«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է «Մարդու անվտանգության իրավունքի» թեմայով բացատրական հոդվածաշարի առաջին նյութը՝ մարդու անվտանգության (human security), այս գաղափարի կարևորության ու դրա շուրջ քաղաքականությունների, հայեցակարգերի մշակման անհրաժեշտության մասին ժամանակակից աշխարհակարգի հակամարտություններն ու մարտահրավերները արդյունավետ դիմագրավելու նպատակով։
Մարդը մշտապես ենթակա է իր վերահսկողությունից և ազդեցությունից դուրս ռիսկերի և սպառնալիքների` վերածվելով կատարված աղետների հետևանքները պասիվ և ռեակտիվ կրող սուբյեկտի և հայտնվելով հանգամանքներից բխող զոհի կարգավիճակում:
Ինչպես ռազմական, ազգային կամ տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող ռիսկերն են ինստիտուցիոնալ մակարդակում նախապես գնահատվում և մշակվում, այնպես էլ մարդու անվտանգության ռիսկերի գնահատումը պետք է ունենա ինստիտուցիոնալ մոտեցում: Ի տարբերություն այլ հայեցակարգերի, մարդու անվտանգության հայեցակարգի հիմքում մարդն է:
Մարդու անվտանգության հայեցակարգի հիմքում մարդն է
Մարդակենտրոն անվտանգության մոտեցումները պահանջում են, որ ինստիտուտներն իրականացնեն այնպիսի պաշտպանություն, որը ինստիտուցիոնալ է և ոչ դրվագային, արձագանքող է և ոչ կարծրացած, կանխարգելող է և ոչ ռեակտիվ:
Այսպես մարդիկ կառերեսվեն սպառնալիքներին՝ լինելով անվտանգ:
Մարդու անվտանգության վերաբերյալ առաջին ձևակերպված գաղափարներն ի հայտ են եկել 20-րդ դարի վերջում՝ Սառը պատերազմի ավարտին զուգահեռ: Սառը պատերազմի ժամանակահատվածում ձևավորվել էին անվտանգության վերաբերյալ պատկերացումներ և հայեցակարգեր, որտեղ անվտանգության հիմնական սուբյեկտը պետություններն էին կամ ռազմաքաղաքական դաշինքները, իսկ հիմնական սպառնալիքը՝ ռազմական /միջուկային/ հարձակման վտանգը:
Սառը պատերազմի ավարտից հետո փոխվեց անվտանգային միջավայրը, տեսական և ակադեմիական մտքում անվտանգության գաղափարի վերաիմաստավորման կարիք ծագեց: Մի կողմից՝ անվտանգության հայեցակարգն սկսեց ընդլայնվել և, բացի ռազմական անվտանգությունից՝ որպես անվտանգության սուբյեկտ դիտարկվեցին տնտեսական, սոցիալական, քաղաքական և շրջակա միջավայրի ոլորտները, մյուս կողմից՝ սկսեցին ի հայտ գալ անվտանգության մարդակենտրոն գաղափարներ ու հայեցակարգեր:
Այս ամենն աստիճանաբար անվտանգության նոր հայեցակարգերի ու քաղաքականությունների մշակման անհրաժեշտություն հասունացրեց թե՛ ազգային, թե՛տարածաշրջանային և թե՛ միջազգային հարաբերությունների մակարդակում:
Անվտանգության հետազոտող Բ. Բուզանն իր «Մարդիկ, պետությունները և վախը. հետսառըպատերազմյան դարաշրջանում միջազգային անվտանգային ուսմունքների օրակարգ» գրքում առաջ քաշեց մարդու կամ անհատի անվտանգության (Individual Security) գաղափարը:
Բուզանը մարդու անվտանգությունը դիտարկում էր քաղաքացի-պետություն փոխհարաբերությունների համատեքստում: Պետությունը դիտարկելով որպես քաղաքացիների համաձայնությամբ ստեղծված ինստիտուտ, որը պետք է համակարգեր իր քաղաքացիների պաշտպանության հարցերը, ինչ-որ պահից ուժի և իշխանության ռեսուրսները կենտրոնացնելով, այն կարող էր ուղղել նաև սեփական քաղաքացիների իրավունքների և հիմնարար ազատությունների դեմ:
Սա մարդուն՝ որպես անվտանգության սուբյեկտ դիտարկելու և անվտանգության ոլորտում մարդակենտրոն վերլուծություններ ու մոտեցումներ առաջ քաշելու առաջին քայլերից էր:
Մինչ Բուզանի դիտարկումները, դեռևս 1970-ականներին տեղի ունեցած մի քանի իրադարձություն ևս դիտարկվում են որպես մարդուն՝ անվտանգության սուբյեկտ դիտարկելու սերմեր: Մասնավորապես, մարդու անվտանգության հետազոտող Մարի Կալդորը, ով ավելի շատ մարդու անվտանգության սպառնալիքները տեսնում է միջազգային հարաբերությունների կառուցվածքում՝ զինված հակամարտություններում, պատերազմներում, որպես նշանակալի քայլ համարում է 1975թ. Հելսինկյան համաձայնագիրը, որը, ըստ նրա, առաջին անգամ համատեղեց խաղաղությունը և մարդու իրավունքները:
Հելսինկյան համաձայնագիրը բաղկացած է 3 կետից.
- Եվրոպայում տարածքային ստատուս քվոյի հաստատում և եվրոպական մայրցամաքում ուժի չկիրառման համաձայնագիր,
- Տնտեսական և գիտական համագործակցություն,
- Հարգանք մարդու իրավունքների հանդեպ։
Որպես Հելսինկյան համաձայնագրի մեկ այլ կարևոր կողմ՝ Կալդորը նշում է, որ ռազմական սպառնալիքներն սկսեցին ընկալվել և մեկնաբանվել նաև որպես հումանիտար սպառնալիք:
Մարդու անվտանգության առաջին հայեցակարգը
Համարվում է, որ իբրև Մարդու անվտանգության հայեցակարգը միջազգային հարաբերությունների օրակարգ ներմուծելու, ինչպես նաև Մարդու անվտանգությունը որպես քաղաքականություն գործարկելու առաջին քայլը հանդիսացել են 1994 թ․-ի ՄԱԿ-ի մարդկային զարգացման մասին զեկույցը և հաջորդող փաստաթղթերը:
Զեկույցն սկսվում է այն մտքով, որ աշխարհը երբեք չի կարող լինել խաղաղ, եթե մարդիկ անվտանգ չեն իրենց առօրյա կյանքում: Ինչպես նաև նշվում է, որ ապագայի կոնֆլիկտները լինելու են ոչ թե միջազգային, կամ միջպետական, այլ ներպետական՝ հիմքում ունենալով սոցիալ-տնտեսական զրկանքներն ու անհավասարությունը։ Այսպիսի իրավիճակում անվտանգության որոնումը հենված է լինելու զարգացման և ոչ սպառազինության վրա: Զեկույցում խոսվում է նաև նոր զարգացման հարացույցի մասին, որը պետք է լինի մարդակենտրոն, և տնտեսական զարգացումը դիտարկի ոչ թե որպես նպատակ, այլ միջոց:
Որպես կայուն մարդկային զարգացման նվազագույն նպատակներ՝ զեկույցում սահմանված են հետևյալ կետերը.
