Իրավունք Սոցիալական

Նվազող իրավաբանական օգնություն, աճող հարկեր. պրոբոնոյի ճգնաժամը Հայաստանում

Կառավարության որոշմամբ՝ 2025 թ.-ի հունվարի 1–ից փաստաբանական ծառայություններն այլևս չեն կարող իրականացվել շրջանառության հարկի պարզեցված համակարգով։ Փաստաբանները հարկադրված են անցնել հարկման ընդհանուր դաշտ՝ ամբողջությամբ ենթարկվելով ավելի բարդ, թանկ հարկային վարչարարության։ Ուժի մեջ մտած Հարկային օրենսգրի փոփոխությունները փոխել է խաղի կանոնները։

Փաստաբանները բողոքում են, ընդդիմությունն՝ աջակցում, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վիճարկվում են Սահմանադրական դատարանում, իսկ իշխանությունը դեռևս լռում է։

Ի՞նչ է թաքնված մասնագիտական ծառայությունների հարկային շրջադարձի հետևում։ «Ամփոփ Մեդիան» լսել է կողմերին ու փորձել հասկանալ չմարսված փոփոխությունների բոլոր սուր անկյունները։

Հարկման ընդհանուր դաշտ անցնելը ենթադրում է, որ յուրաքանչյուր փաստաբանական ծառայության արժեքին ավելանում է 20% ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ)։ Փոփոխությունների համաձայն, փաստաբանը նաև վճարում է շահութահարկ՝ 18% դրույքաչափով, իսկ եթե անհատ ձեռնարկատեր է՝ 23%։

Ավելացած առնվազն 38% հարկային բեռը պատճառ է դառնում, որ փաստաբանները այդ կամ գուցե ավել չափով թանկացնեն ծառայությունների արժեքը։

Մինչ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ ընդհանուր հարկման դաշտ անցնում էին միայն այն փաստաբանները, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում էր 115 մլն դրամը։ Մինչև այս շեմը՝ վճարվում էր ընդամենը 5% շրջանառության հարկ և վերջ։

Ինչո՞ւ փաստաբաններին զրկեցին շրջանառության հարկի հնարավորությունից

Ֆինանսների նախարարության (ՖՆ) հիմնավորմամբ՝ նպատակն է հարկային համահավասարությունն ու մասնագիտական ծառայությունների արտոնյալ հարկային դաշտից դուրսբերումը։

Օրի Ալավերդյան

«Շրջանառության հարկի համակարգը համարվում է պարզեցված հարկային ռեժիմ՝ նախատեսված այն հարկ վճարողների համար, ովքեր չունեն մասնագիտական կարողություններ օրենք կարդալու կամ դրա տրամաբանությունը ճիշտ ընկալելու համար»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասաց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։

Ալավերդյանի համար անտրամաբանական է, որ իրավաբանական ծառայություններ մատուցող անձն օգտվում է այս համակարգից, քանի որ իրավաբանն ինքին օրենքի մասնագետ է:

ՖՆ պաշոնյան, կարևորելով հարկային հավասարությունը, հետևյալ համեմատականն է տանում՝ նախքան փոփոխությունները նույն մասնագիտական ծառայությունը մատուցող անձը, եթե գրանցված էր որպես տնտեսվարող, վճարում էր 5% շրջանառության հարկ, իսկ վարձու աշխատող իրավաբանը՝ 20% եկամտահարկ։

Ըստ Ալավերդյանի՝ նախկին ձևաչափով մեծ էին կեղծ ինքնազբաղվածության ռիսկերը։

«Օրինակ՝ բազմաթիվ վարձու աշխատողներ ձևակերպվում են որպես առանձին տնտեսվարողներ՝ վճարելով 5% շրջանառության հարկ՝ փոխարենը եկամտային 20%-ի։ Սա առավել արտահայտված է հատկապես իրավաբանների և հաշվապահների դեպքում։ Իրականում հաշվապահը կամ իրավաբանը, որը նախկինում վարձու աշխատող էր, պարզապես վերաձևակերպվում է որպես անհատ ձեռնարկատեր՝ առանց ռիսկերում էական փոփոխության»,- ավելացրեց Օրի Ալավերդյանը։

