Տնտեսություն Քաղաքական

Կոշտ օրենքներ և արտաքսման ավելի խիստ միջոցներ ՌԴ-ում

Ինչպիսի՞ ազդեցություն կունենան Ռուսաստանի միգրացիոն նոր քաղաքականությունը հայ աշխատանքային միգրանտների վրա

2025 թվականից Ռուսաստանը կկիրառի միգրացիոն ավելի խիստ օրենքներ՝ էապես նվազեցնելով օտարերկրյա քաղաքացիների՝ առանց վիզայի մնալու ժամկետը և ներդնելով արտաքսման նոր միջոցներ։

Փորձագետները զգուշացնում են, որ այս փոփոխությունները կհանգեցնեն հայ աշխատանքային միգրանտների արտաքսումների և մուտքի արգելքների կտրուկ աճին, որոնք վերջին ամիսներին արդեն ենթարկվել են խիստ հսկողության:

2024 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի քաղաքացիների նկատմամբ արտաքսման 1100 որոշում են կայացրել: Բացի այդ, 2024 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ ՀՀ 16337 քաղաքացու մուտքն արգելված է Ռուսաստանի Դաշնություն, – «Ամփոփ Մեդիա»-ին հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիոն և քաղաքացիության ծառայությունը։

Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության խստացումը ավելի լայն ռազմավարության մի մասն է. 2024 թվականի նոյեմբերին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարեց, որ տարեսկզբից ընդունվել է 13 օրենք՝ ուղղված «միգրացիոն քաղաքականության բարելավմանը»։ Այս օրենսդրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն 2025 թվականին, կտրուկ կսահմանափակեն օտարերկրյա քաղաքացիների իրավունքները, ովքեր գտնվում են Ռուսաստանում առանց համապատասխան փաստաթղթերի։

2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի օրենքը, որը նվազեցնում է Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների առանց վիզայի մնալու առավելագույն ժամկետը՝ վեց ամսից մինչև օրացուցային տարվա ընդամենը 90 օր:

Ռուսաստանը վերջերս գործարկել է կենսաչափական տվյալների հավաքագրման փորձնական ծրագիր օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար: 2024 թվականի դեկտեմբերի 1-ից երկիր մուտք գործողներից պահանջվում է ներկայացնել կենսաչափական տվյալներ, ներառյալ մատնահետքերը և դեմքի ճանաչման տվյալները։ Ծրագիրը կիրականացվի երկու փուլով. նախնական փուլում կենսաչափական տվյալները կհավաքագրվեն օտարերկրացիներից անմիջապես անցակետերում և սահմանային կետերում: Երկրորդ փուլը, որը կսկսվի 2025 թվականի հունիսից, թույլ կտա առանց վիզայի ճանապարհորդող օտարերկրյա քաղաքացիներին նախապես տրամադրել կենսաչափական տվյալներ հատուկ բջջային հավելվածի միջոցով։

2025 թվականի փետրվարի 5-ից ուժի մեջ կմտնեն արտաքսման նոր միջոցները, որոնք ուղղված կլինեն նրանց, ովքեր ներառված են վերահսկվող անձանց ռեգիստրում՝ Ռուսաստանում մնալու օրինական հիմքերի բացակայության պատճառով:

Նոր օրենքի հիմքում դրված է երկարաժամկետ միգրանտների պատշաճ փաստաթղթավորման ապահովումը և հսկումը: Նրանք, ովքեր կխախտեն իրավական ժամկետները կամ կանոնակարգերը, կհայտնվեն վերահսկվող օտարերկրյա անձանց ռեգիստրում, որն իշխանություններին հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ նրանց անձնական տվյալներին, ներառյալ այնպիսի զգայուն տեղեկատվության, ինչպիսիք են բանկային և հարկային տեղեկատվությունը։

Հսկողության այս մակարդակը նպատակ ունի իրավապահ մարմիններին տալ երկրում օտարերկրյա քաղաքացիների ներկայությունը հետևելու և վերահսկելու գործիքներ: Նոր օրենսդրությունը նաև իշխանություններին ավելի լայն լիազորություններ է տալիս խախտումների մեջ կասկածվող միգրանտներին մինչև 48 ժամով առանց դատարանի որոշման կալանավորելու համար։ Եթե միգրանտները դիմադրում են, իրավապահ մարմինները իրավասու են ուժ կիրառել օրենքով սահմանված կարգով։

