Արցախյան բլոկադան հաղթհարվում էր նաև արցախյան ինքնատիպ հումորով։ Հայտնի է, որ հումորն ու ծիծաղը նպաստում են էնդորֆինների՝ ուրախության հորմոնների արտադրությանը, հետևաբար երբ ծիծաղում ես, երջանկության զգացողություն է առաջանում։ Արցախում շրջափակման օրերին ծիծաղն օգնում էր մարդկանց դիմակայել, պայքարել ու հաղթահարել ստեղծված պայմանները։
Ադամի, Եվայի և հայտնի խնձորի պատմությունը շրջանառվող հումորներից լավագույնն էր նկարագարում Արցախում իրավիճակը.
«Ասումա մի օր Ադամը կյամա Եվին ասում.
– Եվա վեշերդ հվաքե քինամնք Ղարաբաղ։
– Բայց խե՞ Ղարաբաղ։
– Որովհետև ընդեղ խնձոր չկա, կլոխնես դինջ ապրելուվնք»։
Իննամսյա բլոկադան Արցախին զրկել էր պարենային ապրանքներից, գազից ու էլեկտրաէներգիայից, վառելիքից, բայց ոչ հումորից։ Շրջափակումը գլխիվայր շուռ էր տվել հասարակության կենցաղն ու առօրյան, իր հետ բերելով նոր իրականություն, որին արցախցին փորձում էր հարմարվել նաև հումորով։
Սոցիալական ցանցերի արցախյան տիրույթում կարելի էր լիցքաթափվել, ժպտալ, թեթևանալ։ Սոցցանցերում տարածվող հումորները արտացոլանքն էին Արցախի շրջափակված կյանքի, ինչ որ մի ակնթարթ դրանք դառնում էին միջոց հումանիտար աղետը վերապրելու համար։
Բլոկադան թելադրում էր ապրելու իր կանոնները. ապրանքների փոխանակում
Շրջափակման ընթացքում և հատկապես վերջին ամիսներին պարենային մթերքների փոխանակումը հասավ իր գագաթնակետին։ Ֆեյսբուքյան տարբեր խմբերում արցախցիները սկսեցին խոսել անհրաժեշտ մթերքների պակասից ՝առաջարկելով տվյալ ապրանքի կամ մթերքի դիմաց փոխանակում կատարել մեկ այլ ապրանքատեսակով։
Շաքարավազի, ձեթի, աղի, թեյի, շոկոլադի, օճառի, մանկական տակդիրների, հիգիենայի այլ պարագանների բացակայությունը ստիպում էր մարդկանց ունեցածը փոխանակել այն ապրանքատեսակով, որի կարիքն էլ ավելի խիստ էր զգացվում։
Ապրանքափոխանակումը վերափոխվում էր հումորի և տարածվում արցախցիների շրջանում, սոցիալական հարթակներում, օգնելով մարդկանց ժպիտով վերապրել ծանրագույն օրերը։
«Ասումա նոր մի ծանոթա պտահալ բարևում տվալ, պատասխանալ չի.
– Վեր բարևում տամ խե՞ ջողոբս տամ չս։
– Լհանդի տամ չմ, մենակ փոխանակումմ, հինչա՞վ կարիս փոխանակիս»։
«Շատակեր երեխաներիս փոխանակում եմ քչակեր երեխաների հետ»։
Ապրանքների փոխանակումը բերեց արհեստական բարձր գնագոյացման, ստիպելով մարդկանց մի քանի անգամ ավել վճարել նախկինում ավելի մատչելի գին ունեցող ապրանքների համար։
200-300 դրամանոց կերակրի աղ փոխանակում առաջարկողը գինը սահմանում էր մի քանի անգամ ավել՝ պատճառաբանելով, որ գնել է «բլոկադային գներով»։ «Բլոկադային գին» տերմինը վերաբերում էր շուկայում սպառված մթերքներն։ Այն հնարավոր էր ձեռք բերել միայն երկրորդային շուկայից՝ շուկայականից մի քանի անգամ բարձր արժեքով։
Հաճախ էլ կատարվում էր փոխանակում՝ շուկայական արժեքներով չհամընկնող ապրանքատեսակներով։
Ապրանքափոխանակումների քաոսին վերաբերվում էին հումորային կարգավորումներով։
«Նախ փոխանակումներ ընելիս պարտադիր չի խաբիք ու ասիք բլոկադի ցենոցավում առալ ու տրա հետիյում ստի թյանգ տամ»։
««Merci» շակալադի կարոբկա փոխանակելը արգելվումա, որովհետև տա ֆրանսերեն բառա ու ռուսներին կարողա տուր չի կյա»։
«Նուտելա փոխանակողնեն համարվումն օլիգարխներ»։
«Ձու փոխանակողնեն փոխանակելիս պիտի վերցակին նկարն էլ տանին (ցանկալիա 3×4 չափի)»։
«Սիգարետի փոխանակման հայտարարությունեն ապահովության համար ցանկալիա անոնիմ անել։ Տրանից բացի, այսուհետ արգելվումա վեր մարդին հետի կնեգը ուրան պրոֆիլավ սիգարետի հայտարարություն կիրի»։
«Կտավատի ձեթ փոխանակողնեն վերջապես պիտի հասկանան վեր կտավատ բառի մեջ Հ տառ չկա»։
«Սապուն փոխանակողնեն պետքա անպայման տեղեկանան՝ օզողը հինչ քաղաքական կողմնորոշում օնե, որպեսզի հասկանան էդ մարդին իրո՞ք էդ սապունը պետքա, թա առանց տրան էլա ամալ կյամ»։
«Ճանաչել զթութուն և զբիչոկ, ունենալ զձեռքին պասպորտոյ»։
Պարենային ապրանքներին զուգահեռ, մեծացավ նաև ծխախոտի դեֆիցիտը։ Մեկ տուփ ծխախոտը երկրորդնային շուկայից ձեռք բերելու համար անհրաժեշտ էր տասնապատիկ թանկ վճարել։
Շրջափակման 6-7-րդ ամիսներին օպերատիվ շտաբը ռուս խաղաղապահների միջոցով որոշակի խմբաքանակով ծխախոտ ներկրեց։ Այն վաճառում էր օպերատիվ շտաբը՝ մեկ անձին մեկ տուփ սկզբունքով, շուկայական գնով, անձը հաստատող փաստաթղթով։ Տարբեր պատճառներից ելնելով ծխախոտը սկսեցին վաճառել դպրոցներում, ինչը դպրոցների դիմաց առաջացրեց տղամարդկանց կուտակումներ՝ հաճախ հրմշտոցներով և աղմուկ-աղաղակով։ Այս ամենին հետևեցին հումորային հատուկ պատմությունները։
«Լսելով դպրոցներում ծխախոտ բաժանելու մասին լուրերը՝ Մեսրոպ Մաշտոցը փոփոխել է հայերենի առաջին նախադասությունը․ Ճանաչել զթութուն և զբիչոկ, ունենալ զձեռքին պասպորտոյ»։
«Մի առիթով Վարդան Մամիկոնյանն ասել է.