Բարեխղճին ու անբարեխղճին նույն զամբյուղը գցել չի կարելի

Փաստաբան Տարոն Սիմոնյանը, հակադարձելով գործադիրի պարզաբանմանը, ընդգծում է, որ բարեխղճին ու անբարեխղճին նույն զամբյուղը գցել չի կարելի։ Ըստ նրա, դամոկլյան սրի պես կախված այդ ռիսկը ոչ միայն խաթարում է մասնագիտական ազատությունը, այլև նվազեցնում հանրության որակյալ և մատչելի իրավական օգնություն ստանալու հնարավորությունները։

«Փոխանակ այդ խախտումները կոնկրետ բացահայտելու ու պատժելու, ընտրվել է բոլորին միևնույն հարկային ծանր ռեժիմի տակ դնելու տարբերակը։ Արդյունքում, մի քանի անբարեխիղճների գործողությունների պատճառով տուժում է ողջ փաստաբանական համայնքը, այդ թվում՝ բարեխիղճ, օրինական գործող մասնագետները»,- նշեց Սիմոնյանը, ում ընկերությունը մինչ այս փոփոխությունն էլ, մեծ շրջանառության հիմքով, հարկման ընդհանուր դաշտում էր գործում։

Թեև հարկային բեռը 7-8 անգամ ավելանում է, միևնույն է, փաստաբանական համայնքը վստահեցնում է՝ խնդիրը ֆինանսական բեռը չէ, այլ կատարված փոփոխությունները, որը մարդուն զրկում է անվճար իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունից, ինչը սահմանադրական նորմ է։

«Աշխարհում չկա գեթ մեկ պետություն, որտեղ փաստաբանների կողմից մատուցվող անվճար իրավաբանական օգնությունը հարկվում է», – ասում է փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

Արդարադատության գինը․ Տուրքերը բարձրացրին, դատավորներին ավելացրին, բայց բեռը մնաց

Իրավաբանական օգնության հասանելիությունն ու մատչելիությունը սահմանափակվում է

Պետության դիրքորոշումն է՝ անվճար ծառայության դեպքում ուսումնասիրել նմանատիպ ծառայության դիմաց փաստաբանների պահանջած գումարը և միջին հաշվարկով հարկել։

Փաստաբանական համայնքը պնդում է՝ ընդունված փոփոխությունները հակասում են Սահմանադրությանը՝ խոչընդոտելով քաղաքացիների հիմնարար իրավունքների իրացմանը, ինչպես նաև անթույլատրելի սահմանափակումներ է մտցնում:

Կարգավորումները վտանգում են ինչպես մասնագիտական անկախությունը, այնպես էլ իրավունքի մատչելիությունը

Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցի խոսքով՝ գործադիր իշխանությունն անտեսել է փաստաբանական համայնքի զգուշացումները։ Պալատը նախազգուշացնում էր՝ գործող կարգավորումները վտանգում են ինչպես մասնագիտական անկախությունը, այնպես էլ իրավունքի մատչելիությունը։

«Հանրային պաշտպանի գրասենյակի տիրույթից դուրս անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու՝ պրոբոնո համակարգը բացառվում է, քանի որ այն ևս ենթարկվում է հարկման։ Սա նշանակում է, որ բազմաթիվ խոցելի անձինք զրկվելու են իրավաբանի աջակցություն ստանալու հնարավորությունից»,- ասում է Ակլունցը։


Պրոբոնո՝ անվճար իրավաբանական օգնություն քաղաքացիներին


Ըստ նրա, դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունն էականորեն նվազելու է, իսկ խտրականության սահմանադրական արգելքը խաթարվում է։ «Ստացվում է՝ նույն իրավաբանական ծառայություններն առևտրային կազմակերպությունների համար ավելի մատչելի են դառնում, իսկ քաղաքացիների մի մասը դուրս է մնում համակարգից»։

Այս փոփոխություններով, ըստ Ակլունցի, հատուկ է թիրախավորում իրավական օգնությունը, քանի որ հարկման խիստ ռեժիմը՝ առանց որևէ հիմնավորումների, տարածվում է միայն փաստաբանների ու նոտարների վրա։ Սա ոչ թե համաչափ լուծում է, այլ ուղղակի հարված իրավաբանական մասնագիտությանը։