Ռուսաստանում միգրանտ երեխաներին դպրոց չեն ընդունի՝ առանց ռուսերենի իմացության

Ռուսաստանի Դաշնության Պետդուման օրենք է ընդունել, որով արգելվում է ռուսական դպրոցներ ընդունել այն միգրանտ երեխաներին, որոնք չեն տիրապետում այդ երկրի լեզվին: Օրենքի համաձայն՝ միգրանտների երեխաներին ուսումնական հաստատություններ ընդունելը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե երեխաները ռուսաց լեզվի իմացության թեստ անցնեն, որը հաստատի, որ նրանց լեզվական մակարդակը բավարար է կրթական ծրագրերը յուրացնելու համար:

Թեստավորում չանցած երեխաները չեն կարողանա դպրոց հաճախել: Օրենքը նաև սահմանում է, որ ապօրինի կացություն ունեցող միգրանտների երեխաներին չի թույլատրվի ընդունվել կրթական հաստատություններ։

Հայ աշխատանքային միգրանտները՝ արտաքսման վտանգի տակ

Տաթևիկ Բեժանյան

«Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխությունները զգալի ազդեցություն են թողնում հայ աշխատանքային միգրանտների վրա»,- կարծում է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Ըստ նրա՝ հայ աշխատանքային միգրանտների համար ամենահրատապ խնդիրը բժշկական զննության և մատնահետքերի նոր պահանջն է, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի նոյեմբերի 29-ից։

Նոր կանոնակարգի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, աշխատանքային միգրանտները Ռուսաստան մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում պետք է կատարեն մի շարք ընթացակարգեր։ Դրանք ներառում են միգրացիոն մարմիններում գրանցվելը, բժշկական հետազոտություն անցնելը և արդյունքները տեղական միգրացիոն ծառայությանը ներկայացնելը: Նրանցից պահանջվում է նաև մատնահետք վերցնել և լուսանկարել, որից հետո ստանալ տվյալների քարտ և կնքել աշխատանքային պայմանագիր։

Բեժանյանը նշում է, որ նշված 30-օրյա ժամկետում այդ քայլերը չկատարելը հանգեցնում է միգրացիոն հաշվառման չեղարկմանը՝ միգրանտին դարձնելով անօրինական և պարտավորեցնելով եռօրյա ժամկետում լքել ՌԴ տարածքը։ «Եթե նրանք չլքեն, ապա նրանց կարտաքսեն, և նրանց մուտքը Ռուսաստան կարգելվի առնվազն հինգ տարով»։ Ըստ Բեժանյանի՝ սա դարձել է ամենատարածված խախտումը, որը հանգեցնում է Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքի։

Պաշտոնական թվերը ցույց են տալիս, որ 2022 թվականին ավելի քան 332,000 Հայաստանի քաղաքացիներ մեկնել են Ռուսաստան արտագնա աշխատանքի։ Թեև 2023 թվականին այդ թիվը նվազել է մինչև 234,541, այնուամենայնիվ, Ռուսաստանը մնում է հայ աշխատանքային միգրանտների ավելի քան 90 տոկոսի նպատակակետը: Ընդհանուր թվաքանակի 80,000-ից 85,000-ը աշխատանքային միգրանտներ են, որոնք հիմնականում աշխատում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը և ծառայությունները: Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնյաների գնահատմամբ՝ ներկայումս Ռուսաստանում ապօրինի բնակվում է Հայաստանի առնվազն 40.000 քաղաքացի։

Բեժանյանը նշում է, որ միգրանտներից շատերը ահազանգում են, խորհուրդներ փնտրում, թե ինչպես խուսափել բժշկական զննումների կամ այլ պարտադիր ընթացակարգերի ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներից:

Ամեն օր Հայկական Կարիտաս կազմակերպությունը զանգեր է ստանում Ռուսաստանում գտնվող միգրանտներից, ովքեր չեն կատարել երկրի միգրացիոն օրենսդրության պահանջները։ Ինչպես պարզաբանում է միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, ամենատարածված մտահոգությունը պարտադիր բուժզննում ժամանակին չանցնելն է։ Այս խախտումը, ինչպես նաև ժամկետանց անձնագրերի, միգրացիոն հաշվառման կամ աշխատանքային պայմանագրերի հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել ծանր հետևանքների, ներառյալ արտաքսումը:

«Ամենօրյա զանգերի միջոցով միգրանտները մեզ տեղեկացնում են իրենց նկատմամբ իրականացվող խիստ ստուգումների մասին: Մենք էլ հայտնում ենք նրանց միգրացիոն գրանցումը չեղարկելու վտանգի մասին, որը կարող է հանգեցնել արտաքսման և մուտքի երկարաժամկետ արգելքի»:

Ռուսաստանում գտնվող հայ միգրանտների զգալի մասը բախվում է մարտահրավերների՝ ժամկետանց փաստաթղթերի և համապատասխան անձը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով: Ըստ Տաթևիկ Բեժանյանի՝ այս միգրանտներից շատերը Հայաստանից հեռացել են երիտասարդ տարիքում և 10-20 տարի անցկացրել Ռուսաստանում՝ առանց քաղաքացիություն ստանալու։

«Որոշ միգրանտներ ունեն միայն ծննդյան վկայականներ, իսկ որոշ դեպքերում նրանք չունեն իրենց ինքնությունը հաստատող փաստաթղթեր, ինչը դժվարացնում է նրանց քաղաքացիությունը հաստատելը։ Այս իրավիճակը զգալի մարտահրավեր է Ռուսաստանում Հայաստանի հյուպատոսական ծառայությունների համար: Առանց անհրաժեշտ փաստաթղթերի միգրանտների քաղաքացիություն հաստատելը բարդ և հաճախ դանդաղ գործընթաց է»:

Այս խիստ ստուգումների ընթացքում անօրինական կերպով հայտնաբերված անձինք տեղափոխվում են օտարերկրացիների ժամանակավոր պահման վայրեր։ Այնուհետև Ռուսաստանի իշխանությունները կապվում են հյուպատոսության հետ՝ ճշտելու, թե արդյոք տվյալ անձը Հայաստանի քաղաքացի է:

Նման դեպքերում Հայաստանի հյուպատոսությունը, համագործակցելով Հայաստանի միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ, աշխատում է քաղաքացիություն հաստատելու համար անհրաժեշտ ապացույցներ հավաքելու և վերադարձի վկայականի տրամադրումը հեշտացնելու ուղղությամբ՝ թույլ տալով միգրանտին վերադառնալ Հայաստան։ Այնուամենայնիվ, երբ հիմնական փաստաթղթերը բացակայում են, գործընթացը կարող է երկարաձգվել:

«Ցավոք դեպք ենք ունեցել, երբ դպրոցներ են գնացել ստուգումների, որտեղ միգրանտ աշակերտներ էին սովորում։ Հայտնաբերել են ժամկետանց միգրացիոն հաշվառումով հայ 13-ամյա աշակերտուհու, ում մայրիկի միգրացիոն հաշվառման ժամկետը ևս լրացել էր։ Մայրիկն ու 13 տարեկան երեխան մի քանի օր մնացել են օտարերկրացիների ժամանակավոր պահման վայրում մինչև աշխատանքային միգրանտ հայրը կարողացել է իրավիճակը կարգավորել՝ ստանալով վերադարձի վկայական և գնելով տոմսեր»,- պատմում է Տաթևիկ Բեժանյանը։

Փորձագետի կարծիքով, արտաքսման գործընթացը կարող է երկարատև լինել, քանի որ անձինք կարող են մնալ ժամանակավոր պահման վայրերում մի քանի ամիս, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մինչև երկու տարի:

Եթե անձը հայտնում է, որ ինքը կամ իր հարազատները պատրաստ են գնել ինքնաթիռի տոմս իր վերադարձի համար, իրավիճակը կարող է ավելի հեշտ կարգավորվել: Եթե ոչ, ապա անձը կարող է մնալ պահման վայրում այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանի Դաշնությունը միջոցներ չհատկացնի նրան Հայաստան վերադառնալու համար։

ՀՀ կառավարության միջամտության անհրաժեշտությունը

Հայաստանի կառավարության դերը Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության գործում, ցավոք, անբավարար է։ Միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանի կարծիքով՝ Ռուսաստան մեկնող հայ աշխատանքային միգրանտները հիմնականում դուրս են ցանկացած պետական գերատեսչության ուշադրությունից։ Եթե ՀՀ ժամանող անձանց հետ կապված փաստաթղթային հարցերով զբաղվում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ապա կառավարությունը շատ սահմանափակ աջակցություն է տրամադրում երկրից արտագնա աշխատանքի մեկնողներին:

Իրականացվում է բացառապես իրազեկման նախամեկնումային խորհրդատվական ծառայություն, որի պատասխանատվությունը դրված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության վրա։

Քանի որ ավելի շատ հայեր աշխատանք են փնտրում արտասահմանում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները աշխատանք փնտրողներին կարևոր խորհուրդներ են տալիս այն ռիսկերի և փոփոխությունների վերաբերյալ, որոնց նրանք կարող են հանդիպել իրենց նպատակակետ երկրում:

Հրայր Հակոբյան

Միասնական սոցիալական ծառայության Զբաղվածության ապահովության և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը պարզաբանում է, որ երբ քաղաքացին ցանկություն է հայտնում արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան, նրան ուղեցույց է տրվում վերջին զարգացումների վերաբերյալ, այդ թվում. ցանկացած նոր օրենքի ու կանոնակարգերի վերաբերյալ։

Այնուամենայնիվ, մեր քաղաքացիներից շատերը տեղյակ չեն այս ծառայություններից, և արդյունքում նրանք հաճախ չեն օգտվում առկա աջակցությունից: «Իրականում Հայաստանի կառավարությունը չունի արտերկրում, մասնավորապես ՌԴ-ում գտնվող աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության հատուկ մեխանիզմ։ Սոցիալական հարցերի նախարարությունը կամ արտաքին գործերի նախարարությունը կարող են ավելի ակտիվ դեր ստանձնել միգրանտներին աջակցելու գործում։ Կամ կարող ենք ՌԴ-ում միգրանտներին աջակցող կցորդներ ունենալ», – նշում է Բեժանյանը։ Ըստ նրա՝ ներկայումս հյուպատոսական ծառայությունները հիմնականում կենտրոնանում են փաստաթղթերի մշակման վրա, ինչպիսիք են վերադարձի վկայականների տրամադրումը կամ ժամկետանց փաստաթղթերի հետ կապված խնդիրները: Նրանք հնարավորություն չունեն ակտիվորեն պաշտպանելու միգրանտների իրավունքները, հետևելու դեպքերին կամ վերականգնելու որևէ խախտված իրավունք:

«Առնվազն 15 տարի ես մտահոգություն եմ հայտնել աշխատանքային միգրանտների իրավունքների նկատմամբ ուշադրության պակասի վերաբերյալ: Թեև կառավարությունը հաճախ ընդգծում է տրանսֆերտների տնտեսական կարևորությունը, որոնք էականորեն նպաստում են Հայաստանի ՀՆԱ-ին, սակայն քիչ է մտածել այդ անձանց իրավունքների պաշտպանության մասին: Քանի որ միգրացիոն օրենքները խստացվում են, և մուտքի արգելքները դառնում են ավելի տարածված, շատ միգրանտներ կարող են ավելի մեծ դժվարությունների հանդիպել: Ցավոք, որոշ անձինք, ովքեր մուտքի արգելք են ստանում, կնախընտրեն չվերադառնալ Հայաստան՝ ապօրինի մնալով Ռուսաստանում, ինչը կհանգեցնի էլ ավելի վատ հետևանքների»։

Աշխատանքային միգրացիայի վերաբերյալ կառավարության հստակ քաղաքականության բացակայությունը միգրանտների իրավունքների պաշտպանությունը հիմնականում թողնում է հասարակական կազմակերպություններին և իրավապաշտպաններին: Կառավարության մոտեցման այս բացը մտահոգիչ է, քանի որ դա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատանքային միգրանտների առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու պաշտոնական մեխանիզմ չկա, հատկապես, երբ իրավական դաշտը դառնում է ավելի սահմանափակող։ Ըստ Բեժանյանի՝ շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը անհապաղ քայլեր ձեռնարկի այս խնդրի լուծման համար՝ ապահովելով, որ աշխատանքային միգրանտները և նրանց իրավունքները պաշտպանված լինեն արտերկրում:

Միգրանտների իրավունքները վտանգված են. ԵԱՏՄ օրենքները բախվում են Ռուսաստանի կոշտ քաղաքականության հետ

Միասնական սոցիալական ծառայության Զբաղվածության ապահովության և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը նշում է, որ Ռուսաստանում հայ միգրանտները իրավաբանորեն պաշտպանված են ԵԱՏՄ-ի կողմից տրված իրավունքների ներքո, որը նախատեսում է որոշակի արտոնություններ և երաշխիքներ։ «

