Առողջություն Սոցիալական

Պարտադիր հոգատարություն․ Ո՞ր ոլորտի աշխատողներին է վերաբերում նոր հրամանը

Սեպտեմբերի սկզբից, աշխատանքային իրավունքի մասնագետ Տիգրան Կիրակոսյանն անընդմեջ զանգեր է ստանում հայաստանյան գործատուներից և աշխատակիցներից։ Զանգահարողները խնդրում են մասնագետին մեկնաբանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների նոր կարգը, որը սահմանվել է Առողջապահության նախարարության կողմից և ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից:

Նոր կարգի համաձայն՝ աշխատակիցները պարտավորվում են գործատուին ներկայացնել կա՛մ կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր, կա՛մ էլ երկու շաբաթը մեկ անգամ անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն։

Բժշկական հաստատություններում հետազոտության միջին արժեքը 15000 դրամ է։ Աշխատակիցը թեստավորվելու է իր ֆինանսական միջոցների հաշվին, իսկ պայմանը չիրականացնելու դեպքում, համաձայն ԱՆ նախարարի հայտարարության, գործատուն կարող է մինչև անգամ հեռացնել աշխատողին աշխատանքից։

Կիրակոսյանը ասում է, որ անկախ հրամանում առկա հիմնական պահանջներից, զանգահարողները՝ թե՛ գործատուները և թե՛ աշխատողները հիմնականում իրենց վրդովմունքն են հայտնում․ առողջապահությունը մուտք է գործել աշխատանքային ոլորտ և «պարտադրանքների» միջոցով փորձում է խնդիրներ լուծել։

Աշխատողները հիմնականում ուզում են իմանալ՝ արդյոք գործատուն կարող է իրենց աշխատանքից ազատել, թե ոչ՝ հիմք ընդունելով ԱՆ հրամանը։ Կիրակոսյանն էլ ամեն անգամ բացատրում է օրենսդրական մեխանիզմները։ Նա ասում է, որ հրամանի կիրառումը ռիսկային է և նույնիսկ պատճառ՝ գործատու-աշխատակից հարաբերությունների վատթարացման։

[Լրացում․ սույն նյութը հրապարակելուց երկու շաբաթ անց ՀՀ Արդարադատության նախարարությունը պարզաբանում տարածեց, որ Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի համաձայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառվելու է հոկտեմբերի 14-ից, նախապես հայտարարված հոկտեմբերի 1-ի փոխարեն։ Կարևոր է նաև նշել, որ լաբորատորիաները ՊՇՌ թեստերի արժեքը կտրուկ նվազեցրել են՝ 15000 դրամից իջեցնելով մինչև 11500 դրամ։ Որոշ լաբորատորիաներ, կոլեկտիվ հայտերի դեպքում, թեստի արժեքը սահմանել են 5000 դրամ։] 

Իրավական հիմքերը

Առողջապահության նախարարության հրամանը ենթաօրենսդրական ակտ է։ Այն ներառված է 2020 թ.-ին ընդունված սանիտարական կանոնների պահպանման հրամանում, ինչպես ջերմաչափումը, ախտահանումը և կանխարգելիչ մյուս գործողությունները։

Ներքին կարգապահապական (սանիտարական) կանոնների պահպանման պահանջին անդրադարձ կա Աշխատանքային օրենսգրքում։ Այն հստակեցվում և կիրառվում է գործատուի կողմից՝ հետևելով կառավարության կողմից առանձնացված ցուցումներին։

Աշխատանքային օրենսգրքի 216-րդ հոդվածը սահմանում է աշխատողի պարտականությունները․

«Աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները․․․»:

Ու՞մ է վերաբերում հրամանը

Նախարարությունը սահմանել է այն ոլորտները, որոնց աշխատակիցները և ներկայացուցիչները պետք է ընտրեն առաջարկվող տարբերակներից մեկը։ Սակայն, հրամանում անդրադարձ չկա դեյուրե չաշխատող և չսովորող անձանց վերաբերյալ, և ստացվում է՝ նրանք պարտավորված չեն պատվաստվելու կամ թեստավորվելու։

Loading...