Հարութ Ակլունց

«Բացի այդ, անցումային դրույթներով ոչ մի կերպ չեն կարգավորվել արդեն նախապես կնքված պայմանագրերով և շարունակվող գործերով ծառայությունները, ինչն էլ նշանակում է, որ խախտվում է սեփականության իրավունքի սահմանադրական երաշխիքը, և օրենքը ստացել է հետադարձ ուժ՝ ի հեճուկս Սահմանադրության»,- շարունակեց Ակլունցը։

Ըստ նրա, ամենից մտահոգիչն այն է, որ այս նոր հարկային լծակներով ավելանում է պետական միջամտության հնարավորությունը փաստաբանի անկախ գործունեության վրա, ինչը ուղղակի սպառնալիք է փաստաբանի անկախության սահմանադրական երաշխիքներին։

Փաստաբան Տարոն Սիմոնյանը նույն խնդիրն է տեսնում, ավելին՝ փոփոխությունները նաև քաղաքական ճնշման գործիք է դիտարկում։

«Ակցիաների ժամանակ ձերբակալված անձանց տարիներ շարունակ մենք անվճար ենք օգնել, ներկայացրել դատարանում, այսինքն՝ նրանց պաշտպանել ենք առանց փոխհատուցման։ Հիմա հարկայինը ասում է՝ ինչո՞ւ չեք փող վերցրել։ Ըստ շուկայի արժեքի դու այսքան պիտի վերցնեիր, հիմա վճարի՛ր դրա հարկը։ Ու եթե չվճարի՝ հարուցում են քրեական գործ հարկերից խուսափելու համար»,- նշեց Սիմոնյանը։

Սիմոնյանի մտահոգությունն է, որ այս հիմքով կարող են կալանավորել ցանկացած փաստաբանի։ «Պրոբոնոն վերածվում է լծակի՝ ճնշելու այն փաստաբաններին, որոնք քննադատում են իշխանությանը կամ պաշտպանում են իշխանության քննադատներին։ Հստակ մեխանիզմ է, որը ցանկացած պահի կարող է գործի դրվել փաստաբանի դեմ։

Պրոբոնո համակարգի միջազգային փորձը

Միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է՝ պրոբոնո անվամբ հայտնի համակարգը գործում է իրավական բարձր մշակույթ ունեցող երկրներում։ Պրոբոնոն անվճար իրավաբանական օգնություն է մարդկանց, որոնք իրավական պաշտպանության համար բավարար միջոցներ չունեն։ Օրինակ՝ ԱՄՆ-ում փաստաբանական լիցենզավորման և վերաորակավորման գործընթացում նույնիսկ խրախուսվում է պրոբոնո աշխատանքը։ Յուրաքանչյուր փաստաբան ամեն տարի միջինում 50 ժամ անվճար ծառայություն պետք է մատուցի։

Մեծ Բրիտանիայում անվճար իրավաբանական օգնությունը պետական քաղաքականության մաս է, բազմաթիվ փաստաբանական ընկերություններ ունեն պրոբոնո բաժիններ, որոնք օժանդակում են ինչպես անհատներին, այնպես էլ հասարակական կազմակերպություններին։ Ավստրալիայում պետական մրցույթներին մասնակցող փաստաբանական ընկերություններից պահանջվում է պրոբոնո պարտավորություն։ Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Հարավաֆրիկյան Հանրապետություն և այլն՝ բոլորն ունեն անվճար իրավաբանական օգնության հնարավորություն՝ առանց փաստաբանի հարկման։

Հակասումներ․ ՀՀ-ում оրենքով թույլատրելի է, բայց կիրառությունն այլևս անհնար

Հայաստանում պրոբոնո իրավաբանական օգնության համակարգը «զարգացման փուլում» մնաց՝ այդպես էլ չհասնելով ինստիտուցիոնալ գործողությունների փուլին։ Չնայած այն հանգամանքին, որ «Փաստաբանության մասին» օրենքը փաստաբաններին թույլ է տալիս անվճար ծառայություն մատուցել, վերջին հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով փաստաբանները զրկվում են այս հնարավորությունից։

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վիճարկվում են Սահմանադրական դատարանում

ԱԺ 31 պատգամավոր բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան, գործը վարույթ է ընդունվել։ Ուշագրավ է, որ դիմումը վարույթ ընդունելուց հետո Կառավարությունը կայացրել է որոշում՝ անվճար իրավաբանական ծառայության համար 5%-ի չափով քվոտա սահմանել։ Այսինքն՝ չի բացառվում, որ ՍԴ-ի կողմից գործը վարույթ ընդունելուց հետո իշխանությունները փորձում են կոմպրոմիսային առաջարկ անել փաստաբաններին։

