հակակշիռ

Երիտասարդ ամուսինների կյանքում ֆինանսական ճգնաժամը 2017 թվականից մինչև հիմա չի հաղթահարվել։  Թեկուզ Արմենը վերականգնվել է նույն աշխատանքում, բայց վարկերի ամսական վճարումները հազիվ են հասցնում կատարել։ Այդուհանդերձ, Անահիտը չի սրտնեղում․ ասում է՝ կարևորը՝ ամենադժվարը հետևում է մնացել, «պարտքն էլ կաշխատենք, կտանք»։

Անահիտի լյարդի փոխպատվաստումն արվել է 2019թ․ դեկտեմբերին Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Անահիտն ասում է, որ միայն վիրահատության արժեքը 17 մլն դրամ էր, որից 10 մլն-ը տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 3 մլն-ը զեղչել է հիվանդանոցը, մնացած 4 մլն-ը Անահիտի ընտանիքն է հայթայթել։

Հաջորդ՝ 2020 թ․-ից, ՀՀ կառավարությունը սկսեց փոխհատուցել նմանատիպ վիրահատությունների գումարի մի մասը՝ 5 մլն դրամը։

Վիրահատությունից հետո Անահիտի բժիշկը զգուշացրել է՝ առնվազն երկու տարի հղիությունը հակացուցված է։

Յոթ ամիս անց՝ հերթական ստուգման ժամանակ բժիշկները պարզում են, որ Անահիտը հղի է։ Բժշկի ցուցումով հղիությունն ընդհատվում է։ Մեկ տարի անց՝ նույն օրը, Անահիտն իմանում է, որ դարձյալ բալիկի է սպասում։

«Զանգեցի բժշկիս, ասացի՝ բժիշկ ջան, մի բան եմ ասում, բայց չջղայնանաք։ Անմիջապես հարցրեց՝ ի՞նչ է պատահել, Անահիտ։ Ասացի, որ հղի եմ։ Մի քանի վայրկյան լռելուց հետո ասաց՝ ժամը յոթին կասեմ՝ ընդհատում ենք հղիությունը, թե ոչ։ Սիրտս վկայում էր, որ ամեն ինչ նորմալ է լինելու և այդպես էլ եղավ․ երեկոյան յոթի կողմերը գրեց․ «Անահիտ ջան, քեզ բարով-խերով հղիություն»։ Ուրախությունից գոռում էի, որ նորից կարող եմ մայրանալ»,- հիշում է Անահիտը։

Թե՛ հղիությունը, թե՛ ծննդաբերությունն անցել են բավականին թեթև։ Բալիկն արդեն մեկ տարեկան է։ Երեխայի ու մոր մոտ առողջական որևէ խնդիր, բարեբախտաբար, չկա։ Անահիտի քույրը, ով եղել է նրա դոնորը, նույնպես գանգատներ չունի։

«Աստղիկ» ԲԿ վիրահատական բաժանմունքի ղեկավար Արայիկ Ոսկանյանը նկատում է՝ անկախ փոխպատվաստման անհրաժեշտությունից, որևէ պարագայում դոնորի կյանքին պետք է վտանգ չսպառնա։ Դոնորային մահ միջազգային պրակտիկայում հազվադեպ է լինում, բայց բարդություններ լինում են։

«Ցավոք, այսօր դիակային փոխպատվաստում Հայաստանում չի արվում, ինչը սահմանափակում է ազատ գործելու հնարավորությունը․ Դա նշանակում է՝ եթե փոխպատվաստումից հետո տրանպլանտը մերժվի օրգանիզմի կողմից կամ որևէ բարդություն առաջանա, երկրորդ փոխպատվաստում հնարավոր չի լինի իրականացնել»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է Ոսկանյանը։

