Միջազգային Քաղաքական

«Հրե եռյակի» գլխատումը. Իրան-Իսրայել հակամարտությունից լայնածավալ պատերազմ

Լուսանկարում ձախից՝ Խամենեի, Նասրալլահ և Սուլեյմանի

Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը փոխվեց այն բանից հետո, երբ Իսրայելը վերջին տարիներին մեկը մյուսի հետևից թիրախավորեց և չեզոքացրեց իրանական «Դիմադրության առանցքը» հանդիսացող հիմնադիրներին:

Ղասեմ Սուլեյմանիի, Հասան Նասրալլահի և ի վերջո Ալի Խամենեիի հեռացումն ասպարեզից ոչ թե վերջ դրեց տասնամյակներ տևած ստվերային պատերազմին, այլ այն վերածեց բացահայտ և անկանխատեսելի զարգացումներով տարածաշրջանային ճակատամարտի: Իրանն արդեն հայտարարել է «ամենակատաղի» վրեժխնդրության մասին՝ թիրախավորելով ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական օբյեկտները ողջ տարածաշրջանում:

Ովքե՞ր էին նրանք և ի՞նչ վտանգ էին ներկայացնում Իսրայելի համար

Այս եռյակը տասնամյակներ շարունակ ձևավորել էր Իսրայելը շրջափակող օղակ:

Ալի Խամենեին՝ Իրանի գերագույն առաջնորդը, հակաիսրաելական պայքարի գլխավոր հովանավորն ու գաղափարախոսն էր, ում ռեսուրսներով գործում էր ողջ առանցքը:

Ղասեմ Սուլեյմանին՝ «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատարը, Իրանի ռազմական քաղաքականության շարժիչ ուժն էր, ով համակարգում էր «Հեզբոլլահի» և այլ խմբավորումների զինումն ու վարժեցումը:

Հասան Նասրալլահը՝ «Հեզբոլլահ»-ի առաջնորդը, Իսրայելի հյուսիսային սահմանների ամենամեծ ու անմիջական սպառնալիքն էր, ում կողմից ղեկավարվող կառույցը ծառայում էր որպես Թեհրանի հզոր պրոքսի ուժ:

Թիրախային հարվածներ

Իսրայելի համար նրանց ոչնչացումը ռազմավարական անհրաժեշտություն էր՝ թուլացնելու իր սահմանների մոտ կուտակված սպառնալիքը։

Ղասեմ Սուլեյմանին սպանվեց 2020թ. -ին Բաղդադի օդանավակայանի մոտ՝ ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի հարվածից, ինչը զգալիորեն խարխլեց Իրանի լոգիստիկ շղթաները:

Հասան Նասրալլահը ոչնչացվեց 2024թ.-ին Բեյրութի Դահիե թաղամասում գտնվող ստորգետնյա կենտրոնակայանի վրա իրականացված հզոր ավիահարվածից՝ Իսրայելի կողմից որակվելով որպես «գլխավոր ահաբեկչի» չեզոքացում:

Ալի Խամենեին և Իրանի համար ևս չորս առանցքային բարձրաստիճան պաշտոնյաներ (այդ թվում՝ ԳՇ պետը և Պաշտպանության նախարարը) ոչնչացվեցին 2026թ.-ին Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ «Առյուծի մռնչոց» գործողության շրջանակում։ Սա դարձավ ամենամեծ հարվածը իրանական վարչակարգի հիերարխիային:

Նոր թեժացում, վրեժխնդրության ալիք

Չնայած առաջնորդների կորստին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Operation True Promise IV («Ճշմարիտ խոստում 4») գործողության մեկնարկի մասին։ Իրանն արդեն իրականացրել է հրթիռային հարվածների մի քանի ալիք՝ թիրախավորելով 27 ամերիկյան ռազմաբազաներ Քաթարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում: Հաղորդվում է նաև Իսրայելի ռազմական շտաբների և Թել Ավիվի պաշտպանական արդյունաբերության համալիրի հրթիռակոծության մասին:

Ի՞նչ է «True Promise» օպերացիան և ինչո՞ւ «4»

Operation True Promise-ը Իրանի կողմից Իսրայելի դեմ իրականացվող ռազմական գործողությունների անվանումն է, որը խորհրդանշում է Թեհրանի «խոստումը»՝ պատժելու Իսրայելին ցանկացած հարձակման համար։ Գործողության համարակալումն արտացոլում է հակամարտության էսկալացիայի փուլերը։

  • True Promise I & II-ը 2024թ. ապրիլին և հոկտեմբերին Իսրայելին հասցված հարվածներն են։
  • True Promise III-ը 2025թ․-ին Իսրայելի դեմ իրականացված գործողություններն են տասներկուօրյա պատերազմի ժամանակ։
  • True Promise IV-ը 2026թ.-ի փետրվարի 28-ին Իրանի Գերագույն առաջնորդի սպանությունից հետո Իրանի մեկնարկած ռազմական լայնածավալ գործողություններն են։

Այսպիսով, True Promise IV-ը սոսկ ռազմական պատասխան չէ։ Սա Իրանի վարչակարգի գոյության պայքարն է՝ ապացուցելու, որ նույնիսկ առանցքային առաջնորդների կորստից հետո Թեհրանը պահպանում է իր հարվածային ներուժն ու տարածաշրջանային ազդեցությունը:

Նմանատիպ զարգացումները Մերձավոր Արևելքը տանում են դեպի լայնածավալ և անկանխատեսելի պատերազմի, որտեղ ԱՄՆ-ն ու Իսրայելը բախվում են Իրանի կողմից երբևէ ձեռնարկված ամենակատաղի դիմադրությանը: Արդյո՞ք առաջնորդների չեզոքացումը կբերի Իսրայելի երազած անվտանգությանը, թե՞ կդառնա տարածաշրջանային անդադար բախումների նոր սկիզբ։

Պատրաստեց՝ Կարինե Դարբինյանը
Աղբյուրներ՝ Тhe Тimes, BBC, The Associated Press
Գլխավոր լուսանկարը՝ Khamenei.ir կայքից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 03/03/2026