Եթե հազարամյակներ առաջ միֆական պատկերացումները ձևավորվում էին անմիջական ճանաչողության միջոցով, ապա ժամանակակից միֆերը հրամցվում են հիմնականում բավականին միջնորդավորված կերպով:
Դրանց ազդեցությունն ու հետևանքը հնարավոր է տեսնել մասնավոր դեպքերի հիման վրա:
Օրինակ, ի դեմս «Հայոց պատմություն» առարկայի մենք ունենք այնպիսի հասկացություն, ինչպիսին «բարոյական հաղթանակ» կոչվածն է:
«Բարոյական հաղթանակ»-ը ունի, իհարկե, բովանդակություն, որը հիմնականում անհասկանալի է մնում աշակերտի համար, սակայն արդյունավետ կերպով նպաստում է հետագայում պարտությունը ընդունելու անկարողությանը՝ այդպիսով դառնում միֆական մտածողության դրսևորում, որը լեգիտիմացվում է կրթական հաստատություններում։
Սակայն այդպիսի օրինակներ կարող ենք գտնել ոչ միայն դասագրքերում, այլ նաև քաղաքական դաշտում, առօրյա մշակույթի մեջ և այլն:
Խառնվելով քաղաքական քարոզներին՝ միֆական մտածողության որոշ դրսևորումներ վեր են ածվում «ազգային գաղափարախոսություն» և նմանատիպ եզրույթի, սպասարկում են քաղաքական շահեր՝ հաճախ չգիտակցված, քանզի շահարկողը ևս տվյալ մտածողության զոհ կարող է լինել:
Սոցիալական ցանցեր տեղափոխվելով՝ նմանատիպ խեղաթյուրված գաղափարախոսությունները հիմք են ստեղծում միֆի առավել տարածման ու լեգիտիմության համար և հաճախ նույնիսկ բռնության վտանգ ներկայացնում, օրինակ՝ արհեստական բաժանումներին նպաստելու տեսքով:
Արհեստական բաժանման և խեղաթյուրված հասկացությունների հիմքում առավել հստակ տեսանելի են որոշ միֆական պատկերացումներ, որոնք իրականությանը բախվելով կամ տեղի են տալիս, կամ ձևավորում արդարացում գտնելու մոլուցք, որը իր հերթին սրում է այդ մթնոլորտը և ավելի հեռացնում իրականության ընկալումից:
Որպես օրինակ կարող ենք դիտարկել բազմիցս հնչած «Անպարտելի բանակ» հասկացությունը: Տարիներ շարունակ անպարտելի բանակի մասին լսելուց հետո պատերազմում պարտված պետության քաղաքացին կամ ընդունում է խաբված լինելու հանգամանքը, կամ ելնելով միֆական պատկերացումներից՝ ընդվզում իրողության դեմ՝ պարտությունը ներկայացնելով իբրև բարոյական հաղթանակ:
Մեր սեփական փորձից ելնելով՝ կարող ենք փաստել, որ այս ամենի հիմքում կա երկու տարբերակ․
- Քաղաքական քարոզչամեքենան ոչինչ չի խնայել իրական հարցեր բարձրացնելու անհրաժեշտության զգացումը թմրեցնելու և միֆերի բարգավաճման գործին աջակցելու համար:
- Քաղաքական էլիտան ևս, տրվելով միֆական մտածողությանը, «քաղաքական էլիտա» հասկացությունը վերածել է միֆի։
Կամ երկուսը միասին:
Իսկ ահա եզակի թվով քաղաքացիներ, սեփական տեսակետը բարձրաձայնելու պատճառով, ստացել են դավաճանի պիտակավորում՝ ուղղակիորեն դուրս մղվելով ներքաղաքական «գաղափարախոսական պայքարից»:
Այսինքն՝ կոնկրետ օրինակի դեպքում, երբ հարց էր բարձրացվում ԼՂ հակամարտության շուրջ՝ փոխզիջումային ճանապարհով գնալու տարբերակի և հերթական պատերազմին պատրաստվելու միջև, հիմնականում բանավիճելու հնարավորությունը նախնական փուլում վիժում էր, քանզի առկա էին «Անպարտելի բանակ» և նմանօրինակ այլ միֆածին հասկացություններ:
Մեխանիկորեն, փոխզիջումային ճանապարհով լուծման կողմնակիցը դառնում էր «ազգի դավաճան», «հող հանձնող», իսկ հակառակ ճամբարի ներկայացուցիչը վերածվում, օրինակ, «ոչմիթիզականի» ու երկու դեպքում էլ հեռացվում պայմանական «ընտրյալների» շարքերից:
Այսպիսով, կառուցողական առողջ բանավեճը տեղափոխվում էր ցածրակարգ պիտակավորումների և մեղադրանքների դաշտ: Իսկ այդպիսի պայմաններ ունենալու դեպքում այլևս ցանկություն/կամք չի լինում, օրինակ քաղաքացիական որևէ դիրքորոշում ենթադրող զանգվածային միջոցառման համար:
Հանգամանքների բերումով, երբ պարզ է դառնում նմանատիպ դեպքերին զոհ դարձածների քանակը, հանկարծ իրականությունից խուսափող զանգվածը այդպիսի մարդկանց մեղադրում է ազգային միասնականությունը կաթվածահար անելու մեջ, ինչից և, ըստ էության, սկսվում է արհեստական ազգ/ժողովուրդ բաժանումը կամ, վատագույն դեպքում, ազգի նվիրյալ/ազգի դավաճան՝ լուրջ վտանգ ենթադրող բախումը:
Այս շղթայական փակուղի հիշեցնող իրավիճակը հղի է բազում վտանգներով, այդ թվում՝ հասարակության արհեստական բաժանում, ներքին ընդհարումների հավանականություն պարունակող մթնոլորտ, անհանդուրժողականություն և այլն:
Վերոնշյալները, սակայն, միայն հետևանքներ են, իսկ շղթան կոտրելու հնարավոր զրոյական կետը, ամեն դեպքում, պետք է լինի ընդունումը։ Եթե ընդունումը տեղի չի ունենում, ապա կարող ենք բախվել իրականությունը սխալ գնահատելու վտանգին, ինչն էլ կարող է հանգեցնել իրավիճակի կրկնությանը թեկուզև տարբեր դրսևորումներով:
Հայկական բանակի պարտության առաջին և գլխավոր պատասխանատուն Հայաստանի Հանրապետության իշխանությունն է, սակայն պարտությունը պատկանում է բոլորիս:
Հեղինակ՝ Զավեն Տոնոյան
Զավենը փիլիսոփայության տեսաբան է, հետազոտող։
Կարդացեք նաև
- Տնտեսական իրավիճակը հետպատերազմյան Հայաստանում
- Պարտության արմատները․ Հայ հասարակությանը միֆերով սնելու նուրբ արվեստը
- Հետպատերազմյան կրթության հեռանկարները․ տեսակետ
- Նոր վերնախավի պահանջ՝ հաղթահարելու ինքնության ճգնաժամը
#տեսակետ #դասերպատերազմից
Նյութերի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության կազմակերպիչների տեսակետները։
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 26/12/2020