Առողջական նման խնդիր ունեցող երեխաներին «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը» հաճախակի է օգնության ձեռք մեկնում։ Թե՛ վիրահատության արժեքի մի մասը, թե՛ նախավիրահատական ու հետվիրահատական հետազոտությունների գումարը հիմնադրամը հիմնականում փակում է։

«Երիկամի ու լյարդի փոխպատվաստման կարիք ունեցող երեխաները քիչ են, ուստի կարողանում ենք այնպես անել, որ ֆինանսական խնդիրների պատճառով որևէ մեկը ստիպված չլինի հետ կանգնել փոխպատվաստումից, եթե կա անհրաժեշտություն։ Պետության հետ համատեղ լուծում ենք խնդիրը»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» հիմնադիր-տնօրեն Արմեն (Արմոս) Մարտիրոսյանը։

Այդ նպատակով ֆինանսական միջոցների զգալի մասը հիմնադրամը հայթայթում է հանրային դրամահավաքների միջոցով։ Մարտիրոսյանի համոզմամբ՝ պետք է հետամուտ լինել, որ պետությունն ամբողջությամբ փոխհատուցի նմանատիպ վիրահատությունների ամբողջ գումարը, իսկ հիմնադրամները ռեսուրս ծախսեն բժշկության տարբեր ուղղություններ զարգացնելու վրա։

Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումն արվել է 2019 թվականին «Աստղիկ» ԲԿ-ում՝ տեղում ձևավորված բժշկական թիմով, բայց Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սերգեյ Ոսկանյանի ղեկավարությամբ։

«Արաբկիր» ԲԿ-ում էլ լյարդի փոխպատվաստումները բելառուսցի մասնագետների հետ համատեղ են արվում։

Երիկամի փոխպատվաստում․ ռեստարտ՝ 20 տարի անց

Թեկուզ Հայաստանում օրգանների փոխպատվաստման պրակտիկան լայն տարածում չունի, հիմքերը դրվել են շուրջ երեք տասնամյակ առաջ։ «Արաբկիր» ԲԿ մի խումբ բժիշկներ՝ շվեյցարացի ու բելգիացի գործընկերների հետ, 1991-1995թթ․ երիկամի շուրջ 20 փոխպատվաստում են իրականացրել, բոլորն էլ՝ դիակային դոնորներից։

Երիկամի փոխպատվաստման պրակտիկան վերականգնվել է շուրջ 20 տարի անց՝ 2022 թվականին, բայց արդեն՝ բացառապես կենդանի դոնորից։ Հայաստանում դիակային փոխպատվաստումն օրենսդրորեն արգելված չէ, սակայն դեռևս չի կիրառվում՝ համակարգի թերի լինելու պատճառով։

Առողջապահության նախարարի՝ հեմոդիալիզի գծով խորհրդատու, «Արաբկիր» ԲԿ հեմոդիալիզի և երիկամային փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար Հելեն Նազարյանն ասում է՝ տարեկան, միջինացված հաշվարկով, երիկամի 20 փոխպատվաստում է արվում։

Հեմոդիալիզն օրգանիզմից դուրս արյան արտաերիկամային մաքրման մեթոդ է, որը կիրառվում է այն ժամանակ, երբ մարդու մոտ ախտորոշվում է քրոնիկ երիկամային անբավարարություն։

Հաշվի առնելով, որ մեր երկրում քրոնիկ երիկամային անբավարարությամբ մոտ 1200 քաղաքացի է հաշվառված հեմոդիալիզի կենտրոններում՝ ըստ մասնագետի՝ այլ երկրների համեմատ փոխպատվաստումների թիվն առանձնապես բարձր չէ :

Հելեն Նազարյանը, ով բազմիցս է շփվել երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների հետ, նկատում է․ «Հեմոդիալիզ ստացող՝ հատկապես երիտասարդ հիվանդները երիկամի փոխպատվաստման հակացուցում գրեթե չեն ունենում, բայց դժվար է դոնոր գտնելը՝ այն էլ համատեղելի։ Եթե Հայաստանում արվեր դիակային փոխպատվաստում, ապա հնարավորություններն անհամեմատ մեծ կլինեին»։

