Կրթություն

Արմավիրի մարզի 97 համայնքներից 61-ում մանկապարտեզ չկա

Արմավիրի մարզում մանկապարտեզների մեծ մասը գործում է մարզի երեք խոշոր համայնքներում` Վաղարշապատ, Արմավիր և Մեծամոր քաղաքներում: 2017թ. տվյալներով 54 գործող մանկապարտեզներից 23-ը գտնվում են այս երեք քաղաքներում: Մանկապարտեզներ կան նաև մարզի 51 այլ համայնքներում, որոնցից 18-ում դրանք կամ վերանորոգման փուլում են, կամ շենքային անմխիթար պայմանների պատճառով չեն գործում:

Մանկապարտեզների ոչ բավարար քանակը հանգեցնում է Արմավիրի մարզում երեխաների շուրջ 25%-ի նախադպրոցական կրթությունից դուրս մնալուն:

Իրավիճակ

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունք:

Մանկապարտեզ հաճախելը նպաստում է երեխայի համակողմանի ու ներդաշնակ զարգացմանն ու սոցիալականացմանը:

Նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացման պարտականությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների ուսերին: Այս մարմինը պետք է ջանք գործադրի, որպեսզի իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզները լինեն հասանելի, մատչելի և պահպանեն մի շարք նորմատիվներ։ ՏԻՄ-ն իրականացնում է նաև նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառում:

Արմավիրի մարզում, ըստ մարզպետարանի տվյալների, 2017-18թթ. մանկապարտեզ է հաճախել ընդհանուր առմամբ 5000 երեխա:

«Ամփոփ Մեդիան» Արմավիրի մարզպետարան հարցում ուղարկեց՝ պարզելու մարզի բոլոր համայնքներում գործող մանկապարտեզների ծանրաբեռնվածության չափն ու պայմանները:

Հարցման մեջ ներառված հարցերը վերաբերվում էին տարվա ընթացքում մանկապարտեզների գործունեությանը, հաճախող երեխաների թվին, վարձավճարին և մանկապարտեզ չունեցող համայնքներում ապրող երեխաների թվին:

Հարցմանն ի պատասխան, «Ամփոփ մեդիան» առկա 97 համայնքներից պատասխան ստացավ ընդամենը 35-ից, որտեղ բնակվում է 3-5 տարեկան 3206 երեխա: Տրամադրված տվյալների համաձայն, այս 35 համայնքներից միայն 16-ում կա գործող մանկապարտեզ:

Հարցմանն արձագանքած 35 համայնքներից 19-ում կամ չեն գործում կամ չկան մանկապարտեզներ: Ընդ որում, «Ամփոփ մեդիայի» ուսումնասիրության համաձայն, համայնքում մանկապարտեզի առկայությունը պայմանավորված չէ երեխաների քանակով: Օրինակ, մարզի Նորապատ համայնքում, որն ունի 3-5 տարեկան 86 երեխա, մանկապարտեզը գործում է ողջ տարվա ընթացքում: Մինչդեռ նույն մարզի Աղավնատուն համայնքում, որն ունի նույն տարիքային խմբի 123 երեխա, մանկապարտեզ չկա:

Կան համայնքներ, որտեղ բնակվող երեխաներն այցելում են հարևան համայնքների մանկապարտեզներ: Օրինակ՝ Խանջյան համայնքից 16 երեխա հաճախում է Արմավիր քաղաքի մանկապարտեզներ, որոնք մոտ 10 կմ հեռու են նրանց բնակավայրից, իսկ Արաքս համայնքից երեխաներին ծնողներն ուղեկցում են 6-7 կմ հեռավորությամբ գտնվող Արևադաշտ կամ Սարդարապատ համայնքների մանկապարտեզներ:

Բացի մանկապարտեզներից մարզում դպրոցներին կից գործում է նաև 44 նախակրթարան, որոնք բացվել են Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի և Կրթության ու գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոնի» հետ համատեղ: Ի տարբերություն մանկապարտեզների, նախակրթարանները ՊՈԱԿ-ներ են, այսինքն՝ գտնվում են մարզպետարանների ենթակայության տակ և ֆինանսավորվում են պետբյուջեից` ստանալով նաև մինչև 25% ներդրման մասնաբաժին համայնքից և ծնողներից:

Համայնքում նախակրթարանների առկայությունն էապես կախված է նրանց մասնակցությունից: Նախակրթարաններ կարող են հաճախել 4-5 տարեկան երեխաները, ընդ որում, 5 տարեկան երեխաների ծախսերը հոգում են վերոնշյալ ծրագրի շրջանակներում, իսկ 4 տարեկան երեխաների համար սահմանված է վճար՝ ամսական 5000 դրամ: Ըստ վիճակագրական կոմիտեի, 2017թ. նախակրթարաններում սովորել է 1360 երեխա:

«Քանի որ մանկապարտեզները համայնքապատկան են և իրենց (մարզպետարանների) ենթակայության տակ չեն գտնվում, այդ իսկ պատճառով մանկապարտեզներ չունեցող համայնքներում նպատակահարմար է նախակրթարանների բացումը, որոնք պետական ֆինանսավորում ունեն»,- ասում է Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանը:

Ըստ նրա, Համաշխարհային բանկը նոր նախակրթարանների բացման ծրագրային առաջարկ է արել: «Այս պահին ծրագիրը քննարկման փուլում է, քանի որ նախակրթարանների բացումը, գործարկելը մեծապես կախված է երեխաների անհրաժեշտ թվաքանակից, շենքային պայմանների համապատասխանելիությունից»,- ասում է Սարգսյանը:

Ըստ նրա, 2018թ. քննարկումների արդյունքում կընտրվեն միայն համայնքները և հաջորդիվ կկատարվեն մյուս աշխատանքները: Մարզպետարանի պաշտոնյան ասում է, որ նոր նախակրթարանների բացումը, հավանաբար, կլինի 2019թ-ի սեպտեմբերից:

Ի տարբերություն մայրաքաղաք Երևանի, որտեղ մանկապարտեզներն աշխատում են ամբողջ տարին, մարզերում մանկապարտեզները սահմանափակվում են 5-10 ամսվա աշխատանքային գրաֆիկով: Հիմնական պատճառը սուղ միջոցներն են` ջեռուցում, շենքային պայմաների ոչ բարվոք վիճակ։

Արմավիր քաղաքի թվով 12 մանկապարտեզները, գրեթե ամեն տարի, ի տարբերություն մյուս մանկապարտեզների, ձմռան դադարից հետո վերաբացվում են միայն ապրիլի 1-ից:

Այս մանկապարտեզներից մեկը հաճախող երեխայի ծնողը, ով չցանկացավ նշել անունը, «Ամփոփ մեդիային» տեղեկացրեց, որ նախկինում մանկապարտեզում տրվող սնունդն այնքան էլ լավ չէր, վառելափայտի գումարն իրենք էին վճարում, բայց վերջին փոփոխությունների արդյունքում սնունդը լավացել է, ճաշացանկը՝ փոխվել, տեսականին էլ՝ ավելացել, իսկ այս տարի քաղաքապետարնն է հատկացրել վառելափայտը:

Համաձայն Արմավիրի քաղաքապետարանի ներկայացուցիչների, իրենց ենթակայության տակ գտնվող 12 մսուր-մանկապարտեզներում վարձավճարի չափը կազմում է 7000 դրամ: Յուրաքանչյուր սանին բաժին ընկնող օրական սննդի գումարը 320 դրամ է: Այս ծախսերին ավելանում են նաև շենքի պահպանության և աշխատակիցների վճարների ծախսերը, որոնք կատարվում են ոչ միայն սաների վարձավճարներից, այլ նաև համայնքային բյուջեից՝ սուբսիդավորմամբ:

Արմավիր քաղաքի 12 մսուր-մանկապարտեզների շարքում դիտարկում իրականացրած «Երիտասարդական ավանգարդ» ՀԿ համահիմնադիր Մարգար Մարգարյանը «Ամփոփ մեդիային» տեղեկացրեց, որ քաղաքում առկա 12 մսուր-մանկապարտեզներից բարվոք վիճակում են 3-ը` թիվ 4, 9 և 10 մանկապարտեզները:

Ըստ նրա, դրանք վերանորոգված են, ունեն լոկալ ջեռուցման համակարգեր: Այս մանակապարտեզներում վարձավճարը նույնն է, ինչ չվերանորոգված, վառելափայտով ջեռուցվող մանկապարտեզներում, քանի որ սուբսիդավորման մասնաբաժինը համայնքային բյուջեից ավելին է:

Բոլոր 12 մսուր-մանկապարտեզների դեպքում շենքերը փոքր են, մեծ թվով երեխաներ հնարավոր չէ ընդգրկել, ինչն էլ մեծացնում է պահպանման ծախսերը: Ավելին, մսուր-մանկապարտեզներից մի քանիսն էլ ենթակա են փակման: Հիմնավորումն այն է, որ դրանց փակումն ու մյուս մանակապարտեզներում նոր խմբերի բացումն ավելի քիչ ռեսուրս կպահանջի, քան մանկապարտեզի ընդհանուր պահպանման ծախսն է:

Սեզոնային մանկապարտեզներ

Արմավիրի մարզում մանկապարտեզների կեսից ավելին՝ շուրջ 54%-ը, սեզոնային են: Համաձայն հարցման արդյունքների, դրանք տարվա ընթացքում գործում են 4 և ավելի ամիս: Կան եզակի մանկապարտեզներ, որոնք գործում են ողջ տարին: Դրանցից են Նորապատ և Փարաքար համայնքների մանկապարտեզները:

Ըստ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետազոտության, չգործելու հիմնական պատճառներից են ջեռուցման ծախսերի համար միջոցների սակավությունը կամ ծախսերի սխալ պլանավորումը:

Սննդի և վառելանյութի ձեռքբերման գումարների որոշակի մասը հատկացվում է վարձավճարներից: Մանկապարտեզ հաճախող մեկ երեխայի վարձավճարը տատանվում է 3000-7000 ՀՀ դրամի սահմաններում՝ ըստ գործող խմբերի քանակի։ Իսկ ինչ վերաբերում է մի համայնքից մյուսը հաճախող երեխաների վարձավճարին, ապա այն նույնն է, ինչ տեղաբնակներինը:

Մանկապարտեզ հաճախողներն օգտվում են նաև վարձավճարի արտոնություններից, ինչը յուրաքանչյուր համայնքի ավագանի սահմանում է իր համայնքի համար: Սովորաբար եթե մի ընտանիքից նույն մանկապարտեզ են հաճախում 3 և ավելի երեխաներ, ամեն երեխայի վարձավճարը զեղչվում է 50%-ով: Իսկ ծնողազուրկ երեխաները մանկապարտեզ են հաճախում անվճար: Արտոնություններ են գործում նաև սոցիալական որոշակի խմբերի համար:

Փաստացի

Մանկապարտեզները համայնքապատկան են` Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ): Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը սահմանում է, որ համայնքի ղեկավարն է կազմակերպում համայնքային ենթակայության բոլոր կազմակերպությունների, այդ թվում՝ մանկապարտեզների գործունեությունը, իրականացնում դրանց կառուցման, շահագործման և նորոգման աշխատանքները:

Մանկապարտեզների հիմնական կարիքները բավարարվում են համայնքային բյուջեից հատկացված գումարներով։ Քանի որ համայնքային բյուջեները բաց և հասանելի են մարդկանց, հետևաբար հասանելի են նաև մանկապարտեզներին հատկացվող գումարները։ Որոշ համայնքներում մանկապարտեզներին համայնքային բյուջեից ուղղվող ընթացիկ գումարները ծախսվում են սննդի, վառելիքի, հիգիենայի պարագաների գնման վրա, մինչդեռ համայնքներ էլ կան, որտեղ այդ գումարներն անհրաժեշտ են, սակայն բավարար չեն մանկապարտեզները հիմնովին վերանորոգելու և շահագործելու համար: Համայնքներում մանկապարտեզների կառուցում-բարեկարգումը  հնարավոր է լինում բարերարների, հիմնադրամների և այլ մրցութային ծրագրերի արդյունքում:

Փորձագետի կարծիք



Ամփոփեց` Սուսաննա Մատինյանը

Ինֆոգրաֆիկաները՝ Աստղիկ Գեւորգյանի

Պատասխանատու խմբագիր` Աստղիկ Գեւորգյան

Հավելյալ աղբյուրներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 24/11/2018