«Եթե անվճար իրավաբանական ծառայությունների արժեքը տվյալ ամսվա ընթացքում չի գերազանցում տվյալ հարկ վճարողի մոտ ձևավորված հարկման բազայի 5%-ը, ապա այդ մասով ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվում։ Մնացածը հարկման ենթակա է»,- պարզաբանում է ՖՆ ներկայացուցիչ Օրի Ալավերդյանը։

Սահմանադրական հակասությունները՝ օրենքում

Տարոն Սիմոնյան

«Դա իրատեսական չէ։ Ասում են՝ կարող եք ձեր շրջանառության 5 %-ի չափով անվճար իրավաբանական օգնություն տրամադրել։ Բայց ո՞նց է այդ 5 %-ը հաշվարկվում։ Օրինակ՝ մարտի 8-ի շրջանակում փաստաբաններն ավանդաբար անվճար խորհրդատվություն են տրամադրում կանանց։ Կամ արցախցի մեր հայրենակիցներին անվճար աջակցություն ենք ցուցաբերում։ Եթե փաստաբանը գումար չի վերցրել, ո՞նց որոշվի՝ անցե՞լ է 5 %-ի շեմը, թե՞ ոչ»,- ասում է փաստաբան Սիմոնյանը։

Եթե որևէ գործով փաստաբանական ծառայության արժեքը սովորական շուկայական արժեքով համարվում է, օրինակ, 5 միլիոն դրամ, ապա հարկայինը կպահանջի այդ արժեքի 20 %-ը՝ 1 միլիոն դրամը՝ իբրև ԱԱՀ։ «Բայց փաստաբանն այդ գումարը ընդհանրապես չի էլ ստացել՝ անվճար է արել։ Սա անտրամաբանական ու խտրական մոտեցում է»,- հայտարարում է Սիմոնյանը։

Փաստաբաններն ու ընդդիմադիրները Հարկային օրենսգրքի փոփոխություններում առնվազն ութ հակասություն են տեսել մայր օրենքի հետ։

Օրինակ՝ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է. «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք։ Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին»: Մայր օրենքի 73-րդ հոդվածում էլ արձանագրված է, որ «անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն», բայց արդեն գործող օրենքով հետադարձ ուժ է տրված։

«Պատկերացրեք՝ եթե ես, օրինակ, 2 տարի առաջ գործ եմ արել, այդ գործը փաստացի ավարտում եմ հիմա, ապա ինձ հարկում են այսօրվա դրույքաչափերով, ոչ թե այն ժամանակվա։ Բայց պատվիրատուն ինձ գումարը տվել է 2 տարի առաջ՝ հին պայմաններով, արդյունքում՝ իրական վնաս եմ կրում։ Այս պահին փաստաբանների զգալի մասը հայտնվել է նման իրավիճակում։ Եվ հիմա, եթե հաշվենք, այդ գումարի վրա հարկման իրական ծանրաբեռնումը մոտենում է 43 %-ի»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը։

Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի մինչև դեկտեմբեր

Փաստաբաններին և խորհրդարանական ընդդիմությանը բարձր դատարանը պետք է լսեր հունիսի 3-ին, սակայն նիստի քննությունը հետաձգվեց մինչև հունիսի 10-ը։ Բարձր դատարանը գործը քննում է գրավոր ընթացակարգով։ Որոշումը դեռ հրապարակված չէ։

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն, բարձր դատարանը գործը կարող է քննել առավելագույնը 6 ամիս, վճիռ կայացնել՝ հետազոտությունների ավարտից առավելագույնը 30 օրվա ընթացքում։

Այս պահին միայն խոցելի խմբերին պետական բյուջեից տրամադրվում է անվճար իրավաբանական աջակցություն՝ Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը դեռ անցած տարի հավաստիացնում էր, թե փաստաբանական ծառայությունների ԱԱՀ-ով հարկումը չի խաթարի սոցիալապես անապահովների իրավունքի պաշտպանությունը՝ հենվելով Հանրային պաշտպանի ինստիտուտի վրա։