– Եթե ես ունենայի ծխախոտի հերթերում պայքարող թեկուզ 15 արցախցու պես մարտիկ, ապա ոչ թե բարոյական հաղթանակ կտանեի, այլ՝ ջախջախիչ»։
«- Ա լակուտ էդ հի՞նչս անում, թաքուն սիգարե՞տս քաշում
– Չէ քեռի։
– Խե խաբումս արա, տեսալում վեր ծիգս տամ:
– Լյավ, բայց պապուն ասիս վեչ լի։
– Ասիմ հինչ անիմ, էնա ինքն էլ գարաժին քմակինա թաքուն քաշում, վեր գիդան վեչ սիգարետ օնե քինան օզին»։
Տղամարդիկ`«զապրավկայի» գիշերային հերթերում
Բլոկադայի ողջ ընթացքում ադրբեջանական կողմը գազամատակարարումը պարբերաբար դադարեցնում էր ու վերականգնում։ Ավելի ուշ վերջանականապես դադարեցվեց։
Կարճատև վերականգնվող գազամատակարարումը ստիպում էր վարորդներին նախապես ավտոմեքենաներով հերթ կանգնել։ Հերթերը ձգվում էին` ժամեր, օրեր։ Սովորաբար վարորդները կարող էին ողջ գիշերը մնալ գազալցակայաններում։ Կանայք հումորով էին վերաբերվում ամուսինների գիշերային բացակայություններին։
«Ասումա՝ սաղ քշեր մարդս տոն չի եկալ, առավոտ լհա տըռնավը նիյա մտալ իրեսինմ պրծալ ասալ՝ էդ սիրածիդ նհե՞տս իլալ։ Հետոյըմ գիդացալ վըեր խըղճը սաղ քշեր էնա իլալ զապրավկում հերթի մեջ»։
«Բաբոները» տեղաշարժը`տալոններով
Շրջափակված Արցախում ներդրվել էր «տալոնային» համակարգ՝ 1 շնչին ընկնող անձին սահմանելով առաջին անհրաժեշտության մթերքների համապատասխան սահմանաչափեր։ «Տալոնային» համակարգի պատմությունները ժպիտ էին բերում մարդկանց դեմքենրին։
«Աբեդին տաքսավ տոն քինալիս շոֆերը ասումա մի պեն պատմիմ սկաց. «Էն օրին զակազը ընդունալմ մին բաբոյա իլյալ, տարալմ թողալ քշնալիս թա՝ մատաղ ինիմ կարի՞մ փողին տեղը տալոն տամ։ Ասալմ վեչինչ բաբո քշաց։ Ասումա չէ պիտի յոր օնիս թա չէ քեփիս փիս նիա կիլան։ Ասալմ լավ դե վեր տի շատս օզում տո։ Էրկու ժամ հետո էլի էդ թաղան մին զակազա կյամ, ասալմ սա նաղդ էլի էն բաբոնա։ Քեցալմ տեսալ չէ, օրիշ բաբոյա։ Տարալմ թողալ ուրան օզած տեղը, քշնալիս թա՝ մատաղ ինիմ սկացալմ վեր տու տալոնավս քշում, դե վեր տիյա կա մին լավ մակառոնի տալոն տամ քեզ»։
Ծննդյան շնորհավորանքը լավագույնս ներկայացնում էր շրջափակված Արցախի դժվարությունների ողջ ներկապնակը։
«Ծնունդդ շատ շնհավեր ինի։ Լյուսում, գազում կենաս։ Կյանքում օչերեձի ռըխ չի ընգիս։ Միշտ կուկուռուզի ու ձմերուկի նման հավատարիմ հնգերներավ շրջապատված ինիս։ Բենզինդ էլ անսպառ ինի»։
Շարունակելի․․․
Պատրաստեց Դավիթ Աբաղյանը
Հումորները մեջբերված են Արցախյան հումորներ ֆեյսբուքյան էջից
Հիմնական պատկերը պատրաստվել է արհեստական բանականության օգնությամբ
Կարցեք նաև
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 29/07/2024