Այնուամենայնիվ, Ռուսաստանում զարգացող միգրացիոն քաղաքականության պատճառով ավելի խիստ միջոցներ են կիրառվում բոլոր օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ հայերի նկատմամբ։ Արդյունքում, մինչ հայ աշխատողները օգտվում են ԵԱՏՄ շրջանակներում որոշ իրավական երաշխիքներից, նրանք դեռևս ենթարկվում են նույն խիստ կանոնակարգերին, որոնք կիրառվում են Ռուսաստանի բոլոր օտարերկրյա աշխատողների նկատմամբ»։

Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ընդգծում է, որ ԵԱՏՄ-ն չի գործում այնպես, ինչպես նախատեսված էր, քանի որ միության ներսում օրենքները հաճախ հակասում են միմյանց. «Օրինակ, միգրանտ երեխաներին վերաբերող նոր կանոնակարգերը, ինչպիսիք են լեզվի քննությունները և դպրոց մուտք գործելու սահմանափակումները, արդեն իսկ լուրջ խնդիրներ են ստեղծում: Որոշ երեխաներ զրկված են դպրոց մուտք գործելուց, ստիպված են տարիներ շարունակ սպասել ընդունելության համար, ինչը նրանց իրավունքների ակնհայտ խախտում է: Ցավոք, այս խնդիրները լուծելու համար որևէ գործողություն չի իրականացվել, և Ռուսաստանի իշխանությունները չեն ճանաչում այս երեխաներին որպես ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիներ»։

ԵԱՏՄ համաձայնագիրը հստակ սահմանում է, որ աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամները, այդ թվում՝ երեխաները, պետք է ունենան ընդունող երկրի քաղաքացիների իրավունքների հավասար իրավունքներ։ Այս դեպքում Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան նույն վերաբերմունքը։ Այնուամենայնիվ, ոչ մի քայլ չի ձեռնարկվում Ռուսաստանի իշխանություններին այս պարտավորության մասին հիշեցնելու կամ այդ դրույթների կատարումն ապահովելու համար։ Եթե ՀՀ կառավարությունն ակտիվորեն չանդրադառնա այս խնդիրներին, ապա միգրացիայից բխող սոցիալական խնդիրները միայն կսրվեն։

Սահմանափակ ռեսուրսները ստիպում են Հայաստանին ապավինել ՀԿ-ներին Ռուսաստանում միգրանտներին աջակցելու համար

«Ամփոփ Մեդիա»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնեցին․

«Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նկատի ունենալով ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացման հնարավոր հետևանքները և այս ուղղությամբ աշխատանքներ տանելու համար ունեցած սահմանափակ ռեսուրսները, իրազեկման և խորհրդատվական բնույթի աշխատանքները «պատվիրակել է» դաշտում գործող հասարակական կազմակերպությանը։ Մասնավորապես, «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ներգրավվել է փորձագետ, ով զբաղվում է ՌԴ-ում խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիների հարցերով՝ խորհրդատվություն տրամադրելով և ուղղորդելով նրանց կանոնավոր միգրացիային նպաստելու նպատակով։

Նշված փորձագետի հետ կարելի է կապվել 098 33 40 53 հեռախոսահամարով, կամ այցելելով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների մասնաճյուղ (Երևան, Թաիրով 14)։
Փորձագետի կողմից տրամադրվող խորհրդատվության ընթացքում մեր հայրենակիցների կողմից ամենահաճախ բարձրացվող խնդիրներն են՝

  • ՌԴ մուտքի արգելքի հետ կապված խնդիրներ,
  •  ՌԴ-ում երեխաներին հանրակրթական դպրոցներում տեղավորելու խնդիրներ,
  • ՌԴ քաղաքացիությունից զրկելու հետ կապված խնդիրներ (զինվորական հաշվառման չկանգնելու պատճառով),
  • ՌԴ-ում իրենց կարգավիճակի (օրինական/անօրինական) մասին տեղեկատվություն չունենալու հետ կապված խնդիրներ:

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորությունների տիրույթից դուրս է Հայաստանի կառավարության ՌԴ միգրացիոն քաղաքականության, օրենսդրության խստացման պայմաններին վերաբերող հարցերը»։

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան
Գլխավոր պատկերը՝ Imagine AI

Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն «Ամփոփ Մեդիա»-ի խմբագրության տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 30/12/2024