«Ինչ վերաբերում է դատական պաշտպանության հասանելիության հետ կապված մտահոգությանը, բնականաբար, սա Կառավարությանն էլ է մտահոգում, և Կառավարությունը խնդրի լուծումը տեսնում է այլ կերպ՝ ավելի ինստիտուցիոնալ միջավայրում՝ ի դեմս Հանրային պաշտպանի ինստիտուտի զարգացման։ Եվ եթե նկատել եք, տարեցտարի պետական բյուջեով նախատեսվող ֆինանսավորումը հանրային պաշտպանի ինստիտուտի համար ընդլայնվում է»,- հայտարարել էր Պողոսյանը։

Սակայն խոստացված «ընդլայնման» փոխարեն՝ 2025-ին այդ ինստիտուտի բյուջեն կրճատվել է, հաստիքները՝ պակասել։

Երբ իշխանության խոստումներն ու բյուջեն խոսում են տարբեր լեզուներով

«2024 թվականի սկզբին ՀՀ պետական բյուջեով՝ Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության համար նախատեսվել էր 69 հանրային պաշտպանի հաստիքի ֆինանսավորում։ Սակայն, հաշվի առնելով գրասենյակի կողմից վարվող գործերի զգալի աճը և հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության էական ավելացումը՝ 2024 թվականի հուլիսից ՀՀ պետական բյուջեում կատարված փոփոխությամբ՝ գրասենյակին հատկացվել է հավելյալ 15 հաստիքի համար անհրաժեշտ գումար։ Դրան հակառակ, սակայն, չնայած գրասենյակի կողմից վարվող գործերի շարունակական աճին՝ ամիսներ անց 2025 թվականի պետական բյուջեով հանրային պաշտպանների հաստիքների ընդհանուր քանակը նվազեցվել է 11-ով», – փոխանցեց Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը։

Հանրային պաշտպանի գրասենյակի գերծանրաբեռնվածությունը փաստում է այն, ինչի մասին իշխանությունը լռում է: Եթե 2016 թվականին միայն քրեական գործերը 5264-ն էին, ապա 2024-ին հասել են 24,000–ի:

Վարչաիրավական գործերն աճել են, բայց պաշտպանների թիվը կրճատվել է։ Նման անհամապատասխանության պայմաններում հանրային պաշտպանները բացահայտ ասում են՝ այս ծավալով հնարավոր չէ ապահովել որակյալ իրավական աջակցություն։

«Հանրային պաշտպանի մեկ հաստիքին 2024 թվականին միջինում բաժին է ընկել 565.7 գործ: Ընդ որում, ընդհանուր քանակից 1937-ը դատական մարմիններում ներկայացուցչություն իրականացնելու գործեր են, հետևաբար՝ մեկ հաստիքին բաժին է ընկել տարեկան միջինում 138 ներկայացուցչության գործ», – թվերը ներկայացրեց Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալը:

Վարույթները տարիներ են տևում, նկատեց Ակլունցը, դրանց մեծ մասը հանրային պաշտպանը, կրում է միաժամանակ։

«Նման իրավիճակը բնականաբար հանգեցնում է հանրային պաշտպանների գերծանրաբեռնվածության, որը նաև շարունակաբար ծանրանում է՝ հասնելով անընդունելի չափերի ոչ միայն հանրային պաշտպանների աշխատանքային պայմանների առումով, այլև բացասական ազդելով տրամադրվող իրավաբանական օգնության որակի վրա: Հանրային պաշտպանների գերծանրաբեռնվածությունը բերում է նաև հանրային պաշտպանության ապահովման խափանումների, որոնց ականատես ենք եղել արդեն 2025 թվականին»,- ընդգծեց Ակլունցը:

76% աճած գործեր, բայց նվազած հաստիքներ. հանրային պաշտպանի համակարգը ծանր ճնշման տակ է

Ընդհանուր պատկերն առավել մտահոգիչ է. հանրային պաշտպանի գրասենյակը 2022-ին վարել է 18,064 գործ, իսկ 2024-ին՝ արդեն 31,830։ Դա 76% աճ է՝ ընդամենը երեք տարում։ Բայց հաստիքների աճը նույնն է մնացել մինչև 2024-ի կեսը, իսկ ավելացված 15 հաստիքը նորից կրճատվել է 2025-ին՝ 11-ով։