- Համընդհանուր տարրական կրթություն և՛ աղջիկների, և՛ տղաների համար,
- Մեծահասակների գրագիտութան համաչափ աճ այնպես, որ կանանց գրագիտության տոկոսը չգերազանցի տղամարդկանց գրագիտության տոկոսը,
- Առաջնային բժշկական ծառայություններ բոլորի համար՝ հատուկ շեշտադրությամբ երեխաների իմունիզացիայի վրա,
- Թերսնուցման տոկոսի կրճատում,
- Ընտանիքի պլանավորման ծառայություններ բոլոր ցանկացողների համար,
- Ապահով խմելու ջուր և սանիտացիա բոլորի համար,
- Վարկեր բոլորի համար ինքնազբաղվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։
Զեկույցում՝ կայուն զարգացման համատեքստում, կարևորվում են նաև երկրների սոցիալական ինտեգրվածության հարցերը, օրինակ՝ բոլորի հավասարությունը օրենքի առջև՝ որպես մարդու անվտանգության բաղկացուցիչ:
Այս զեկույցում մարդու անվտանգությունը ձևակերպվում և մեկնաբանվում է կայուն զարգացման նպատակների համատեքստում: Զեկույցում, անվտանգության վերաձևակերպման մի քանի դրույթ է նշված, մասնավորապես,
- Մարդու անվտանգությունը ռելեվանտ է ամենուրեք՝ թե՛ հարուստ, թե՛ աղքատ պետություններում: Մարդու անվտանգության սպառնալիքները հարուստ և աղքատ պետություններում կարող են տարբերվել: Աղքատ պետություններում դրանք աղքատությունը և հիվանդություններն են, հարուստ պետություններում՝ թմրադեղերն ու հանցավորությունը, որոնք իրական և ահագնացող են: Որոշ սպառնալիքներ ընդհանուր են բոլոր ազգերի համար, մասնավորապես՝ աշխատանքի անկայունության և շրջակա միջավայրի սպառնալիքները:
- Երբ աշխարհի որևէ անկյունում վտանգվում է մարդու անվտանգությունը, հավանական է, որ բոլոր անկյուններում դրա հետևանքները զգան: Սովը, էթնիկ կոնֆլիկտները, սոցիալական ապաինտեգրվածությունը, ահաբեկչությունը, աղտոտումը, թմրադեղերը, թրաֆիքինգն այլևս տեղայնացված երևույթներ չեն՝ պարփակված մեկ պետության սահմաններում: Դրանց հետևանքները ճամփորդում են աշխարհով մեկ:
- Այս սպառնալիքներին նախապես առերեսվելը պակաս ծախսատար և ավելի մարդակենտրոն է, քան դրանց հետևանքները վերացնելն է: Կարճաժամկետ հումանիտար օգնությունը երբեք չի կարող փոխարինել երկարաժամկետ զարգացման աջակցությանը:
Կարևորվում է նաև մարդու անվտանգությանը սպառնացող պոտենցիալ ճգնաժամերի վաղ ախտորոշման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծումը՝ դիտարկելով դրանք որպես կանխարգելող դիվանագիտության և կանխարգելող զարգացման կարևոր մաս:
Ի վերջո, զեկույցը սահմանում է մարդու անվտանգությունը որպես՝
- Անվտանգություն տևական սպառնալիքներից, ինչպիսին է սովը, հիվանդությունը և ռեպրեսիաները,
- Պաշտպանություն հանկարծակի և կործանարար/ցավագին իրադարձություններից առօրյա կյանքի նմուշներում՝ աշխատանքում, տանը, թե համայնքում:
Զեկույցը պատրաստված է Մարդու զարգացման և կայուն զարգացման նպատակների համատեքստում, և մեծամասամբ արտացոլում է մարդու անվտանգության այդ ասպեկտները, սակայն հետագայում ՄԱԿ-ը բավականին վերանայեց և զարգացրեց մարդու անվտանգության հայեցակարգը՝ 1999թ.-ին ստեղծելով ՄԱԿ-ի Մարդու անվտանգության վստահության հիմնադրամը:
Շարունակելի․․․
Սույն հոդվածը «Մարդու անվտանգությունը Սյունիքում» հետազոտության մաս է կազմում։ Այն իրականացվել է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանականերում։ Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Լրագրողներ հանուն ապագյի» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին (ԼՀԱ): Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում «Ամփոփ Մեդիայում» հրապարակված և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները և նյութերը հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 28/04/2022