Կարդացեք նաև․ Օրգանների նվիրաբերություն․ Հայաստանի կարողությունները փոխպատվաստման ոլորտում

Անշուշտ, դիակային փոխպատվաստման դեպքում օրգանի ապրելիությունը փոքր-ինչ կարճատև է լինում, բայց դրա կարիքն ունեցող շատ մարդկանց կյանքեր մի քանի տարով երկարում են։ Թե որքան կծառայի օրգանը, կախված է նաև դոնորի տարիքից․ որքան դոնորը երիտասարդ է լինում, այնքան փոխպատվաստված օրգանի պոտենցիալը մեծ է լինում։

Տիկին Նազարյանի խոսքով՝ փոխպատվաստված երիկամը հիմնականում 12-13 տարի է ծառայում՝ չհաշված բացառությունները։ Հաայստանում կան հիվանդներ, որոնք փոխպատվաստված երիկամով ապրում են արդեն 30 տարի։

«Հնարավոր է՝ փոխպատվաստումից անմիջապես հետո որևէ խնդիր չնկատվի, բայց կարճ ժամանակ անց երիկամը դադարի աշխատել։ Դա հիմնականում այն դեպքում է լինում, երբ օրգանիզմը չի ընդունում փոխպատվաստված օրգանը։ Նման դեպքում արդեն 2-րդ , 3-րդ փոխպատվաստումը դժվարանում է, քանի որ օրգանիզմում առաջանում է կոնֆլիկտ արդեն իսկ առկա հակամարմինների հետ»,- ասում է բժիշկ-նեֆրոլոգը։

Հայաստանյան պրակտիկայում նման դեպքեր՝ ոչ շատ, բայց եղել են։ Նման պարագայում հիվանդները ստիպված կյանքը շարոնակում են ծրագրային հեմոդիալիզով։

Ծրագրային հեմոդիալիզ ստացող հիվանդների շրջանում բավականին բարձր է մահացության ցուցանիշը և հոսպիտալիզացիաների քանակը՝ երիկամ փոխպատվաստված հիվանդների համեմատ: Բացի այդ, ծրագրային հեմոդիալիզ ստացող հիվանդները ստիպված են լինում տարիներ շարունակ՝ շաբաթական երեք անգամ, հաճախել հիվանդանոց։

2002 թվականից առայսօր Հայաստանում կրկնակի փոխպատվաստման երեք դեպք է եղել, բոլորը՝ «Արաբկիր» ԲԿ-ում։

Օրգան փոխպատվաստված բոլոր հիվանդները մինչև կյանքի վերջը իմունաճնշիչ դեղորայքի կարիք են ունենում։ Հայաստանում ապրող միջին վիճակագրական քաղաքացու համար այդ դեղորայքը մատչելի չէ, ուստի այն տրամադրվում է պետպատվերի շրջանակներում։

Այդուհանդերձ, քաղաքացին, որը բախվում է երիկամային անբավարարության խնդրին, անխուսափելիորեն կրում է նաև ֆինանսական դժվարություններ։ Պետությունը փոխհատուցում է վիրահատության գումարի՝ 5 մլն 700 հազար դրամի մեծ մասը՝ 4 մլն դրամը կամ 70%-ը։

Հելեն Նազարյանի խոսքով՝ ամբողջ գործընթացում հիվանդը ծախսում է առնվազն 2,5-3 մլն դրամ՝ ներառյալ նախավիրահատական հետազոտությունները, ինդուկցիոն թերապիան և վճարում է վիրահատության արժեքի մի մասը։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի
Լուսանկարը՝ Անահիտի ընտանեկան արխիվից, հրապարակվում է նրա համաձայնությամբ։

Այլ հոդվածներ այս շարքից՝ #AccesstoHealthCare

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 29/08/2022