«Ակնհայտ է՝ վարվող գործերի քանակին համարժեք հանրային պաշտպանների հաստիքների ավելացման անհրաժեշտությունը և կարիքին համարժեք արձագանքի բացակայությունը: Եվ սա այն պայմաններում, որ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում էր հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը մինչև 2024 թվականի ավարտը թեթևացնել մինչև 30 %-ով: Ի հակառակ դրան՝ հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը, ինչպես տեսնում ենք, 2024 թվականին 2022 թվականի համեմատ ավելացել է»,- արձանագրեց Ակլունցը:

Ֆինանսների նախարարության պաշտոնյան պարզաբանեց, թե խոսքը ոչ թե կրճատման, այլ բյուջետային միջոցների վերանայման մասին է՝ արդյունավետության և հասցեականության նկատառումներով։

«Մեր նպատակը երբեք չի եղել անձնակազմի նվազեցումը, այլ՝ բյուջետային ռեսուրսների օպտիմալ օգտագործումը։ Այո՛, կան հարցեր՝ արդյոք իրավական օգնությունն ամենուր հասնո՞ւմ է  այն խավերին, որոնք ամենաշատն ունեն դրա կարիքը։ Ուստի պետք է վերանայել ոչ թե ինստիտուտը, այլ մոտեցումները: Եթե մարդը բավականին ապահովավված է, ինչո՞ւ պետական բյուջեից ստանա աջակցություն», – ընդգծեց Օրի Ալավերդյանը:

Ըստ Տարոն Սիմոյանի, Կառավարությունը թյուրիմացության մեջ է գցում մարդկանց:

«Եթե խոսքը վերաբերում է քրեական գործերին, ապա քրեական գործերով բոլոր դեպքերում է պետությունը երաշխավորել, որ փաստաբան  պետք է ունենա անձը, եթե ցանկություն հայտնի՝ անկախ նրանից մեծահարուստ է, թե՝ ոչ: Հետևաբար քրեական գործերով հանրային պաշտպան բոլոր հարցերով տրամադրվում է: Քաղաքացիական ու վարչական գործերի պարագայում ներկայում էլ հանրային պաշտպան  տրամադրվում է խոցելի խմբերին: Այս կարգավորումը, եթե քրեականի վրա հետագայում տարածեն, ապա կրկին խնդիր կունենան Սահմանադրության հետ»,- հավելեց փաստաբան Տարոն Սիմոնյանը:

«Ամփոփ Մեդիան» փորձել է հասկանալ կառավարության գործողությունների տնտեսական հետևանքները: Պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվել ենք, թե փոփոխությունների կիրարկումից հետո որքան են ավելացել հարկային մուտքերը: Ըստ մեր հարցման պատասխանի՝ 2024 թվականին իրավաբանական գործունեություն իրականցող 31 կազմակերպություն է հատել շրջանառության 115 մլն-ի շեմը, իսկ 1570-ը նախկինում 5 %-ով է հարկվել:

«ՀՀ պետական բյուջե վճարված հարկային պարտավորությունները կազմել են շուրջ 2 միլիարդ 646 միլիոն 400 հազար դրամ, իսկ 1570 միասին վճարել են 2 միլիարդ 308 միլիոն 300 հազար դրամ։ Միաժամանակ հայտնում ենք, որ օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, և այս պահին կարող ենք միայն եռամսյակային համեմատություն անել: Արդյունքում՝ 2024 թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե վճարված պարտավորությունները կազմել են 1 միլիարդ 169 միլիոն 400 հազար դրամ, իսկ 2025 թ.-ի առաջին եռամսյակում 1 միլիարդ 547 միլիոն 200 հազար դրամ»,- ասված է ՊԵԿ պատասխանում:

Հարցման պատասխանից ակնհայտ է, որ ոլորտում խոշոր կազմակերպությունները փոքր թիվ են ներկայացնում, այսինքն՝ հարկային հարվածի տակ է ընկում իրավաբանական գործունեություն ծավալողների 98 %-ից ավելին: Դեռևս պարզ չէ նաև տնտեսական օգուտը, քանի որ եռամսյակի համեմատությունը փաստում է՝ հարկային մուտքերը շեշտակի չեն ավելացել՝ ընդամենը 32,3 %-ով:

Հեղինակ՝ Անի Օհանյան
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով

Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/07/2025