Loading…

Աշխատանքից ազատման հիմքերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո անցկացված ասուլիսի ժամանակ մեկնաբանել է պատվաստումային հավաստագրի կամ ՊՇՌ թեստ հանձնելու վերաբերյալ հրամանը՝ ասելով, որ «աշխատակցի մուտքը աշխատավայր կարող է արգելվել։ Իսկ եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի որոշակի ժամկետում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը»։

Աշխատանքային իրավունքի մասնագետ Տիգրան Կիրակոսյանն ասում է, որ աշխատանքային պայմանագրի խզումը հեշտ կատարվող գործընթաց չէ և իրավականորեն բաղկացած է մի քանի փուլից։

«Աշխատավայրում ցանկացած փոփոխության վերաբերյալ աշխատակցին պետք է նախապես ծանուցել։ Ծանուցման պահանջը չկատարելու դեպքում գործատուն կարող է բացատրություն պահանջել, իսկ հիմնավոր բացատրություն ստանալու դեպքում՝ առնվազն նկատողություն տալ։ Այս գործընթացը կարող է կրկնվել մինչև 3 անգամ, որից հետո միայն կարելի է պայմանագիրը լուծել»։

Աշխատանքային պայմանագրի խզումը, իհարկե, պայմանավորված է տարբեր հանգամանքներով, որոնք հստակորեն ներկայացված են օրենսգրքում։ Ընդունված հրամանի շեշտադրումը սանիտարական կանոնների պահպանման բաղադրիչներից մեկն է, որն էլ համապատասխանաբար սահմանված է օրենսգրքի 113-րդ հոդվածի 5-րդ կետով․

«Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում»։

Կիրակոսյանն անդրադառնում է օրենքում «հարգելի» ձևակերպմանը, որը կարող է անհավասար պայմաններ առաջացնել գործատու-աշխատակից հարաբերություններում աշխատկցի՝ դատարան դիմելու դեպքում։

«Գործատուն պիտի կարողանա ապացուցել, որ իր աշխատողը անհարգելի է բացակայել։ Իր հերթին, աշխատակիցը կարող է ասել, որ գործատուն ներս չի թողնում և դրա համար ներկայացնել բավարար հիմքեր․ օրինակ՝ բժիշկը խորհուրդ չի տալիս պատվաստվել»։

Ըստ մասնագետի՝ հրամանում չեն հստակեցվում այս հանգամանքները, չեն առանձնացվում նաև պայմանները հեռավար աշխատողի համար, ով ստացվում է՝ պիտի հետևի նույն կանոններին, ինչ առկա աշխատողը։

Առողջապահական ոլորտի պատասխանատուների դիրքորոշումը

Իրավական մոտեցումն առաջարկում է խնդրի լուծման տարբերակներ, որոնք առողջապահական դիտանկյունից արդյունավետ են, կարծում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

«Ստեղծված իրավիճակում սա տրամաբանական որոշում է և ողջամիտ բալանս է սահմանում անձի ազատությունների և հանրային առողջության պահպանման գործում»,- ասում է Մելիք-Նուբարյանը։

Հանրության շրջանում շատ հաճախ հնչում է այն մոտեցումը, որ պատվաստվել չեն ցանկանում, որովհետև օրգանիզմում բավարար քանակով հակամարմիններ կան։ Այնինչ, հակամարմինների քանակի վերաբերյալ ևս կա թյուրըմբռնում՝ կարծում է Մելիք-Նուբարյանը։

Մասնագետը բացատրում է, որ հակամարմինների առկայությունը բավարար չէ պատվաստումներից խուսափելու համար, իսկ դրանց քանակը չի կարող որոշել վարակվել-չվարակվելու հավանականությունը։

Ինչո՞ւ են պատվաստումները պարտադիր

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսպես էր պատասխանել․

«Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում ևս կա մեր օրենքներով, և հնարավոր է կիրառել՝ պահպանելով օրենքով սահմանված պայմանները։ Մենք ստեղծում ենք տարբեր ֆիլտրեր, որ զսպենք վարակի տարածումը և կանխենք հիվանդանալու պարագայում ծանր ընթացքը, մահը։ Դիմակները, ձեռքերի ախտահանումը, թեստավորումները, պատվաստումները, սոցիալական հեռավորության պահպանումն ուղղված են դրան։ Մենք ուզում ենք հավաստվել, որ անձը չի վարակի իր աշխատակիցներին կամ քաղաքացիներին»։

Այսպիսով՝ առողջապահական կարգավորումներն աշխատանքային շուկայում նոր իրավիճակ են ստեղծել՝ ուրվագծելով մի կողմից՝ բացասական հետևանքներ աշխատաշուկայի համար, քանի որ շատ աշխատակիցներ չեն ուզում ո՛չ պատվաստվել և ո՛չ էլ թեստավորվել, սակայն մյուս կողմից՝ դրական արդյունքներ առողջապահական ոլորտի համար, քանի որ պատվաստումը կորոնավիրուսից խուսափելու «արդյունավետ» տարբերակ է։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Ինֆոգրաֆիկան՝ Կարինե Դարբինյանի

#COVID19

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 14/09/2021